Մառի վերջին՝ 16-րդ գիտարշավը և թուրքերի խուժումը. «Անիում»

1630

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Արտաշես Վրույրի «Անիում» աշխատությունը («Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979): Առանձին կտորների վերնագրերը դնում է ԱՆԻ-ին:

Չորս կողմս լռություն ու մթություն, մենակ, ամայի, հեռավոր մի վայրում, այդ ծանր շրջապատը անհանգստացնում էր ինձ: Գանգիս մեջ պտտվում էին մռայլ պատկերներ:

Այդ օրերին հայերը շարքից հանել էին մի ցարական պաշտոնյայի (թուրք), որը գաղտնի զենք էր մատակարարում այդ շրջանի մութ տարրերին: Նրանք զինվում էին ու նախապատրաստվում գալիք արհավիրքներին մասնակցելու:

Եվ այսպես, մեկը մյուսի ետևից գալիս էին ահաբեկող պատկերներ:

Ես ջանք էի թափում վանել մտքիցս այդ բոլորը և հանկարծ կամ խոր ձորի միջից, որտեղից լայն ճանապարհը տանում է դեպի Մաղասբերդ՝ դեպի թշնամաբար տրամադրված գյուղերը, հրացանի մի պայթյուն կամ երբեմն քամին, որը շենքի որևէ պատահական անցքից անախորժ սուլոցով ներս էր խուժում անմարդաբնակ այդ շենքի մեջ, նորից սկսում էին անհանգստացնել ինձ:

Երբեմն ուշ գիշերին ինձ թվում էր, թե մարդիկ գաղտագողի, զգույշ քայլերով հավաքվում էին լուսամուտիս տակն ու շշուկով խոսում իրար հետ ու հեռանում: Կամ թվում էր, թե մեկը մետաղե գործիքով խառնում է դռան փականքը:

Եվ այսպես, երկար տանջանքներից հետո, երբ հոգնում, ուժասպառ էի լինում, խոր քունը իջնում էր վրաս և աչքերս բացվում էին լուսադեմին ու զգում էի ինձ թույլ և ուժասպառ:

Այս բոլորի մասին ես ոչ ոքի չէի ասում. ես ամաչում էի ինքս ինձնից:

Իր նշանակած ժամկետին եկավ Մառը, նրա հետ Ալեքսանդրա Ալեքսեևնան, Վոլոդյան և մի քանի օրից հետո՝ նաև Գ. Չուբինովը:

Գիտարշավի շենքին ծածանվեց պետական եռագույն դրոշակը:

Այդ եռագույնը Անիի շրջակա գյուղերի շինականները տեսնում էին ամեն տարի, սակայն նրանց զարմանք էր պատճառել, որ կառավարությունը փոխվել էր, բայց դրոշակը՝ ոչ: Նրանք սկսեցին ենթադրել, որ այդ դրոշակը ոչ թե պետական է, այլ Մառի անձնական դրոշն է:

Նրանք այնպիսի համարում ունեին Մառի նկատմամբ, որ նա ամենազոր է աշխարհիս երեսին: Այդ համոզմանը եկել էին դեռ վաղ, երբ Յուրին Մաղասբերդի քրդերի կողմից բռնվելուց հետո, Մառը անհապաղ, հենց նույն գիշեր, ուղարկեց Անիի սուրհանդակին Տեկոր հատուկ գրությամբ և պահանջեց, որ Տեկորի պրիստավը առանց հապաղելու ներկայանա իրեն:

Սուրհանդակը, առանց ժամանակ կորցնելու, հագավ իր «պաշտոնական» համազգեստը, վերցրեց իր թուրն ու հրացանը և ձիով գիշերը կտրեց, անցավ լեռներն ու ձորերը, և կեսգիշերին անկողնից հանեց Տեկորի պրիստավին ու հանձնեց նրան պրոֆ. Մառի գրությունը:

Տեկորի պրիստավը, կարդալով գրությունը և սուրհանդակից հանգամանորեն ծանոթանալով անհանդուրժելի պատահարի մանրամասնություններին՝ իրար անցավ, անմիջապես հագավ իր զորահանդեսային նոր համազգեստը, ձեռներին անցկացրեց սպիտակ ձեռնոցներ և շտապ, հենց նույն գիշեր, սուրհանդակի հետ սրարշավ ճամփա ընկավ դեպի Անի: Լուսադեմին նա արդեն Անիում էր, որպես ստորադրյալ մի զինվորական զգեստ կանգնած պրոֆեսորի առջև:

Մառը հուզված ու զայրացած կշտամբում էր Տեկորի պրիստավին, իսկ նա առանց իսկ ծպտուն հանելու, գույնը գցած լսում էր հանդիմանությունը:

Շինականների կարծիքով թագավորից հետո ամենազոր մարդը դա պրիստավն է, իսկ երբ տեսան Տեկորի պրիստավի ողորմելի վիճակը և Մառի զայրույթն ու բարձրաձայն կշտամբանքը պրիստավին, որը դողում էր և ոչ մի բառ անգամ չէր համարձակվում ասել, այն ժամանակ համոզվեցին, որ իսկապես «աղան» ամենազոր է:

Այդ տարի Անիում կատարվեցին թեթև պեղումներ:

Գիտարշավի շենքը արդեն բնակիչներ ուներ: Ես կարողանում էի գիշերները հանգիստ քնել: Բայց այդ տասնհինգօրյա տանջանքներից ու անքուն գիշերներից հետո բոլորովին հյուծվել էի, ես քնից չէի կշտանում: Ալեքսանդրա Ալեքսեևնան երբեմն ստիպված էր լինում արթնացնել ինձ:

Ես շատ անահարմար էի զգում ինձ և ճիգ էի գործադրում առավոտները շուտ արթնանալ:

Մի օր, երբ ես զբաղված էի արվեստանոցում, պեղման վայրից եկավ մի բանվոր՝ երկտողը ձեռքին:

Կարդում եմ.

«Պարոն Արտաշես, եթե կարելի է, խնդրեմ հանդիպել պեղման վայրը՝ շտապ լուսանկարելու բան կա: Մառ»:

Ես այլայլվեցի, ասես դույլերով պաղ ջուր լցրին գլխիս: Գույն էի տալիս ու գույն առնում: Ես թերի եմ գտնվել պարտականություններիս մեջ, չէ որ այդ պահին էլ պարտավոր էի լինել պեղման վայրում: Եվ այդ զուսպ գրված երկտողը որպես մի բարոյական ապտակ նետեց երեսիս, որը երբեք, երբեք մտքիսց չի անցնում և չի էլ անցնի: Այդ երկտողը հիշելիս՝ միշտ մի տեսակ ջղային ցնցում է անցնում մարմնովս: Ինչպե՞ս ես թույլ տվի, որ հարգարժան գիտնականը տասնինամյա պատանուն գրի՝ «եթե կարելի է», «խնդրեմ»: Ավելի լավ կլիներ ինձ խիստ նկատողության ենթարկեին, քան թե այդպիսի մեղմ, բայց բնավ չմոռացվող երկտողով հիշեցնեին իմ պարտականությունները:

Այդ երկտողը խրատական մի այրող դրոշմ էր, որ ես այլևս չմոռացա իմ կյանքում:

Մի օր պրոֆեսորի հետ գնացինք Մայր տաճար: Նա հանձնարարեց լուսանկարելու Մայր տաճարի խարխլված հիմքերը, հիմնականում տաճարի հարավային կողմը, նմանապես լուսանկարել տաճարի հյուսիս-արևմտյան անկյունը, որը գմբեթի փլուզման հետևանքով քանդվել էր: Ինչպես երևում է, Մայր տաճարի գմբեթը քանդվելիս նրա բեկորները թափվել էին շենքի հյուսիս-արևմտյան անկյան վրա և վնասել այն:

Ըստ պրոֆեսորի ծրագրի 1918 թվականին պիտի սկսվեր Անիի այդ խոշորագույն շենքի վերանորոգման աշխատանքները:

Անիում աստիճանաբար վերանորոգվում էին հուշարձանները: Վերանորոգվում ասելով չպետք է հասկանալ հիմնովին վերականգնումը հուշարձանի, այլ մի շարք միջոցառումների կիրառում, որպեսզի հուշարձանը իր ներկա վիճակով մնար կանգուն:

Այսպես, մինչև օրս նորոգման էին ենթարկվել Միջնաբերդի 6-րդ դարի պալատական եկեղեցին, Առաքելոց եկեղեցու գավիթը, Մանուչեի մզկիթը և շենքը (թանգարան), Գլիձորին նայող վիշապակիր բուրգը, Պարոնի պալատի մուտքի մի կողը, Փրկիչ եկեղեցին: 1918 թվականին հիմնական վերանորոգման պիտի ենթարկվեր Մայր տաճարը և Պարոնի պալատի հյուսիսային պատը պիտի ամրացվեր: Դա երկուսուկես հարկ բարձրացող հսկա մի պատ էր, որ իր աջից և ձախից հյուսիս-արևմտյան և հյուսիս-արևելյան անկյուններից անջատված էր: Ուժեղ փոթորիկների պահին պատը տարուբերվում էր՝ ճռինչներ հանելով, պատի վերին ծայրը մոտ 6-7 սանտիմետրով տատանվում էր:

Այդ հսկա պատը ամեն րոպե կարող էր փլվել՝ իր փլատակները թափելով Իգաձոր: Ամրացնելու միակ հարմար միջոցը մտածել էին հետևյալ ձևով. պատի վերի մասում (կենտրոնում) բանալ մի անցք և երկաթե ձողի ծայրը ամրացնել այնտեղ և դրա դիմացի՝ հարավային հաստատուն և ամուր պատի մեջ, ճիշտ դիմացը, նմանապես ամրացնել մի ուրիշ երկաթե ձող և այդ երկու ձողերը, որոնց ծայրերը պետք է ունենային ոլորապտույտ ակոսներ, որոնք իրար պետք է միանային պտուտակով (շայբա):

Երկու օրը մի անգամ մի լրիվ պտույտ ոլորելով, աստիճանաբար այդ հսկա պատին տային ուղղահայաց դիրք և այդպես մնար երկաթե ձողով ամրացված: Այն ժամանակ ուժեղ քամիները անզոր կլինեին տարուբերել Պարոնի պալատի հյուսիսային հսկա պատը, որը նայում էր ուղիղ Իգաձոր:

Հուշարձանների վերանորոգումների աշխատանքները կատարում էր գյումրեցի հայտնի կապալառու Ճերմակ Համոն, որը բերում էր Գյումրիի հմուտ քարտաշ-որմնադիր վարպետներ ու Անիի գիտարշավի ճարտարապետի ցուցումներով կատարվում էին վերանորոգման աշխատանքները:

Մայր տաճարի նկարահանումների աշխատանքները վերջացնելուց հետո, պրոֆեսորը ինձ ուղարկեց Խոշավանք՝ լուսանկարելու համար տեղի արձանագրությունները:

Անիի սուրհանդակի ուղեկցությամբ անմիջապես ճամփա ընկա դեպի Խոշավանք (Հոռոմոս):

Ինչպես հայտնի է Անի-Խոշավանք ճանապարհին կանգնած է «Խոշեր» կոչվող հուշարձանը: Դա իրենից ներկայացնում է քառանկյունի երկու աշտարակ, որոնց ծայրերին հանգչում են փոքրիկ գմբեթներ, և այդ երկու աշտարակները ժամանակին կամարով միացած են եղել իրար: Հյուսիսային աշտարակի վերին մասը փլած է, նմանապես փուլ է եկած և կամարը:

Այդ առեղծվածային կոթողի մասին տեղի շինականների երևակայությունը հյուսել է մի պատմություն:

Հոռոմսի (Խոշավանք) տաճարի հարավային կողմում մի քանի սրահների կողքին կանգնած է սյունազարդ, գեղեցիկ, մեծ դահլիճ, որն իր արևելյան կողմում ունի բոլորաձև մի խորան իր պատվանդանով: Ասում են, որ այդ դահլիճը դատարանի սրահ է եղել, իսկ խորանը՝ դատական կազմի տեղը, և որոշ օրերին այնտեղ, թագավորի գլխավորությամբ, տեղի էին ունենում դատավարություններ: Դատավարության օրը, երբ արքան իր շքախմբով Անիից առաջ էր շարժվում դեպի Հոռոմոս, և երբ Խոշերից արդեն նկատելի էր լինում արքայական թափորի շքերթը, Խոշերի աշտարակներից ղողանջում էին զանգեր, որոնք ավետում էին թագավորի գալուստը և ողջունում նրան:

Սակայն սյունազարդ, մեծ սրահի դռան բարավորի արձանագրությունը շինականների այդ երևակայական պատմությունը հերքում է: Սրահը կառուցված է 13-րդ դարում (1229 թ.), երբ Բագրատունիների թագավորությունը այլևս գոյություն չուներ:

Խոշավանքի պատերը խոսում են իրենց բազմաթիվ արձանագրություններով: Դա մի գեղեցիկ քարե մատյան է, որտեղ կա հարուստ նյութ անցյալ կյանքի տարբեր բնագավառներին վերաբերող՝ ջրանցքի կառուցման, նվիրատվությունների, այլևայլ տուրքերի ու հարկերի, շենքերի կառուցումների և վերանորոգումների, թագավորների, իշխանների, հոգևորականների անուններ և այլ տեղեկություններ, որոնք հավաստի և կարևոր աղբյուրներ են մեր պատմության համար:

Ձորում, Ախուրյանի ափին, կանգնած են երկու եկեղեցի՝ ս. Մինաս և ս. Գևորգ: Գագիկ Ա. Բագրատունի թագավորը կառուցել է ս. Գևորգ եկեղեցին և նրա վրա դրոշմել մի սրտառուչ արձանագրություն: Արձանագրություններից մեկը հավաստում է Բագրատունիների արքայական հանգստարանի մասին:

Այդ եկեղեցիների շրջապատը քարակույտեր են: Այնտեղ կարելի է տեսնել փլված մատուռ-դամբարանների հիմքերը միայն, և այդ ավերածության ու ամայության մեջ երևում է միայն մի փոքր դամբարան երբեմնի իր վրա կանգնած մատուռով: Դամբարանի վրա փորագրված է միայն մի բառ – «Աշոտ»: Ասում են, որ դա Աշոտ Ողորմածի գերեզմանն է:

Այդ դամբարանը ավերված է գանձ որոնող բախտախնդիրների կողմից, որի հետևանքով դամբարանի մի կողմը մեծ խոռոչ է բացված:

Ժամանակս խտացրի և մի քանի օրում ավարտեցի Խոշավանքի արձանագրությունների լուսանկահարանումը:

Պայմանավորված օրը սուրհանդակը եկավ, հետը բերելով ևս մի ձի:

Լուսանկարչական գործիքը իր պարագաներով զետեղեցինք խուրջինի մեջ, ամրացրինք ձիու թամբին և հրաժեշտ տվինք Խոշավանքին ու մեկնեցին դեպի Անի:

Մոտենում էր մայրամուտը…

Անցնում ենք խոշերի մոտով: Մեր ձիերը համրաքայլ առաջ են շարժվում: Ահա և Հովվի եկեղեցին: Արևմուտքը շառագունվել է:

Մեր առջև փռված խոպան դաշտերի ծայրին երևում է Անին, իր երկշարք պարիսպների բազմաթիվ բուրգերով ու դարպասներով:

Ջինջ երկնակամարը բռնված է բոցերով, իր մեջ կլանելով հորիզոնում կուտակված ամպերի քուլաները ու բոսոր ճառագայթները, որոնք իրենց վերջին ցոլքերի մեջ են առնում ամայացած մայրաքաղաքը, և ավերակները իրենց հրաշեկ տեսքով կանգնում են մեր առջև հրդեհով բռնկված:

Քարքարոտ դաշտերը ծածկված են տատասկներով, որ այնքան բնորոշ են Անիի բուսականության համար:

Արևմուտքի բոսոր ճառագայթները հետզհետե թանձրացնում են իրենց գույները, նրանց հետ միասին աստիճանաբար մթագնում են և՛ ավերակները:

Մեր ձիերը համաքայլ մտնում էին «Դվնո» դարպասից ներս: Սմբակների դոփյունները խուլ արձագանքում էին մռայլ բուրգերի ու պարիսպների մեջ, որոնք խավարում ստացել էին խոլ ու դաժան կերպարանք:

Մենք մտանք Անի: Լսվում էր Ախուրյանի խուլ մրմունջը և ծղրիդների սուր կանչը:

Խավարի մէջ թաղված Ավերակների քաղաքում շունչ ու կյանքի երեք ցոլք էր առկայծում. մեկը Աստվածամոր տաճարի դիմացը՝ հայր-Միքայելի լուսամուտից, մյուսը Ծաղկոցաձորի շուրթին կանգնած մենավոր շենքից և երրորդը՝ Իգաձորի այրերից:

Խոշավանքի նկարահանումների նեգատիվները Անիում մշակելուց հետո, պրոֆեսորը հանձնարարեց ինձ հյուսիսային ամրությունների Ավագ դռան ճակատի արձանագրության (մասամբ եղծված) էստամպը հանել: Չնայած ես էստամպ հանելու ոչ մի փորձ չունեի, բայց ուշադիր դիտելով յուրացրել էի այդ գործը:

Ես հանձն առա: Սուրհանդակը մի քանի բանվորներով Ավագ դռանը կանգնեցրեց մի խոշոր ելարան և ես երեք օր աշխատելուց հետո ավարտեցի էստամպի հանումը: Արձանագրությունը մոտ 3 մետր երկարություն ուներ և կենտրոնում էլ բացված էր մի խոշոր անցք, որով արձանագրության որոշ մասը չկար: Արձանագրությունը նայում էր հյուսիս. արևմտյան կողմից բարձրացող հսկա բուրգն էլ չէր թողնում, որ արձանագրությունը արև տեսնի (օգոստոսի վերջին օրերն էին), հետևաբար բավականին ժամանակ էր պետք, որ պատրաստածս էստամպաժը չորանար և հնարավոր լիներ հանել այն:

Ես ավարտեցի իմ աշխատանքները Անիում: Պրոֆեսորի հանձնարարությամբ Խոշավանքի արձանագրությունների նեգատիվները Թիֆլիսում հանձնեցի Հ. Ա. Օրբելուն:

Ավարտվեց Անիի 16-րդ գիտարշավը:

Երկիրը վերստին խառնվեց: Թուրքերը խուժեցին մեր երկիրը…

Եվ 1917 թվականը դարձավ Ն. Յա. Մառի գիտարշավների վերջնակետը: