Տեր-Պետրոսյանի թիկնապահը. «Դարդ մի՛ արա, շե՛ֆ, շուտով սրա [Դեմիրել] թաղմանն էլ կգնանք»

6736

1995թ. հոկտեմբերին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Նյու Յորքում էր, որտեղ մասնակցում էր ՄԱԿ-ի հիսունամյակին նվիրված հոբելյանական հավաքին: Պատվիրակության կազմում էի նաև ես` որպես արտաքին գործերի փոխնախարար: Հոկտեմբերի 23-ին Նյու Յորքում Տեր-Պետրոսյանը հանդիպեց Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի հետ: Հայաստանի անկախացումից հետո դա Հայաստանի ու Թուրքիայի նախագահների առաջին հանդիպումն էր:

Մինչ այդ՝ 1993թ. ապրիլին Տեր-Պետրոսյանը Թուրքիայում մասնակցել էր Թուրգութ Օզալի թաղման արարողությանը:1993թ. Թուրքիան արդեն ամբողջովին փակել էր սահմանը Հայաստանի հետ, իսկ 1994թ. մայիսին հայկական և ադրբեջանական ուժերի միջև զինադադար էր հաստատվել: Սակայն իրավիճակը ռազմաճակատում շարունակում էր լարված մնալ:

Լարված մթնոլորտ էր նաեւ Տեր-Պետրոսյան–Դեմիրել հանդիպման առաջին իսկ պահից: Տեր-Պետրոսյանը, գործի դնելով թուրքերենի իր իմացությունը, մի քանի բառ փոխանակեց Դեմիրելի հետ՝ որոշակիորեն փոխելով մթնոլորտը: Սակայն, երբ սկսվեցին քննարկումները բուն թեմայի շուրջ, լարվածությունը գնալով աճեց:

Դեմիրելը փորձում էր հանդես գալ մեծ տերության ներկայացուցչի դիրքերից և անընդհատ «հայրական» խրատներ էր տալիս Տեր-Պետրոսյանին Լեռնային Ղարաբաղի, հարակից տարածքների, ինչպես նաև՝ հայ-թուրքական հին ու նոր հարաբերությունների մասին:

Տեր-Պետրոսյանը, բնականաբար, հակադարձում էր այդ ամենին` իրեն բնորոշ հանդարտ, բայց սուր ու համոզիչ ոճով: Հանդիպումն արդյունք չտվեց: Դեմիրելի որդեգրած ոճից ու տրամաբանությունից խորը հիասթափված՝ մենք հեռացանք հանդիպման սենյակից:

Վերելակում, երբ արդեն իջնում էինք, քար լռություն էր: Տեր-Պետրոսյանի թիկնապահ Ռոմիկը կատակեց. «Դարդ մի՛ արա, շե՛ֆ, շուտով սրա թաղմանն էլ կգնանք»:

Իմ` արտաքին գործերի նախարար նշանակվելուց հետո, Ռոբերտ Քոչարյանի հետ ներկա եղա Դեմիրելի հետ ևս երկու հանդիպումների: Առաջինը տեղի ունեցավ 1998թ. հունիսի 5-ին Յալթայում՝ Սևծովյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի ընթացքում, իսկ երկրորդը` 1999թ. նոյեմբերին՝ Ստամբուլում, ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ:

Այս երկու հանդիպումները ոչնչով չէին տարբերվում Տեր-Պետրոսյան–Դեմիրել հանդիպումից. չէին փոխվել ո՛չ Դեմիրելի մտածելակերպը, ոճն ու մոտեցումները, ո՛չ էլ հայկական կողմի պատասխանները:

Հատված նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանի «Անկախության ճանապարհով» հուշերի գրքից, էջ 158-159:

Հ. Գ. Ռոմիկը՝ Ռոմեն Ղազարյանը, ով ավելի հայտնի է գեներալ Բուդո մականունով, եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի Անվտանգության ծառայության պետը և մահացել է 2015-ի փետրվարին, Ռուսաստանում: