Արցախը 1918-1920 թվերին

5887

Հատված ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ գրքից

Մինչեւ 1917թ. փետրվարյան հեղափոխությունը Ղարաբաղը Ելիզավետպոլի նահանգի կազմում ցարական Ռուսաստանի ծայրամասային գավառներից էր: Ժամանակավոր կառավարության իշխանությունը Ղարաբաղի վրա տարածվում էր Օզակոմի միջոցով: Որպես Օզակոմի ներկայացուցիչ Թիֆլիսից գործուղվել էր շուշեցի Միքայել Ղարաբեկյանը:

Մինչև հեղափոխությունը սնունդը, այդ թվում` հացի մեծ մասը Ռուսաստանից էր բերվում: Այժմ, երբ անկայուն ժամանակներ էին, Ղարաբաղում` կիսով չափ անիշխանություն, Ռուսաստանից ոչինչ չէր ստացվում: Երբեմն-երբեմն ավազակային հարձակումները չհաշված, հայերի և թաթարների միջև հարաբերությունները բնական էին:

1918թ. հայերն ու թաթարները որոշում են ձևավորել համատեղ կոմիտե, որը փոխարինելու էր Գավառական գործադիր խորհրդին: Նրանցից ընտրվում են կոմիտեի յոթական անդամներ, իսկ նախագահի պաշտոնը վստահվում է չեզոք մարդու և երկու ժողովուրդների կողմից հարգված, վրացի հաշտարար միջնորդ Իոսիֆ Կոբիևին:

Հայ-թաթարական անդորրը շարունակվում է մի քանի ամիս` մինչև 1918 թ. ամառը, երբ Նուրի փաշայի գլխավորությամբ Կովկաս են մտնում թուրքական զորքերը:

ՙԹուրքական մի բրիգադ, Ջեմիլ Ջահիդ (Ջամիլ Ջևադ) բեյի հրամանատարության տակ և տեղական թուրք բեկերի առաջնորդությամբ Եվլախից ուղղվեց դեպի Շուշի` ճանապարհին ռմբակոծելով և զինաթափելով հայկական գյուղերը: Միաժամանակ հարձակման ենթարկվեց և ոչնչացվեց Շուշիից դեպի Զանգեզուր տանող ճանապարհին ընկած Ղարաղշլաղ հայկական մեծ գյուղը, որը շաղկապի դեր էր կատարում Ղարաբաղի և Զանգեզուրի միջև՚,- գրում է Սիմոն Վրացյանը:

1918թ. ապրիլի 2-6-ը Շուշիում տեղի էր ունեցել հայ-թաթարական առաջին համագումարը հավասար` 45-ական պատգամավորների մասնակցությամբ: Հայ-թաթարական մեկ այլ համագումար մայիսի 29-ին տեղի է ունենում Ասկերանում, երբ հռչակվել էին երեք անդրկովկասյան հանրապետությունները, որի լուրը համագումարը հավանաբար դեռ չուներ:

Ադրբեջանի կառավարությունը Բաքվի և Ելիզավետպոլի նահանգները հռչակում է նորաստեղծ Ադրբեջանի կազմի մեջ` ձգտելով թուրքական զորքերի օգնությամբ վերահսկողություն հաստատել Ղարաբաղի ու Զանգեզուրի վրա:

Հուլիսի 22-24-ը Շուշիում տեղի ունեցավ Ղարաբաղի հայերի առաջին համագումարը, որը միաձայնությամբ որոշեց, որ Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մասն է: Համագումարն ընտրեց կառավարություն, որը պիտի երկիրը ղեկավարեր` մինչև նրա միացումը Հայաստանին:

Կառավարությունը գլխավորեց դաշնակցական Եղիշե Իշխանյանը: Սեպտեմբերի սկզբին Իսմայիլ Հակկի բեյը գրավոր վերջնագիր է ուղարկում կառավարությանը` վայր դնել զենքը, դիմադրություն ցույց չտալ թուրքական զորքին, թողնել ազատ մուտքը Շուշի և ճանաչել Ադրբեջանի իշխանությունը:

Ղարաբաղի հայերի երկրորդ համագումարում` սեպտեմբերի կեսերին, կառավարությունը վերանվանվեց Ղարաբաղի Ազգային խորհուրդ: Իսմայիլ Հակկի բեկի վերջնագիրը մերժվում է, սակայն մի քանի որ անց` սեպտեմբերի կեսերին, Ազգային խորհուրդն առանձին նիստում որոշում է ՙճանաչել Ադրբեջանի գերիշխանությունը, քանի որ Ղարաբաղի հարցը պիտի որոշվի Պոլսի կոնֆերանսում, երեսանց զինաթափ լինել` ժողովրդի հին ու փչացած զենքերը հանձնելով, տաճկական մի վաշտի թույլ տալ մտնելու Շուշի, կառավարության կազմ հրավիրել տեղի թուրք ներկայացուցիչների՚:

Բաքվի ջարդերը

Թիֆլիսում անկախություն հռչակելուց հետո Ադրբեջանի կառավարությունը տեղափոխվել էր Գյանջա, քանի որ Բաքվում իշխանության էր Ստեփան Շահումյանի գլխավորած Բաքվի սովետը:

1917թ. դեկտեմբերի 18-ի դեկրետով Ժողկոմխորհը Շահումյանին նշանակել էր Կովկասյան գործերի ժամանակավոր արտակարգ կոմիսար` մինչև Անդրկովկասում խորհրդային իշխանության հաստատումը:

Բաքվում 1918թ. ապրիլին Շահումյանի նախագահությամբ ձևավորվել էր բոլշեւիկյան կառավարություն, որը չէր ճանաչել Սեյմի իշխանությունը և բողոքել Անդրկովկասը Ռուսաստանից անջատելու դեմ: Բաքվի սովետն իր տրամադրության տակ ուներ գվարդիա` կազմված տարբեր ազգությունների բանվորներից ու զինվորներից: Նրանց միացան Կասպիցի նավաստիները: Բաքվի սովետի 4000 զինվորների կողքին մարտի դաշտ կարող էր դուրս բերվել Հայոց Ազգային խորհրդի (նախագահ` Աբրահամ Գյուլխանդանյան) շուրջ 6000 մարտիկներ, հիմնականում հայ զինվորներ, որոնք վերադարձել էին ռուսական արևմտյան ճակատից: Բաքվի շրջանի ընդհանուր հրամանատարը Համազասպն էր, որին օգնության էին մեկնել Սեբաստացի Մուրադը և Սեպուհը:

1918թ. փետրվարին Բաքվի նահանգի մի շարք վայրերում բռնկվել էին հայ-թաթարական բախումներ, իսկ մարտին` վերածվել արյունահեղության: Գերազանցապես տուժեց մահմեդական բնակչությունը: ՙՄուսավաթ՚ կուսակցությունը ընդվզեց Բաքվի սովետի դեմ: Շահումյանը գրում է, որ Բաքվի հաղթանակից հետո Սովետը վերջնականապես ամրացավ ոչ միայն քաղաքում, այլև նահանգում. ՙՆավթն այժմ արդեն մեր տնօրինության տակ է՚:

Հայ-թաթարական ջարդերին հակասական գնահատականներ է տրվել: Ո՞վ առաջինը կրակեց. այս հարցը ևս միանշանակ չէ: Շահումյանը եռօրյա մարտերին տալիս է ՙքաղաքացիական կռիվ՚ որակումը. ՙԹուրքիայի պրոտեկտորատի կողմնակից բեկերը, խաներն ու աղալարները շտապեցին ջախջախել Բաքվի սովետը: Մենք անգամ ստիպված էինք դիմել հայկական գնդի օգնությանը: Հաղթությունն այնքան էր խոշոր, որ այդ հանգամանքը քիչ է մթապատում իրականությունը: Ազգային գունավորումը, որն անխուսափելիորեն ստացավ քաղաքացիական կռիվը, և այն հանգամանքը, որ Կարմիր բանակի կողքին շարունակում էին գոյություն ունենալ ազգային գնդերը, հարկադրեցին մեզ որոշ պայքար մղել դրանց դեմ: Ճիշտ է, մենք ստիպված էինք դրանց օգտագործել, քանի որ նրանք հանդես եկան որպես մեր դաշնակիցներ, բայց նրանք պայքարի մեջ մտցրին ազգային տարր, և ահա, հանուն ինտերնացիոնալիզմի հաղթանակի, չպետք է հնարավորություն տալ ամրանալու ազգային խորհուրդներին և գնդերին՚:

Մարտի վերջերին ՙՎայրենի դիվիզիայի՚ մոտ հինգ տասնյակ սպաներ Լենքորանից նավով հասան Բաքու` մասնակցելու հայտնի նավթարդյունաբերող և մեծահարուստ Թաղիեւի որդու թաղմանը: Տեղ հասնելուն պես դիվիզիայի որոշ սպաների, այդ թվում հրամանատար, գեներալ Թալիշինսկուն, ձերբակալում են Բաքվի սովետի ուժերը: Մահմեդական բնակչության շրջանում հնչում են զինված դիմադրություն ցույց տալու կոչեր:

Թե ինչու էին Բաքվի սովետի ուժերը զինաթափել ՙՎայրենի դիվիզիայի՚ սպաներին և արդյոք վերջիններս հուղարկավորության առիթն օգտագործելով, նպատակ ունեի՞ն ապստամբել Շահումյանի իշխանության դեմ, մնում է հակասական:

Ռիչարդ Հովհաննիսյանը գրում է, որ Բաքվի մահմեդական բնակչությանը խիստ վրդովեցրել է դիվիզիայի զինաթափման դեպքը, և նրանք սպառնացել են գրոհել Սովետի դեմ: Մահմեդականները պահանջել են զենքերը վերադարձնել տերերին և պատժել նրանց, ովքեր պատասխանատու են ստորացման համար: Մարտի 30-ի մայրամուտին` լարված ժամերից հետո, Շահումյանի գիտությամբ, երբ որոշվել էր զենքերը հետ տալ, քաղաքի մահմեդական հատվածից լսվում են փոխադարձ կրակահերթեր: Ու չնայած բռնկված կռիվները չէին տարածվել քաղաքի քրիստոնեական թաղամասում, շատ հայ զինվորներ շտապեցին միանալ բոլշևիկյան ուժերին` թաթար միավորումների դեմ:

Ապրիլի 1-ին բախումները հասան նաև հայկական թաղամաս: Հայկական ջոկատները, որոնք պահպանել էին չեզոքություն, միացան բոլշևիկյան ուժերին: ՙՄուսավաթը՚ ընդունեց Շահումյանի վերջնագիրը, բայց ևս մեկ օր պահանջվեց, որպեսզի կռիվները հանդարտվեն:

Ժողկոմխորհին ապրիլի 13-ին Բաքվից ուղարկած նամակում Շահումյանը գրում է. ՙԲաքվում երեք օր շարունակ կատաղի մարտեր էին գնում: Կռվում էին մի կողմից` խորհրդային կարմիր գվարդիան, կարմիր ինտերնացիոնալ բանակը, մեր կողմից կազմակերպված կարմիր նավատորմի հետ միասին և հայկական ազգային զորամասերը: Մյուս կողմից, մուսուլմանական ՙՎայրենի դիվիզիան՚, որի կազմում քիչ չեն ռուս սպաները, և ՙՄուսավաթի՚ զինված մուսուլմանների բանդաները: Երկու կողմից մարտերին մասնակցել են ավելի քան 20 հազար մարդ… արդյունքները մեզ համար փայլուն են: Թշնամու ջախջախումը լիակատար էր: Երկու կողմերից սպանվածների թիվը երեք հազարից ավելի է՚:

Ադրբեջանական աղբյուրները սպանվածների թիվը հասցնում են ավելի քան 12 հազարի: Հենց այդ թիվն է ներկայացրել 1919 թ. Փարիզի խաղաղության համաժողովին մեկնած ադրբեջանական պատվիրակությունը: Մուսավաթական առաջնորդները սպանությունների մեջ մեղադրեցին բոլշեւիկ-դաշնակցական ուժերին:

1918թ. մայիսի 23-ին Շահումյանը Լենինին հեռագրում զգուշացնում է թուրքական զորքերի դեպի Բաքու արշավանքի վտանգի մասին: Սարդարապատում և Բաշ-Ապարանում պարտություն կրելուց և մի քանի հազար զինվոր կորցնելուց հետո` հունիսի կեսերին թուրքերը կենտրոնացան Գյանջայում: Նուրի փաշայի շուրջ 7000 զորքին Գյանջայում միանում է Մյուրսել փաշայի դիվիզիան: Հունիսի կեսերից հետո թուրքերն ու թաթարները, ինչպես նաև ՙՎայրենի դիվիզիայի՚ մնացորդներն ընդգրկվում են ՙԻսլամի բանակի՚ կազմում, որը հաշվվում էր շուրջ 20000 եւ ուներ հզոր հրետանի: Նրանք պատրաստ էին արշավել դեպի Բաքու:

Թուրքերի ճնշման տակ Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը հունիսի 10-ին Բաքու էր գործուղել Մարտիրոս Հարությունյանին և Միքայել Արզումանյանին, որպեսզի հայերը չմասնակցեին թուրքական բանակի դեմ մարտերում: Սակայն հայերն անտեսում են և արդեն հունիսի 12-ին գրավում են Քյուրդամիր կայարանը: Հունիսի վերջերին թուրքերն անցնում են հակագրոհի, առաջ շարժվում դեպի Բաքու. հայերը տալիս են ավելի քան 1500 զոհ և վիրավոր: Բաքվի էսէռ, մենշևիկ և դաշնակցական խմբավորումները, անտեսելով Շահումյանի դիմադրությունը, շտապ օգնություն են խնդրում անգլիացիներից: Շահումյանի կառավարությունը անկում է. հուլիսի վերջերին նա կրկին օգնություն է խնդրում Լենինին, բայց վերջինս որևէ խոստում չի տալիս:

Նոր` ՙԿենտրոնական Կասպիի կառավարությունը՚, որոշ օգնություն է ստանում բրիտանացիներից. օգոստոսի 4-ին բրիտանական 1800 հոգանոց զորքը հասնում է Բաքու: Բրիտանացիների դեմ թշնամաբար տրամադրված բոլշևիկները օգոստոսի 12-ին փորձում են հեռանալ Բաքվից և փրկվել, սակայն ծովից նրանց հետ են տալիս: Բոլշևիկները զինաթափվում են, նրանց ղեկավարները` բանտարկվում: Բաքվին մոտեցող թուրք-թաթարական ուժերին դիմադրում էին միայն հայերը, կռվում ընկնում է Սեբաստացի Մուրադը: Համոզվելով, որ պարտությունն անխուսափելի է, սեպտեմբերի 15-ին անգլիացիները ևս լքում են դիրքերը և նավերով հեռանում Էնզելի: Հետո նրանք վերադառնում են գեներալ Թոմսոնի գլխավորությամբ, երբ արդեն դաշնակիցները հաղթել էին Առաջին աշխարհամարտում:

1918-ի աշնանը թաթարները վրեժխնդիր եղան: Սեպտեմբերի15-ին Ֆաթհալի Խան Խոյսկու կառավարության զորքերը ՙԻսլամի բանակի՚ օգնությամբ գրավեցին Բաքուն, երկու օր անց մուսավաթական կառավարությունը Գյանջայից տեղափոխվեց Բաքու: Քաղաքի շուրջ 70 հազար հայերի մի մասը փրկվեց` նավերով հասնելով Էնզելի, Աստրախան և Կրասնովոդսկ նավահանգիստներ, մյուսները մնացին անօգնական: Սեպտեմբերի 15-ի առավոտյան, երբ արդեն քաղաքի քրիստոնեական թաղամասերը բոցերի մեջ էին, Հայոց Ազգային խորհուրդը վերջին նավով հեռացավ: Միավորված թուրքական և ադրբեջանական բանակները մի քանի օրերի ընթացքում կոտորեցին հազարավոր հայերի:

Սպանված հայերի թիվը առնվազն ինը հազար էր: Կազեմզադեն, վկայակոչելով Հայոց Ազգային խորհրդին, նշում է 8.988 թիվը, որից 5.248-ը` Բաքվի հայեր, 1.500-ը` հայ փախստականներ, որոնք Կովկասի տարբեր մասերից ապաստան էին գտել քաղաքում, ևս 2.240 հայերի ինքնությունը, որոնց դիակները գտնվեցին փողոցներից, չպարզվեց:

Բաքվի հայության ներկայացուցիչներից Սերգեյ Մելիք-Յոլչյանը գրում է. ՙՏաճիկ հրամանատարության հետ միասին քաղաք մտավ Ադրբեջանի նոր կառավարությունը Խան Խոյսկու գլխավորությամբ: Մտավ քաղաք եւ Ադրբեջանի գրգռված ու գազազած տասնյակ հազարավոր թրքությունը, որը Բեյբութ աղա Ջեւանշիրի կարգադրությամբ ու Խան Խոյսկու թույլտվությամբ սկսեց կողոպտել ու կոտորել անզեն հայերը: Ազատվեցին միայն նրանք, որ պատսպարվել էին հրեաների ու պարսիկների մոտ: Կոտորվեցին մոտ 17000 հոգի՚:

Բաքվի հայերի ողբերգական ճակատագրի բոթը հուսահատեցրեց Ղարաբաղի շատ ղեկավարների: Շուշիի քաղաքագլուխ, կադետ Գերասիմ Մելիք-Շահնազարյանը և առևտրական դասի ազդեցիկ ներկայացուցիչները հոկտեմբերին կայացած երրորդ համագումարին մղեցին զիջման` կոտորածը կանխելու նպատակով: Երբ 5000-անոց թուրքական զորքը բարձրացավ Ասկերանի կիրճով, համագումարը համաձայնվեց վերջնագրին և բացեց ճանապարհը. Ջամիլ Ջևադ բեյը և Իսմայիլ խան Զիաթխանովը Շուշի առաջնորդեցին թուրքական զորաջոկատները: Օսմանյան զինվորական իշխանությունները հայ բնակիչներին խոստացան խաղաղություն, բայց շուտով Շուշիում ձերբակալեցին 60 ղեկավարների ու մտավորականների:

Ջամիլ Ջևադ բեյը Արցախի հայությունից պահանջում է զենքները հանձնել և հպատակություն հայտնել Ադրբեջանին: Այդ օրերին Աղդամ է գալիս Նուրի փաշան, ով իր հետ Գյանջայից բերել էր երկու ազդեցիկ մարդու` տեղի հայ ղեկավարության ներկայացուցիչ Սերգեյ Տեր-Իսրայելյանին և Լևոն վարդապետին: Նրանք պետք է արցախցիներին հորդորեին և համոզեին զենք չբարձրացնել թուրք-թաթարական ուժերի դեմ, այլ հարցերը կարգավորել փոխադարձ պայմանավորվածության հիմքով, որպեսզի ՙԳանձակի և նրա լեռնային շրջանի հայության կյանքն ու գույքը ևս չենթարկվեն վտանգի՚:

Վրացյանը գրում է, որ թուրքերն առանց կռվի մտան Շուշի ու զինաթափ արին հայերին: Երբ թուրքերը տեղափոխում էին գրավված զենքերը, հայերը հարձակվեցին ու գրավեցին, որի պատճառով թուրքերը կախեցին երեք հայերի: Զինաթափությանը հաջորդեցին ձերբակալություններ. բազմաթիվ հայ գործիչներ նետվեցին բանտ: Ղարաբաղի գյուղացիությունը, վրդովված քաղաքացիների փոքրոգությունից ու դավաճանությունից, մերժեց հպատակվել թուրքերին եւ սկսեց պատրաստվել դիմադրության:

Թեեւ Շուշին ենթարկվեց, սակայն շրջանները շարունակում էին դիմադրել` մերժելով և’ օսմանցիների, և’ թաթարների իրավասությունները: Խաչենի, Ջրաբերդի, Վարանդայի և Դիզակի հայերը չէին ենթարկվում թուրքերին, որոնց դեպի գյուղեր կատարած ասպատակություններին պատասխանում էին դարաններով: Հոկտեմբերին թուրքական մի զորամաս, տեղի մահմեդականների և մի քանի դավաճան հայերի առաջնորդությամբ, մտավ Վարանդայի Մսմնա գյուղը: Հայերը Սոկրատ Մելիք-Շահնազարով գլխավորությամբ դիմադրում են, ջախջախում 300 հոգանոց թուրքական ջոկատին:

1918թ. հոկտեմբերի 31-ին եվրոպական դաշնակիցների պահանջով թուրքերը թողեցին Ղարաբաղը: Կարճ ժամանակ անց Պարսկաստանից Բաքու մտան անգլիական զորքերը գեներալ Վիլյամ Թոմսոնի հրամանատարությամբ: Թուրքական զորքերի մնացորդները ձուլվեցին ադրբեջանական բանակի մեջ և շարունակեցին մնալ Ղարաբաղում:

Անդրանիկը Զանգեզուրում

Զորավար Անդրանիկն իր զորքը կենտրոնացրել էր Կոռնիձորում, Տեղում և Խնձորեսկում: Պատմաբան Հովհաննիսյանը գրում է, որ Անդրանիկը չէր գործում իր նախկին վճռականությամբ ու խիզախությամբ: Նա հետաձգեց իր հարձակումը, մինչև ստացավ աջակցության գրավոր երաշխիքներ և’ Զանգեզուրի, և’ Ղարաբաղի ղեկավարներից: Բայց հենց որ պատրաստվում էր ճանապարհ ընկնել, Շուշիի քաղաքագլուխ Գերասիմ Մելիք-Շահնազարյանից և Ղարաբաղի պարտիզանական ղեկավար Սոկրատ բեկ Մելիք-Շահնազարյանից առաջարկություն ստացավ գործողությունը հետաձգել ևս տասն օրով: Նրանք հույս ունեին համոզել տեղացի մահմեդականին` չդիմադրելու հայկական ուժերի առաջխաղացմանը Զանգեզուրից:

Ճանապարհը Զանգեզուրից Շուշի անցնում էր Զաբուղի և Հակարի գետերի նեղ հովիտներում գտնվող շուրջ քսան գյուղերի միջով և Մարքիզի ու Հաջի-Սամլուի խոչընդոտող բարձունքներով: Քրդերն ու թաթարները, որոնց գլխավորում էր Սուլթան բեկ Սուլթանովը, փորձված կռվողներ էին: Հենց որ Անդրանիկի զինվորները նոյեմբերի վերջերին անցան Ղարաբաղի սահմանները, նրանց դիմավորեց խրամատավորված մահմեդականների գնդակների տեղատարափը և սեղմեց տեղում: Ճակատամարտը մոլեգնեց երեք օր, մինչև որ Անդրանիկը, մեծ կորուստներ կրելով հաղթահարեց մահմեդականների պաշտպանությունը, գրավեց տիրապետող բարձունքները և մտավ Ավդալլար (Աբդալլար)` գլխավոր պատնեշը Շուշիի ուղղությամբ: Ճանապարհը դեպի Ղարաբաղի բաց էր:

Դեկտեմբերի 1-ին Թոմսոնը եւ Ադրբեջանի վարչապետ Խան Խոյսկին Անդրանիկից պահանջում են դադարեցնել առաջխաղացումը: Անդրանիկը Վարանդայի, Դիզակի, Խաչենի և Ջևանշիրի զինվորական հրամանատարներին, բոլոր կոմիսարներին և արցախահայությանը հրահանգում է ՙթուրքերի ու թաթարների դեմ պատերազմական գործողությունները դադարեցնել հրամանն ստանալուն պես՚, քանի որ այդպես են պահանջում դաշնակիցները։ ՙՎճռված է Կովկասում պատերազմ թույլ չտալ։ Թուրքական զորքերը պետք է հեռանան։ Բաքուն և Բաթումն անգլիացիների ձեռքում է, նրանք շարժվում են դեպի Թիֆլիս։ Բոլոր հարցերը պետք է լուծվեն հաշտության խորհրդաժողովում։ Գլխավոր հրամանատար անգլիացի գեներալ Թոմսոնի նամակում ասված է, որ սրանից հետո կատարված բոլոր թշնամական գործողությունները կարող են վատ անդրադառնալ հայոց հարցի լուծման վրա՚,- ասվում էր հայ զորավարի հրամանում։

Անդրանիկի գրագիր Եղիշե Քաջունին, ով միշտ զորավարի հետ էր, գրում է. ՙԴեկտեմբերի 2-ին խճուղով դեպի Ավդալլար է գալիս սպիտակ դրոշակով մի ավտոմեքենա, որից դուրս են գալիս երկու զինվորականներ և առաջանում դեպի Անդրանիկի վրանը: Նրանք ներկայանում են` անգլիացի կապիտան Սքուեյըր, ֆրանսիացի կապիտան Կասֆիլդ: Բերել են անթվակիր նամակ Անդրանիկին` ստորագրված Թոմսոնից: Նրանք հայտնում են, որ զինադադար է կնքվել, դաշնակիցները հաղթել են, ապա ներկայացնում են նամակը` հայտնում Անդրանիկին` կասեցնել առաջխաղացումը, սպառնալով, որ նման քայլը կվնասի Հայոց ազգային դատի նպաստավոր լուծմանը, որ զինադադարի խախտումը կնկատվի թշնամական ակտ Դաշնակիցների դեմ՚:

Անդրանիկն իր ուժերով հետ է քաշվում Զանգեզուր, դեկտեմբերի 4-ին նա Գորիսում էր: Օգտագործելով առիթը` անմիջապես մահմեդական հրոսակները հարձակվեցին Ղարաբաղի և Գորիսի միջևմնացած երեք հայկական գյուղերը` Հարարը, Սպիտակաշենը և Պետրոսաշենը, դրանով իսկ ավելի մեկուսացնելով երկու լեռնային շրջանները միմյանցից:

Դեկտեմբերի 22-ին Գորիսում անգլիացի մայոր Գիբոնը, կապիտան Սիրայթը, բաքվի պատվիրակ Աբդուլֆաթհբեկ Հասանբեկովը և Բաքվի Հայոց ազգային խորհրդի կողմից Գուրգեն Չիլինգարյանը պաշտոնական տեսակցություն են ունենում Անդրանիկի հետ: Գիբոնը ներկայացնում է առաքելության հիմնական երկու նպատակները: Առաջին` բացել Շուշի-Գորիս-Կապան և առհասարակ ճանապարհները, ապահովել ճամփորդության և փոխադրության ազատությունը, երկրորդ` գտնել և գծել ազդեցության շրջանակ Անդրանիկի և Ադրբեջանի միջեւ, որպեսզի յուրաքանչյուր շրջանում կատարված անկարգության համար պատասխանատու լինի համապատասխան տիրապետողը:

Եղիշե Քաջունին գրում է. ՙԻբրև գործնական եզրակացություն որոշեցին` Հակարի-Զաբուղ գծից այն կողմն այնտեղի իշխանությունը պիտի պատասխանատու լինի, իսկ Զաբուղից այս կողմ` Զանգեզուր, Ղափան (Կապան) ու Սիսիան շրջանի համար` Անդրանիկը: Գլխավոր դժվարությունը Հակարիից այն կողմ պատահելիք միջադեպերի պատասխանատվությունն էր, քանի որ հայերը համաձայն չէին, որ այդ շրջանը ենթարկվի Ադրբեջանին, որովհետև շրջանի 300 հազար հայության դեմ միայն Շուշի քաղաքի 15 հազար թուրքեր են: Բոլոր կետերի մասին համաձայնություն է գտնվում թե Անդրանիկի, թե թուրք ներկայացուցչի միջև, միայն Շուշիի հարցն է մնում առկախ: Անդրանիկը չէր զիջում, որ այդ շրջանի հայերը, հակառակ իրենց կամքին, ենթարկվեն Ադրբեջանին՚:

ՙԱնգլիացիների համար Ղարաբաղի, ինչպես և Զանգեզուրի ճակատագիրը որոշված էր. նրանք վճռել էին այդ հողամասերը միացնել Ազրբեջանին: 1919թ. հունվարի 15-ին Ազրբեջանը Թոմսոնի հավանությամբ Ղարաբաղ-Զանգեզուրի ընդհանուր նահանգապետ նշանակեց Խոսրով բեկ Սուլթանովին, որը հայերի աչքին հայատյացի և ջարդարարի համբավ էր վայելում: Այդ լուրն առնելուն պես` հունվարի 26-ին, Հայաստանի արտգործնախարար (Սիրական) Տիգրանյանը վճռական բողոք ուղարկեց Ազրբեջանի կառավարությանը` հայտարարելով, որ Ղարաբաղն ու Զանգեզուրը Հայաստանի անբաժան մասն են: Ազրբեջանի կառավարությունը պատասխանեց, որ այդ ՙշրջաններն Ազրբեջանի անվիճելի և անխախտ մասն են կազմում՚,- գրում է Վրացյանը:

Անդրանիկը Զանգեզուրում էր հայտնվել հանգամանքների բերումով: 1918թ. ապրիլի 10-ին Ալեքսանդրապոլում թուրքահայ 1400 կամավորներից կազմվում է Հայկական առանձին հարվածող զորամասը, որը պիտի ենթարկվեր Հայկական կորպուսի հրամանատար Նազարբեկյանին: Երբ 1918թ. հունիսին Բաթումում կնքվեց հայ-թուրքական հաշտություն, Անդրանիկի ղեկավարությամբ գործող զորամասը դադարեց կապը Հայաստանի հետ: Անդրանիկը կորպուսի հրամանատարությանը հեռագրում է, թե Բաթումի ՙհաշտության պայմաններով դարերի ստրկության շղթան դուք ձեր ձեռքով ձեր վիզը և ոտքերը անցկացրիք՚:

1918թ. հունիսին Դիլիջանից հեռանալով` Անդրանիկը զորամասին ներկայացնում է ապագա ծրագիրը` Պարսկաստանով անցնել Միջագետք` միանալու անգլիական ուժերին և կռիվը շարունակել այնտեղ: Իր զորամասի և արեւմտահայ հազարավոր գաղթականների գլխավորությամբ Անդրանիկը Սեւանի ափով, ապա Վայոց Ձորով ու Նախիջևան ով անցնում է Արաքսը, բայց արդեն Պարսկաստանում կռվի է բռնվում թուրքական զորքերի հետ և տալով մոտ 70 զոհ, նահանջում Ջուլֆա: Ամառվա տապին, հյուծված և կիսաքաղց զինվորների ու գաղթականության այս դժոխային ճամփորդության մասին մանրամասն գրում է զորավարի գրագիր Եղիշե Քաջունին:

Հուլիսի կեսերին, երբ Անդրանիկը դադար էր առել Գողթնում, ժամանում է Ղարաբաղի Ազգային խորհրդի պատվիրակ Արշակ Շիրինյանը` զորավարին առաջարկելով իր զորամասով անցնել Ղարաբաղ և մնալ այնտեղ` խոստանալով հոգալ զորամասի բոլոր կարիքները: Անդրանիկը մերժում է` վկայակոչելով Նախիջևանի հայության ավելի վատ վիճակը: Շուտով սկսվում են հայ-թուրքական բախումները, հայերը պարտվում են: Գաղթում են հայկական Կզնուտ, Ղազանչի, Ապրակունիս հայկական գյուղերը, Նախիջևանի և Ջուլֆայի հայությունը` միանալով Անդրանիկին և թրքահայ գաղթականությանը: Այսպես, Անդրանիկը, զորամասը և գաղթականությունը 1918թ. հուլիսի 26-ին հասնում են Կապան, իսկ օգոստոսի 3-ին` Գորիս:

Ղարաբաղում շարունակվում էին հայ-ադրբեջանական բախումները, որոնք ուղեկցվում էին անասունների գողությամբ, զինված հարձակումներով, երբեմն` սպանություններով: Բրիտանացիները ստեղծված վիճակից ելք էին առաջարկում բնակիչների տեղափոխությունը. Ղարաբաղից հայերը գաղթեն Երևանի նահանգ, իսկ այնտեղից ադրբեջանցիները` Ղարաբաղ: ՙԲնակչության փոխանակության հարցը հաճախ մեր սեղանին էր դրվում, սակայն այն լուծվում էր ոչ թե խաղաղ համաձայնության ճանապարհով, այլ տարերային դեպքերի և արյունահեղ կռիվների հետևանքով: Այսպիսի ճամփով էր, որ Զանգեզուրը դարձավ զուտ հայկական` ազատվելով մահմեդական բավական շոշափելի բնակչությունից: Եվ այդ փոփոխության հետևանքով էր, որ Զանգեզուրը միացավ Հայաստանին և վերջնականապես ու այսօր Խորհրդային Հայաստանի սահմանների մեջ է: Մինչդեռ Ղարաբաղը հնարավոր չեղավ Հայաստանին կցել, թեև այն կարողացավ պահպանել իր ներքին ինքնավարությունը՚,- գրում է Խատիսյանը:

Անդրանիկի` Զանգեզուրի մահմեդական գյուղերը մաքրելու արշավը բուռն բողոքներ առաջ բերեց, թուրք Խալիլ փաշան հայկական կառավարությանը սպառնաց պատժիչ միջոցների դիմել: Իր պատասխանում վարչապետ Քաջազնունին հայտարարեց, որ ինքը ոչ մի իրավասություն չունի պարտիզանների վրա: Նա հիշեցրեց Խալիլին, որ Նուրի փաշան, Գանձակի նահանգը հայտարարելով ադրբեջանական տարածք, Զանգեզուրում արգելել էր հայկական կանոնավոր զորամասերի ներկայությունը: Հետևաբար` Հայաստանը չի կարող պատասխանատվություն կրել Զանգեզուրում տիրող վիճակի համար: Քաջազնունու անկեղծությանը կարելի էր կասկածել, բայց նրա պատճառաբանությունները տրամաբանական էին: Անդրանիկը հրաժարվել էր ճանաչել Հայաստանի Հանրապետությունը, որն իր համար ոչ այլ ինչ էր, եթե ոչ մի պատանդ Թուրքիայի ճանկերում, իսկ Բաթումի նվաստացուցիչ պայմանագիրը նա պիտակավորում էր դավաճանների գործ:

Անգլիացիներն ընտրում են հայատյաց Սուլթանովին

Գեներալ Թոմսոնը վավերացրեց Խան Խոյսկու` հունվարի 15-ին դոկտոր Խոսրով բեկ Սուլթանովի նշանակումը որպես ընդհանուր նահանգապետ: Հայերն ապշած էին ոչ միայն Ադրբեջանի նկատմամբ բրիտանական հովանավորությունից, այլև ընդհանուր նահանգապետի ընտրությունից: Ազդեցիկ մուսավաթական և հարուստ կալվածատեր Սուլթանովը վատ համբավ էր վաստակել: 1918թ. ամռան ընթացքում որպես Նուրի փաշայի օգնականներից մեկը, նա Ղարաբաղի մահմեդական բնակիչներին հրահրել էր իրենց հայ հարևաննների դեմ և գործուն մասնակցություն ունենալ Բաքվի գրավման գործում: Հանրահայտ էին նրա պանթուրանական հայացքները և մտերմությունն իթթիհադական հրամանատարների հետ:
Թոմսոնը չէր կարող անտեղյակ լինել այդ փաստերին, երբ թույլատրում էր Սուլթանովի նշանակումը, մի մարդու, որից սարսափում և որին ատում էին Ղարաբաղի հայերը: Հունվարի 26-ին` նախքան նույնիսկ այս նշանակման մասին լուրը կհաստատվեր Երևանում, Հայաստանի կառավարությունը դատապարտեց Ջևանշիրի, Ջեբրայիլի, Շուշիի և Զանգեզուրի գավառներում ընդհանուր նահանգապետություն հիմնելու Ադրբեջանի մտադրությունը` որպես ՙՀայաստանի տարածքային իրավունքների ոտնահարում՚: Ի պատասխան, Ադրբեջանը հայտարարեց իր ՙանվիճելի և անկապտելի՚ իրավունքն այդ տարածաշրջանի նկատմամբ և Հայաստանի բողոքը որակեց իր ՙներքին գործերին միջամտելու փորձ՚:

1919թ. փետրվարի կեսերին Շուշիում տեղի ունեցավ Ղարաբաղի հայերի չորրորդ համագումարը մերժեց Ադրբեջանի իշխանությունը ճանաչելու` Բաքվի կառավարության վերջնագիրը, և բողոքեց Սուլթանովին գեներալ-նահանգապետ նշանակելու որոշման դեմ: ՙՀամագումարը միաձայն որոշում է չճանաչել Ադրբեջանի իշխանությունը, քանի որ Ղարաբաղը, պատմական Սյունիքի մի մասը լինելով, իր գրեթե միատարր հայ բնակչությամբ պետք է կցվի Հայաստանին` որպես նրա անբաժան մասը: (Ղարաբաղի) թուրքական փոքրամասնության իրավունքն է` ունենալ իր ինքնավար ազգային մշակութային կյանքը` որպես Հայաստանի հպատակների՚:

Ղարաբաղի Հայոց ազգային խորհուրդը փետրվարի 24-ին Թիֆլիս ուղարկեց թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Տեր-Գրիգորյանին և իր անդամներից Հրանտ Բահատուրյանին` կարծելով, թե բրիտանական սպաներն ավելի զիջող կլինեն, եթե Ղարաբաղի խնդիրն ուղղակի նրանց ներկայացվի: Գեներալ Ֆորեսթիր Ուաքըրին հղած նրանց գրության մեջ լիովին անընդունելի էր համարվում բրիտանացիների` հայկական չորս գավառների վրա ադրբեջանական նահանգապետություն պարտադրելու նախագիծը: Ղարաբաղցիներն առաջարկում էին կազմել ժամանակավոր վարչություն, որով բուն Լեռնային Ղարաբաղը կառավարվեր յոթ հայերից և երեք մահմեդականներից կազմված խառը խորհրդի և Հայաստանի ու Ադրբեջանի փոխադարձ համաձայնությամբ, յուրաքանչյուր հանրապետությունից մեկական ներկայացուցչի կողմից: Զանգեզուրը պետք էր հաշվից հանել, որովհետև այն արդեն ուներ իր սեփական ինքնավար վարչությունը, և իրադրությունն այնտեղ բոլորովին տարբեր էր Ղարաբաղում տիրող վիճակից:

Հայ պատվիրակները փաստաթղթերի պատճենները տարան Բաքվի բրիտանական սպայակույտ և գեներալ Թոմսոնին խնդրեցին արգելել ադրբեջանական պաշտոնյաների նշանակումը Ղարաբաղում: Նրանք ներկայացրին խնդրի կարգավորման չորս տարբերակ. Ղարաբաղի ներառումը Հայաստանի կազմում, վարչական այն կառուցվածքի վերականգնումը, որը գոյություն ուներ Ղարաբաղում նախքան 1918թ. թուրքական ներխուժումը, բրիտանական ընդհանուր նահանգապետության հիմնադրում Լեռնային Ղարաբաղի, այսինքն` հայաբնակ Ղարաբաղի համար և չորրորդ` բրիտանական ընդհանուր նահանգապետության ստեղծում ամբողջ Ղարաբաղի համար` բաժանված հայկական և մահմեդական ինքնակառավարման առանձին գոտիների:

Եթե անգլիացիներն օգնեցին Հայաստանին` վերահսկողության տակ առնելու Կարսը և Նախիջևանը, ապա նրանք ամեն ինչ անում էին, որպեսզի Ղարաբաղը ենթարկվի Ադրբեջանին: Անգլիացիները հավաստիացնում էին, որ Սուլթանովի նշանակումը կապ չունի այդ շրջանների ապագա կարգավիճակի հետ, ՙնա այնտեղ գնում է միայն օրենքը և կարգը պահպանելու համար՚: Հայաստանի կառավարությունը պատասխանում է` նահանգապետի նշանակումը ՙչի կարող համարել իբրև արտահայտություն նույնիսկ անուղղակի ճանաչման Ադրբեջանի կառավարության թեկուզ ժամանակավոր գերիշխանության իրավունքի` այն գավառների վիճելի շրջանների վրա, որոնք այժմ պետք է ենթարկվեն դոկտոր Սուլթանովի իշխանությանը՚:

Առկա դժվարությունները և իր հնարավորությունները հաշվի առնելով` Հայաստանը կողմ էր Ղարաբաղի հարցի միջանկյալ լուծման, որը հաստատվում է արտգործնախարարության փաստաթղթերից մեկում. ՙՂարաբաղի լեռնային մասի բնակչության մեծ մասը հայեր են, և բնական է` նրանց համակրանքը Հայաստանի կողմն է: Մյուս կողմից, տնտեսական տեսանկյունից, Ղարաբաղի հայերը կապված են Բաքվի հետ, իսկ Ղարաբաղի հարթավայրային շրջանի թուրքական բնակչությունն անասունների իրենց հոտերով ղարաբաղյան լեռների կարիքն ունեն: Այս պայմաններում մարզի միացումը Հայաստանին կամ Ադրբեջանին կարող է դառնալ մեծ բարդությունների պատճառ, հետևաբար` ղարաբաղյան հարցի լուծման համար պետք է գտնել որևէ այլ ձև՚:

1919թ. մարտին գեներալ Թոմսոնի առաջարկով Ղարաբաղի հայերն ընտրեցին Բաքու մեկնելու պատվիրակություն, որը գլխավորեց Ազգային խորհրդի նախագահ Ասլան Շահնազարյանը: Երբ ղարաբաղյան պատվիրակությունը հասավ Բաքու, գեներալ Թոմսոնը շտապ մեկնել էր Թիֆլիս` Անդրկովկասում բրիտանական գերագույն հրամանատարի պաշտոնում փոխարինելու Ֆորեսթիր Ուաքըրին: Թոմսոնին Բաքվում փոխարինել էր գնդապետ Շաթելվորթը: Վերջինս պատվիրակության հետ մի քանի հանդիպումներից հետո հրապարակեց շրջաբերական, որի առաջին իսկ կետում ընդգծվում էր, որ ընդհանուր նահանգապետ նշանակված Սուլթանովը վայելում է անգլիական հրամանատարության աջակցությունը:

Արցախցիները և Հայաստանի կառավարությունը բողոքեցին: Ապրիլի 16-ին արտգործնախարար Տիգրանյանը Սուլթանովին հնազանդվելու ցուցումը համարեց անհանդուրժելի և կրկին կոչ արեց Ղարաբաղում ժամանակավոր բրիտանական կառավարում հաստատել` իբրև այլընտրանք այն գժտության, որն անխուսափելիորեն առաջ կբերեր Ադրբեջանի տիրապետությունը:

Ղայբալիքենդի ջարդը

Ապրիլին Շաթելվորթն Ազգային խորհրդին հրահանգեց անցկացնել հինգերորդ համագումարը (ապրիլ 21-29) և ճանապարհվեց Շուշի` անձամբ պարտադրելու իր կամքը: Բացման նիստում Շաթելվորթն ու Սուլթանովը խոստանում էին, որ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն անխախտ կմնա: Բրիտանացին հատուկ ընդգծում էր տնտեսական գործոնը` հայտարարելով, թե Ղարաբաղը սովի կմատնվի, եթե անջատվի արևելյան հարթավայրից և Բաթում-Թիֆլիս-Բաքու երկաթուղու վրա գտնվող Եվլախի հանգույցից:

Արցախցիների զայրույթի չափն արտահայտված է ապրիլի 25-ին տված պատասխանում. ՙԱդրբեջանը եղել և մնում է թուրքերի մեղսակիցն ու դաշնակիցը` թուրքերի կողմից հայերի նկատմամբ ընդհանրապես, և Ղարաբաղի հայերի նկատմամբ մասնավորապես, իրագործված բոլոր վայրագությունների մեջ՚: Պատասխանում ասվում էր, որ ադրբեջանցիները, հավատարիմ իրենց թուրքական նախահայրերին, եռանդով ջանում էին բնաջնջել հայերին:

Այս ընթացքում Թոմսոնը բանակցություններ էր վարում Երևանում: Վարչապետի պաշտոնակատար Խատիսյանին և արտգործնախարար Տիգրանյանին նա փորձում էր հավաստել, թե Ղարաբաղը չի կարող գոյատեւել առանց Եվլախից պարեն ներմուծելու` հատկապես հաշվի առնելով, որ հարմար ճանապարհ Ղարաբաղից Երևան չկա: Թոմսոնը Հայաստանին զիջում էր համարում իր խոստումը, որ Ադրբեջանի զորքերին չի թույլատրվի Խանքենդից այն կողմ անցնել, այսինքն` Զանգեզուրը չի ընդգրկվի ընդհանուր նահանգապետության մեջ: Թոմսոնը վերստին նշեց, որ Ղարաբաղում ընդհանուր նահանգապետության հիմնումը չի նշանակում այնտեղ Ադրբեջանի մշտական գերիշխանություն:

Թոմսոնի իմացությամբ և հավանությամբ Հայաստանից ոչ պաշտոնական ներկայացուցիչ ուղարկվեց Ղարաբաղ` հետազոտելու իրավիճակը և տվյալներ հայտնելու Երևան: Միքայել Արզումանյանի ժամանումը Շուշի համընկավ հինգերորդ համագումարի` Շաթելվորթին տված կտրուկ մերժումին: Բրիտանացին Արզումանյանից պահանջեց ՙխելքի բերել իր համառ հայրենակիցներին՚: Սակայն Արզումանյանը նույնքան անզիջում էր, որքան և հինգերորդ համագումարը:
Հայաստանը պաշտոնական նոր պատվիրակ նշանակեց փոխզիջման փոքրաթիվ կողմնակիցներից իշխան Հովսեփ Արղությանին: Գեներալ Շաթելվորթը մայիսի 10-ին կրկին եկել էր Շուշի և փորձում էր Արղությանին ստիպել, որ նա հրապարակավ հայտարարի, որ հայկական կառավարությունն ընդունում է Ղարաբաղում Ադրբեջանի ժամանակավոր կառավարումը: Արղությանը միայն պատրաստակամություն հայտնեց դիմել Ղարաբաղի և Զանգեզուրի հայերին, որպեսզի վերջիններս համագործակցեն բրիտանական իշխանությունների հետ: Շաթելվորթն Արղությանին իր հետ տարավ Զանգեզուր, պահանջեց, որ նա իր հայրենակիցներին հորդորի` հնազանդվելու Սուլթանովին: Գորիսում անգլիացի գեներալին այնքան թշնամաբար դիմավորեցին, որ նա մայիսի 19-ին զայրացած մեկնեց Բաքու:

Շուշիում ադրբեջանական ուժերը հունիսի սկզբին հարձակվեցին հայկական թաղամասերի վրա: Խոսրով բեկ Սուլթանովի եղբայրը` Սուլթան բեկը, մոտ 2000 թաթար-քրդական հեծելազորի հրամանատարությամբ գրոհեց հայկական Ղայբալիքենդ գյուղը: Բրիտանական մի սպա հաղորդել է, որ գյուղի 700 բնակիչներից կենդանի է մնացել 98 մարդ: Ապա մահմեդական ասպատակները հարձակվեցին մոտակա հայկական մի քանի գյուղերի վրա` Կրկժան, Փահլուլ և Ջամիլու, դրանք վերածելով ավերակների:

Ղայբալիքենդի կոտորածի լուրը փոթորկեց Հայաստանի կառավարական շրջանակները, հայոց եկեղեցին, Կովկասով մեկ սփռված հայկական համայնքները: Անդրկովկասում բրիտանական հրամանատարի պաշտոնում Թոմսոնին փոխարինած գեներալ-մայոր Ջորջ Նորթոն Կորիի գրասենյակը հեղեղվեց Ղարաբաղի հայերի անվտանգությունը ապահովելու և հանցագործ Սուլթանովին պատժելու պահանջներով: Երևանում հազարավոր մարդիկ դուրս եկան բողոքի ցույցի, Թիֆլիսում հայերի բազմության ալիքը գլխավորում էր բանաստեղծ Հովհաննես Թումանյանը:

ՙԱմոթալի բրիտանական քաղաքականություն՚

Կոտորածից հետո Սուլթանովը հեռացավ Շուշիից: Ադրբեջանի կառավարությունը բացատրեց, որ նա Բաքու է կանչվել խորհրդակցությունների համար, մինչդեռ Թիֆլիսի բրիտանական հրամանատարությունը հայտարարեց, որ իր պահանջով ընդհանուր նահանգապետը կախակայվել է պաշտոնից: Ամերիկյան զեկուցագրերում ասվում էր, թե Սուլթանովը ձերբակալվել և բանտարկվել է: Կորին Հայաստանի ղեկավարությանը հավաստիացնում էր, որ Սուլթանովը և մյուս հանցագործները հետ են կանչվել:

Բրիտանացիները կտրականապես մերժեցին Ղարաբաղը բրիտանական կառավարման տակ դնելու հայկական խնդրագիրը: Կորին նշում էր, թե Հայաստանը պիտի շնորհակալ լինի, որ բրիտանական պատասխանատուներն այլևս չեն պահանջում Զանգեզուրի ընդգրկումն ընդհանուր նահանգապետության սահմանների մեջ:

Հայկական կոտորածի առիթով բրիտանացիներն անցկացրին իրենց հետաքննությունը և պարզեցին, որ եթե Սուլթանովը կամենար, Ղարաբաղում արյուն չէր հեղվի: Ադրբեջանի խորհրդարանում նման եզրակացություն ներկայացրին նաև հայ պատգամավորները, ովքեր նոր էին վերադարձել Շուշիից: Խորհրդարանի մահմեդական մեծամասնությունը, սակայն, որոշում ընդունեց, որ ՙընդհանուր նահանգապետի գործողություններում չկա ապօրինության ոչ մի փաստ՚:
Կարճ ժամանակ անց պարզվեց, որ Սուլթանովը ո’չ կախակայվել է, ո’չ էլ ձերբակալվել ու պատժվել: Հունիսի վերջերին նա վերադարձավ Շուշի և առավել սարսափազդու վերսկսեց հայերին հնազանդեցնելու դժվարին գործը: Ամերիկյան պաշտոնյաները ապշահար էին այն բանից, ինչ նրանք անվանում էին անպատասխանատու և ամոթալի բրիտանական քաղաքականություն` գանգատվելով, որ կայսերական հրամանատարությունը սկզբում խնդրել էր ամերիկյան աջակցությունը Սուլթանովին կախաղան հանելու հարցում, բայց դրան միանգամայն հակառակ թույլ տվեց, որ չարագործը վերադառնա Շուշի:
Հուսալքությունը դարձավ համատարած, անգամ նրանց շրջանում, ովքեր լսել անգամ չէին ուզում զիջումների մասին: Շուշիի քաղաքագլուխը, առեւտրական և արհեստավորական դասերը, Ժողովրդական կուսակցության տեղական մասնաճյուղը սկսեցին հետագա դիմադրությունը դիտել անշրջելի աղետի նախերգանք` առաջարկելով փոխըմբռնման հասնել Ադրբեջանի հետ: Շատ դաշնակցական ղեկավարներ, Ղարաբաղի Հայոց ազգային խորհուրդը, միլիցիայի ղեկավարներն ու գյուղական բնակչությունը դեռևս մերժում էին անձնատուր լինելու նպատակահարմարությունը:

Արցախահայությանը հատկապես հիասթափեցրեց բրիտանական ռազմական նախարարության հայտարարությունը կայսերական ուժերը Շուշիից և ողջ Կովկասից դուրս բերելու ծրագրի մասին: Որքան էլ բրիտանացիներն ադրբեջանանպաստ դիրքորոշում ունենային, ակնհայտ էր նաև, որ նրանք կարող էին զսպող ուժ լինել Ղարաբաղը վերահսկողության տակ առնելու ձգտող Բաքվի ախորժակը չափավորելու հարցում:

Սուլթանովը Վահան եպիսկոպոսին և Շուշիի երևելի քաղաքացիներին հորդորեց հրավիրել նոր համագումար: Ազգային խորհուրդը համաձայնեց, թեև կարճ ժամանակ առաջ էր դատապարտել Սուլթանովին, իսկ դաշնակիցների ներկայացուցիչներին զգուշացրել, որ չնայած Ադրբեջանի` Շուշին զավթելու իրողությանը, Ղարաբաղը, միևնույնն է, չի հնազանդվի:

1919թ. հունիսի վերջին Վարանդայի Շոշ գյուղում հավաքվեց Ղարաբաղի վեցերորդ համագումարը, որին մասնակցում էին նաև Բաքվի ղարաբաղցիների ներկայացուցիչներն ու Ադրբեջանի կառավարությունից Շաֆի բեկ Ռուստամբեգովը: Մուսավաթական ներկայացուցիչը խոստացավ, որ Բաքվի կառավարությունը բարյացակամորեն կվերաբերվի Ղարաբաղի հանդեպ: Ղարաբաղցիները որոշեցին Ադրբեջանի հետ պաշտոնական բանակցություններ սկսել: ՙՕրակարգի հարցն էր Ազրբեջանի իշխանության ճանաչումը: Համագումարն ընտրեց 3 հոգանոց մի մարմին` Ռուբեն Շահնազարյան (ժողովրդական), Արամայիս Տեր-Դանիելյան և Գերասիմ Խաչատրյան (դաշնակցականներ), տալով նրան Ղարաբաղի կողմից Ազրբեջանի կառավարության հետ բանակցելու լիազորություն: Ճանապարհին Խաչատրյանը սպանվեց թուրքերի ձեռքով, իսկ մյուս երկուսը հասան Բաքու և ղարաբաղցիների Հայրենակցական միության ու Ազգային խորհրդի հետ խորհրդակցելուց հետո բանակցության մեջ մտան Ազրբեջանի կառավարության և Սուլթանովի հետ և հանգեցին որոշ համաձայնության: Ղարաբաղի ներկայացուցիչները և Սուլթանովը վերադարձան Ղարաբաղ: Սուլթանովը արտաքնապես փոխեց իր վերաբերմունքը. շատ սիրալիր էր դեպի հայերը և ամեն կերպ աշխատում էր գրավել նրանց համակրանքը: Հաստատվեց հայկական թաղում մի հայի տանը և հայտարարեց, որ Շուշի-Եվլախ ճանապարհն այլևս բաց է, և հայերը ազատ են ճամփորդելու՚,- գրում է Վրացյանը:

Ժամանակավոր համաձայնագրի ստորագրումը

Հայերը պատրաստվում էին յոթերորդ համագումարին, որը պիտի որոշեր Բաքվում կնքված համաձայնության ճակատագիրը. ղարաբաղցիները որոշելու էին` ընդունե՞լ Ադրբեջանի իշխանությունը, թե՞ շարունակել պայքարը: Սուր տարակարծություններ կային քաղաքացիների և գյուղացիների միջեւ. վերջինները մեղադրում էին քաղաքացիներին, որ նորից դավաճանել են` համաձայնելով համակերպվել Ադրբեջանի պայմաններին:

Օգոստոսի 12-22-ը Շոշում տեղի ունեցած յոթերերդ համագումարում դատապարտվեց Գերասիմ Խաչատրյանի, ինչպես նաև Ջրաբերդից Շոշ եկող երկու պատգամավորների սպանությունը: Համագումարը միահամուռ մերժեց Վահան եպիսկոպոսի դիմումը, որով առաջարկվում էր նիստերը տեղափոխել Շուշի և որդեգրել հաշտեցման քաղաքականություն: Իր հերթին` Սուլթանովը վերջնագիր ներկայացրեց` 48 ժամվա ընթացքում ընդունել ադրբեջանական կառավարության նախագիծը, այլապես կհնազանդեցվեն զենքի ուժով:

Համագումարի օրերին Բաքվում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ արցախցի Տիգրան Բեկզադյանն իր հայրենակիցներին ակնարկել էր, որ դրսից օգնություն ստանալու հնարավորություն չկա, և Ղարաբաղն ինքը պետք է պաշտպանի իրեն: Օգոստոսի 15-ին, հուսահատ համագումարը իր 15 անդամներին լիազորեց համաձայնություն կնքել Սուլթանովի հետ:

Օգոստոսի 22-ին տեղի ունեցավ հրապարակային արարողություն, որի ընթացքում Սուլթանովը, Վահան եպիսկոպոսը, հայ և մահմեդական այլ երևելիներ կարևորեցին ազգամիջյան եղբայրության անհրաժեշտությունը: Հայերն այլ ելք չէին տեսնում, քան Բաքվի հետ ժամանակավոր համաձայնագրի ստորագրումը, ըստ որի` Ղարաբաղը մինչևՓարիզի խաղաղության վեհաժողովում իր կարգավիճակի վերջնական լուծումը համարվում էր Ադրբեջանի սահմաններում գտնվող տարածք:

Սուլթանովը հայտարարեց, թե այսուհետ նոր դարագլուխ է բացվում Ղարաբաղի բնակչության կյանքում: Շուտով նշանակվում է քաղաքացիական գործերով մի հայ օգնական` Գիգա Քալանթարյանը, երեք այլ հայեր էլ ընտրվեցին ծառայելու համաձայնությամբ ստեղծված խորհրդում: Առերևույթ ճգնաժամն անցավ, ճանապարհները բացվեցին: Սուլթանովը հմտորեն շրջանցեց հայերի զինաթափումն արգելող հոդվածը` գործի դնելով վարձու հայ համագործակցողների, որոնք բարձր գներով հրացան և զինամթերք էին գնում:

Օգոստոսի 22-ի համաձայնությունն Ադրբեջանում ցնծությամբ ընդունվեց: ՙԱդրբեջան՚ թերթում ՙՄուսավաթի՚ առաջնորդ Մեհմեդ Էմին Ռասուլզադեն գրեց. ՙՂարաբաղը ազատվեց մեր համառ դրացիների ոտնձգություններից: Հայ ժողովուրդը բռնեց հարցի խաղաղ լուծման ճանապարհը և ընդունեց Ադրբեջանի գերիշխանությունը: Նախիջևանը շնորհիվ իր հերոս ու անձնվեր զավակների հայրենասիրության, օգտվեց ապստամբելու իրավունքից` միանալու հայրենիքին: Նախիջևանն իր սահմանից դուրս շպրտեց Հայաստանի բանակը: Գալով Զանգեզուրին` կարող ենք հույս ունենալ, որ նա էլ մոտ ժամանակում կդրվի անվնաս դրության մեջ, և որ Աստարա գետից և Սամուրի կամրջից սկսած մինչև Արաքս ու Ջուլֆայի կամուրջը կբացվի անարգել մի ճամփա՚:

Օգոստոսյան համաձայնությունից հետո Ղարաբաղի հայ գյուղացիությունը բաժանված էր երկու մասի` Հայաստանի և Ադրբեջանի կողմնակիցների: Հայ բոլշևիկները, ժողովրդական կուսակցությունը, սոցիալիստ հեղափոխականները և չեզոքներից որոշ պաշտոնյաներ ու մտավորական ուժեր առաջ էին տանում Հայաստանի կառավարության հակառակ քարոզչություն և ամեն կերպ ջանում ժողովրդի հոգեբանությունը թեքել դեպի Ադրբեջանին միանալու իրենց քաղաքականությունը: Գավառի գյուղացիությունը, Դաշնակցությունը և հայ սոցիալ դեմոկրատ կուսակցության ղեկավարող որոշ շրջանակներ և չեզոք ազգայիններ, հակառակը, կողմնակից էին Ղարաբաղը Հայաստանին միացնելու գաղափարին:

1919թ. հոկտեմբերին տեղի է ունենում ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովը, որը հրահանգ է տալիս Բյուրոյին` ապահովելու Ղարաբաղի միացումը Հայաստանին: Ըստ Վրացյանի` ժողովում գերիշխողը մաքսիմալիստական ձգտումներն էին, որոնք ՙչէին համապատասխանում ոչ մեր երկրի առարկայական պայմաններին, ոչ էլ մեր ժողովրդի կարողությունը՚:

ՙՀայաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերություններ հաստատելու կարիքն այնքան կարևոր էր Հայաստանի համար, որ ավելի իմաստուն կլիներ, որ այս հարցում որոշ չափով լինեինք վերապահ, մանավանդ, որ չէր կարելի չհամաձայնել այն մտքին, որ Ղարաբաղն Ադրբեջանի համար ավելի ևս կենսական նշանակություն ունի, քան Հայաստանի, և դժվար թե Ազրբեջանն այս հարցում տեղի տար` առանց արտաքին սաստիկ ճնշման՚:

ՙՂարաբաղի խնդիրն ուղղակի թունավորում էր Հայաստանի և Ադրբեջանի փոխհարաբերությունները: 1919թ. Սուլթանովը գրավեց Ղարաբաղը` առանց հաշվի առնելու տեղական ներկայացուցչական ժողովի կամքը և դրանով գրգռեց Ղարաբաղի հայերին: Հաշտության հասնելու նպատակով ես պայմանավորվեցի Ադրբեջանի կառավարության նախագահ Ուսուպբեկովի հետ հանդիպել Թիֆլիսում: Նոյեմբերի 23-ին մենք կազմեցինք ՙհամաձայնագիրը՚, որը նախատեսում էր միջին լուծում՚,- գրում է Խատիսյանը:

Նոյեմբերի 20-ին տեղի է ունենում վարչապետներ Խատիսյանի և Ուսուպբեկովի տեսակցությունը գլխավոր դաշնային տերությունների ներկայացուցիչ, Միացյալ Նահանգների բանակի գնդապետ Ռեյի առանձնասենյակում: Նոյեմբերի 23-ին ձեռք է բերվում համաձայնություն, որով Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները Ռեյի և Վրաստանի արտաքին գործերի նախարար Գեգեչկորիի ներկայությամբ պարտավորվում են դադարեցնել ընդհարումները, բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ ճանապարհով: ՙԱյս համաձայնությամբ վերջ գտավ Զանգեզուրի արյունահեղությունը, որ քիչ մնաց պատճառ դառնար հայ-ազրբեջանյան պատերազմի: Ճիշտ է, կռիվները շարունակվեցին, բայց այս անգամ արդեն նախահարձակը զանգեզուրցիներն էին: Նոյեմբերի վերջերին, ղափանցիները Երևանից նոր հասած Նժդեհի գլխավորությամբ մաքրեցին Օխչի չայի (Ողջի գետ) ապստամբ շրջանը: Դեկտեմբերի սկզբին մաքրվեցին Գեղվա ձորի մոտ 40 թրքաբնակ գյուղերը՚,- գրում է Վրացյանը:

Ղարաբաղի հայերի ութերորդ համագումարում, որը կայացավ 1920թ. փետրվարի վերջից մինչև մարտի 4-ը Շոշ գյուղում, մերժվում է Սուլթանովի պահանջը` ՙլուծել Ադրբեջանին Ղարաբաղի վերջնական միացման հարցը՚, քանի որ ՙյոթերորդ համագումարից հետո Ադրբեջանի կառավարությունը պարբերաբար խախտել է ժամանակավոր համաձայնության ամենագլխավոր կետերը՚:

Մասնավորապես, նկատի էր առնվում 1920թ. փետրվարի 22-ին Խանքենդիում, Ասկերանում և Շուշի-Եվլախ խճուղու վրա մի քանի հայերի սպանությունը և Խանքենդիի հայերի բնակարանների կողոպուտը: Սկսվում են ընդհարումներն Ադրբեջանի կազմակերպված բանակի և նրան միացած զինված թաթարների և Ղարաբաղի զինված գյուղացիության միջև, որը հույսը դրել էր Զանգեզուրի օգնության վրա: Ադրբեջանի նպատակն էր զինաթափել և վերջնականապես գրավել Ղարաբաղը: Ադրբեջանցիներին օգնելու նպատակով Շուշի էր մեկնել թուրք գեներալ Խալիլ փաշան:

Ապստամբություն և ջարդ Շուշիում

1920թ. մարտին Շուշիում բռնկվում է ապստամբություն: Խատիսյանը գրում է, որ Հայաստանի կառավարությունը Ղարաբաղում զինված ապստամբության հավանություն չէր տալիս, սակայն դա կազմակերպեցին կառավարությունից դուրս գտնվող ուժերը: Մարտի վերջերին գրանցվում են առաջին զոհերը: Ադրբեջանի արտգործնախարարը բողոքի նոտա է հղում, որին ի պատասխան` Խատիսյանը շեշտում է, որ իր կառավարությունը որևէ մասնակցություն չունի: Ապստամբությունը ձախողվում է, ադրբեջանական զորքերը հրդեհում են Շուշին, կոտորում քաղաքի հայ բնակչությանը:

Երեք օրերի ընթացքում սպանվեցին հազարավոր հայեր: Ջարդից վեց տարի անց Շուշի է այցելում Մարիետա Շահինյանը. ՙՉի մնացել ոչինչ, որ կյանք հիշեցնի: Առաջինը, որ ինձ ցնցեց, լռությունն էր: Այդքան սարսափելի լռություն ես չէի զգացել ոչ մի տեղ, երբե’ք: Այստեղ 1920թ. մարտին երեք օրվա ընթացքում հրդեհի ու ավերի են ենթարկվել 7000 տներ և մորթվել են, տարբեր թվեր են ասում, մեկն ասում է` երեք-չորս հազար, ուրիշները` ավելի քան 12 հազար հայեր՚:

Վրացյանը գրում է. ՙԱպստամբությունը կազմակերպված էր անփորձ մարդկանց ձեռքով: Հետևանքները կարող էին լինել շատ ավելի աղետաբեր, եթե ապրիլին Ղարաբաղ չհասներ Դրոն իր էքսպեդիցիոն զորամասով: Ապրիլին նա զորահավաք հայտարարեց Վարանդայում և Դիզակում, ամրացրեց ճակատները և 45 օր մնաց Ղարաբաղում: Ապրիլի 22-ին Թաղավարդ գյուղում հրավիրվեց Ղարաբաղի 9-րդ համագումարը, որը 44 ձայնով մեկի դեմ մի անգամ էլ որոշեց մերժել Ադրբեջանի իշխանությունը և Ղարաբաղը համարեց Հայաստանի մաս՚:

Ապրիլի կեսերին Ղարաբաղ էր հասել Դրոն, ով դեռ 1919թ. դեկտեմբերին նշանակվել էր Զանգեզուրի և Ղարաբաղի ընդհանուր հրամանատար: Նույն տարվա մարտին Հայաստանի կառավարությունը ստեղծել էր Զանգեզուրի ռազմական մարմին` փոխգնդապետ Արսեն Շահմազյանին նշանակելով գեներալ-կոմիսար: Ըստ Արսեն Միքայելյանի` Դրոյի մուտքը մեծ ոգեւորություն էր առաջ բերել: Դրոն պետք է վերակազմեր և ուժեղացներ Ղարաբաղի դիմադրական ուժը, և Ղարաբաղը միացներ Հայաստանին: Դրոյի ժամանումից կարճ ժամանակ անց Ղարաբաղ է գալիս նաև Նժդեհը` Կապանի իր զորամասով, և տեղավորվում Դիզակի շրջանում:

Ապրիլի 28-ին Ադրբեջանում հաստատվում են խորհրդային կարգեր, Նարիման Նարիմանովը ստանձնում է Հեղկոմի ղեկավարի պաշտոնը: Ապրիլի 29-ին մուսավաթական Սուլթանովն իրեն հայտարարում է Ղարաբաղի Հեղկոմի նախագահ և տեղի հայ ղեկավարներին նամակով տեղեկացնում, թե Ղարաբաղը ևս խորհրդայնացվել է և Խորհրդային Ադրբեջանի մաս է կազմում:

Ադրբեջանի խորհրդայնացումից երկու օր անց` ապրիլի 30-ին, ստացվում է արտգործկոմիսարի պաշտոնակատար Միրզա Դավուդ Հուսեյնովի վերջնագիրը` ուղղված Հայաստանի կառավարությանը, որում պահանջվում էր ՙմաքրել զորքերից Ղարաբաղի և Զանգեզուրի տարածքը, դադարեցնել ազգամիջյան կոտորածը՚, հակառակ դեպքում ՙԱդրբեջանի հեղկոմն իրեն կհամարի պատերազմական դրության մեջ Հայաստանի հետ: Վերջնագրի պատասխանի համար տրվում է երեք օր ժամանակ՚:

Վերջնագրում Նախիջևանի անունը չի հիշատակված, քանի որ սկսած 1919թ. կեսերից Նախիջևանը չէր ենթարկվում Հայաստանին: Մայիսի 1-ին ստացվում է նման մեկ այլ վերջնագիր Կովկասյան ռազմաճակատի ռազմահեղափոխական խորհրդի նախագահ Օրջոնիկիձեի և անդամներ Կիրովի, Մեխանոշինի և Լևանտովսկու ստորագրությամբ: Արտգործնախարար Համո Օհանջանյանը պատասխանում է, որ Ադրբեջանի տարածքի վրա հայկական զորքեր չեն եղել և չկան, հակառակը` ՙմուսավաթական կառավարության զորքերն ու բանդաները մինչև այժմ շարունակում են մնալ հայկական Ղարաբաղի շրջանում` կոտորելով հայ գյուղացիությանը և այրելով Շուշի քաղաքի հայկական մասն ու բազմաթիվ գյուղեր՚:

1920թ. մայիսին Դրոյի հետ բանակցելու են գալիս անդրկովկասյան ճակատի ռուսական Կարմիր բանակի ընդհանուր հրամանատար Օրջոնիկիձեի ներկայացուցիչները: Մայիսի 19-ին Դրոն հեռագրում է Հայաստանի զինվորական նախարարություն. ՙՇուշիից եկան բոլշևիկների ներակայացուցիչները` Անդրկովկասյան ճակատի ռազմական խորհրդի լիազորներ Սահակ Տեր-Գաբրիելյանը, Կարդալովը և Պերնանին, ինձ հետ խոսեցին Օրջոնոկիձեի անունից: Հայտնեցին, որ մտադիր են կարմիր-ռուս զորքեր մտցնել Ղարաբաղ: Մինչեւ Հակարի գետը Ղարաբաղը պետք է պատկանի Խորհրդային Ադրբեջանին՚:

Մայիսի 24-ին Չանախչի (Ավետարանոց) գյուղում տեղի է ունենում Հայաստանից եկած պաշտոնյաների՝ Դրոյի, Նժդեհի, գնդապետ Դմիտրի Միրիմանյանի և Արսեն Միքայելյանի խորհրդակցությունը: Որոշվում է Ղարաբաղի իշխանությունը հանձնել հայ բոլշեւիկներին: Մայիսի վերջերին իշխանությունը հանձնվում է բժիշկ Սարգիս Համբարձումյանին, և հայկական զորամասը` Դրոյի առաջնորդությամբ, Քիրսի վրայով հունիսի առաջին օրերին անցնում է Խծաբերդ և ապա` Զանգեզուր:
ՙԴրոն այդ խայտառակ նահանջը բացատրում է տեղեկությունների բացակայությամբ, բայց շան գլուխը թաքնված է եղել հայ զորավարի այլասերված ռուսասիրության մեջ: Ստույգ տեղեկություններ կան, որ Դրոն ասել է. ՙՌուսների դեմ դեռ գնդակ արձակած չկամ՚:

Անհայտ գրողի օրագիրը ծանր խոսքեր է ասում նաև արցախցիների հասցեին. ՙՄելիքների այդ դավաճան ծննդավայրը իր կաշին փրկելու համար ապերախտորեն բաց արավ Ղարաբաղի պողպատե դռները ռուս մի քանի հարյուրանոց զորամասի առաջ և այժմ, միացած նրանց, արշավ է սկսել իրեն սնուցող մոր` Հայաստանի վրա: Երջանիկ է ռուս ժողովուրդը հայի պես կույր սիրող և կույր հետեւող ունենալու համար: Ցավալին այն չէ, որ Ղարաբաղը առանց մի գնդակ արձակելու կամովին իր վիզը մեկնում է սովետական լծի տակ, այլ այն, որ նա խաղալիք դարձած շարժվում է Զանգեզուրի վրա` նրան ևս փաթաթելու իր չարաբաստիկ բախտը՚:

Հայաստանի վարչապետ Օհանջանյանը Ղարաբաղի, Զանգեզուրի և Դարալագյազի ՀՅԴ անդամների հետ հանդիպմանը Ղարաբաղն առանց կռվի բոլշևիկ-թաթարներին թողնելու իրողությունը ևս բացատրում է հայերի ՙկույր ռուսասիրությամբ, որը դարձել է մեր հասարակական-պետական կյանքի ամենացավոտ վերքը՚: ՙՇրջապատված լինելով մահմեդական անմարյացակամ ու թշնամի տարրերով, հայ ժողովուրդը մի կույր հավատ է ունեցել, թե այդ հեղձուցիչ մթնոլորտից ռուսն է, որ պետք է ազատի իրեն: Ղարաբաղի հայությունը, որ երկու-երեք տարի քաջաբար դիմադրեց թշնամու հարձակումներին՝ արգելելով թուրք-ադրբեջանական հորդաների ներխուժումը, այսօր դեռ չի ծառացել ռուս-թուրքական հրոսակախմբերի բռնության դեմ, չնայած որ կոմունիզմի դիմակի տակ իր տունն են մտել թշնամիները՚,- ասել է Օհանջանյանը՝ ակնարկելով, որ առաջին հերթին արցախցի ժողովուրդը չկռվեց ռուս-թաթար-թուրք ուժերի դեմ և ազատության փոխարեն նախընտրեց խորհրդայնացումը:

ՀՅԴ ՙՅառաջ՚ թերթը գրեց. ՙՂարաբաղ-Զանգեզուրը իրեն մոտեցող կարմիր բանակի կաս կարմիր գույնից կուրացած ոչ միայն մոռացավ, որ ինքը Հայաստանի անբաժան մասն է և նրան հավատարիմ մնալու սրբազան երդում է տվել, նա ոչ միայն իր ազատության անբիծ դրոշակը ցեխը շպրտեց թուրք-ադրբեջանական լիսալուսնի ոտքերի տակ դնելով և հպատակություն նրան հայտնելով, նա ոչ միայն իր դիակներով չպաշտպանեց ճանապարհը դեպի Հայաստան խոյացող մարդ բորենիներից, այլ հակառակը, ինքը ևս մասամբ բորենացավ, միացավ բորենիների ոհմակին՚:

Ռուսաստանը, խորհրդայանացնելով Ղարաբաղը, դա չի միացրել Ադրբեջանին: Ապացույցը 1920թ. օգոստոսի 10-ին Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի միջևկնքված համաձայագիրն էր, որով Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը համարվում էին վիճելի տարածքներ: Չնայած օգոստոսի 10-ի հայ-ռուսական պայմանագրին, բոլշևիկ-թաթարական խմբերը և թուրքերը հարձակումներ էին գործում Ղարաբաղ-Զանգեզուրում` առաջ շարժվելով դեպի Հայաստանի խորքերը, Նախիջևանի, Բասարգեչարի, Ղազախի կողմից խախտելով այդ պայմանագիրը:

ՙՅառաջը՚-ը առաջին էջի վրա ռուսերենից թարգմանած ՙԿարևոր փաստաթուղթ՚ հրապարակման մեջ ներկայացնում է Ղարաբաղի նահանգային հեղկոմի (18 հուլիս, 1920թ.) Շուշիից հղված խիստ գաղտնի նամակը Գորիսի գավառային հեղկոմին, որում ասվում է. ՙԸնկերներ, Ձեր հաջողություններն անչափ ուրախացնում են մեզ: Մենք չենք կասկածում, որ Բաքվի բաց թողած 100 միլիոնը իզուր պետք է անցնի: Թող Ալլահն օգնի փողի զորությունը, որն ավելի մեծ գործեր է կատարում, քան ամենալավ զորքը: Նա, ով գիտի հայերի հոգեբանությունը, միշտ էլ տեր կդառնա նրանց: Չկա հայ, մի հատիկն անգամ, որ փողով չծախեր ամեն ինչ: Այդ ազգը փողից մեծ սրբություն չի ճանաչել և չունի աշխարհում, և հենց դրանով պետք է բացատրել հայ լրտեսների, գործակալների հսկայական թիվը: Ոչ մի երկրում չի կարելի փողով անել այն, ինչ հայերի մեջ… Շատ սխալ է ձեր հին քաղաքականությունը` զորքով գրավել Ղարաբաղ-Զանգեզուրը… Չափսոսաք և ոչ մի գումար… Կառավարությունը որոշել է Ղարաբաղ-Զանգեզուրը Ադրբեջանին միացնելու գործի համար բաց թողնել 200 մլն. ռուբլի… Աշխատեք, ժամանակը կարճ է: Ընկերական բարևներով` Ասադ-Կարաև՚: Ղարաբաղի նահանգային հեղկոմի անդամներից երեքը հայ էին, վեցը` թաթար:

Օհանջանյանը մայիսի 31-ին հետագրել էր Խորհրդային Ռուսաստանի արտգործժողկոմ Չիչերինին, պատճենը` Լևոն Շանթի պատվիրակությանը և Օրջոնոկիձեին: Նրանում ասվում էր, որ Օրջոնիկիձեի լիազորների միջոցով Ղարաբաղի բնակչությանը հաղորդվել է ռուս կարմիր զորքերը Ղարաբաղի սահմաններ մտցնելու մտադրության մասին, և որ մինչև Հակարի գետը պետք է պատկանի Խորհրդային Ադրբեջանին: ՙՂարաբաղի 9-րդ համագումարը վերստին հաստատել էր նախորդ համագումարներում իր ընդունած աներեր որոշումը` միավորվելու Հայաստանի հետ: Նույն համագումարը կտրականապես մերժել էր Ադրբեջանի իշխանության ընդունումը: Այժմ, երբ իմ կառավարության պատվիրակությունը Մոսկվա է ուղեւորվել Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամական փոխհարաբերություններ հաստատելու համար, բոլորովին անհասկանալի է թվում Օրջոնոկիձեի առաջարկը Ղարաբաղի գյուղացիությանը, որպեսզի սա, հակառակ պարզորոշ արտահայտած իր կամքի, իրեն համարի Ադրբեջանի մաս՚:

Լուսանկարում՝ Հունոտ գյուղը 1900-ական թթ

Լույս է տեսել Թաթուլ Հակոբյանի «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև» գրքի 4-րդ հրատարակությունը