Բերդավան/Ղալաչա գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին

5491

Այսօրվա Բերդավան գյուղի (Նոյեմբերյանի շրջան, Տավուշի մարզ)  բնակչության թվաքանակի մասին առաջին հստակ տեղեկատվությունը հանդիպում ենք 1831 թվականին: Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ նշվում է, որ 1831-ին գյուղը ունեցել է 1.078 բնակիչ, բոլորն էլ հայեր: Այսպիսով, մոտ 200 տարի առաջ Բերդավանը, որ մինչև 1982 թվականը անվանվել է Ղալաչա, եղել է Հայաստանի խոշորագույն բնակավայրերի տասնյակում:

Բերդավանի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 1.078 հոգի

1873 թվական – 999 հոգի

1886 թվական – 1.209 հոգի

1897 թվական – 1.379 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար)

1916 թվական – 1.447 հոգի

1922 թվական – 1367 հոգի, որից 5-ը՝ այլազգի (ազգությունը չի նշվում)

1926 թվական – 1.384 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար)

1931 թվական – 1656 հոգի

Ինչպես երևում է վերոնշյալ թվերից, Բերդավանը 100 տարվա ընթացքում ընդամենը 50 տոկոսով է աճել: Պատճառներից հիմնականն այն է, որ շատ բերդավանցիներ հեռացել են գյուղից և հիմնել նոր բնակավայրեր:

Բերդավանի բնակչությունը նկատելի աճել է խորհրդային տարիներին: Ահա ԽՍՀՄ մարդահամարի տվյալները.

1939 թվական – 1.874 հոգի

1959 թվական – 2.427 հոգի

1970 թվական – 2.780 հոգի

1979 թվական – 3.011 հոգի

1989 թվական – 3.531 հոգի

Բերդավանը մինչև Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ 1918 թվականը, Ելիզավետպոլի (Գանձակ, այսօր՝ Գյանջա) նահանգի Ղազախ գավառի կազմում մաս է կազմել ցարական՝ Ռոմանովների Ռուսաստանի: Ընդ որում, Բերդավանը և այսօրվա Նոյեմբերյանի շրջանը Ռուսաստանին միացվել են Հայաստանի մյուս հատվածներից շուրջ 30 տարի վաղ՝ 19-րդ դարի սկզբին: 1828-ից, երբ ամբողջ Անդրկովկասը Պարսկաստանից անցավ Ռուսաստանին, Անդրկովկասը մինչև 1918-ը մի քանի անգամ ենթարկվել է վարչական վերաձևավորումների:

Մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920/21թթ.) կազմ մտնելը Բերդավանը, Ռուսաստանի կազմում է եղել որպես Վրացական նահանգի (1828-1840),  Վրաց-իմերեթական նահանգի (1840-1845), Թիֆլիսի նահանգի (1845-1868) և Ելիզավետպոլի նահանգի (1868-1918) մաս:

Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում ցարական Ռուսաստանի մեջ մտնող Ղազախի գավառը վեճի առարկա է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այստեղ գրանցվել են հայ-թաթարական բախումներ: Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը այս հատվածում գծվել է համաձայն 1920 թվականի օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագրի: 1920-ի օգոստոսին Հայաստանը դեռ անկախ էր, մինչդեռ Ադրբեջանը ապրիլին խորհրդայնացվել էր և ենթարկվում էր Մոսկվային:

1920-ի աշնանը թուրք քեմալականները և ռուս բոլշևիկները հարձակում սկսեցին Հայաստանի վրա արևմուտքից և արևելքից: Ռուսական 11-րդ Կարմիր բանակը դեպի անկախ Հայաստան արշավեց հիմնական երկու ուղղությամբ՝ Արցախից, որը 1920-ի մայիսին խորհրդայնացվել էր, և Ղազախի հատվածից:

Խորհրդային տարիներին, մասնավորապես՝ 1922-1936 թվականներին, այսօրվա Նոյեմբերյանի շրջանի գյուղերը մտնում էին Իջևանի և Ալավերդու շրջանների մեջ: Ջուջևան, Բաղանիս, Ոսկևան/Ղոշղոթան, Կոթի, Բարեկամավան/Դոստլու և Ոսկեպար գյուղերը Իջևանի, իսկ մյուս գյուղերը՝ այդ թվում Բերդավանը, Ալավերդու շրջանին էին պատկանում:

1937-ին Իջևանի և Ալավերդու շրջանների հաշվին ձևավորվեց Նոյեմբերյանի շրջանը, որի կենտրոն դարձավ Բարանա գյուղը՝ վերանվանվելով Նոյեմբերյան: