Անողոք փաստ. երկրագնդի վրա Հայաստան կարող է լինել միայն մի տեղում` թուրքերի կողքին

4933

Ռաֆայել Իշխանյան (1922-1995), լեզվաբան, գրականագետ, հայագետ

Աշխարհում, ամբողջ երկրագնդի վրա Հայաստան կարող է լինել միայն մի տեղում` թուրքերի կողքին: Ուրիշ տեղ չկա և չի կարող լինել Հայաստան: Լավ է սա թե վատ, այլ հարց է, բայց անողոք փաստ է: Ավելին. այս կտոր Հայաստանը չորս կողմից է շրջապատված թուրքերով: Թուրքերն ու ադրբեջանցիները այս կողմերից հեռանալու միտք չունեն: Ռուսները կարող են մի օր հեռանալ: Արդեն մի անգամ` 1917-1918 թթ. նրանք հեռացել են այս կողմերից, և մենք վերջնական կործանման եզրին հասանք… եթե իրոք պանթուրքիզմ կա, ապա մենք` հայերս, փրկվելու մի միջոց ունենք` խաղաղության դաշինք կնքել պանթուրքիզմի հետ:

1991-ի ամռանը 30 հազար տպաքանակով լույս տեսավ Ռաֆայել Իշխանյանի “Երրորդ ուժի բացառման օրենքը” 200 էջանոց գրքույկը, որտեղ ամփոփված էին նրա՝ 1988-1990 թվականներին գրված հոդվածները: Իշխանյանը, շարունակաբար արժանանալով հայ ավանդական կուսակցությունների, առաջին հերթին ՀՅԴ-ի, ինչպես նաև Հայկոմկուսի և ռուսամետ ու ռուսախոս հայ ինտելիգենցիայի կոշտ քննադատությանը, հետևողականորեն առաջ էր տանում, իր իսկ ձևակերպումով՝ “երրորդ ուժի բացառման օրենքը”:

“Երրորդ ուժի բացառում” նշանակում է, որ Հայաստանը չպետք է հույս դնի երրորդ երկրների թվացյալ կամ հավանական օգնության վրա, որ արտաքին քաղաքականության մեջ չկան մշտական բարեկամներ և մշտական թշնամիներ, այլ կան մշտական շահեր, որ Հայաստանը պետք է անի հնարավորը՝ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար, որ վտանգավոր, ճակատագրական վտանգավոր է ամուր բռնել ռուսական փեշը: