Հնչակեան Կուսակցութիւնը արգելում է որեւէ գործակցութիւն «Իտտիհատ»ի հետ

1824

Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան եօթերորդ ընդհանուր պատգամավորական ժողովը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՑՈՒԹԻՒՆԸ.- 1913-ի աշնանամուտի առաջին օրերումն ենք: Ի՞նչ էր այդ ժամանակ Մեծ Պետութիւնների, Թիւրքիայի եւ Բալքանեան փոքր պետութիւնների քաղաքական ընդհանուր կացութիւնը, նրանց փոխադարձ յարաբերութիւնը:

Ֆրանս-Պրուսական (1870-1871) պատերազմից յետոյ Եւրոպան՝ քաղաքակիրթ կոչուած աշխարհը, Մեծ ու Փոքր կապիտալիստական պետութիւնները ապրում էին մի տեսակ «զինուած խաղաղութեան» մէջ: Պետական զանազան համախմբումների բաժանուած՝ լաւ, վատ՝ իրերի մի երերուն հաւասարակշռութիւն էր ստեղծուել. թէեւ ամէն կողմէր էլ անդադար պատրաստւում, ուժ էին հաւաքում. թէեւ ոչ ոք չէր հաւատում գոյավիճակի յարատեւութեան: Ընդհանուր դրութիւնը, ուրեմն, թէ՛ սպառնալից էր եւ թէ՛ սպասողական:

Բալքանեան վերջին պատերազմից յետոյ սակայն, «զինուած խաղաղութիւնը» իր այդ թոյլ կայունութիւնը, իր ունեցած այդ փոքրիկ հաւասարակշռութիւնն էլ կորցրեց:

Ստեղծուեց իրերի մի նոր դրութիւն, որ ո՛չ միայն անցեալից շատ բան շուռ էր տուել, գլխիվայր դարձրել, երկար ժամանակներից փայփայուած շատ յոյսեր եւ նպատակներ փշրել, ի դերեւ էր հանել, այլեւ Եւրոպական հաւասարակշռութեան նժարի մէջ բոլորովին նոր տարրեր էր մտցրել եւ լուրջ փոփոխութիւններ յառաջացրել:

Եւ դա ապագայի մթագնած հորիզոնը է՛լ աւելի խաւարակուռ, ամպրոպալից էր դարձրել:

Անհանգստութիւնը, անապահովութիւնը, կասկածը, քէնը, ատելութիւնը, նորանոր եւ վառ տենչանքները ամէն կողմ էին: Իրարանցումը, արհաւիրքը բոլորի բաժինն էր:

Հինածի թելերը այս անգամ Եւրոպայի սրտից, նրա կեդրոնական մասից էին գալիս:

Բացատրութեան համար՝ մի յետադարձ ակնարկ:

Դեռ Մետտերնիխի օրից՝ Աւստրիայի անփոփոխ, յամառ քաղաքականութիւնն էր դէպի հարաւ՝ Բալքանները, դէպի Միջերկրական իջնել: Այդ նպատակով՝ Աւստրիան հակառակել էր Թիւրքիայի այդ շրջանների բաղկացուցիչ ազգութիւնների՝ Չերնոգորիայի, Սերբիայի, Յունաստանի, Ռումանիայի եւ Բուլղարիայի ազատագրութեանը: Նա ամէն ջանք թափել էր, որ այդ երկիրները շարունակէին մնալ թրքական լծի տակ, մինչեւ որ ինքը՝ պատմութեան ընթացքում՝ յարմար միջոց ձեռք բերէր, ուժ հաւաքէր եւ վայր իջնէր ու այն տեղերը իր երկրամասերը դարձնէր. որովհետեւ նա համոզուած էր, որ Օսմանեան Պետութիւնը իր կենսունակութիւնը կորցրած, սեպհական հիւթից զրկուած մի գօսացած կաղնու էր վերածուել, որ շատ չքաշած՝ անպատճառ, բոլորովին պիտի չորանար եւ տապալուէր, կործանուէր:

Իսկ հիմա՞. 1913-ի աշնանամտի՞ն. ո՞ւր մնացին այդ տենչանքները, պատմնական ձգտումները նոր դրութիւնը:

Բալքանեան վերջին պատերազմից (1912-1913) յետոյ՝ դարեւոր այս քաղաքականութիւնն էր, ահա՛, որ շրջուել էր եւ իր պատմական արեւելամղում հոսանքը զօրաւոր թումբի, ուժեղ ամբարտակի էր հանդիպել: Հոսանքը հակադարձ ուղղութիւն պիտի առնէր. որովհետեւ ճանապարհը այլեւս փակուել էր: Իսկ դա Աւստրօ-Հունգարիային պիտի տանէր դէպի արագ քայքայում, կործանում, անդամատութիւն եւ մահ:

Եւ ո՞վ էր այն գլխաւոր ազդակը, պատմական այն հսկան, որ ժամանակակից Մեծ Պետութիւններից մէկին, ինչպէս եւ իր գլխաւոր Դաշնակցին, հարկադրել իր ընթացքը, ուղղութիւնը փոխել, որ նրա դէմ անանցանելի պարիսպ էր կանգնեցրել եւ այդպիսի վտանգուած դրութեան ենթարկել.- երէկուայ փոքրիկ Սերբիան, Աւստրօ-Հունգարիայի անշէջ ատելութեան, նրա անողոք հալածանքների այդ մշտական առարկան: Ուեմն՝ Նոր Սերբիան է՛լ աւելի թանձր ստուեր, խաւար էր ածել՝ Աւստրօ-Հունգարիայի առանց այն էլ աղջամղջային երկնակամարի վրայ: Թուում էր դա անհանդուրժելի:

«Աւստրօ-Հունգարիայի իսկական եւ պատմական թշնամին Սերբիան է. վտանգը, մօտիկ ապագայի երկիւղը նրանից է գալիս». սա քաղաքական համոզումը, անյեղլի հաւատամքն էր այդ երկրի պետական անձնաւորութիւնների՝ պատերազմը վերջանալու հէնց առաջին օրերից:

Այդ կողմում, ուրեմն, տիրում էր անհանգստութիւն, տենդագին պատրաստութիւն, դարանամուտ դրութիւն:

Գերմանիայի արեւելյան քաղաքականութեան ձողանշանները աւելի քան կէս դարու հնութիւն ունէին: Սատովայի եւ Սէտանի ճակատամարտից յետոյ՝ նա իր համաշխարհային քաղաքականութեան մի դուռն էլ բացել էր Բալքանների վրայով: Աւստրիան, իսկապէս, նրա նախակարապետը, ճանապարհը հարթողն էր: «Նոր Գերմանիան» այլեւս չէր բաւականանում «Մեծ Գերմանիայի» երազներով. նրան բացարձակապէս անհրաժեշտ էին Տրիեստը, Սալոնիկը ունենալ՝ իր աֆրիկեան եւ ասիական գաղթավայրերը արագ իջնելու եւ Բելգրադի, Սոֆիայի ուղին՝ դէպի Կ. Պոլիս, Միջագետք, Պարսից Ծոց եւ դէպի ուրիշ նոր հորիզոններ երթալու: Եւ նա այդ ուղղութեամբ քայլել, ճանապարհ էր կտրել:

Բայց իրերը միշտ չեն դասաւորւում մարդկանց ուզածին պէս:

Բալքանեան պատերազմը, ահա՛, անցեալի տնկած այդ ձողանշանների մի մասը արմատահան էր արել. «Նոր Գերմանիայի» մէկ թեւը մկրատել, յառաջացրել էր իրերի մի նոր կացութիւն եւ գերման աշխարհը դրել ջղագրգիռ վիճակի մէջ: – Անկայունութիւնը ամէնից աւելի այդ տեղ էր աչքի ընկնում. դէպի գոյավիճակը ուղղուած ուժեղ հարուածը այդ կողմից էր աւելի գալիս:

Բայց այդ երկրի իրականութեանը, օրինականութեանը աւելի մօտիկանալու, նրա խորութեանը մէջ է՛լ աւելի լաւ կերպով թափանցելու համար՝ աչքի առաջ պէտք էր ունենալ ուրիշ ազդակներ էլ:

Գերմանիայի մէջ դեռ չկար ժողովրդական կամք: Այնտեղ դեռ թագաւորներ, իշխաններ կային հին մտքով, որոնք գործօն ազդակներ էին՝ տուեալ րոպէի համար: Նրանք գերակշիռ խօսք ունէին իրերի հաւասարակշռութեան մէջ:

Շուէտիայի պետական անձնաւորութիւններից՝ Օքսէնշտերնը իր փորձառութիւնից բաժին է հանել յետնորդներին. նա ասել է.- «Յաճախ ամէնից աւելի ապուշ մարդիկն են՝ որ աշխարհս կառավարում են»:

Գերմանիայի եւ Աւստրայի մէջ այդ տեսակները վխտում էին:

Այդպիսի «ապուշ»ներով դեռ կառավարուող շատ ժողովուրդներ եւ երկրներ կային. անկայունութիւնը նուազ աքացի չէր ստանում այդ «ապուշ»ներից:

Օքսէնշտերնը՝ իր պատմական թանգարանից՝ մեզ ուրիշ գոհարներ էլ ունի թողած. նա տուել է այդ տեսակ «ապուշ»ների եւ նրանց արբանեակների՝ հասարակական, պետական գործեր վարողների բարոյագիտական հասկացողութիւնը՝ ինչ որ վերաբերում է քաղաքական խնդիրներին:

Նա չի ուրացել, ստորագրել, հաստատել է թէ՝ «Դիւանագիտութիւնը մեռած է. դաշնագրերը մեռած են. թագաւորների եւ նախարարների խօսքը մեռած է»:

Եւ դա շատ ճիշդ է. պատմութեան ընթացքում, տուեալ րոպէին այդպէս էլ եղել է:

Բայց ցաւալին էլ այն է եղել, որ ժողովուրդները, ազգերը իրենց անկեղծութեան, պարզամտութեան թափի մէջ՝ շատ յաճախ, իրերը եւ մարդերը այդպէս չեն հասկացել, այդպէս չեն ճանաչել. նրանք շարունակել են հաւատալ դիւանագիտութեան բարերար ազդեցութեանը, դաշնագրերի աննենգութեանը, թագաւորների եւ նախարարների ուխտապահութեանը: Ու այդպիսով է, որ աշխարհը «աւելի յաճախ»կառավարուել է «ապուշ»ներով:

Միւս կողմից, դարձեալ, իրականութիւնը աչքից չխուսափեցնելու համար՝ աչքի առաջ պէտք էր ունենալ, որ գերմանական կայսերականութիւնը գտնւում էր Հօհէնցոլլերեան Տան ձեռքը:

Մի ուրիշ պատմագիր էլ, իրերի եւ անձերի մասին՝ իր եզրակացութիւնը այսպէս է տուել. նա յուշագրել է. «Վերջին ժամանակներիս փորձառութիւնը ցոյց է տալիս, որ մեծ գործեր են կատարել միայն այն իշխանները, որոնք չեն յարգել իրենց խօսքը եւ խաբել են ուրիշներին. մինչդեռ, վերջ ի վերջոյ, միշտ էլ յաջողութիւն չեն գտել բոլոր նրանք, որ գործերը վարել են ուզել ազնուամտութեամբ: Աղէքսանդր Զ Պապը երբեք ուրիշ բան չի արել, քան խաբել. երբեք մի մարդ նրանից աւելի լաւ, համոզիչ լեզու չի ունեցել. երբեք մի ուրիշը չի եղել նրա նման, որ ամենամեծ երդումներով՝ ունայն բաներ խոստանար եւ իր խօսքն էլ չպահէր»:

Թերթեցէ՛ք պրուսական պատմութիւնը, ուսումնասիրեցեք Հօհէնցոլլերների կենսագրութիւնները, նրանց հոգեբանութիւնը, կը տեսնէք որ պատգամի ասածները նրանց արարքների, զգացմունքների եւ մտածմունքի ամփոփոյքն է: Դրա ամէնից կարկառուն օրինակը կարող է ծառայել ինքը՝ Ֆրէդերիկոս Բ.-ը՝ «փիլիսոփայ արքան»:

Մի քիչ էլ մօտ գանք:

Պրուսիայի ներբողը հիւսող յայտնի պատմաբան Տրէյշկէն է՛լ աւելի կտրուկ կերպով վճիռ էր արձակել.- «Աստուած այլեւս իշխանների հետ չի խօսում մարգարէութիւններով եւ երազներով. աստուածային մի կոչ կայ արդէն. երբ նպաստաւոր հանգամանք ներկայանայ, պէտք է յարձակուել հարեւանի վրայ եւ իր սեպհական սահմանները ընդարձակել»:

Դա, ըստ էութեան, Հեգէլեան մտածմունք է, որ պատմաբանը շատ կոպիտ կերպով արտայայտել է:

Դա պրուսական քաղաքական պատմութեան առաջին պատուիրանն է:

Հօհէնցոլլերեան Ցիները միշտ էլ «Աստուածային այդ կոչի» համեմատ են վարուել:

«Աստուածային այդ կոչի» պատգամախօսները դեռ կային. Գերմանիան նրանց լսում, հետեւում էր:

Մի փոքր էլ յառաջ երթանք:

Նիցշէն Գերմանական հոգին, զգացմունքը, տրամաբանութիւնը պատկերացրել էր իր «Զարադուստր»ի բերանով.

«Դուք խաղաղութիւնը պիտի սիրէք՝ որպէս նոր պատերազմների միջոց. ասում էք թէ լաւ գործն է, որ սրբագործում է պատերազմը. բայց ես ձեզ ասում եմ. լաւ պատերազմն է, որ սրբագործում է ամէն գործ»:

Այստեղ խտացել, արձանագրուել է դարերի պատմութիւնը՝ գործող անձերի հոգեբանութեամբ:

«Ուժը իրաւունք է» Բիսմարկի բանաձեւը սրանց հանդէպ մի տեսակ մեղմաբանութիւն էր: Ուժի փիլիսոփայութիւնը մեկնաբանող Հեգէլն էլ շատ քնքշաբան էր եղել՝ սրանց հետ համեմատելով:

Ուրեմն, Գերմանիայի մէջ ջղաձգութիւնը կատարեալ էր. ընդհանուր բոցավառումի տարրերը այստեղ դիզուած էին եւ յարմար րոպէի էին սպասում:

Իրերի այդ դրութեան մէջ, 1913-ի Ապրիլ 7-ին, զինուորական նոր նախագծի առթիւ, Բեթման-Հոլվէգը Ռայխստագի բեմն է բարձրանում եւ ասում:

«Ընդհանուր պատմութիւնը դեռ չի ճանաչում մի ազգ՝ որ կորած լինէր, որովհետեւ իր ազգային պաշտպանութեան կատարելագործութեան պատճառով ուժասպառ էր եղել: Բայց պատմութիւնը՝ ընդհակառակը, ճանաչում է շատ ժողովուրդներ, որոնք կորել են՝ որովհետեւ իրենց բարեկեցութեան եւ ճոխութեան մէջ՝ անհոգ են գտնուել դէպի իրենց զինման գործը: Մի ժողովուրդ, որ իրեն բաւականաչափ հարուստ չի համարում իր զինման գործը պէտք եղած բարձրութեանը հասցնելու, նա այլեւս իր դերը վերջացած համարելու է»:

Մինչեւ ատամները զինուած Գերմանիան, ուրեմն, զէ՜նք, զէ՜նք, դա՜րձեալ զէնք էր ուզում:

Ակներեւ էր. Բալքանեան պատերազմից յետոյ եկող նոր կացութիւնը ամէնից աւելի անհանգստութեան էր մատնել Կեդրոնական Կայսրութիւններին. նրանք տենդագին գործունէութեան մէջ էին:

Բայց Կեդրոնական Կայսրութիւնների այդ արարքը, հոգեկան վիճակը չէր խուսափում միւս պետութիւնների, միւս խմբաւորումների ուշադրութիւնից: Նրանք էլ պատրաստութեան ձեռնարկների մէջ էին:

Այն ո՞ր քաղաքագէտի, ո՞ր պետական մարդու անդրդուելի համոզումը չի եղել, որ Կ. Պոլսի, Միջագէտքի, Պարսից Ծոցի ճանապարհները իսկապէս անցնում էին Լոնդոնից, Պարիզից եւ Պետերբուրգից:

Ընդհանո՜ւր ալէծուփ դրութիւն. ամէն կողմ իր սեպհական ապահովութիւնը ուզում է տեսնել զէնքի մէջ:

Ռուսաստանն էլ մասնաւոր անհանգստութեան, պատրաստութեան մէջ է. մանաւանդ այն օրից՝ երբ Ծայրագոյն Արեւելքի դռները իր առաջը փակուեցան: Նա, հիմա իր աչքը աւելի դարձրել է դէպի Մերձաւոր Արեւելքը եւ ձեռք առել իր աւանդական քաղաքականութիւնը:

Բալքանների մէջ Սերբիան եւ Չերնոգորիան նրա արտաքին քաղաքականութեան մի թեւն են եւ այդ թեւը չի կարող հարուածիլ, կտրուիլ՝ առանց որ լայնածաւալ Ռուսաստանը չշարժուէր:

Իրականութեան մի կողմ էլ դա էր:

Անգղիան թէեւ շնորհիւ իր աշխարհագրական դիրքի եւ նաւատորիղմի՝ առանձին հանգստութիւն չունի. բայց նա էլ ինքնապաշտպանութեան, յարձակողականի նորանոր զէնքեր է պատրաստում ամէն պատահականութեան հանդէպ: Իր մեծ զօրավարներից մէկը՝ Լօրտ Ռոբերտսը հրաշունչ ճառեր արտասանելով՝ պարտադիր զինուորութեան անհարժեշտութիւնն է փաստում: Որոշ է ե՛ւ այն, որ նա իր թրքապաշտպան քաղաքականութիւնը թողել է, եւ քաղաքական նոր յենակէտեր գտել:

Ֆրանսիան նուազ մտահոգ չէ. նա տեսնում է ստեղծուած անկայունութիւնը եւ գիտէ էլ գերմանական ձգտումների արժէքը, ծաւալը: Եւ իր մեծ որդիներից մէկի՝ Ժօֆֆրի բերանով, Պարիզի բազմարուեստեան դպրոցի մէջ, 1913-ին, խօսում է:

Ժօֆֆրը ասում է.

«Այսօր պատրաստ լինելու համար՝ պէտք է նախապէս մեթոտաւոր, յամառ կերպով՝ երկրի բոլոր աղբիւրները, իր զաւակների ամբողջ իմացականութիւնը ուղղել դէպի միակ մի նպատակ.- Յաղթութի՜ւն: Ամէն ինչ պէտք է կազմակերպել, ամէն ինչ նախատեսել: Երբ թշնամութիւնները սկսուին, այլեւս որեւէ յանկարծական պատրաստութիւն արժէք չի ունենալ: Ինչ որ այն ժամանակ կը պակասի, կը պակասի վերջնականապէս: Եւ մի փոքրիկ պակասութիւն կարող է աղէտների դուռ բանալ»:

Ֆրանսիան էլ իր խօսքն էր ասել. նա էլ իր պատրաստութիւնը ուժեղացնում էր:

Բալքաններում՝ պաշտօնական Բուլղարիան, 1913-ին, բարձրաձայն յայտարարել էր, որ իր դրօշը ծալում է՝ մօտիկ ապագային նորից պարզելու համար: Նա առաջին պատեհութեան է սպասում՝ Բուքրէշի դաշնագրութիւնը եղծանելու:

Սերբիան, Ռումանիան, Յունաստանը՝ ապագայի անստուգութեան առաջ՝ ընդհանուր կացութիւնից անմասն չեն մնում. նրանք էլ զինւում, պատրաստւում են:

Պատրաստութիւնը, ուրեմն, ամենուրեք է. խռովքը, յոյզը, հոգեկան լարուածութիւնը բոլորի բաժինն է:

Հայ ազգը, Հայկական Դատը կղզիացած, մեկուսացած չէր. նա էլ գտնւում էր այդ ընդհանուր յորձանուտի մէջ. ամէն ինչ անդրադառնում էր նրա վրայ: Բայց նա, իր հոծ մեծամասնութեան մէջ, այդ օրերում էլ դեռ շարունակում է հաւատ ընծայել «ապուշ»ների խօսքերին, դաշնագրութիւնների աննենգութեանը, դիւանագիտութեան հաւատարմութեանը:

Մասնաւորապէս՝ պահպանողական Հայի աչքից կատարելապէս խուսափում էր րոպէի յառաջացրած անկայունութիւնը. եւ նա իր նիրհը, անփութութիւնը շարունակում էր:

ՀԱՅ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆ.- Պարտուած, ջաղջախուած, անդամատուած՝ Բալքանեան վերջին պատերազմից յետոյ՝ Թիւրքիան կծկւում, աւելի ասիական պետութիւն է դառնում. նա իր նախկին դիրքը բոլորովին կորցնում է:

Սակայն այստեղ էլ նա հանգիստ չի գտնում: Արեւելյան Խնդրով շահագրգռուած պետութիւնները իրենց մագիլները է՛լ աւելի խորն են մխում նրա սրտի մէջ եւ աշխատում նորանոր պատառներ փրցնել:

Գերմանական արեւելյան քաղաքականութիւնը իր թեւերը լայնօրէն բացում է Վոսփորի ափերում եւ պատերազմը հազիւ դադար առած՝ Թիւրքիան գլխով ոտքով ընկնում է նրա գիրկը՝ իր փրկութեան նաւահանգիստը այնտեղ որոնելով:

Թուքր ժողովրդի ստուար մեծամասնութիւնը այլեւս չի հաւատում իր քաղաքական գոյութեան շարունակութեանը. Նա էլ համոզուած է, որ իր անկման օրերը մօտեցել են եւ առաջին խօսքին ասում. «Ի՛նչ որ լինելու է, թող շուտ լինի. մեր տէրը ո՛վ է դառնալու, թող գայ»:

Մինչեւ կոկորդը պարտքերի տակ խրուած՝ երկիրը ծփում է ներքին երկպառակտութեան, խռովութեան մէջ: «Իթիլաֆ»ականութիւնը եւ «Իտտիհատ»ականութիւնը դէմ դէմի կեցած՝ իրարու հետ մահու երդումներ են փոխանակում:

Մի շարք արիւնահեղութիւնից յետոյ՝ «Իտտիհատ»ը նորից իշխում է աւերակների վրայ. նա հիմա ամէն ինչ է. իր ուժը հէնց նրա մէջն է, որ երկիրը աճուրդի է հանել եւ պետութեան ղեկավարութեան գործը իսկապէս Գերմանիային յանձնել:

Մահուան դուռը գալարուող Թիւրքիայի էլ առաջին գործն է զինուիլ, պատրաստուիլ, ուժ հաւաքել.

«Սահմանադրութիւն», պարլամենտականութիւն՝ դրանք ծաղրանկարներ են եւ ուղղուած՝ դէպի մի որոշ նպատակ, ժամանակ վաստակիլ՝ խաբս տալ:

Համեւրոպական այդ ընդհանուր անկայունութեան մէջ՝ «Իտտիհատ»ական կառավարութիւնը, ներքին խնդիրների մէջ, իր ձեռքերը ազատ է զգում՝ ուզածն անելու, իր ետեւը կանգնած պաշտպան բազուկներ տեսնելով:

Հայաստանը մէկ ծայրից միւսը արեան թատերաբեմ է դարձել. առեւանգութիւնը, սպանութիւնը, կողոպուտը Հայ ռայեայի կեանքի տիրող տարրերն են կազմում. օգնութիւն ո՛չ մի տեղից:

«Որքան նրանց շատ կրթէք, այնքան էլ աւելի բարբարոսներ կը դառնան»: Այդ խօսքը, իրաւ է, Գէօթթէն ասել էր պրուսիացիների համար. բայց դա ամենեւին պատշաճում էր թուրք ազգայնականերին:

«Երիտասարդ»ները է՛լ աւելի բարբարոսներ դարձած՝ Հայ ժողովրդին օրհասական դրութեան են հասցրել. զարկում, ջարդում, աւարի են տալիս՝ իրենց ուզածին պէս. հարցնողը, փնտռողը, դատախազ հանդիսացողը ո՞վ է:

«Հայկական Բարենորոգումներ»ի խնդիրը Լոնտոնի դեսպանախորհրդի առաջը դուրս գալու բախտը չունեցաւ, որպէսզի «դիւանագիտական սեղանը էլ աւելի չկքէր». նա թողնուած էր Մեծ Տէրութեանց Կ. Պոլսոյ դեսպաններին. որոնք ո՛չ միայն հեռու էին այդ մասին իրարու հետ համաձայնելուց, այլ պատմական ամէն հակամարտութիւններ, շահի ամէն տեսակի ներհակութիւններ առաջ մղում՝ «Բարենորոգումների խնդրի» էութիւնը վիժեցնելու: Անցեալի՝ 1895 Մայիս 11-ի Ծրագիրը՝ իր բովանդակութեան կողմից՝ աւելի մեծ «Բարենորոգումներ» էր բերում, քան 1913-ինը:

Դեռ այդ բաւական չէ:

Ընդհանուր կոտորածի ուրուականը ամէն տեղ է. նա Դամոկլեան սրի պէս կախուած է Հայի գլխին: Եւ տիրող կառավարութիւնը ո՛չ միայն չի աշխատում ջարդի երկիւղը ցրուել. ընդհակառակը՝ նա է՛լ աւելի սաստկացնում է եւ գործադրութեան բացորոշ պատրաստութեան մէջ մտնում:

Եւ ի՞նչ է անում այդ ժամանակ, Հայ Ազգի օրինական, օրինապահ ներկայացուցչութիւնը. ի՞նչ են մտածում ազգային հաստատութիւնները.- միայն մի բան. օգտուիլ «Միտհատեան Սահմանադրութեան» բարիքներից. աւելի մեծ թուով երեսփոխաններ ունենալ Օսմանեան Խորհրդարանում. հաւատալ բարենորոգումների գործադրութեանը, եւրոպական պետութիւնների դիւանագիտութեանը եւ տեղի ունեցած դաշնագրութիւններին:

Իսկ ի՞նչ է դերը, տիրապետող մտածմունքը, գործունէութեան ուղղութիւնը Հայ Յեղափոխութեան գաղափարը մարմնացնող, նրա բազուկը հանդիսացող, արտայայտող ուժերի.- այստեղ էլ միեւնոյն երեւոյթը. այս շրջանի աչքից էլ խուսափում է իրականութիւնը: Յեղափոխականներից շատերը դեռ եռանդագին աշխատում, պրոպագանտա են անում՝ ներկայացած հանգամանքից օգտուել եւ մեծ թուով աթոռներ շահել Օսմանեան Խորհրդարանի մէջ ու շանունակել՝ կանգնել օրինականութեան հողի վրայ.- այսինքն՝ քաղաքական ա՛յն պայմանների, ա՛յն կանոնների, այն օրէնքների, որ «Իտտիհատ»ականութիւնն էր գծել, պարտադրել. ա՛յն «Իտտիհատ»ականութիւնը, որ Հայ ազգի կորուստը, Հայաստանի կործանումը իր քաղաքական հաւատքի առաջին մասն էր արել եւ արդէն օրը ցերեկով, ամենաուժեղ թափով գործադրութեան էր գրել: Այդ բոլորը 1913-ի աշնանն է:

Դա այն ժամանակն է, երբ՝ «Իտտիհատ»ական կառավարութիւնը «Հնչակ»ի մուտքը արգիլել է Թուրքիա. որովհետեւ նա Քաղաքական Ինքնավար Հայաստանի գաղափարն էր պաշտպանած՝ որպէս պատմական անհրաժեշտութիւն:

Դա այն դժբախտ ժամանակամիջոցն է, երբ՝ կրկնում ենք՝ պատմութիւնից, սոսկալի աղէտներից չխրատուած՝ Հայ պահպանողականութիւնը, մակերեւութապէս մտածող յեղափոխականների հետ միասին, դեռ կուրօրէն հաւատում է «Հայկական Բարենորոգումների» գաղափարին. չնայելով որ դա արդէն ծաղր ու ծանակի առարկայ էր դարձել, իր անյաջողութիւնը կարկառուն դարձել. նա նորից շարունակում էր կառչած մնալ օրինապահութիւնից:

Կորցրե՞լ էր Հայ Յեղափոխութիւնը իր գոյութեան իրաւունքը. վիժե՞լ, թողուե՞լ էր նա. բայց իրականութիւնը, կեանքը փաստում, մատնանշում էին նրա բացարձակ անհրաժեշտութիւնը, նրա հրամայականութիւնը:

Մեռե՞լ, անճիտե՞լ էին հայ յեղափոխականները:

Ամլութեա՞ն էր դատապարտուել մեր նորագոյն կեանքը. մի՞թէ Սահմանադրութիւնը խլել, ջլատել էր Հայ Յեղափոխականի պատմական առնականութիւնը, կորովը: – Երբե՛ք:

Եւ այդ ժամանակ էլ առաջին անգամ խօսեց, ասպարէզ՝ հրապարակ իջաւ Ս. Դ. Հնչակեան Կուսակցութիւնը եւ ցոյց տուեց, որ ո՛չ միայն ինքը հարազատ շարունակութիւնն է իր փառաւոր անցեալի, այլ եւ իր իրական արտայայտիչը Հայ ցաւի, տառապանքի, Հայ իղձերի:

Ու նա՝ այս անգամ էլ, չթերացաւ իր պարտականութեանը եւ կոչումի մէջ. նա րոպէի թարգմանը հանդիսացաւ. իր ռահվիրայի դերի մէջը մտաւ:

Այդպէս չէ՞ր եղած միթէ՝ իր պատմութեան սկզբնաւորութեան օրերին:

1890-ի Կարնոյ կոտորածից յետոյ՝ Հայ «Ազգային Ժողովը» զբաղւում էր տիտղոսների խնդրով. թէ երեսփոխանները ի՞նչ պատուանուն պիտի կրէին. ո՞րն էր «վսեմաշուք»ը, ո՞րը պարզ «պատկառելի»ն:

Կարնոյ մէջ թափուած Հայ արիւնից յետոյ էլ՝ դեռ տիրում էր Հայ «ազգային» ա՛յն քաղաքականութիւնը, ինչ որ իր ժամանակին՝ կոչւում էր Նուրեանականութիւն.- այսինքն ռայեական մի հոգի՝ որ ձայն ծպտուն չի հանում, գլուխը միշտ խոնարհում է, ինչքան էլ որ հարուածը ծանր է լինում, շարունակում է իր «հաւատարմութեան ուխտ»ը եւ դարձեալ փարած մնում Օսմանեան «փառապանծ գահ»ի փէշերից:

Գնում-Գաբուի իր Անդրանիկ Յոյցով՝ Ս. Դ. Հնչակեան Կուսակցութիւնը Հայի ճակատից սրբեց հաւատարմութեան այդ անարգ, նուաստացուցիչ, սպանիչ ուխտը, եւ պատմականապէս, պաշտօնապէս խզեց, կտրատեց օրինականութեան այն անբարոյական, ստրկացուցիչ կապը, խոստումը, որ՝ ուժի զօրութեամբ, զօրաւորի իրաւունքի հասկացողութեամբ, նրանից առնուել էր. եւ ազատ ապրել, շնչել ուզող Հայի «ազգային» քաղաքականութեան անկիւնաքարը դարձրեց յեղափոխութիւնը, ապստամբութիւնը, բողոքը, կռիւը, զէնքը, արիւնը:

Եթէ Գում-Գաբուի Ցոյցից յետոյ էլ՝ պահպանողակնութիւնը շարունակեց լողալ մեր իրակնութեանը մէջ եւ Հայ կեանքի մաշուած մի մասը կազմել. եթէ ապրելու տենչացող բոլոր Հայերը, հաւասարապէս, առաջին օրից չընդգրկեցին Ս. Դ. Հնչակեան սկզբունքները եւ գործելակերպը.- դա ասել չէ, որ նրանք չդարձան, չմնացին պատմական այն միակ ուղին, որով ստիպուած, հարկադրուած էին ընթանալու՝ ազատութեան ձգտող բոլոր Հայերը: Հետեւելիք ուղին երկաթի ճանկերով ցոյց էր տրուած. յեղափոխական արիւնով գծուած էր այն ուղղութիւնը, որ ազատութեան ձգտող բոլոր ազգերինն էր.- Հային փրկութեան ուրիշ ճանապարհ չէր մնացել:

Այս անգամ էլ, ահա՝ հայ նորագոյն պատմութեան, հայ ազատագրական կեանքի այդ էջը բացողը, պատմական րոպէի արտայայտիչը, թարգմանը՝ Ս. Դ. Հնչակեանութիւնը եղաւ: Իր ինքնութիւնը, պատմութեանը հաւատարիմ՝ նա կռուի պատնէշի վրայ բարձրացաւ նորից, եւ իր սեպհական օրինակով՝ ցոյց տուեց պարտականութեան ուղին, Հայի գործելակերպի ուղղութիւնը:

ԵՕԹՆԵՐՈՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ.– Թէեւ այդ ժողովը պիտի կայանար աւելի շուտ, ամրանը, Բուլղարիայում. բայց քաղաքական անակնունելի պատճառներով՝ Քէօստէնջէի մէջ կայացաւ, Սեպտեմբեր 7-ին:

Այդ ժողովը Հայ Յեղափոխական կեանքի, դեռ աւելին՝ Հայ ընդհանուր ազատագրական գործի մէջ՝ մի շատ խոշոր, էական եւ արդիւնաւէտ տեղ է գրաւում: Նրա հետեւանքը եղաւ ահագին եւ վճռական:

Այդ Ժողովը ո՛չ միայն իր, այլեւ Ընդհանուր Հայութեան անունով վերջ տուեց, որ «սահմանադրական» կոչուած Թիւրքիայի մէջ, նորից, գոյութեան իրաւունք է ստացել Հայ Յեղափոխութիւնը եւ նա գործում է հակաօրինական հողի վրայ՝ անհրաժեշտութիւնից մղուած:

Նա գալիս էր նորից պաշտօնապէս յայտարարելու, «Միտհատեան Սահմանադրութեան» խլեակ, ծաղրանկար լինելը եւ Հայ Յեղափոխական շարժումների կենսունակութեան պայմանները:

Կռիւը՝ այս անգամ, է՛լ աւելի անխնայ պիտի լինէր, աւելի արմատական բնութիւն պիտի ստանար:

Դեռ ժամանակ կար. ուշ չէր: Թուրք ազգայականութիւնը, «Իտտիհատ»ը խորտակելու կարողութիւնը, Օսմանեան խարխլած պետութեան մահը արագացնելու ուժը, տարրերը դեռ մենք ունէինք:

Հարկաւոր էր միայն իրականութիւնը գիտակցել եւ վեհագոյն պարտականութեան ուղին բռնել:
Ճանապարհը գծուած, ցոյց էր տրուած:

Բայց թող խօսեն իրենք փաստերը, Ժողովի Որոշումները. թող նրանք ասեն, բացատրեն, փաստորեն թէ մենք ո՜րքան ձեռնհասութիւն էինք ունեցել՝ տիրող իրակնութեան մէջ թափանցելու: Ահա՝ դրանք:

1.-Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան դիրքը Թիւրքիայում  

«Ի նկատի ունենալով, որ 1908 Յուլիս 10-ի զինուորական ապստամբութեան հետեւանքով մէջտեղ դրուած «Օսմանեան Սահմանադրութիւն»ը խոստանում էր՝ քաղաքական բոլոր կուսակցութիւններին՝ օրինական գոյութեան ամէն պայմաններ տալ՝ իրենց սկզբունքների իրականացմանը հետապնդելու, ինչպէս եւ այն որ նա յայտարարում էր թէ՝ Թիւրքիայի բոլոր բաղկացուցիչ ազգութիւնները լիակատար իրաւունք պիտի ունենային՝ իրենց ազգային գոյութիւնը պահելու, զարգացնելու եւ յառաջադիմութեան ամէն միջոցներ ունենալու՝ զերծ պետական ամէն կաշկանդումներից.

«Ի նկատի ունենալով որ 26 տարիներից ի վեր յեղափոխական անընդհատ պայքար մղող Հայ Ազգը սպառման էր ենթարկուել եւ կարօտ էր գէթ ժամանակաւոր հանգստի՝ իր ուժերը վերակազդուրելու եւ նոր թափով երեւան գալու.

«Ի նկատի ունենալով՝ որ եղած «սահմանադրական խոստումները» մի որոշ աստիճանի հող էին ներկայացնում, երբ Կուսակցութիւնս կարող էր իր գաղափարին ծաւալ տալ եւ այդպիսով, գէթ առժամապէս, մի յայտնի աստիճան օգտուել՝ տրուած օրինական պայմաններից.

«Կուսակցութեան Զ. Ընդհանուր Պատգամաւորական Ժողովը որոշել էր, որ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւնը սահմանադրական Թիւրքիայի հանդէպ անջատողական չլինէր եւ կանգնէր օրինական (լէգալ) հողի վրայ ու այդպիսով յառաջ տանէր իր կուսակցական գործունէութիւնը:

«Տեսնելով, որ այս 4-5 տարուայ ընթացքում «Օսմանեան Սահմանդրութեան» խոստումները մնացին լոկ բառեր՝ առանց իրական նշանակութեան եւ պետական օրէնքները հետզհետէ բացարձակ արգելիչ լինելու աստիճան սեղմիչ ու կաշկանդիչ պայմաններ յառաջացրին բոլոր քաղաքական Կուսակցութեանց համար ընդհանրապէս եւ ձախակողմեան ու ծայրագոյն ձախակողմեան դրօշ ունեցողների համար մասնաւորապէս.

«Պարզ լինելով՝ որ Օսմանեան պետական ամբողջ կազմը եւ նրա պետական հասկացողութիւնը որոշապէս ուղղուած է ձուլելու, բնազանցելու բաղկաչուցիչ ազգութիւնները ու «տիրող ազգը» անընդունակ հանդիսացաւ մինչեւ ցարդ յառաջ բերելու Նորագոյն Պետութիւն.

«Նկատելով՝ որ Տաճկաստանի մէջ տիրապետում է մի օլիգարխիա, որի ղեկավարիչ ուժն է «Իտտիհատ վէ Թէրազգը» կուսակցութիւնը.

«Որոշ լինելով, որ այդ կուսակցութեան հիմնական սկզբունքներն են պահել թրքական բիւրոկրատիան, թոյլ չտալ որ Նորագոյն  Պետութիւն յառաջանայ ու նրա ակնյայտնի դիտաւորութւնն է բաղկացուցիչ ազդեցութիւններ ձուլել, ոչնչացրել՝ ի հարկին՝ եւ կոտորել.

«Անվիճելի համարելով, որ իշխանութիւնը իր ձեռքում ունեցող Տիրող Դասակարգը իր հայակործան քաղաքականութիւնը սիստէմատիք եւ անողոք կերպով յառաջ է տանում.

«Տեսնելով, որ Հայ ժողովուրդը գործադրուող ու տիրող շարունակական ներքին քաղաքականութեան շնորհիւ քայքայման ու կործանման շէմքին վրայ է կանգնել.

«Համոզուած լինելով, որ քաղաքական մի այնպիսի Կուսակցութիւն, որպիսին է Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւնը, Օսմանեան Պետութեան տուած ներկայ պայմաններով այլեւս չէ կարող իր սկզբունքների իրականացմանը հետապնդելու եւ Հայ Ազգի գլխին կախուած մահաբեր սուրը յետ հրելու ու Թիւրքիայում տիրող դասակարգը տապալելու՝ միշտ urbi et orbi օրինական հողի վրայ կանգնելով.

«Սոցիալ-Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Է Ընդհանուր Պատգամաւորական Ժողովը որոշեց, յանուն Պրոլետարական Շահի, մարդկային եւ Ազգային անձեռնամխելի իրաւունքների, կանգնել միմիայն իր սկզբունքներից բղխող ո՛չ օրինական (illegal) հողի վրայ եւ այդպիսով մղել իր Կուսակցական Պայքարը՝ մինչեւ որ աւելի յարմարաւոր քաղաքական ու տնտեսական նոր պայմաններ յառաջանան»:

Պարզ է, թերի ոչինչ թողնուած չէ. այսօրուայ կեանքը գալիս է մեզ լիակատարապէս իրաւունք տալու: Մենք, ուրեմն, այդ որոշումը ընդունելով՝ երբեք չէինք սխալւում. նա ամենայնիւ համապատասխանում էր իրականութեանը:

Մեզ հետ համակարծիք չեղողներին՝ այլեւս մնում է, նիւթական փաստերով, ցոյց տալ «օրինականութիւնը» պահելու, «Իտտիհատ»ին փայփայելու, նրան զօրեղացնելու, ամրապնդելու, չտապալելու օգտակարութիւնը:

Անցնենք Երկրորդին:

  1. Ընդհանուր եւ մասնակի բարենորոգումներ. Քաղաքական Ինքնավար Հայաստան.

«Ի նկատի ունենալով, որ Թուրք կառավարութեան, ինչպէս եւ Իտտհատական Կուսակցութեան՝ համապետական ընդհանուր եւ մասնակի բարենորոգչական խոստումները լոկ դիւանագիտական հնարիմացութիւններ են՝ ժամանակ շահելու եւ ներքին ըմբոստացումները անդամալուծելու.

«Պատմականապէս ճշդուած լինելով՝ որ Թիւրքիոյ Ղեկավարիչ Դասակարգը միշտ այդպիսի խաղերի մէջ է մտել, երբ բաղկացուցիչ ազգութիւններից որեւէ մէկի ԽՆԴԻՐԸ սպառնական հանգամանք է ստացել.

«Տեսնելով եւրոպական կապիտալիստական պետութիւնների հակամարտութիւնները եւ նրանց շահադիտական ընթացքը Արեւելեան Խնդրի մէջ.

«Հիմունք ունենալով Ազգերի ինքնորոշման իրաւունքը եւ Թիւրքիայի մարմնի մէջ ապրող ազգերի տարասեռութիւններ՝ կուլտուրական տարբեր աստիճանաւորումներով.

«Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Է. Ընդհանուր Պատգամաւորական Ժողովը դէմ չլինելով հանդերձ Թիւրքիայի ընդհանուր եւ մասնակի բարենորոգչական գործին.

«Որոշում է.

«Պաշտպանել Քաղաքական Ինքնավար Հայաստանի գաղափարը, որպէս միակ միջոց Հայաստանի մէջ ապրող թէ Հայ եւ թէ միւս տարրերի հաշտ, խաղաղ, անվրդով զարգացմանը եւ յառաջադիմութեանը.

«Համոզուած լինելով, որ դա այն անհրաժեշտ պայմանն է, որով Հայ Ազգը կարող է իր ազգային անհատական գոյութիւնը ապահովել՝ ներքին եւ արտաքին ոտնձգութիւնների դէմ.

«Եւ որովհետեւ Թուրք տիրող ազգի եւ նար ղեկավարիչ դասակարգերի պատմական անընդունակութիւնը եւ չուզողութիւնը այլեւս անվիճելի է. ինչպէս եւ որոշ է նաեւ արտաքին ուժերի յարաբերութիւնները ու քաղաքական ձգտումները.- պաշտպանել, ուրեմն, Քաղաքական Ինքնավար Հայաստանի գաղափարը՝ Եւրոպական կոնտրոլով»:

Այստեղ էլ՝ մեր անուղղայ, կոպտացած պահպանողութեանը եւ նրա անհեռատես գաղափարաբաններին կը վերաբերի բացատրելու թէ ինչո՛ւ իրենք այնքան յամառեցան, հաւատացին «Բարենորոգումներ»ի գործադրութեանը, եւ անտեղի գաղափարի դէմ: Մեր պահպանողականները եւ «դիւանագէտները» այդ խնդրի մէջ մեզ դէմ ծառայեցրին ճիշդ այն փաստերը, ինչ որ տալիս էին Սուլթան Համիտի եւ «Իտտիհատ»ի տեսաբանները:

Գանք Երրորդին:

  1. Միջկուսակցական յարաբերութիւններ

«Ի նկատի ունենալով, որ «Իտտիհատ վէ Թէրազգը» Կուսակցութիւնը իր մէջ մարմնացնում է Թուրք յարձակողական նացիոնալիզմը՝ իր բոլոր ստորոգելիներով.

«Որ նա հանդիսանում է վտանգաւոր ու վնասակար՝ թէ՛ քաղաքական կուսակցութիւնների եւ թէ՛ մանաւանդ բաղկացուցիչ ազգութիւնների համար.

«Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Է Ընդհանուր Պատգամաւորական Ժողովը խստիւ արգիլում է իր բոլոր Գործադիր Մարմիններին՝ ո՛րեւէ գործակցութիւն ունենալու նրա հետ եւ՝

«Որոշում է, ամէն միջոցներով, կուսակցական անողոք պայքար մղել՝ նրան բոլորովին փշրելու, տապալելու, մէջտեղից վերցնելու»:

Մենք այստեղ, հաւատարիմ ենք մնում մեր անցեալին. անընդհատ գծով շարունակում մեր գործունէութիւնը:

Պատգամաւորական Ժողովը, ուրեմն, մատը ուղղակի վէրքի վրայ է դնում: Հոսանքները ճշդուել, ուղղութիւնները որոշուել էին, միայն կարճատեսներն էին, որ չէին տեսնում:

Դիրքը, յարաբերութիւնը հետեւեալն էր.- Կամ Հայ ժողովուրդը «Իտտիհատ»ին, Թուրք ազգայնականութիւնը պիտի գլորէր, սպաննէր, իր տիրապետողի դիրքից վայր բերէր, գահավիժէր, եւ կա՛մ «Իտտիհատ»ն էր, որ Հային պիտի ջաղջախէր, սպառէր՝ որպէս ազգ: Միջին ճանապարհ չկար: Իրերի բնութիւնը, տրամաբանութիւնը այդ երկընտրանքին էին հասել պատմութեան բերումով. ուժերը դէմ դէմի էին կանգնած. բաղխումը ուրեմն, անխուսափելի էր:

Ուզո՞ւմ էինք ապրել. այլեւս պէտք չէր սպասել, օրեր կորցնել. հարկաւոր էր ժամ առաջ, ամենայն սառնասրտութեամբ, վճիռ տալ, որոշում կայացնել եւ գործադրութեանն սկսել՝ ամենայն յամառութեամբ: Մեր ազգային գոյութեան, մեր պատմա-անհատական անձեռնմխելի իրաւունքների տեսակէտից, որպէս ինքնապաշտպանութեան, ինքնապահպանութեան հրամայական միջոց, անհրաժեշտ էր յարձակողականի մտնել եւ մեր առաջին ու անմիջական գործն անել «Իտտիհատ»ին կործանելը, սպանելը. եթէ ոչ՝ մենք նախապէս պիտի ընդունէինք, կանխապէս մտքներիս առաջ պիտի պատկերացնէինք, համակերպէինք նրա սպանութեան, նրա կործանման գործին, ինչ որ վերաբերում էր մեզ, որպէս ազգի. որովհետեւ նա ո՛չ միայն իր որոշումը այդ ուղղութեամբ վաղուց ի վեր արդէն տուած էր, այլ շեշտակի կերպով էլ գործադրութեան մէջ դրած. նա մեզ չէր սպասում, նա ճանապարհ ընկել, քայլում էր իր նպատակը՝ հայակործանութիւնը:

Պարտաճանաչ էր նա, րոպէի բարձրութեան վրայ կեցած էր այն ուժը, անհրաժեշտութեանը համապատասխանում էր այն բազուկը, որ առաջինը կը լինէր «Իտտիհատ»ի դէմ բարձրացողը, նրա վրայ վազողը՝ հնձելու, արմատահան անելու դիտումով. դա՛ պահանջում էր մեր փրկութիւնը եւ այն կացութիւնը, որի մէջ կեցած էինք, եւ ուր մեզ բերել, հասցրել էր Թուրք ազգայնականութիւնը. ուրիշ ճանապարհ չէր մնացել:

Ու այդ պարագան աչքի առաջ ունենալու համար էր, որ Ժողովը տուեց իր չորրորդ որոշումը. կարդանք.

  1. Կուսակցական շրջանային փոխ-յարաբերութիւններ

«Ի նկատի ունենալով, որ Կուսակցութիւնս իր բոլոր շրջանների մէջ կանգնած է եւ գործում է Սոցիալ Դեմոկրատական հողի վրայ՝ իւրաքանչիւր շրջան իր տեղական պայմաններին յատուկ տակտիկայով.

«Յենուելով Կուսակցութեանս ամբողջականութեան սկզբունքի վրայ՝

«Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Է Ընդհանուր Պատգամաւորական Ժողովը որոշում է՝

«Թուրքահայ ժողովրդի եւ Հայկական Հարցի ներկայ ճգնաժամային վիճակը աչքի առաջ ունենալով՝ Ռուսաստանի եւ Կովկասի, Բուլղարիայի, Ռումանիայի, Եգիպտոսի, ինչպէս եւ Ամերիկայի իր բոլոր կազմակերպութիւններին պարտաւորեցնել, որ այս օրերում նրանք՝ իրենց գործունէութեան արտայայտութեան մէջ ֆիզիքապէս, բարոյապէս եւ նիւթապէս նախապատուութիւն տան Թուրքա-Հայաստանին, Թուրքահայ Դատին»:

Այդ որոշումը՝ ինքը ժամանակն էր հասունացրել, պարտադիր դարձրել:

Թուրքահայը դրուած էր օրհասական վիճակի մէջ. նա բնաջնջւում էր. հարուածը իջնում էր շարունակաբար, ամենայն կատաղութեամբ, թուրք ազգայնականութեան միայն յատուկ ճիւաղութեամբ: Արդ, այդպիսի մի րոպէի մեջ, անմիջական պարտականութիւն պէտք է ստանձնէին ո՛չ միայն Թուրքիայի եւ Թուրքա-Հայաստանի մէջ եղող Հայ Ազգի մի հատուածը, այլ ամբողջութիւնը. բոլոր Հայութիւնը, ո՛ր շրջանի, ո՛ր տէրութեան մէջ էլ որ գտնուէր. որովհետեւ ձեռքեր էին բարձրացած եւ ուզում էին սպանել, անհետացնել Հայկական դատի, Հայ Ազգի գոյութեան առանցքը, կեդրոնական ուժը, ինչպիսին էր Թուրքա-Հայաստանը եւ Թուրքահայը:

Այդտեղ. այլեւս ո՛չ տատանուելու խնդիր կար, ո՛չ էլ յապաղելու. հարկաւոր էր շտապել, աճապարել. քանի որ «Իտտիհատ»ը դեռ մատչելի էր, դիւրութեամբ հարուածելի կողմեր էր ներկայացնում եւ իր սկսած գործը չէր լրացրել:

Ժողովը այնքան հեռատես եղաւ, որ նոյնիսկ պարտաւորեցրեց Կեդրոնական Վարչութեան՝ այդ ոգով եւ ուղղութեամբ համագործակցութիւնը կնքելու ուրիշ կուսակցութիւնների հետ:

Եւ սա 1913ի Սեպտեմբերի 7ին էր:

Ու դրանից յետոյ, Ս. Դ. Հնչակեան Կուսակցութիւնը՝ րոպէի պահանջին գիտակից, խորին պարտականութեան զգացումով լի՝ թէեւ արդէն շրջապատուած մեծամեծ դժուարութիւններով, այնու ամենայնիւ, անմիջապէս փութաց երկիր մտցնել իր նշանաւոր գործիչները, ականաւոր պրոպագանդիստները եւ յայտնի մարտիկ ուժերը:

Մեծ Հայք, Փոքր Հայք, Կիլիկիա, Կ. Պոլիս՝ Եօթներորդ Ընդհանուր Պատգամավորական Ժողովի որոշումները գործադրելու հնոցներ դարձան. աշխատանքը եռանդուն կերպով առաջ էր գնում:

Հայ ժողովրդի առողջ մասը, ամէն վայրերում, առաջին րոպէից՝ ուղղակի ընդառաջեց, գրկաբաց ընդունեց, կլանեց այդ Որոշումները. նրանք իր սրտին շատ մօտիկ էին. իր վառ տենչանքներիցն էին խօսում. նա այս անգամ է՛լ աւելի գիտակցօրէն փարեցաւ իր Սուրբ Գործին:

Կարեւոր հրահանգների համար՝ Կիլիկիայից Եգիպտոս եկող մեր երկու գործիչները պատմեցին այդ մասին բոլոր Կիլիկեցւոց եւ Զէյթունցւոց զգացած ուրախութիւնը եւ նրանք այն համոզմանն էին, որ այդ տակտիկայով գործունէութիւն՝ դեռ շատ վաղուց սկսուած պիտի լինէր:

Պարտականութեան եւ Գործի գիտակցութիւնը՝ այս անգամ է՛լ աւելի նորոյժ բնաւորութիւն ունէր. ամէն ինչ գնում էր լաւ եւ համատարած ծաւալ առնելու վրայ էր:

Թէեւ՝ այդ բոլոր ուրախ երեւոյթների մէջ՝ կսկծալի մի իրողութիւն էլ կար. այն որ դեռ 1914-ին էլ, յամառ կերպով, «Իտտիհատ»ական օրինականութեան կողմնակիցներ գտնուեցան՝ նոյնիսկ յեղափոխական շարքերից եւ նրանք շարունակեցին այդ դիրքը մինչեւ վերջ:

Մենք չուշացանք, հէնց 1913-ի աշնանը, համաձայնութեան գալու, որոշ խնդիրների շուրջ, թուրք ազդեցութեան եւ «Իտտիհատ»ականներին հակառակ՝ Ալբանացի երիտասարդ ուժերի հետ:

Համագործակցութեան, շատ դրական ձեւի տակ, փոխադարձ հասկացողութիւններ ունեցանք ե՛ւ երիտասարդ Արաբացիների, Սիւրիացիների հետ:

Մեր յեղափոխական, ապստամբական ձեռնարկի զանազան տարրերը շատ մեծ յաջողութեամբ յառաջ էին գնում, երբ վրայ հասան առաջին ձերբակալութիւնները: Բայց դա սկսուած գործը չկաղացրեց. մեր զանազան շրջանների ընկերները շարունակեցին է՛լ աւելի մեծ թափով գործել եւ դիրքեր գրաւել.- այդ ժամանակ էր, ահա՛, որ վրայ հասաւ ընդհանուր համեւրոպական պատերազմը՝ իր հետեւանքներով:

Շատ չանցած՝ Թիւրքիան էլ ռազմաբեր դուրս եկաւ ու դռները այնուհետեւ փակուեցան, յարաբերութիւնները խզուեցան:

Հիմա, այդ շրջանի մէջ, իրերը այլեւս պիտի ընթանային կանխապէս եղած պատրաստութեան եւ գործունէութեան համեմատ: Ի՛նչ ուժ որ առաջուց մթերուած, ի՛նչ գործ որ նախապէս կատարուած էր, խօսքը մնում էր նրան. արտաքին նոր  օգնութիւն այլեւս չէր կարող հասնել, միջոց չկար:
Եւ այժմ, այդ եղերերգական վայրկեանի մէջ, երբ խօսողը այլեւս միայն գնդակը, սուրը, ռումբը, ֆիզիքական, մարտական ուժն է,- ուղղակի պատասխանատու չե՞ն մնում բոլոր նրանք, որոնք նախապատրաստական շրջանի մէջ՝ բարոյական, նիւթական, մարտական պարտականութիւն չստանձնեցին, որոնք թշնամու ուժը տկարացնելու, ջաղջախելու, խորտակելու գործի մէջ մասն ու բաժին չբերեցին եւ իր ժամանակին չնպաստեցին, չօգնեցին այն մարտական ուժերին, որոնք պատմական այդպիսի վայրկեանների առաջին ու վերջին գերակշիռ ազդակն են հանդիսանում:

Մի՞թէ խնդրի այդ մասը իրենց երկար տարիներ առաջ չէր բացատրուած:

Գանգատողներ, խօսողներ, քննադատողներ կան 1915-ին, 1916-ին. թէ ինչո՞ւ Հայերս տկար դուրս եկանք, պէտք եղած ուժը երեւան չդրեցինք, է՛լ աւելի ուժեղ ընդդիմադրութիւն չարեցինք, չկարողացանք մէջտեղից վեր առնել մի թզուկ «Իտտիհատ», որ Հայկական վերջին աղէտների, չլսուած, չտեսնուած կերպի տեղահանութեան պատճառ դարձաւ. որի մի անդամը հպարտութեամբ ասել էր՝ թէ ինքը մի քանի ամսուայ մէջ աւելի մեծ թուով Հայեր էր կոտորել տուել, քան Սուլթան Համիտի իր 30 տարուայ թագաւորութեան ընթացքում:

Կսկծաց ամէն սիրտ, երբ Թալաթի նման գաճաճի այն խօսքը կարդաց թէ՝ «Մենք Հայերին այնպիսի դրութեան ենթարկեցինք, որ սրանից 50 տարի էլ յետոյ՝ նրանք Ինքնավար Հայաստան բառը բերան չեն կարող առնել»:

Այո՛, շատ բառեր, շատ մեղադրենքներ են թափւում պատերազմի այս օրերում. բայց դրան էլ չի՞ հետեւում այն հարցը, թէ ո՞ւր էին այսօրուայ այդ խօսողները 1910-ին, 1911-ին, 1912-ին, 1913-ին, 1914-ին. արդեօք կատարեցի՞ն որոշեալ պարտականութիւն, երբ «Իտտիհատ»ի հայասպանութեան մտադրութիւնը հրապարակ դրուեց. խաղաղութեան ժամանակ՝ պատերազմի պատրաստութիւն տեսա՞ն, մարտական ուժերին օգնութեան հասա՞ն. չէ՞ որ ներկան անցեալի հիմունքներից է բղխում:

Պարտաճանաչ էր միայն նա՝ ո՛վ անցեալի մէջն էր իր պարտականութիւնը կատարել:

Խաղաղութեան ժամանակ՝ հակայեղափոխական եմ, պահպանողական եմ, չէզոք եմ, հակակուսակցական եմ, «Իտտիհատ»ին համակիր եմ ասողը շատ մեծ պարտաճանաչութիւն ցոյց տուած չի լինիլ՝ տեղի, անտեղի վայնասուններ բարձրացնելով եւ աջ ու ձախ մեղադրանքներ, քննադատութիւններ թափելով:

Գործի մասին առաջ պէտք էր մտածել: