Հ. Յ. Դաշնակցութեան 10րդ Ընդհանուր ժողովը. Սիմոն Վրացեան

804

Քաղաքական աննպաստ դեպքերի հետեւանքով հինգ տարի է, որ Հ. Յ. Դաշնակցութիւնը յարմարութիւն չէր ունեցել գումարելու իր հերթական Ընդհանուր Ժողովը:

Վերջին 9րդ Ընդհանուր Ժողովը տեղի էր ունեցել Երեւանում, 1919 թ. Հոկտեմբերին, երբ տակաւին կանգուն էր Հայաստանի Հանրապետութիւնը, երբ մեր ժողովուրդը անհամբեր սպասում էր Հայկական Հարցի վերջնական լուծման, երբ հայ քաղաքական միտքը դեռ ունէր յաղթողի հոգեբանութիւն, և մեր կուսակցութեան առջեւ բացւած էին գործունէութեան յափշտակիչ հորիզոններ: Մենք պատրաստվում էինք փակելու քաղաքական պայքարի առաջին շրջանը եւ անցնելու յաջորդին՝ պետական ստեղծագործութեան և տնտեսական շինարարութեան: Ոգեւորութեան, յոյսի և անսահման լավատեսութեան օրեր էին դրանք…

Այդ ժամանակից ի վեր, սակայն, շատ բան է փոխւած: Եւ առաջին ու ամենագլխավոր փաստը այն է, որ Հայաստանը նորից զրկւել է անկախութիւնից, կռւախնձոր է դարձած հարաւի ու հիւսիսի աշխարհակալ ուժերի ձեռքին և նորից ծւէն-ծւէն եղած՝ ընկել է թրքական ու ռուսական լծի տակ: Սեւրի Դաշնագիրը-հայկական ազատագրութեան այդ միջազգային charte-ը- փոխարինուած է Լօզանի խեղկատակութեամբ… Արեւմտեան և Բօլշեւիկ աշխարհակալների օգնութեամբ նորից յաղթողի հովեր է առել կործանւող Թիւրքիան և, իբրեւ հետեւանք նրա յաղթանակների, հայ ժողովրդի մի ահագին զանգւած դուրս է քշւած իր հայրենիքից և տրւած է աշխարհի չորս հովերին:

Խանգարուած է հայկական կեանքը ընդհանրապէս: Երկրի ժողովուրդը լուռ տառապում է պարտադրւած և անհնազանդ իշխանութեան ինքնակալական կրունկի տակ և իր հանապազօրեայ հացից դուրս ուրիշ բաների մասին մտածելու ժամանակ չունի: Հայ միտքը, ազգային մշակոյթը ամբողջութեամբ առնւած է կօմունիստական ժանդարմների հսկողութեան տակ և ճզմւած է անխնայ: Մտաւորականութիւնը խեղդւում է «պրօլետարական դիկտատուրա»ի ստեղծած հեղձուցիչ մթնոլորտում, տժգունանում է և խամրում: Նոր սերունը սիստեմատիկօրէն այլասերւում է ու թունաւորւում: Նրանից պատրաստում են «կոմկուս»ի համար կամազուրկ և հաւատարիմ մարդամեքենաներ:

Կապը Երկրի և գաղութների միջեւ կտրւած է, և Հայաստանի դռները փակւած են, որպէսզի ազատ արտասահմանից ներս չբերւեն ժողովրդի միտքը լուսաւորող վտանգաւոր գաղափարներ: Արտասահմանում հրատարակւած գրքի ու թերթի մուտքը արգիլւած է ամենախիստ կերպով: Երկրում հրատարկւած թերթն ու գիրքն էլ կամ չի հասնում՝ արտասահման կամ ՝ եթէ հասնում էլ է, շատ քիչ է կարդացւում, տարօրինակ ուղղագրութեան և պարունակած անհեթեթ գաղափարների պատճառով: Եւ Երկրի ու արտասահմանի միջեւ հոգեկան հաղորդակցութեան բացակայութեան հետեւանքով՝ գաղութահայ կեանքը չի կարողանում մտնել բնականոն հունի մէջ, ներդաշնակւել, կազմակերպւել ու յառաջադիմել: Ներքին անվերջ հակամարտութիւններ, կազմակերպութեան բացակայութիւն, ընդհանուր դժգոհութիւն, նախաձեռնութեան ոգիի պակաս, եսական ապրումների աճում, նոր սերնդի յարաճուն ուծացում, ապրուստի անստուգութիւն-ահա գաղութահայ կեանքի ընդհանուր պատկերը: Եւ այս ամենի գլխաւոր պատճառը այն է, որ գաղութների վրա չկայ Հայաստանի բարոյական կօնտրօլը, և այլ քաօսն ու շփոթը քաջալերւում են հէնց Հայաստանի վարիչների կողմից:

Նոյն շփոթը և՛ հասարակութեան մտքերի մէջ: Վերագնահատութիւններ, քաղաքական դեգերումներ, մտամոլոր որոնումներ, ոմանց մէջ բարոյալքում ու վհատութիւն: Ոմանք շտապում են աւետել նոր ուղիներ, ուրիշները ձգտում են «ամուր փակչել ռուսական կոճղին…»  Եւ սրա հանդէպ՝ հայ աշխատաւորութեան անյողդողդ կամքը ազատագրութեան և յամառ դիմադրութիւնն ու պայքարը անկախութեան վերանւաճման համար:

Անկախութեան պայքար է մղւում և Հայաստանի շուրջը, հիւսիս՝ Ատրբեջանում ու Վրաստանում ընդդէմ կարմիր իմպերիալիզմի, և հարաւ՝ Քիւրդիստանում, տաճկական բռնապետութեան դէմ: «Հանրապետական»  Թիւրքիան շարունակում է տանել նորանոր «յաղթութիւններ» և անխուսափելիօրէն, քայլ առ քայլ մօտենում է դէպի նոր փլուզումներ:

Խաղաղութիւն չկայ և յաղթանակած Եւրոպայում: Համաշխարհային պատերազմը՝ իր ահաւոր հետեւանքներով փաստօրէն յաղթող ու պարտւող չտւեց-պարտւեցին ամենքը: Պատերազմի դաշտում յաղթողները պարտւեցին տնտեսութեան և, մանաւանդ, հոգեբանութեան բնագաւառում: Շուկաների խանգարում, արտածութեան և ներածութեան տագնապ, արդիւնաբերութեան կրճատում և գործազրկութիւն, մոլեգին մրցութիւն նոր շահաստաններ գրաւելու և վառելիքի ու հում նիւթերի աղբիւրներ ապահովելու համար, փոխադարձ կասկած ու թշնամանք, գաղտնի դաւադրութիւններ, ընկերային բարքերի ահաւոր անկում-ահա յետպատերազմական Դաշնակիցների աններդաշնակ համերգը:

Այս համատարած քաօսի մէջ միակ մխիթարական ու զգաստացուցիչ երեւոյթն այն է, որ օրէ ցօր ուժեղանում է աշխատաւորական զանգուածների գիտակցութիւնը և կազմակերպելու ու միանալու թափը: Սօցիալիստական Միջազգայինի յարաճուն զարգացումն ու զօրացումը դրան ապացոյց:

Խոշոր գծերով այս էր միջազգային կացութիւնը և մեր ներքին կեանքը, երբ 1924 թ. Նոյեմբեր-1925 թ. Յունւարին գումարւեց Հ. Յ. Դաշնակցութեան 10րդ Ընդհանուր ժողովը, որին վիճակւած էր չափազանց դժւարին դեր- վերաքննութեան ու հաշւեյարդարի ենթարկել մեր վերջին հինգ տարիների գործունէութիւնը և նկատի առնելով կեանքում առաջ եկած նոր հանգամանքները՝ գծել ապագայի գործունէուեան ծրագիր: Կուսակցութիւնից դուրս մեր բարեկամներն ու չէզոք հասարակութիւնը լարւած հետաքրքրութեամբ սպասում էին, էթ ի՞նչ խօսք է ասելու հայ իրականութեան մեծագոյն քաղաքական կազմակերպութիւնը: Հակառակորդները չարախնդութեամբ գուշակութիւններ էին անում՝ ձեռքերը շփում այն ակնկալութեամբ որ մեր շարքերում տեղի կ’ունենայ երկպառակտութիւն, որից իրենք ևս կը շահեն:

… Պատգամաւորներ էին եկել Երկրից, Պարսկաստանից, Սիւրիայից, Եգիպտոսից, Յունաստանից, Բալկաններից, Ամերիկայից ևայլն: Օրակարգը կազմւած էր բազմակողմանի ու ճոխ: Հաւաքւած էր առատ նիւթ: Պատրաստւած էին ընդարձակ զեկուցումներ և մանրազնին լուսաբանութիւններ՝ քաղաքական, հաշւական, դատական, կազմակերպական ու ծրագրային հարցերի մասին: Այս Ընդհանուր ժողովը քաղաքական կուսակցութեան սովորական համագումար չէր սոսկ, այլ մի տեսակ պարլամենտ: Նա զբաղւեց ո՛չ միայն զուտ կուսակցական հարցերով, այլև իր անդամների և մարմինների կատարած պետական աշխատանքի քննութեամբ:

Ընդհանուր ժողովը ահագին աշխատանք կատարեց, և լուծում ստացան ընդարձակ օրակարգի բոլոր հարցերը: Եւ գոհունակութեամբ պէտք է արձանագրել, որ համերաշխութիւնն ու գաղափարական ներդաշնակութիւնը տիրող ոգին էին նիստերում: Աւելի քան երբեք ամենքի մէջ բարձր էր կուսակցութեան հզօրութիւնն ու միակամութիւնը պահպանելու գիտակցութիւնը: Եւ արդէն, պէտք է ասել, սուր հասկացողութիւնների ու տարակարծութիւնների առիթներ էլ չկային. զարմանալի զուգադիպութեամբ, Երկրի ու արտասահմանի մարմինների ու Շրջանային Ժողովների ուղարկած բոլոր որոշումները հիմնական հարցերի վերաբերմամբ համարեա բառ առ բառ համապատասխանում էին միմիեանց- պարզ ապացոյց, որ Կուսակցութիւնը իր բոլոր մասերով ապրում ու շնչում է գաղափարական միեւնոյն մթնոլորտի մէջ և ոգեւորում է միեւնոյն իդեալներով:

ԱՆԿԱԽ ԵՒ ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ

Առաջին և հիմնական հարցը, որով զբաղւեց Ընդհանուր ժողովը, բնականաբար, պէտք է լինէր կուսակցութեան քաղաքական իդէալի ձեւակերպումը և յետագայ քաղաքականութեան որոշումը – ուրիշ խօսքով «Անկախ և Միացեալ Հայաստան»ի պահանջի վերագնահատութիւնը: Այս մասին ներկայացւեցին մի շարք զեկուցումներ, որոնք հանգամանօրէն քննութեան էին ենթարկում հարցը, և մի քանի տեւական վիճաբանութիւններից յետոյ, Ժողովը միաձայնութեամբ վճռեց թէ այսուհետեւ եւս՝

«Հ. Յ. Դաշնակցութիւնը կը շարունակէ մնալ Անկախ եւ Միացեալ Հայաստանի տեսակետին վրա:

Անկախ Հայաստանի ստեղծումով պիտի միանան ու ամբողջանան մեր հայրենիքին երկու գլխաւոր հատւածներուն-ռուսահայ եւ թրքահայ-հողերը այն սահմաններով որ անհրաժեշտ են մեր երկիրը քաղաքականօրէն կենսունակ միաւոր մը դարձնելու եւ այսպիսով ապահովելու հայ ժողովրդի ֆիզիքական գոյութիւնն ու անոր տնտեսական եւ մշակութային բարգաւաճումը»:

Արխանգելսկից մինչեւ Մեղրի բոլոր ժողովուրդները նզովում են տիրող կարգերը:

Պնդելով Հայաստանի անկախութեան պահանջի վրա՝ Դաշնակցութիւնը մեկնում է հայկական միջավայրի առարկայական և ենթակայական պայմաններից: Առարկայօրէն միայն անկախ Հայաստանում կարող է համախմբւել հայ ժողովուրդը, արմատապէս լուծել թրքահայ կնճիռը և իր զարգացման համար ապահովել լաւագոյն յարմարութիւններ: Ենթակայօրէն՝ Դաշնակցութեան պահանջը բխում է հէնց ժողովրդի գիտակցութիւնից:

Հ. Յ. Դաշնակցութեան 10րդ Ընդհանուր ժողովը Հայաստանի անկախութեան մասին ընդունած բանաձեւով միայն ձեւակերպել և մի անգամ ևս ուժգնօրէն յայտարարել է ա՛յն, ինչ որ տարիներից ի վեր խոր արմատներ է ձգած հայ իրականութեան մէջ և գիտակցված պահանջ է հայ աշխատավորութեան համար: Իբրեւ իրատես և կենդանի գործի կուսակցություն, Դաշնակցութիւնը իւրացրել եւ գործնական քաղաքականութեան առարկայ է դարձել այն, ինչ որ արդէն կեանքն է հասունացրել: Սրա մէջ է մեր կուսակցութեան ոյժը և նրա հետապնդած գաղափարների կենսունակութիւնը:

Դրօշակ, Յուլիս, 1925թ