Արցախում կայացել է «Անիում» գրքի առաջին շնորհանդեսը

1846

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը այսօր, փետրվարի 21-ին, Ստեփանակերտում, կազմակերպությամբ Արցախի Ժուռնալիստների միության, նախաձեռնել էր Արտաշես Վրույրի «Անիում» աշխատության երրորդ հրատարակության և անգլերեն հատորների շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա էին լրագրողներ, գրողներ, պատմաբաններ, հասարակական-քաղաքական գործիչներ Ստեփանակերտից, Շուշիից, Ասկերանից, Հադրութից:

Միջոցառումը տեղի ունեցավ Արցախի Ժուռնալիստների միության հարկի տակ: Այն բացեց միության նախագահ, գրող և լրագրող Կիմ Գաբրիելյանը: Խոսք ասացին պատմաբան Մհեր Հարությունյանը, գրող և լրագրող Դավիթ Միքայելյանը, լուսանկարիչ Վալերի Պետրոսյանը:

Գիրքը ներկայացրեց ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը և պատասխանեց ներկաների հարցերին:

Այս գիրքը Բագրատունյաց չքնաղ մայրաքաղաք Անիի վերջին բնակիչների և վերջին վանահոր՝ Հայր Միքայելի մասին է: Հայրենիքին նվիրյալ այս հոգևորականը, որ ծնունդով Արցախից էր, վերջիններից մեկը լքեց Անին, երբ 1918-ի ապրիլին թուրքական զորքերը գրավեցին ավերակների քաղաքը:

Շնորհանդեսի ավարտին Արցախի Ժուռնալիստների միությունը ներկաներին հյուրասիրեց Արցախի գինի և ժենգյալով հաց:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ

21 փետրվար, 2020, ք. Ստեփանակերտ, Արցախ

Լուսանկարը՝ Արմեն Հակոբյանի