Ռուսաստանը և Թուրքիան 1919-ին դիակներ էին, որոնք բաժանման առարկա կարող էին լինել. Ռուբեն

1619

Հայերը և թուրքերը. Սև ամպեր Հայաստանի վրա

Քսաներորդ դարի սկզբին պետականությունից զուրկ հայ քաղաքական կյանքում ուրվագծվում էին երկու հակադիր ուղղություններ. առաջինը, այսպես կոչված երրորդ ուժին` գլխավորապես ցարական Ռուսաստանին ապավինելն էր Օսմանյան կայսրությանը թշնամի ճանաչելով. մյուս ուղղությունն էր` երրորդ ուժը բացառող և, սեփական ուժերը հաշվի առնելով, հարևանների հետ թեկուզ ցավալի զիջումների ճանապարհով երկխոսության մեջ մտնելու մտայնությունը:

Հայաստանը բաժանված էր ցարական Ռուսաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև, երբ կործանվեցին այս երկու կայսրությանները: Հայկական քաղաքական ուժերը, առաջին հերթին Դաշնակցությունը, որն ամենաազդեցիկ կուսակցությունն էր, կանգնել էին անելանելի թվացող ընտրության առաջ: Արդեն 1919թ. հայ քաղաքական միտքը սկսեց թեքվել դեպի Եվրոպա, դեպի եվրոպական դաշնակիցները, որոնք հաղթանակած դուրս եկան Առաջին աշխարհամարտից, ի տարբերություն պարտված, մասնատված ու ներքին կռիվների մեջ ներքաշված Ռուսաստանի և Օսմանյան կայսրության:

Դաշնակիցների վրա հենվելը ՀՅԴ առաջնորդներից Ռուբեն Տեր-Մինասյանի խոսքերով` դառնում էր քաղաքականության առանցք: Հետևաբար, Դաշնակիցների վրա հենվելով չէր կարելի Թուրքիայի վրա ևս հենվել և նրա հետ առանձին բանակցել, քանի որ ՙԹուրքիան ոչ միայն նրա (Անտանտի-խմբ.) հակառակորդն էր, այլ` հաղթության վայելքի առարկան՚: ՙՌուսաստանը և Թուրքիան 1919-ին դիակներ էին, որոնք բաժանման առարկա կարող էին լինել և բնավ երբեք` մեր արտաքին քաղաքականության հենարաններ: Այս տրամաբանությամբ Թուրքիայի հետ համաձայնությունը համարվում էր անհնար, վնասակար ու անկարևոր՚:

Ինչպես Առաջին հանրապետության որոշ գործիչներ, առաջին հերթին Ռուբեն Տեր-Մինասյանն ու Հովհաննես Քաջազնունին, այնպես էլ հետագայում մի շարք պատմաբաններ, համոզված էին, որ Հայաստանի համար ավելի կենսական էր թեկուզ նվազագույն սահմաններով` քեմալականների հետ հաշտությունը կամ այդ նպատակով փորձերը, քան, տարվելով Սևրի պայմանգրով` օգնության հույսեր ունենալ եվրոպական ու ամերիկյան դաշնակիցներից: 1920թ. հունիս-հուլիս ամիսներին, երբ Մուստաֆա Քեմալը (հետագայում` Աթաթուրք) նեղ դրության մեջ էր, քեմալականների հետ երկխոսությունը արդյոք չէ՞ր փրկի Հայաստանի մի մասը և չէ՞ր զսպի քեմալականներին` Հայաստանի դեմ պատերազմից: Տեր-Մինասյանը խորհում էր, որ Հայաստանի շահերը պահանջում են հաշտվել թուրքերի հետ: Նրա նման մտածող քչերը բնազդորեն զգում էին, որ ճշմարիտը թուրքերի հետ լեզու գտնելու ուղին է, բայց հոգեբանորեն պատրաստ չէին դեմ գնալ ժամանակի հայ քաղաքական մտքի մտայնությանը: Դաշնակիցներով տարվող մեծամասնությունը, որին Օսմանյան կայսրությունը դիակ էր թվում, հավատում էր Սևրի իրականացմանը:

Բայց որքան էլ Ռուսաստանը և Օսմանյան կայսրությունը համարվեին դիակներ` ներքաշված արյունալի կռիվների մեջ ներսում և դրսում, Հայաստանի ճակատագրի հարցում նրանք շարունակում էին մնալ վճռորոշ ուժ: Հայաստանի ղեկավարներից թե’ կուսակցական, թե’ պետական շրջանակներում, բացառիկներն էին, որ արհամարհում էին թուրքերի ուժն ու վտանգը, գրում է թուրքերի հետ թեկուզ ցավալի զիջումների գնով լեզու գտնելու կողմնակիցներից Տեր-Մինասյանը: Հակառակը, մեծամասնությունը և մանավանդ ՀՅԴ Բյուրոն, գիտակցում էին, որ Օսմանյան կայսրությունը, ինչքան էլ փշրված լինի, մեծ վտանգ է և նույնիսկ կորստաբեր, եթե հայերն ու թուրքերը մեն-մենակ իրար դեմ կանգնեն իբրև հակառակորդներ: Սա էր թուրքերի նկատմամբ ընդհանուր կարծիքը, բայց վտանգի առաջն առնելու համար մեծ տարբերություն կար, որոնք կարելի է բաժանել երկու հիմնական խմբի:

Փոքր խումբը, Տեր-Մինասյանի խոսքերով, մտածում էր. քանի որ թուրքերն անգամ ընկճված վիճակով ուժեղ էին հայերից, ՙավելի լավ է նրանց հետ մտնել բանակցությունների մեջ, և եթե այդ միջոցով հնարավոր լինի Միացյալ և Անկախ Հայաստանն իրագործել համեստ սահմաններով, բավականանալ դրանով, որով վերջ պիտի գտնեն ոչ միայն Թուրքիայի պատճառած վախերը, այլև Ադրբեջանի կողմից եղած դավերը՚: Բայց այսպես մտածողների առջև դրվում էին հարցեր, որոնց պատասխան տալը խիստ դժվար էր և համարյա անհնար կանխատեսելը 1919-ին: ՙՆախ, ո՞ր Թուրքիայի հետ պիտի բանակցել, Պոլսի՞, թե՞ միլլիների: Եթե Պոլիսը համաձայնի մեր նվազագույն պահանջներին, արդյոք միլլիները չպիտի՞ հակառակեն և ավելի թշնամանան: Արդյոք այդ երկուսը կամ երկուսից մեկը կուզենա± որևէ բան զիջել: Եթե զիջեն ու համաձայնվեն, մեզ հետ Դաշնակիցները չպիտի՞ վարվեն որպես իրենց դեմ ըմբոստացած միլլիների բարեկամներ: Դաշնակից պետությունների ձեռքում էր ողջ աշխարհի բախտը: Եթե բոլորին արհամարհենք ու կարևորություն տանք Պոլսին կամ միլլի խռովարարներին, համաձայնության գանք նրանց հետ, որո՞նք են այն երաշխիքները, որ պիտի ստիպեն դահիճ Թուրքիային հարգելու պայմանները: Ի՞նչ գրավական կա, որ չպիտի կրկնվի 1915-ը: Այդ բոլորն էլ ոչինչ` արդյոք հայ ժողովուրդը, մեկ միլիոն զոհեր տալուց հետո պիտի կարողանա՞ հանդուրժել հայ-թուրք բարեկամությունը: Այսօրվա հաշվով, հետին թվով, պիտի արդարացնենք և իմաստուն գտնենք այդ բնազդը, բայց այդ ժամանակները դա խելագարություն կարող էր համարվել՚:

Հայաստանի եվրոպացի և ամերիկացի դաշնակիցները կամ այդպիսին ընկալվողները, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում` հայերի տկարությունն ու թուրքերի ուժը, հայերին խորհուրդ էին տալիս լեզու գտնել թուրքերի հետ և բավարարվել նվազագույնով: Բրիտանական գեներալ Բիչը Կարսի բանալիները վարչապետ Խատիսյանին հանձնելիս, նկատի ունենալով Հայաստանի ներքին անկայունությունը, ասում էր. ՙԱմրացրեք պետական մեխանիզմները և անմիջական հարաբերություններ հաստատեք թուրքերի հետ՚:

ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը 1919թ. սեպտեմբերին գնդապետ Հարբորտին գործուղել էր Հայաստան` երկիրն ուսումնասիրելու և քննելու մանդատի պայմանները: Սեբաստիայում Հարբորտը տեսակցություն է ունենում Մուստաֆա Քեմալի հետ, որը նոր էր ձեռնարկում միլլի շարժումը: Հարբորտի խոսքերով` Քեմալը խնդրել է հայտնել Հայաստանի կառավարությանը, որ հայերը ձեռք քաշեն մեծ պետություններից և անմիջական համաձայնության գան թուրքերի հետ:

Հայաստանի վարչապետներից Խատիսյանը գրում է. ՙՀարբորտը մի օր մենակ մնալով իմ աշխատասենյակում ասաց, որ Անգորայի կառավարության նախագահ Ռաուֆ բեյից ինձ ողջույն է բերել: Ռաուֆ բեյը պատրաստակամություն էր հայտնել անմիջապես բանակցել Երևանի հետ: Հարբորտը խորհուրդ տվեց սկսել այդ բանակցությունները: Մենք այդ խորհրդին չհետևեցինք, հավատալով, որ մեր հարցերը պետք է լուծվեն Փարիզում՚:

Հայաստանի հետ անմիջական բանակցություններ սկսելու Թուրքիայի արած առաջարկությունների մասին հիշատակում է նաև Խորեն եպս. Մուրդաբեկյանը 1919թ. դեկտեմբերի 14-ին Գևորգ Ե կաթողիկոսին գրած նամակում. ՙՎերջերս եղել են պաշտոնական առաջարկներ թուրքերից, որոնք խոստանում են որոշ զիջումներ անել, եթե անմիջապես սկսվեն բանակցություններ մեզ հետ: Կառավարությունը գտնում է, որ հնարավոր է բանակցել, խոսել և իմանալ, թե ինչ զիջումներ են անում թուրքերը՚:

Ռուբենի խոսքերով` Հայաստանում 1919-ի աշնանը երկրի ապագայի վերաբերյալ գոյություն ունեին երեք հիմնական հոսանքներ:

Առաջին. նրանք, ովքեր ճանաչում էին Հայաստանը, հասկանում ստեղծված վիճակը, ծանոթ էին հայերի ու թուրքերի ուժերին, այն տեսակետն ունեին, որ առանց դրսի ռազմական օժանդակության, մինչև անգամ Հայաստանում օտար իշխանության հաստատման, երկիրը չի կարող գոյատևել: Այս հոսանքը բաժանված էր երկու գլխավոր ճյուղի. փոքր մի խումբ աչքը դրել էր դաշնակիցների, իսկ մեծ մասը` Ռուսաստանի վրա, քանի որ դաշնակիցների Անդրկովկասից հեռանալու փաստը բոլորի աչքի առաջ էր: Ռուսաստանից փրկություն սպասողներից էին ՙմեր ազդեցիկ ընկերներից շատերը, որոնց շեշտված ներկայացուցիչը Դրոն էր՚: Նույն տեսակետն ուներ Հայաստանի զինվորականությունը, սպայությունը:

Երկրորդ հոսանքը բաղկացած էր գործիչներից, ովքեր լավ չէին հասկանում, թե ինչպիսին է հայերի և ոչ էլ հակառակորդ թաթար-թուրքերի ուժն ու հոգեբանությունը: Այս հոսանքը չէր ժխտում Հայաստանի անկախությունը, հակառակը, անկախությունը նրանց համար անհրաժեշտ պայման էր և ուզում էին ՙմիացված տեսնել 20 մասերի բաժանված Կովկասյան Հայաստանը՚: Բայց նրանք չէին հասկանում այն լուրջ պատճառները, որ Զանգիբասարի, Կողբի, Վեդիի, Շարուրի, Նախիջևանի և այլ վայրերի թուրքին ու թաթարին ըմբոստացրել ու բաժանել էր Հայաստանից: ՙՆրանց թվում էր, թե Հայաստանի կառավարության հոռի վարչաձևի հետևանքներն էին այդ երևույթները և կամ այս կամ այն ոստիկանի կամ զինվորի պատահական զեղումն ու թալանը՚: Այս հոսանքը դեմ էր Հայաստանից բաժանված մասերը ուժի միջոցով միացնելուն, բայց դեմ էր նաև բաժանված մասերի ինքնիշխանությանը, ՙկողմնակից էր նրանց միավորելուն սիրով, քաղցրությամբ, առանց արյունահեղության՚: Այս հոսանքը արժեք չէր ներկայացնում, որովհետև ՙիր գեղեցիկ ցանկությունները բխեցնում էր ոչ թե փաստերից և իրականությունից, այլ քրիստոնեական վարդապետությունից՚:

Երրորդ հոսանքը համոզված էր, որ Հայաստանի խռովությունների պատճառը կառավարության թերությունները չեն, ՙայլ մահմեդական ազգաբնակչության տենչը` ներսից պայթեցնել կառավարությունը և հաստատել Ադրբեջանի կամ Թուրքիայի իշխանությունը՚: Այս հոսանքը չէր կարծում, որ մահմեդականների ծրագիրը կարելի է քանդել նրանց սիրաշահելով և նույնիսկ ինքնավարություն տալով, ոչ էլ հավատում էր, որ ռուսների վրա հույս դնելն օգտակար է: ՙՆրանք ուզում էին հայկական ֆիզիկական ուժ ստեղծել և զենքով վերացնել եղած քաոսը՚:

Հանրապետության ղեկավարությունը, Տեր-Մինասյանի խոսքերով, տեսնում էր Հայաստանի կղզիացումը, Վրաստանի տարտամ դիրքը, Ադրբեջանի թշնամությունը, թուրքերի անհաշտ լինելը, երկրի ներսի մուսուլմանական ըմբոստությունները: Թեև Հայաստանը բաժանված էր Ռուսաստանից, սակայն նրա հետ բարեկամական հարաբերություններ ստեղծելու ձգտումը միշտ եղել է հայ առաջնորդների և Բյուրոյի մտահոգության առարկան: 1919-ին ամեն ջանք թափվում էր ապահովելու Ռուսաստանի բարեկամությունը և աջակցությունը: Պատճառները մի քանիսն էին. քանի որ Ադրբեջանը սպառնում էր Հայաստանի գոյությանը` ջանալ ռուսական բարյացակամությունը հակակշռել այդ թշնամությանը: Թուրքական վտանգը վերացած չէր, և ռուսական բարեկամությամբ գուցե հնարավոր լիներ չեզոքացնել այդ վտանգը: Բացի այդ, Հայաստանը հացի և ռազմամթերքի կարիքներ ուներ, Ռուսաստանի հայ գաղութի միջոցով սպասվում էր ձեռք բերել հաց ու ռազմամթերք: Եվ վերջապես, քանի որ Ռուսաստանի համար մեծ նշանակություն չուներ Երևանի և Կարսի նահանգներից զրկվելը` նրան ճանաչել տալ Հայաստանի անկախությունը և ապահովել փոխադարձ բարեկամություն:

Ո՞ր Ռուսաստանի հետ խոսել և ո՞րի բարեկամությունը ապահովել: Այդ ժամանակ կային երեք Ռուսաստան` Դենիկինի, Կոլչակի, Լենինի: Երեքն էլ հավասար ուժեր, երեքն էլ նույն հավակնություններն ունեին, որ պիտի դառնան ամբողջ Ռուսաստանի տերը, բայց երեքն էլ միմյանց նկատմամբ թշնամի էին: Տեր-Մինասյանի խոսքերով. ՙԵրեքի հանդեպ էլ մեր վերաբերմունքը և սպասելիքները նույնատեսակ էին` առանց գերադասելու մեկին կամ մյուսին, առանց նրանց ներքին պայքարին մասնակցելու կամ պայմանավորվելու օժանդակելու մեկին` մյուսի դեմ: Շատերն էին կարծում, որ Ռուսաստանի ապագա իշխանության հիմքը պիտի լինի Կոլչակը: Այդ էր պատճառը, որ մեծ դժվարություններով Հայաստանի ներկայացուցիչ էինք նշանակել Ձամոյանին: Մենք Կոլչակի կառավարությունից անմիջական օգուտներ չէինք կարող սպասել, որովհետև եթե անգամ ցանկություն էլ լիներ Կոլչակի կողմից օգնել Հայաստանին, դա անհնար էր, քանի որ նա Հայաստանից կտրված էր անսահման տարածություններով, բազմաթիվ մանր ու խոշոր իշխանություններով: Դա գիտակցելով հանդերձ, արժեք էինք տալիս Կոլչակի կողմից Հայաստանի անկախությունը ճանաչելու փաստին՚:

Դեպի ո՞ր Ռուսաստանը պետք է շրջվեր Հայաստանը` Մոսկվայի Ժողկոմխորհի, կամավորական և կազակային կենտրոն Եկատերինոդարի՞, Սիբիրում Կոլչակի վարչակարգի՞, թե՞ Բալթիկայի և Արկտիկայի հակաբոլշևիկյան վարչությունների ու բանակների: Հայաստանը զգուշությամբ փորձում էր շահել բոլորի համակրանքը և ճանաչումը: Չեզոքություն հռչակելով մոլեգնող ռուսական քաղաքացիական պատերազմում` Երևանի կառավարությունը դրանով հայտնի էր դարձնում, որ Հայաստանը վստահելի բարեկամն ու հարևանն էր լինելու ամեն մի Ռուսաստանի, որքանով որ այդ Ռուսաստանը կհարգեր Հայաստանի անկախությունը: Հայ ներկայացուցիչները ճանապարհվում էին Մոսկվա, Եկատերինոդար, Դոնի Ռոստով, Մուրմանսկ, Օմսկ, Իրկուտսկ: Աշխարհագրական մերձավորության և հնարավոր օգնության նկատառումները Հայաստանին ստիպում էին կենտրոնացնելու ջանքերը Հարավային Ռուսաստանի զինված ուժերի հրամանատարության հետ:

1919-ին Կոլչակին համահավասար ուժ էր ներկայացնում Դենիկինը: Նա տիրում էր Վոլգայից մինչև Թերեքի և Դոնի հովիտները, համարյա հասել էր մինչև Մոսկվա: Բացի դրանից, Դենիկինի հետ հարաբերությունը համակրություն ուներ հայ ժողովրդի լայն խավերի, մասնավորապես` զինվորականության մեջ: Դենիկինը սահմանակից էր Կովկասին, նրան օգնում էին նաև Դաշնակիցները: ՙԱյդ քաղաքական հաշիվներից դուրս, մենք կանխիկ սպասելիքներ ունեինք Դենիկինից: Հայաստանին ճանաչել տալ, ապահովել նրա իշխանության ներքո գտնվող հարյուր հազար հայությունը, հարավային Ռուսաստանից ստանալ մեզ համար կենսական հաց ու ռազմամթերք: Մենք Դենիկինի մոտ ունեինք Հայաստանի ներկայացուցիչ Սաղաթելյանին, նրանք էլ` իրենց ներկայացուցիչ Զինկևիչին մեր մոտ: Սկզբնական շրջանում դենիկինյան շրջանակները Հայաստանի անկախ գոյությանը նայում էին որպես ժամանակավոր երևույթ: Դենիկինյան վախը մեր սրտում` համակերպվում էինք նրանց ոչ հստակ գործին, մանավանդ որ տեսնում էինք կանխիկ շահեր: Դենիկինյան շրջանակներից 1920-ի մայիսի վերջին և հունիսին Հայաստան հասավ ՙՄոսին՚ հրացանի 3 միլիոնի չափ փամփուշտ, երբ մեր պահեստներում ունեինք ընդամենը 150 հազար փամփուշտ 10 հազար հրացանի համար: Քիչ օգտվեց Հայաստանը հացով և ուտելիքով, քանի որ վրացիներն իրենց բաժինն էին վերցնում՚,- գրում է Տեր-Մինասյանը:

Դաշնակցությանը, հիմնականում Հայաստանի խորհրդայնացումից հետո, մեղադրում էին, այդ թվում նաև որոշ դաշնակցականներ, թե կարևորություն չէին տվել բոլշևիկներին, և այդ պատճառով էլ բոլշևիկները  վատ վերաբերմունք են ունեցել Հայաստանի հանդեպ: Բոլշևիկյան հեղաշրջման օրից իսկ, երբ դեռ գոյություն չուներ Հայաստանի Հանրապետությունը, ՀՅԴ-ն սերտ կապեր ուներ նրա հետ: Բյուրոյի անդամներից Զավրիևը, Տեր-Մինասյանը ավելի սերտ կապերի կողմնակիցը լինելով, Թիֆլիսում բանակցում էին Շահումյանի, մյուս բոլշևիկների, իսկ Արամը Երևանում` Մակինցյանի և Արշավիր Մելիքյանի հետ: Երբ բոլշևիկները ստիպված էին Թիֆլիսից հեռանալ Բաքու, այնտեղ ևս շարունակվեց ՀՅԴ-բոլշևիկներ համագործակցությունը: Գործակցության հետևանքներից մեկը եղավ այն, որ Զավրիևի ջանքերով ու Շահումյանի շնորհիվ դուրս եկավ Լենինի դեկրետը (ՙԹուրքահայաստանի՚ մասին): Ճիշտ չեն այն կարծիքները, թե ՀՅԴ-ն Դենիկինի հետ հարաբերություններ ունենալով, կապեր չէր պահում բոլշևիկների հետ կամ թե Շանթի Մոսկվա մեկնելուց հետո է սկսվում ՀՅԴ-բոլշևիկ հարաբերությունը՚:

ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից