Բերդ-Ճամբարակ կարևոր ճանապարհը պետք է կարգի բերել

1195

Բերդի շրջանը և գյուղերը խորհրդային տարիներին մայրաքաղաք Երևանի հետ կապվում էին Խորհրդային Ադրբեջանի Թովուզի և Աղստաֆայի շրջաններով: Աշխարհագրությունն էր այդպես թելադրում: Չինարիից, Մովսեսից, Այգեպարից, Բերդավանից ու մյուս բնակավայրերից ավելի հարմար էր անցնել Թովուզ՝ Քռի դաշտավայր, ապա Աղստաֆայով ու Ղազախով անցնել Խորհրդային Հայաստան և Իջևանով շարժվել դեպի Երևան:

Բերդի և Երևանի միջև գործում էր նաև օդային հաղորդակցություն: Այգեպարի օդանավակայանը, որy գտնվում է հենց հայ-ադրբեջանական սահմանին, գործեց մինչև 1990-ականների սկիզբը:

Այսօր և վերջին 30 տարիներին հայ-ադրբեջանական սահմանի ամենաանհանգիստ հատվածներից մեկը հենց Բերդ-Թովուզ շրջանն է: Հուլիսի 12-ից այստեղ ընթանում են տեղային մարտեր:

Հայաստանի անկախությունից հետո Բերդի շրջանը ինչ-որ տեղ կտրվեց Երևանից և Հայաստանի մյուս հատվածներից: Ճիշտ է, Բերդից դուրս եկող երեք ճանապարհ կար, բայց երեքն էլ անորակ վիճակում էր, որին գումարվում էր այդ ճանապարհների ոլորապտույտները:

Այսօր Բերդից Իջևան և Երևան հիմնական կապն իրականացվում է Պառավաքար-Վազաշեն-Ազատամուտ ճանապարհով, որի որոշ հատվածներ դիտարկվում են հակառակորդի կողմից:

Բերդից դեպի Իջևան մյուս ճանապարհն անցնում է Իծաքարով և անտառներով: Այդ ճանապարհը գրունտային է և շատ վատ վիճակում: Հազվադեպ է այդ ճանապարհն օգտագործվում:

Գրունտային է նաև Բերդ-Ճամբարակ 40-կիլոմետրանոց ճանապարհը, որը ամենակարճն է Երևան մեկնողների համար: Այս ճանապարհը անցնում է Հայաստանի ամենագեղեցիկ տարածքներից մեկով՝ Միափորի լեռնաշղթայի լանջերով, որտեղից խիտ անտառային և ալպյան մարգագետնային հրաշալի տեսարաններ են բացվում:

Այս ճանապարհը ունի տեղական, միջհանրապետական և ռազմավարական նշանակություն:

Բերդի գյուղերը ճանապարհի հարակից սարերում ունեն իրենց հողատարածքները, որտեղ մայիսից մինչև հոկտեմբեր պահում են իրենց անասունները:

Երկրորդ, այս ճանապարհը ամենակարճն է դեպի Երևան:

Երրորդ, այս ճանապարհը ունի ռազմավարական կարևոր նշանակություն: Ճիշտ է, այս ճանապարհի մի հատված տեսանելի է ադրբեջանական զինուժի համար, սակայն ավելի անվտանգ է ու ապահով, քան հիմնական՝  Պառավաքար-Վազաշեն-Ազատամուտ ճանապարհը:

Բացի այդ, եթե այս ճանապարհը ասֆալտապատվի, կարևոր կլինի զբոսաշրջության համար:

Վերջին օրերին երկու անգամ անցել եմ այս ճանապարհով: Այս ճանապարհով անցել եմ նաև նախկինում շատ անգամներ: Այն, իհարկե, անցանելի է նաև փոքր մարդատար ավտոմեքենաների համար, սակայն խիստ ցանկալի է, որ վերանորոգվի ու ասֆալտապատվի: Այդ դեպքում ճանապարհը կարելի է բաց պահել անգամ առատ ձյան տեղումների ժամանակ:

Տեքստը և լուսանկարները՝ Թաթուլ Հակոբյանի

ՍիվիլՆեթ