«Այո՛, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ». Սերժ Սարգսյանը 2001-ի մայիսին ԱԺ ամբիոնից

25515

2001 թվականի մայիսի կեսերին, Հայաստանի խորհրդարանում ղարաբաղյան հարցով լսումների ընթացքում այն ժամանակ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, պատասխանելով հարց-մեղադրանքին, թե 2001թ. ի վեր ինքը խոսում է փոխզիջումների մասին և դրանով կատարում ԵԱՀԿ-ի հանձնարարությունը, ասաց. «Ես 2001-ից չեմ խոսում փոխզիջումների մասին, այլ ընդհանրապես 90-ական թվականներից։ Նաև այն ժամանակ, երբ մեր ջոկատներին համոզում էի, որ անհրաժեշտություն կա վերացնել շատ կրակակետեր։ Դրանց վերացումը կամ անվտանգության գոտու ստեղծումը երբեք նպատակ չի հետապնդել ավելացնել Ղարաբաղի կամ Հայաստանի տարածքը»։

Որո՞նք են Արցախի իրական սահմանները: Այս հարցադրմանը Սարգսյանը պատասխանեց. «Ընդհանրապես ցանկացած երկրի, այդ թվում և մեր սահմանները անցնում են այն տեղով, որտեղով կարողանում ես անցկացնել այդ սահմանը։ Այո՛, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ։ Եթե բանակցային պրոցես է գնում, ու դու փորձում ես դիմացինիդ հիմարի տեղ դնել, նրա մոտ միայն հեգնանք է առաջանում»։

«Չեմ կարող տուրք տալ հասարակության մեջ տարածվող այն կարծիքներին, որ մենք Աղդամն ազատագրել ենք: Պետք չէ դիմացինին անլուրջ մարդու տեղ դնել: Այո, եղել են տարածքներ, որոնք մենք գրավել ենք: Եվ դրանից մենք երբեք չպետք է ամաչենք: Այդ տարածքները գրավել ենք, որպեսզի ապահովենք մեր հայրենիքի անվտանգությունը: Դրա մասին մենք հայտարարել ենք 1992 թ., 94 թ., հայտարարում եմ հիմա: Միգուցե իմ հայտարարությունը դիվանագիտական չէ, բայց սա է: Հարցին չի կարելի միակողմանի մոտենալ և ամեն քայլափոխի ասել, որ մենք ազատագրել ենք, Աղդամը մերն է, Միրբաշիրը մերն է»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Արխիվային լուսանկարը՝ 2018թ