Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշման տեքստը. 1 դեկտեմբերի, 1989թ

5839

Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի որոշումը Հայկ. ԽՍՀ-ի և ԼՂԻՄ-ի վերամիավորման մասին

     1 դեկտեմբեր, 1989թ.

Հիմնվելով ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքների վրա և արձագանքելով հայ ժողովրդի` բռնությամբ տարանջատված երկու հատվածների վերամիավորման օրինական ձգտմանը` Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհուրդը և ԼՂԻՄ Ազգային խորհուրդը որոշում են.

  1. Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է ԼՂԻՄ-ի ինքնորոշման փաստը` հաստատված ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի 1988թ. փետրվարի 20-ի և հուլիսի 12-ի նստաշրջանների, ինչպես նաև մարզի բնակչության լիազոր ներկայացուցիչների 1989թ. օգոստոսի 16-ի համագումարի և Ազգային խորհրդի հոկտեմբերի 19-ի նիստի որոշումներում:
  2. Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է ԼՂԻՄ լիազոր ներկայացուցիչների համագումարը և նրա ընտրած Ազգային խորհուրդը` որպես մարզի` ներկայում գործող միակ օրինական իշխանություն:
  3. Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհուրդը և ԼՂԻՄ Ազգային խորհուրդը հռչակում են Հայկ. ԽՍՀ-ի և ԼՂԻՄ-ի միավորումը: ԼՂԻՄ բնակչության վրա տարածվում են Հայկ. ԽՍՀ-ի քաղաքացիական իրավունքները:
  4. Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհուրդը և ԼՂԻՄ Ազգային խորհուրդը ստեղծում են համատեղ հանձնաժողով (իր աշխատանքային ապարատով)` Հայկ. ԽՍՀ-ի և ԼՂԻՄ-ի վերամիավորումն իրականացնելու ուղղությամբ գործնական քայլեր մշակելու համար:
  5. Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհուրդը և ԼՂԻՄ Ազգային խորհուրդը պարտավորվում են ներկայացնել Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի հայ բնակչության ազգային շահերը:
  6. Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը Հայկ. ԽՍՀ նախարարների խորհրդին և ԼՂԻՄ Ազգային խորհրդի նախագահությանը հանձնարարում է գործադրել սույն որոշումից բխող բոլոր անհրաժեշտ միջոցառումները` իրականացնելու Հայկ. ԽՍՀ-ի եւ ԼՂԻՄ-ի քաղաքական, տնտեսական և  մշակութային կառուցվածքների իրական միաձուլումը միասնական պետական-քաղաքական համակարգում:

Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ՝ Հրանտ Ոսկանյան,

     Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի նախագահ՝ Վաչագան Գրիգորյան:

Լուսանկարում՝ Հրանտ Ոսկանյան