Թաթուլ Հակոբյանը հանդիպել է «Փյունիկի» տնօրեն Հայկ Ղազազյանի և «Լոռի ՖԱ»-ի հիմնադիր Թովմաս Գրիգորյանի հետ

875

Այսօր, դեկտեմբերի 13-ին, «Դովեղ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թաթուլ Հակոբյանը 40-ական րոպե տևողությամբ երկու առանձին հանդիպումներ է ունեցել «Փյունիկի» տնօրեն Հայկ Ղազազյանի և «Լոռի ՖԱ»-ի հիմնադիր Թովմաս Գրիգորյանի հետ՝ վերջիններիս առաջարկով։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի ֆուտբոլի ինչպես մանկապատանեկան, այնպես էլ Բարձրագույն և Առաջին խմբի առաջնությունների հետ կապված խնդիրներ, ինչպես նաև՝ դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների ընտրությունների հետ կապված հարցեր։

«Փյունիկի» տնօրեն Հայկ Ղազազյանը առաջադրվել է ՀՖՖ գործկոմի անդամի, իսկ Թովմաս Գրիգորյանը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար։

Թովմաս Գրիգորյանը ՀՖՖ նախագահի երեք թեկնածուներից է (մյուս երկուսը՝ ՀՖՖ փոխնախագահ և գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյան և հայ նշանավոր ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյան

ՀՖՖ նոր գործկոմի անդամներ են առաջադրվել 24 հոգի, որոնցից ընտրվելու է 15-ը։

—————–

Ի գիտություն

Դովեղ ֆուտբոլային ակումբ ՀԿ-ն, որ հիմնադրվել է 2018-ի մարտին, չի առաջադրել ՀՖՖ նախագահի կամ գործկոմի անդամի թեկնածու, ինչի հնարավորությունը ունեցել է, ինչպես մյուս ակումբները:

Դովեղ ՖԱ ՀԿ-ն մեկ ձայնի իրավունքով մասնակցելու է դեկտեմբերի 23-ի արտահերթ ժողովին և քվեարկելու է (կամ չի քվեարկելու) ՀՖՖ նախագահի երեք թեկնածուներից և գործկոմի անդամության 24 թեկնածուներից որևէ մեկի օգտին:

Կարևորելով թափանցիկությունն ու նոր մշակույթի ներդրումը հայկական ֆուտբոլում՝ տեղեկացնում ենք, որ մինչև 22-ը ներառյալ պատրաստ ենք հանդիպել ՀՖՖ նախագահի բոլոր երեք և գործկոմի անդամության բոլոր 24 թեկնածուներին՝ պայմանով, որ

ա. Այդ ծանոթություն/հանդիպում/զրույց/քննարկումները չեն կարող լինել գաղտնի կամ խորհրդապահական,

բ. Այդ հանդիպումների մասին պետք է տրվի տեղեկատվություն լրատվամիջոցում/ներում կամ ակումբի ու անձնական ֆեյսբուքում` առնվազն մեր կողմից:

Դովեղ ֆուտբոլային ակումբ ՀԿ

13 դեկտեմբեր, 2019