Կարբի-Բասարի (Էջմիածին) շրջանը Երևանի խանության օրոք

4158

Երևանի խանության օրոք (խանությունը մաս էր կազմում Պարսից Ղաջարի դինաստիայի տիրապետության) Կարբի-Բասարի մահալը (տարածվում էր այսօրվա Էջմիածնի և Աշտարակի շրջանների հողերի հատվածներում) ամենից հայաբնակ և հայաշունչն էր բոլոր 15 մահալների մեջ: Ավելին, հայոց պատմության ամենից դժնդակ ժամանակներում անգամ, երբ Արարատյան բարեբեր դաշտավայրը ոտնատակ էին տալիս Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի զորքերը միմյանց դեմ իրենց տասնամյակների պատերազմներով, Էջմիածնի շրջանը չզրկվեց հայ բնակչությունից: Պատճառներից մեկը և գուցե գլխավորն այն էր, որ այնտեղ էր գտնվում Մայր Աթոռը, որ 1441-ին վերադարձել էր Կիլիկիայից:

Համաձայն ռուս պատմաբան Իվան Շոպենի «Камеральное описание Армянской области» աշխատության, Կարբի-Բասարն ուներ 10.955 բնակչությունի, որից մահմեդականներ էին 2.592 հոգին: Մահմեդականներ էին պարսիկները, քրդերը, կովկասյան թաթարները (ադրբեջանցիներ) և թյուրքալեզու տարբեր ցեղեր:

Կարբի-Բասարի ամենամեծ բնակավայրը Էջմիածինն էր (որին խանության շրջանում տվել էին թուրքերեն Իյուչ Քիլիսե, թարգմանաբար՝ երեք եկեղեցի անունը) 1.957 բնակիչներով, բոլորն էլ՝ հայեր: Մեծությամբ մյուս երկու բնակավայրերն էին Աշտարակը (820 հոգի, բոլորը հայեր) և Օշականը (584 հոգի, բոլորը հայեր):

Երևանի խանությունը, որ շուրջ 200 տարի Պարսկաստանի մաս էր կազմում, 1828-ին՝ ռուս-պարսկական երկրորդ պատերազմի արդյունքում անցավ Ռոմանովների Ռուսաստանին և անվանվեց Հայկական մարզ (որի մաս կազմեց նաև Նախիջևանի խանությունը): Երևանի անության տարածքի մաս էին կազմում այսօրվա Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը, ինչպես նաև այսօրվա Նախիջևանին պատկանող Շարուրի հատվածը, և այսօրվա Թուրքիայի մաս կազմող Իգդիրի շրջանը:

Գյումրին և այսօրվա Շիրակի մարզը չէին մտնում Հայկական մարզի մեջ: Հայկական մարզը գոյատևեց 1828-1840 թվականներին:

Երևանի խանությունը Ղաջարիների տիրապետության շրջանում բաժանված էր 15 վարչական շրջանների: Ըստ հերթականության՝ դրանցից 12-րդը Կարբի-Բասարի մահալն (շրջան) էր: (Առաջինի՝ Քառասուն Աղբյուր (Քըրխ բուլաղ) մահալի մասին տես՝ https://www.aniarc.am/2015/04/10/kanaker-1832/, երկրորդի՝ Զանգի-Բասարի մահալի մասին տես՝ https://www.aniarc.am/2015/04/18/zangi-basar-1828-population/, երրորդի՝ Գառնի-Բասարի մասին տես՝ https://www.aniarc.am/2015/04/22/garni-basar-mahal-1832/, չորրորդի՝ Վեդի Բասարի մասին տես՝ https://www.aniarc.am/2015/04/25/vedi-basar-1832/,  հինգերորդի՝ Շարուրի մահալի մասին տես՝ https://www.aniarc.am/2015/04/09/sharur-nakhijevan-1921/, վեցերորդի՝ Սուրմալուի մահալի մասին տես՝ https://www.aniarc.am/2015/04/08/arart-igdir-surmalu-khanate-of-yerevan/, յոթերորդի՝ Կողբի (Դարաքենդ-Փարչենիս) մասին տես՝ https://www.aniarc.am/2015/04/26/koghb-arax-1832/, ութերորդի՝ Սաադլուի մասին տես՝ https://www.aniarc.am/2015/04/29/saadl-mahal-1832/, իններորդի՝ Թալինի մասին տես՝ https://www.aniarc.am/2015/04/27/talin-mahal-mastara-1832/, տասներորդի՝ Սեյիդլի-Ախսախլիի մասին տես՝ https://www.aniarc.am/2015/04/30/seidli-akhsakhli-khanate-yerevan-1832/, տասնմեկերորդի՝ Սարդարապատի մասին տես՝ https://www.aniarc.am/2015/04/20/sardarapat-mahal-1828/):

Երևանի վերջին խանը Հոսեյն Ղոլի Խան Ղաջարն էր, որ կառավարեց երկու տասնամյակ` 1807-1827 թվականներին:

Նկարում՝ Մայր Աթոռը