Թաթուլ Հակոբյանի խոսքը դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների ընտրությանն ընդառաջ

846

Հայկական ֆուտբոլի հարգարժան ներկայացուցիչներ, ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամության թեկնածուներ, մարզական լրագրողներ, ֆուտբոլիստներ, ֆուտբոլասերներ…

Այսօրվանից սկսած մինչև դեկտեմբերի 23-ը՝ ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների ընտրությունները, ես, լինելով լրագրող և Դովեղ ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպության հիմնադիր, որևէ կերպ չեմ անդրադառնալու այդ ընտրություններին, ՀՖՖ նախագահի երեք և գործկոմի անդամության 24 թեկնածուների գործունեությանը ինչպես լրատվամիջոցներում, այնպես էլ սոցիալական ցանցերում:

Այս կերպ ես կփորձեմ պահել իմ անաչառությունը և վնաս կամ օգուտ չհասցնել նախագահի կամ գործկոմի անդամության թեկնածուներին՝ հայկական ֆուտբոլի համար այս զգայուն պահին:

Մեր ակումբը չի առաջադրել ՀՖՖ նախագահի կամ գործկոմի անդամի թեկնածու, ինչի հնարավորությունը ունեցել ենք, ինչպես մյուս ակումբները:

Մենք մեկ ձայնի իրավունքով մասնակցելու ենք դեկտեմբերի 23-ի արտահերթ ժողովին և քվեարկելու ենք (կամ չենք քվեարկելու) ՀՖՖ նախագահի երեք թեկնածուներից և գործկոմի անդամության 24 թեկնածուներից որևէ մեկի օգտին:

Հասկանալի և տրամաբանական է ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամության թեկնածուների ցանկությունը հանդիպել և զրուցել այն երեք տասնյակ ակումբերի ղեկավարների հետ, որոնց քվեարկությունից է կախված նրանց ընտրությունը:

Կարևորելով թափանցիկությունն ու նոր մշակույթի ներդրումը հայկական ֆուտբոլում՝ սիրով տեղեկացնում եմ, որ դեկտեմբերի 9-ից մինչև 22-ը ներառյալ պատրաստ եմ հանդիպել ՀՖՖ նախագահի բոլոր երեք և գործկոմի անդամության բոլոր 24 թեկնածուներին՝ պայմանով, որ

ա. Այդ ծանոթություն/հանդիպում/զրույց/քննարկումները չեն կարող լինել գաղտնի կամ խորհրդապահական,

բ. Այդ հանդիպումների մասին պետք է տրվի տեղեկատվություն լրատվամիջոցում/ներում կամ ակումբի ու անձնական ֆեյսբուքում` առնվազն մեր կողմից:

Հարգանքներով և բարեկամաբար՝

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթի լրագրող, ԱՆԻ կենտրոնի համակարգող և Դովեղ ՖԱ-ի հիմնադիր