Գագիկ Ծառուկյան և Սամվել Ալեքսանյան. «չար ու բարի» օլիգարխները

2150

Գործող իշխանությունների սիրելի օլիգարխ, թագավոր ախպեր Սամվել Ալեքսանյանը նախկինում երբևէ ընտրակաշառք բաժանե՞լ է, նրա շրջապատը նախկին ընտրություններում ընտրակեղծարարություն արե՞լ է Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի համար, սպառնացե՞լ է դիտորդներին: Պարոն Ալեքսանյանը մենաշնորհներ ունեցե՞լ է, հարկեր թաքցրե՞լ է:

Ալեքսանյանը, սակայն, այսօր որևէ խնդիր չունի օրենքի ու օրինականության հետ: Նա այնքան լավ է տեղավորվել Իմ քայլի մեջ, որ որևէ մեկը անգամ չի հիշում ու հիշեցնում նրա անցյալը: Մարդը տեղը տեղին ձայներ է բերել ԱԺ պատգամավորների ու նրա ղեկավարության համար, քաղաքականությանը չի խառնվում, ընդհանրապես չի խոսում: Ալեքսանյանն իր սոցիալական ու բիզնես կապիտալը օգտագործում է օրվա քաղաքական ուժի համար՝ իրեն ու իր բիզնեսն ապահովագրելով հնարավոր ռիսկերից:

Ալեքսանյանը, ակնհայտորեն, քաղաքական ամբիցիաներ չունի, իր քայլերով ու հայտարարություններով չի նյարդայնացնում իշխանություններին: Մեկ այլ օլիգարխ՝ Գագիկ Ծառուկյանը, անում է ճիշտ հակառակը: Նա իր անգրագետ ու հավակնոտ քայլերով ու հայտարարություններով անդադար ասեղների վրա է պահում իշխանություններին:

Գագիկ Ծառուկյանի շուրջ այսօր կատարվողը պետք է դիտարկել ընդհանուր մեծ պատկերի մեջ և ոչ որպես առանձին դեպք:

Ո՞վ չգիտի, որ ստեղծման օրվանից՝ 2004-ից, Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանը համատարած փող, գյուղատնտեսական ու այլ ապրանքներ բաժանելով է նաև ստացել քվեներ և հայտնվել Ազգային ժողովում: Այն թուղթը, որ այսօր իրենց էջերում տեղադրում են իմքայլական նախարարներն ու պատգամավորները, որևէ բան չի ավելացնում Ծառուկյանի ու Բարգավաճ Հայաստանի մասին մեր ունեցած գիտելիքներին: Դա անգամ կարող է ծաղր լինել: Մարդը մի ամբողջ մարզ իրենով է արել և այնտեղ իշխում է որպես բդեշխ:

Բայց այստեղ ուրիշ բան է կարևորը: Երբ Ծառուկյանը Թավշա հեղափոխության հետ է ու նրա կողքին, նա բարի ու լավ մարդ է: Նրա բռնաբարության անցյալը և դատվածությունը, որ այս օրերին կրկին դրվեց շրջանառության մեջ, մոռացության էր մատնվում իշխող ուժի կողմից, Նիկոլ Փաշինյանի համար նա օլիգարխից վերածվեց խոշոր սեփականատիրոջ: Նրա հետ անգամ հուշագիր ստորագրվեց:

Ծառուկյանն ու Բարգավաճ Հայաստանը պետականամետ ուժ է, երբ 2018-ի մայիսից հոկտեմբեր Փաշինյանի ու հեղափոխության հետ է, այսօր հակահեղափոխական է, քանի որ պահանջում են կառավարության հրաժարականը, ակտիվ շփումների մեջ է հակահեղափոխական այլ ուժերի հետ, որոնք, հավանաբար, լրջորեն են տրամադրված տապալելու Փաշինյանին ու նրա իշխանությունը:

Մեր նպատակը չէ որևէ կերպ պաշտպանել ու արդարացնել հայկական օլիգարխիային՝ լինի դա Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը կամ որևէ այլ մեկը: Մենք պարզապես փորձում ենք ցույց տալ ներքաղաքական կյանքում երկակի չափանիշների կիրառումը օլիգարխների հանդեպ: Այն օլիգարխը, որ օգնել է Իմ քայլին, խնդիր չունի օրենքի ու օրինականության հետ, իսկ մյուսը, որ հավակնոտ է ու անհաշվենկատ, խնդիր ունի:

Ծառուկյանը, թվում է, անցնում է 2014-2015 թվականների ճանապարհը, երբ դուրս եկավ Սերժ Սարգսյանի դեմ՝ չհաշվարկելով, թե ինչ կարող է պատահել իր հետ: Հիշո՞ւմ եք, թե ինչ բառապաշար օգտագործեցին Սարգսյանն ու նրա թիմակիցները Ծառուկյանի հասցեին և ինչպես հրապարակային ստորացումով ստիպեցին նրան հեռանալ քաղաքականությունից:

Ծառուկյանն ասում է, որ այս անգամ հետքայլ չի անելու, և «ով ձայնը կտրի, անբարոյականի տղա է»:

Այս օրերին, երբ Հայաստանն անցնում է համաճարակի մղձավանջով, մենք անդադար խոսում ու գրում ենք համախմբվածության, ներքաղաքական հարցերը ժամանակավորապես մի կողմ դնելու և կորոնավիրուսին հաղթելու առաջնահերթության մասին: Ակնհայտ է, որ նախկին իշխանություններն ու ընդդիմությունը չգնացին այդ ճանապարհով և թիկունքից հարված են հասցնում կորոնավիրուսի դեմ պատերազմում պարտվող Հայաստանի իշխանություններին:

Ծառուկյանի շուրջ կատարվողը, սակայն, հնարավորություն է տալիս նախկին իշխանություններին ու խորհրդարանական ընդդիմությանը պնդելու, որ համաճարակի դժվար օրերին իշխանությունները ևս ներքաղաքական հարցերը մի կողմ չդրեցին և ուժերը չհամախմբեցին բացառապես կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ