Հայաստանի առաջին ազատ ընտրությունները. 1990 թվական – Ալիք Մեդիա

1213

Հայաստանում հունիսի 20-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների նախօրեին «Ալիք մեդիա»-ն ներկայացնում է 1990 թվականից ի վեր հանրապետությունում անցկացված համապետական բոլոր ընտրությունների եւ հանրաքվեների համառոտ պատմությունը: Թաթուլ Հակոբյանը շարքը սկսում է 1990 թվականի խորհրդարանական ընտրություններով: 1990-ին Հայաստանը բռնել էր անկախության ուղին, սակայն շարունակում էր հոգեվարք ապրող Խորհրդային Միության մաս կազմել:

1990 թվականի մայիսի 20-ին Խորհրդային Հայաստանում եւ ԼՂԻՄ-ում՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում, տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում ձևավորվեց 260 պատգամավորներից կազմված խորհրդարանը:

Հենց այս խորհրդարանին (1990-1995) էր բախտ վիճակվելու ամիսներ անց՝ օգոստոսի 23-ին, ընդունելու Հայաստանի անկախության հռչակագիրը՝ սկիզբը դնելով Հայաստանի ինքնիշանության եւ անկախության ճանապարհի, ինչպես նաեւ քվեարկությամբ վավերացնելու 1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեի արդյունքները:

Հայաստանի պատմության մեջ սա համապետական միակ ընտրությունն էր, որին մասնակցեց նաեւ ԼՂԻՄ-ի բնակչությունը: Արցախից ընտրվեց 10 պատգամավոր, եւս 5-ը, այդ թվում՝ Արցախի առաջին եւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ընտրվեցին Հայաստանի տարբեր ընտրատարածքներից: Քոչարյանն ընտրվեց Վանաձորից (այն ժամանակ՝ Կիրովական), Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Ստեփանակերտից:

Հայաստանի պատմության մեջ սրանք խորհրդարանական առաջին եւ վերջին ընտրություններն էին, որ անցկացվեցին մեծամասնական ընտրակարգով:

Ընտրությունները կայացան երկու փուլով՝ 1990 թվականի մայիսի 20-ին եւ հունիսի 3-ին, քանի որ մի շարք ընտրատեղամասերում կրկնակի քվեարկության կարիք եղավ: Մրցապայքարը երկու ուժերի՝ դեռեւս իշխանությունը պահող Հայաստանի կոմունիստական կուսակցության եւ իշխանության եկող Հայոց համազգային շարժման ներկայացուցիչների միջեւ էր: Հայաստանի մարզերում հիմնականում հաղթեցին կոմունիստները, Երեւանում եւ խոշոր բնակավայրերում՝ ՀՀՇ-ականները:

Նորընտիր խորհրդարանն անդրանիկ նիստը սկսեց հուլիսի 20-ին: Ներկայացված էր քաղաքական երկու ուժ`ՀԿԿ-ն եւ ՀՀՇ-ն: Հետագայում խորհրդարանում կոմունիստներից եւ ՀՀՇ-ի ցուցակով ընտրված պատգամավորներից կազմավորվեցին այլ խմբակցություններ՝ ՀՌԱԿ-ը (Հայաստանի ռամկավար ազատական կուսակցություն), ՀՅԴ-ն (Հայ հեղափոխական դաշնակցություն) եւ այլն:

Levon Ter-Petrosyan 1990

լուս․ Արմենպրեսի

1990-ի օգոստոսի 4-ին Հայաստանի կոմկուսի առաջնորդ Վլադիմիր Մովսիսյանի հետ մրցապայքարում Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Օգոստոսի 6-ին նախագահի առաջին տեղակալ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը ՀՀՇ-ից, տեղակալ՝ Գագիկ Հարությունյանը ՀԿԿ-ից:

Գերագույն խորհրդի այս գումարումն աշխատանքն ավարտեց 1995 թվականի մայիսի 15-ին: Այդ ընթացքում ընդունվել են 1169 որոշում եւ 185 օրենք, որոնցից 104-ը`«մայր», իսկ 81-ը` փոփոխություններ եւ լրացումներ գործող օրենքներում: Վավերացվել է 148 միջազգային պայմանագիր:

1991-ի հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ ընտրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, փոխնախագահ` Գագիկ Հարությունյանը: Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը, առաջին տեղակալ՝ Արա Սահակյանը:

Ուշագրավ է եւս մեկ փաստ, որն այսօր ոչ ոք կամ գրեթե ոչ ոք չի հիշում:

1990 թվականի մայիսի 20-ի ընտրություններից մի քանի շաբաթ առաջ՝ մայիսի 3-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը (1985-1990) նախագահության նախագահ Հրանտ Ոսկանյանի ստորագրությամբ ընդունել էր նախագահի պաշտոն հիմնելու եւ Խորհրդային Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու որոշումներ:

Իշխանությունը կորցնող հայ կոմունիստներն առաջարկում էին «հնգօրյա ժամկետում մշակել Հայկական ԽՍՀ օրենքի նախագիծ եւ այն ներկայացնել Գերագույն խորհրդի քննարկմանը», իսկ օրենքն ընդունելուց հետո «երկու ամսվա ընթացքում անցկացնել Հայկական ԽՍՀ պրեզիդենտի ընտրություն Հայկական ԽՍՀ քաղաքացիների կողմից ընդհանուր, հավասար եւ ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ»:

Մայիսի վերջին մամուլում հրապարակվեց «Հայկական ԽՍՀ պրեզիդենտի պոստ հիմնելու եւ Հայկական ԽՍՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու» նախագիծը:

Նախագիծը ամրագրում էր, որ «Հայկական ԽՍՀ-ի գլուխը պրեզիդենտն է», իսկ «պրեզիդենտ կարող է ընտրվել առնվազն 35 եւ ոչ ավելի, քան 65 տարեկան Հայկական ԽՍՀ քաղաքացին» ոչ ավելի, քան երկու ժամկետով անընդմեջ: Նախագահը ընտրվում է ընդհանուր, հավասար եւ ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ, հինգ տարի ժամկետով:

Իրադարձությունների ընթացքը, սակայն, անիմաստ դարձրեց Հայաստանում նախագահական ընտրությունների անցկացումը: Մայիսի 20-ի ընտրություններում Հայոց համազգային շարժումը փաստացի արդեն հաղթել էր Հայաստանի կոմունիստական կուսակցությանը: Օգոստոսի առաջին օրերին խորհրդարանի նախագահ ընտրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, մի քանի օր անց վարչապետ դարձավ Վազգեն Մանուկյանը:

Այսպիսով՝ Տեր-Պետրոսյանին էր վիճակվել դառնալու Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը: 1991-ի հոկտեմբերի 16-ին նա ընտրվեց հինգ մրցակիցների նկատմամբ բացահայտ առավելությամբ՝ ստանալով քվեների ավելի քան 83 տոկոսը:

Tatul Hakobyan

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։