1 միլիարդ դոլար՝ բռնապետական ռեժիմների և կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի համար. Ջորջ Սորոս

1470

89-ամյա միլիարդատեր Ջորջ Սորոս հայտարարել է, որ մեկ միլիարդ դոլար կհատկացնի բռնապետական կառավարությունների և կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի համար, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը: Նրա կարծիքով, դրանք կրկնակի մարտահրավերներ են, որոնք վտանգում են քաղաքակրթության գոյությունը։

«Որպես երկարաժամկետ ռազմավարություն՝ մեր գխավոր հույսը որակյալ կրթության հասանելիությունն է, մասնավորապես՝ այն կրթությունը, որն ամրապնդում է անձի անկախությունը, զարգացնում քննադատական մտածելակերպը և ընդգծում ակադեմիական ազատությունը», – հայտարարել է Սորոսը՝ ելույթ ունենալով Համաշխարհային տնտեսական համաժողովում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նա անվանել է խաբեբա և ինքնասիրահարված։

Սորոսը Բաց հասարակության հիմնադրամների հիմնադիրն է: 1984 թվականից ի վեր նա 14 միլիարդ ԱՄՆ դոլար է նվիրաբերել:

Բաց հասարակության հիմնադրամները ողջ աշխարհում աջակցություն է ցուցաբերել այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք պայքարում են արտահայտման ազատության, թափանցիկության, հաշվետու կառավարության համար, ինչպես նաև այն հասարակություններին, որոնք խթանում են
արդարության ու հավասարության հաստատումը:

Այս բարեգործությունը հաճախ ուղղված է եղել նրանց, ովքեր խտրականության են ենթարկվում միայն իրենց ինքնության պատճառով, ինչպես օրինակ` Եվրոպայի գնչուները և հասարակության մեծամասնությունից դուրս մղված անձիք:

Սորոսն անձամբ կրել է նման անհանդուրժողականության դրսևորումներ: Ծնված լինելով 1930 թ. Հունգարիայում` նա վերապրել է երկրի նացիստական բռնազավթումը, որը հանգեցրեց Հունգարիայում բնակվող ավելի քան 500 000 հրեաների սպանությանը:

1947 թ.-ին, երբ իշխանության եկան կոմունիստները, Սորոսը հեռացավ Բուդապեշտից` մեկնելով Լոնդոն, ապա ներգաղթեց Միացյալ Նահանգներ` մուտք գործելով ֆինանսների ու ներդրումների աշխարհ, որտեղ նրան վիճակված էր մեծ
կարողության տեր դառնալ:

Սորոսն իր բարեգործական գործունեությունը սկսել է 1979 թ.-ին` կրթաթոշակներ տրամադրելով ռասայական խտրականության ենթարկվող սևամորթ հարավաֆրիկացիներին:

1980-ական թվականներին նա օժանդակել է տեսակետների բաց փոխանակմանը կոմունիստական Հունգարիայում: Բեռլինի պատի անկումից հետո նա ձգտել է ամրապնդել ժողովրդավարական գործընթացներն ու հաստատությունները
ողջ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում:

Սառը պատերազմի ավարտից հետո նա իր բարեգործական գործունեությունն ընդլայնեց նաև Միացյալ Նահանգներում, Աֆրիկայում և Ասիայում` օժանդակելով բազմատեսակ նոր գործողությունների, որոնք ուղղված էին առավել հաշվետու, թափանցիկ և ժողովրդավարական հասարակությունների ստեղծմանը: