Խանումյանը, Մայիլյանը, Ղուլյանը և Հարությունյանը արձագանքել են Փաշինյանին և ներկայացրել իրենց մոտեցումը

1272

Նիկոլ Փաշինյանը Կապանում ներկայացրել է Արցախյան բանակցությունների ներկա վիճակը

Ոմանք հույս ունեն, որ մեր վերջին շանսը Արցախի նախագահական ընտրություններն են, որ բոլորի կողմից, ժողովրդի կողմից մերժված ինչ-որ մեկին ինչ-որ մանիպուլյացիայի արդյունքում դարձնեն Արցախի նախագահ․ Կապանում հունվարի 25-ի մամուլի ասուլիսին այսպիսի հայտարարություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց դա էլ չի ստացվելու, որովհետև Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ղեկավարների և իշխանությունների համար այս սցենարը պարզ է, այս սցենարի սպառնալիքները ԱԱԾ-ի համար պարզ են, ու այս սցենարը պարզ է նաև Արցախի բնակչության համար։ Հիմա ասում են՝ կառավարությունը ոչ հայանպաստ քաղաքականություն է վարում Արցախի հարցում, և եթե Ղարաբաղում ընտրվի այնպիսի նախագահ, որը դեմ չէ Հայաստանի իշխանություններին, դա սպառնալիքներ է ստեղծում Արցախի համար»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով պնդումներին, թե Ղարաբաղի հարցում Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությունը ինքը կորցրել է, Փաշինյանը մանրամասնեց․

«Եկեք նայենք, թե ինչ ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հարցում։ Այս վերջերս լրատվական միջոցներից մեկում մի հոդված տպվեց, որտեղ, ըստ էության, փաստաթղթից մեջբերում էր, թե Սերժ Սարգսյանը որ կետում է թողել Ղարաբաղի բանակցային գործընթացը։ Եվ նախորդ իշխանությունների կողմից պաշտոնական հերքումներ չեղան։ Մենք կարող ենք ֆիքսել, թե ինչ ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանը, ինչ է սեղանին թողել բովանդակային Ղարաբաղի հարցի վերաբերյալ։

Երեք հիմնական պարբերություն, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերջնական նպատակներն այնպես, ինչպես նրանք կապված են միմյանց հետ։

-Ղարաբաղի հարցի կարգավորման նպատակներն են՝ Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունն է․ Յոթ շրջանների՝ Աղդամի, ֆիզուլիի, Ջեբրաիլի, Զանգելանի, Կուբաթլիի, Քելբաջարի և Լաչինի վերադարձը Ադրբեջանին՝ պայմանով, որ պահպանվում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցք։

– Կողմերի միջև համաձանեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունները հանդիսացող համընդհանուր քվեարկություն անցկացնելու միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերի սկզբունքներին՝ նպաստելով, որ քվերկության դրված հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել իրավիճակին վերաբերող բոլոր տարբերակները։ Տարածաշրջանում քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար կապերի ամբողջական կարգավորումը։ Դրացիական համագործակցության վերականգնում, Հարավային Կովկասի ամբողջական կայունության ապահովում։

– Վերաբնակները միջազգային հանրության օժանդակությամբ լքելու են առաջին պարբերությունում նշված շրջանների տարածքները, Ադրբեջանի քաղաքացիական իշխանությունները մտնելու են նշված տարածքները այն բանից հետո, երբ կտեղակայվեն խաղաղապահ միջազգային ուժերը և դուրս կհանվեն այդ շրջաններում ներկայումս գտնվող զինված ուժերը։ Խաղաղապահ միջազգային ուժերը կտեղակայվեն նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի վարչական սահմանների երկայնքով, բացառությամբ Քելբաջարի և Լաչինի շրջանների մաս կազմող հատվածների, Քելբաջարի շրջանը կմնա ԵԱՀԿ անցումային մշտադիտարկման տակ»։

Շարունակելով՝ Փաշինյանը նշեց, որ միևնույյն ժամանակ վերոնշյալ միջոցների ձեռնարկամնը զուգահեռ մինչ վերջնական խնդրի կարգավորումը Լեռնային Ղարաբաղը պետք է օժտվի ժամանակավոր կրգավիճակով, որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործունեության կազմակերպումը։

«Սա այն ժառանգությունն է, ըստ այս հրապարակման, չի հերքվել և դրվել է սեղանին։ Մեզ մեղադրում են, որ այս ժառանգությունը կորցրել ենք։ Ես ուզում եմ ասել հետևյալը՝ որ պահին հենց այս նույն կետից Հայաստանի Հանրապետությունը ուզենա շարունակել բանակցությունները, միջազգային հանրությունը ոչ մի պրոբլեմ չի ստեղծի»։

Փաշինյանն ասաց, որ թող Արցախի նախագահի բոլոր թեկնածուները ասեն՝ այս տեքստը իրենց համար ընդունելի է, թե ոչ․ «Թող Արցախի ժողովուրդը անսի՝ այս տեքստ իրենց համար ընդունելի է, թե ոչ, թող հայ ժողովուրդը ասի՝ այս տեքստն ընդունելի է, թե ընդունելի չէ։ Եթե Արցախի ժողովուրդը կորոշի, որ սա է այն բանակցությունների հիմքը, սա է ընդունելի տարբերակը, ես երաշխավուրում եմ, որ նույն պահին սա կհայտնվի բանակցային սեղանի շուրջ»։

Փաշինյանն ասաց, որ երբ ինքը դարձել է վարչապետ, իրեն առաջարկվել է, որ նույն  կետից շարունակի բանակցային գործընթացը, ինչ կետում ընդհատվել է Սերժ Սարգսյանի հեռանալով․ «Պատասխան տեքստը եղել է Ստեփանակերտում 2019-ի մարտին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների ըդհանուր նիստում իմ արտասանած տեքստը։

Հայաստանի որևէ կառավարություն Ղարաբաղի հարցով այնքան թափանցիկ չի եղել, ինչպիսինն է մեր կառավարությունը և ես»։

Վարչապետ նշեց, որ բանակցային սեղանին Որևէ թուղթ այս պահին չկա․ «Մենք պետք է իրար հետ աշխատենք (նկատի ունի Ադրբեջանի ղեկավարությանը) ավելի առարկայական քննարկումների փուլին մոտենալու համար։ Արդյոք արդյունավե՞տ ենք օգտագործել այս փուլը։ Այնքան էլ ոչ՝ մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով»։

Փաշինյանը շեշտեց՝ հայկական կողմի դիրքորոշումը կառուցողական է, և հստակ է, որ պետք է կարգավորել Ղարաբաղյան հարցը Ստեփանակերտում հռչակած սկզբունքների ու հայեցակարգի շրջանակում։

«Տարածաշրջանում խաղաղության և կայունության ապագայի համար պատասխանատվություն ենք կրում անձամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը, ես՝ որպես ՀՀ վարչապետ և Արցախի նախագահը, ինչ-որ առումով նաև սա ընդհանուր պատասխանատվություն է»,- հայտարարեց նա։

Գեղեցիկ Ոսկանյան

ՍիվիլՆեթ

Մասիս Մայիլյան․ կարգավորման առաջարկված սկզբունքները վերանայման կարիք ունեն

Արցախի արտգործնախարար և մարտի 31-ին կայանալիք ընտրություններում նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին։

Փաշինյանն այսօր Կապանում հրավիրված ասուլիսին ներկայացրել էր Ղարաբաղյան բանակցային գործընթացի իր ժառանգած իրավիճակը և ասել, որ թող Արցախի նախագահի թեկնածուները դրա վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնեն։

Մասիս Մայիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ընդունում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «չելենջը» և մեկ անգամ ևս իմ հստակ դիրքորոշումն եմ հայտնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացում միջնորդների առաջարկած հիմնական սկզբունքների վերաբերյալ։ 2009-ի հուլիսին հրապարակված կարգավորման երեք սկզբունքներին ու վեց տարրերին Արցախից առաջինն եմ քննադատաբար արձագանքել՝ նշելով դրանց կիրառումից բխող վտանգներն ու մարտահրավերները, և ցայսօր մնում եմ նույն կարծիքին։ Ներքոբերյալ հղումը թույլ կտա հանգամանորեն ծանոթանալ իմ դիրքորոշմանը։

Թե տարիներ շարունակ փորձագիտական մակարդակով և թե արտգործնախարի պաշտոնում միջնորդների հետ հանդիպումների և հրապարակային ելույթների ու հարցազրույցների ժամանակ բազմիցս նշել եմ, որ առաջարկված սկզբունքները հնացել են և վերանայման կարիք ունեն»։

Նիկոլ Փաշինյանին արձագանքել էր նաև Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ, Արցախի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը։ Նա ասել է, որ «Արցախի անկախությունը նվազագույն կարգավիճակն է, իսկ միացումը մայր Հայրենիքի հետ՝ մեր վերջնանպատակը»:

#CivilNet #News

Փաշինյանի հայտարարությանն արձագանքել է Արցախի նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը

Արձագանքելով ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամուլի ասուլիսում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների բովանդակության վերաբերյալ դիտարկումներին՝ որպես Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու՝ Արցախի խորհրդարանի ներկայիս խոսնակ Աշոտ Ղուլյանը մասնավորապես հայտարարել է հետևյալը․

1.    Արցախի անկախությունը նվազագույն կարգավիճակն է, իսկ միացումը մայր Հայրենիքի հետ՝ մեր վերջնանպատակը:

2.   Արցախի Հանրապետության  ներկայիս տարածքը մեր ժողովրդի անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքն է, որը զիջման ենթակա չէ:

3.   Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր ճակատագիրը որոշել է դեռևս 1991թ.՝ քվեարկելով հոգուտ անկախ պետականության:

4.   Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքների վերադարձի և հայ փախստականների հարցերը բանակցային գործընթացի անբաժանելի մաս պետք է լինեն:

5.   Առանց Արցախի մասնակցության լիարժեք ու բովանդակային բանակցություններ լինել չեն կարող:

«Վերոնշյալ բոլոր դրույթները հիմնարար են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ ու արդարացի կարգավորման համար»,- նշել է Ղուլյանը։

Կապանում այսօրվա ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց Արցախի նախագահի թեկնածուներին ասել՝ իրենց համար ընդունելի՞ է Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը ղարաբաղյան հարցում, թե՞ ոչ։

Արցախից Արայիկ Հարությունյանը ևս արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Արցախի նախագահի թեկնածու, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԼՂ հարցի վերաբերյալ արած հայտարարությանը։

Փաշինյանն այսօր Կապանում հրավիրված ասուլիսին ներկայացրել էր Ղարաբաղյան բանակցային գործընթացի իր ժառանգած իրավիճակը և ասել, որ թող Արցախի նախագահի թեկնածուները դրա վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնեն։

Արայիկ Հարությունյանը, որը նաև Արցախի խորհրդարանում ամենամեծ ներկայությունն ունեցող «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահն է, ի պատասխան Նիկոլ Փաշինյանի գրառման Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այսօր իմ ընտանիքին պատկանող մշակվող հողամասերը, որտեղից գոյանում է մեր տարեկան եկամուտի առյուծի բաժինը, գտնվում են Ակնայի (Աղդամ) և Մեխակավանի (Ջեբրայիլ) տարածքներում, որոնք անցած ավելի քան 23 տարվա ընթացքում խամ ու խոպան հողատարածքներից ճակատի քրտինքով ծաղկուն բուրաստանների ենք վերածել: Իսկ մեր հողակտորների հարևանությամբ հազարավոր անմշակ հեկտարներ դեռ սպասում են իրենց տերերին:

Դժվա՞ր էր:

Իհարկե, շատ…

Երջանկություն է հողի հետ աշխատելը, նաև կռիվ տալու պես մի բան, երբ երկար չարչարվելուց հետո վայելում ես բարիքը: Շատ եմ ասել ու հիմա էլ կկրկնեմ, որ այդ տարածքներում իմ տնկած ամեն մի ծառի տված բերքն ավելի մեծ կշիռ ունի, քան ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ հաճախ արվող քաղաքական շատ հայտարարություններ:

Ու, բարեբախտաբար, ինձ նման մարդիկ շատ կան, ովքեր բացի այդ հողի մշակը լինելուց, նաև տերն ու զինվորն են: Հենց արարող ձեռքն է Արցախն ավելի լավը դարձնելու:

Ի գործ…

#Արցախը_լոկ_տարածք_չէ_այլ_ՍՈՒՐԲ_ՀԱՅՐԵՆԻՔ»։

Հայկ Խանումյան. ղարաբաղյան խնդրի լուծումը տեսնում ենք առնվազն ներկայիս տարածքով և բազմակի բնակչությամբ Արցախի մեջ

Պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված հարցին` ընդունելի է ինձ/մեզ համար Սերժ Սարգսյանի ժառանգությունը Ղարաբաղի հարցում, թե ոչ, նշեմ.

Ես և Ազգային վերածնունդ կուսակցությունը ղարաբաղյան խնդրի լուծումը տեսնում ենք առնվազն ներկայիս տարածքով և բազմակի բնակչությամբ Արցախի մեջ: Մեզ համար անընդունելի է ցանկացած ժառանգություն, ցանկացած փաստաթուղթ, որտեղ խոսք է գնում տարածքային զիջումների մասին:

Խաղաղության ապահովումը հնարավոր ենք համարում միայն հզոր բանակով և թշնամուն խաղաղություն պարտադրելով, ինչի համատեքստում ողջունել ենք ՀՀ նոր իշխանությունների կողմից ռազմական ծախսերի ավելացումը, նոր սպառազինությունների գնումը, բանակային նոր ենթակառուցվածքների ստեղծումը և զինծառայողների սոցիալական վիճակի բարելավումը:

ՀՀ զինված ուժերից բացի այլ երկրի զինուժի ներկայությունն Արցախում անթույլատրելի է և այս առումով մերժում ենք խաղաղապահության ցանկացած գաղափար. միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ ժամանակակից աշխարհում խաղաղապահների ներկայությամբ անգամ ցեղասպանություններ են տեղի ունեցել: