Թուրքիայի և Ցեղասպանության հարցում Փաշինյանի ուղերձը ավելի կոշտ էր, քան նախկինում

1269

«Կարևոր է, որ Փաշինյանը միջազգային հանրությանը ներկայացրեց` ինչպիսի պայքար է մղում Հայաստանը կոռուպցիայի դեմ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործեց՝ միջազգային հանրությանը ներկայացնելու, թե ինչպիսի անհաշտ պայքար է մղում հետհեղափոխական Հայաստանը կոռուպցիայի դեմ։ «Սիվիլնեթ»-ի մեկնաբան Թաթուլ Հակոբյանը կարևորում է, որ երկրի ղեկավարը չշրջանցեց այդ հարցը։

«Միջազգային, հատկապես արևմտյան աշխարհի մեր գործընկերները միշտ Հայաստանին մեղադրում էին կոռումպացված լինելու մեջ, ոչ ժողովրդավարական լինելու մեջ, մարդու իրավունքները խախտելու մեջ։ Հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է, որ տեսեք, մենք ունեցել ենք ազատ և արդար ընտրություններ, մենք պայքար ենք մղում կոռուպցիայի դեմ, մենք մարդու իրավունքները հարթում ենք», – ասաց Թաթուլ Հակոբյանը։

Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի ելույթում խոսել էր հայաստանյան ժողովրդավարական բարեփոխումների մասին՝ ասելով, թե երկրի ներսում կա որոշակի դիմադրություն նախկին կոռումպացված վերնախավի կողմից։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է՝ Փաշինյանն այդ մասին բարձրաձայնելով նաև արտաքին դաշնակիցներ էր փնտրում Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին աջակցելու համար։

«Ակնառու է, որ Հայաստանը ներկայումս բարեփոխումների փուլը հնարավորինս անցնցում անցնելու համար, որովհետև այդ բարեփոխումները ոչ պոպուլյար մի շարք որոշումներ են ենթադրում, էդ փուլն անցնցում անցնելու համար Հայաստանն ունի, իհարկե, արտաքին աջակցության կարիք, և վարչապետը գործնականում նաև խոսում էր էդ մասին», – նշեց Բադալյանը։

Փաշինյանի այն հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար, մեկնաբան Թաթուլ Հակոբյանը նոր չի համարում։ Ասում է՝ Հայաստանի բոլոր ղեկավարներն էլ, ըստ էության, հենց այդ «լեզվով» են խոսել միջազգային հարթակներում։ Սակայն մեկնաբանը նկատում է՝ Փաշինյանն այդ ասելով՝ նաև այլ շեշտադրումներ էր անում։

«Նախ շեշտում է այս հակամարտության եռակողմ լինելը` սա շատ կարևոր շեշտադրում է, և երկրորդ` շեշտադրում է, որ մենք պատրաստ ենք գնալու տրամաբանված լուծումների, որը 50 տոկոսով մեզ ձեռնտու կլինի, 50 տոկոսով Ադրբեջանին ձեռնտու կլինի», – ընդգծեց Հակոբյանը։

«Սիվիլնեթ»-ի մեկնաբանը նկատում է նաև` թեև Փաշինյանի ելույթում Հայոց ցեղասպանության մասին լայն անդրադարձ չկար, ինչպես ընդունված էր նախկինում, սակայն միջազգային հանրությանը խնդիրը լսելի դարձնելու համար Փաշինյանն ավելի արդյունավետ ուղերձ է օգտագործել։

«Հայաստանի այսօրվա ղեկավարը խոսում է ոչ թե անցյալից, այլ խոսում է այսօրվա սպառնալիքից՝ հիշեցնելով, որ այդ սպառնալիքը եղել է նաև անցյալում և վերածվել է Հայոց ցեղասպանության։ Ես կարծում եմ, որ սա շատ ավելի ընկալելի լեզու է միջազգային արենայում, քան այն լեզուն, որ կարող է մեզ համար շատ հայրենասիրական, պաթոսային թվալ, որ, այո, 1,5 միլիոն հայեր ջարդվեցին մահվան երթերում», – նշեց Թաթուլ Հակոբյանը։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն էլ վարչապետի խոսքի՝ Թուրքիային վերաբերող հատվածում այլ ակնարկներ է տեսնում, մասնավորապես` ռուս-թուրքական զարգացող հարաբերությունների ֆոնին, երբ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը սպառազինություն է վաճառում Հայաստանին երեք տասնյակ տարի շրջափակման մեջ պահող պետությանը։

«Էս շեշտադրումը, ես կարծում եմ, որոշակի ակնարկ էր Մոսկվային, որի մեր ռազմավարական գործընկեր լինելու հանգամանքը Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, բայց այս ակնարկով նաև որոշակիորեն ահազանգ է, որ էդ գործընկերությունը չի կարող ենթադրել Հայաստանի համար սպառնալիք ներկայացնող պետությանը այդպիսի սպառազինության մատակարարում, տեխնոլոգիաների մատակարարում», – ասաց քաղաքական մեկնաբանը։

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրաձայնել էր Թուրքիայի հետ փակ սահմանի մասին։ Մասնավորապես ասելով՝ հրաժարվելով Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց, Ադրբեջանին աջակցելով ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի՝ Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք հայ ժողովրդի համար, որն արդեն մեկ անգամ եղել է ցեղասպանության զոհ։