Մասիս Մայիլյանը պարզաբանել է, թե ինչու է հրաժարվել հեռուստաբանավեճից

744

Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում այսօր երեկոյան կայանալիք նախագահի թեկնածուների բանավեճին Մասիս Մայիլյանը հրաժարվել է մասնակցել:

Ստորև՝ Մասիս Մայիլյանի պարզաբանումը և Արցախի հանրային հեռուստատեսության կարճ ռեպորտաժը

Այս գրառմամբ մեր հարգելի հայրենակիցներին ուզում եմ պարզաբանել, թե ինչու եմ հրաժարվել հեռուստաբանավեճից։

Իմ պաշտոնական և հանրային գործունեության ընթացքում միշտ էլ նախընտրել եմ հանրային բանավեճերին մասնակցել և ըստ ամենայնի խրախուսել եմ մտքերի փոխանակությունը, նախապես ինձնից կախվածն անելով բանավեճի համար առողջ ու անկաշկանդ մթնոլորտ ստեղծելու համար։

Ըստ իս, հեռուստաբանավեճի առաջարկվող ձևաչափը չի կարող արդյունավետ լինել և դժվար թե նպաստի թեկնածուների դավանած սկզբունքների ու ծրագրային դրույթների առավելս հանրայնացմանը, ինչը, ըստ էության, պետք է լինի նման բանավեճի նպատակը։ Արմատական բարեփոխումների մեր հայեցակարգն այս դժվարին պայմաններում հնարավորինս ներկայացվել է ընտրողներին, հուսով եմ՝ նույնը հասցրել են անել մյուս թեկնածուները։

Ինքս հարցեր չունեմ մյուս թեկնածուներին և հուսով եմ, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ժողովուրդը բոլոր թեկնածուներից կարողացել է ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները։ Իսկ մեր հարցերի ու ակնկալիքների պատասխանը հենց ժողովուրդն է տալու՝ մարտի 31-ին իր քվեարկությամբ։ Բոլորին կոչ եմ անում իրենցից կախվածն անել ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների ապահովման համար։