Սերժ Սարգսյան. Իմ անձի հետ կապված վախենալու որևէ բան  չունեմ

1585

Հայաստանի երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր, հոկտեմբերի 30-ին, ՀՀԿ քաղաքական դպրոցի շրջանավարտներին ավարտական վկայականներ է հանձնել։

Միջոցառման ավարտին, շրջանավարտներից մեկի հարցին, թե չի՞ վախենում, որ մի օր էլ ինքը կձերբակալվի, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ այսքան զրպարտություններից հետո ինչի՞ վրա պետք է զարմանա.

«Ինչպես հայտնի է` ոչ մի բանից չի վախենում միայն կատարյալ հիմարը: Ես 1988-ից հետո, իրոք, վախեցել եմ`վախեցել եմ կորցնել մեր հայրենիքի մի մասը` Լեռնային Ղարաբաղը, ինչը, իհարկե,  շատ մեծ ու իրական վտանգ կբերեր մեր հայրենիքի մնացած ու վերջին մասի համար: Բայց հազարավոր, տասնյակ հազարավոր նվիրյալների հետ միասին նայելով այդ վախի աչքերի մեջ՝ մենք կարողացել ենք հաղթահարել այդ վախը՝ պատերազմի ձեզ հայտնի արդյունքներով:

Հիմա ես վախենո՞ւմ եմ, թե՞ չեմ վախենում: Հիմա էլ եմ վախենում. վախենում եմ անպատասխանատու պոպուլիստների`մեր հայրենիքի համար կործանանար քաղաքականությունից: Իմ անձի հետ կապված վախենալու որևէ բան  չունեմ: Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, եթե  ինձ ձերբակալելով մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը կհամարվեն ամբողջովին բացահայտված, եթե ինձ ձերբակալելով մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, եթե ինձ ձերբակալելով Լեռնային Ղարաբաղի բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, ապա թող ձերբակալեն: Գիտեք, ինչպես ասացի, միայն կատարյալ հիմարը չի վախենում ոչ մի բանից: Իմ կարծիքով՝ վախկոտ են համարվում այն մարդիկ, ովքեր ինչ-որ ազդեցությունների հետևանքով հաճախ փոխում են իրենց որոշումները: Ես որոշում փոխող չեմ, երբեք չեմ փոխել իմ որոշումը: Եթե իմ բացակայությունը հասարակությունից կնպաստի, որ տնտեսական  հեղափոխությունը շատ մեծ թափ ստանա և հայրենադարձների հոսքն այնքան մեծանա Հայաստան, որ մենք դրանով ուղղակի հպարտանանք, թող ձերբակալեն: Ավելին չեմ ուզում ասել, որովհետև, ինչպես հայտնի է, ես խոստացել եմ պարզ ու անկեղծ զրույց ունենալ մեր քաղաքացիների հետ, և դրա ժամկետը մոտենում է»,- ասել է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: