Չկան տարածքներ, կա անվտանգություն. Արցախը չի կարող զիջել իր անվտանգությունը

1473

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրառում է արել Ղարաբաղի խնդրի վերաբերյալ և ներկայացրել վեց կետ։ Վարչապետը գրառումն արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի ունեցած հրապարակային բանավեճ-քննարկումից հետո։

Փաշինյանի ներկայացրած Մյունխենյան սկզբունքները հետևյալն են․

1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:

2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի եւ բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը:

3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը:

4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում:

5. Հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար եւ Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաեւ Ադրբեջանը:

6. ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որեւէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է։

Փաշինյան-Ալիև քննարկում ղարաբաղյան հարցով՝ Մյունխենի համաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մասնակցեցին «Թարմացում Լեռնային Ղարաբաղի հարցով» խորագրով քննարկման, որը վարեց ԱՄՆ-Ռուսաստան հիմնադրամի նախագահ և գործադիր տնօրեն Սելեստա Վալենդերը։ Քննարկումից առաջ տեղի էր ունեցել երկու ղեկավարների հանդիպումը։