1996-ի սեպտեմբերի 26․ Շավարշ Քոչարյանի և մյուս ընդդիմադիրների ծեծը խորհրդարանում

3852

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ԾԵԾԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈւՄ

Արմեն Զաքարյան, «Երևան»լրատվական կենտրոն

Քաշքշուկ եղել էր, բայց այդօրինակ ծեծ այսքան ժամանակ Հայաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում չէր եղել: Նախադեպը արձանագրվեց ՀՀ կառավարության նախաձեռնությամբ [1996թ.] սեպտեմբերի 26-ին հրավիրված արտահերթ նստաշրջանում:

Սահմանադրական կարգով իրեն վերապահված ԱԺ նիստ գումարելու նախաձեռնությունից օգտված կառավարությունն ինքը ևս նիստին ներկա էր, սակայն ամենևին էլ կարևոր դերակատարություն չուներ ծավալվող իրադարձություններում: Ինչպես և սովորաբար` գործունեության հիմնական դաշտում նորից պատգամավորական կորպուսն էր: Որ մթնոլորտը ահավոր լարված է, նկատվեց առաջին իսկ շարժերից, երբ Մերուժան Տեր-Գուլանյանը մոտեցավ նախագահությանը: Մի բղավոց, որ հրամայական տոնով նրան տեղում նստելու պատվեր տվեց, անմիջապես վերածվեց գործի:

Խորհրդարանը 145 կողմ, 2 դեմ, 0 ձեռնապահ ձայնով արդեն հավանություն էր տվել ԱԺ պատգամավոր Վազգեն Մանուկյանի ընտրական շտաբի պետ Սեյրան Ավագյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջին, երբ վերջինս և ՀՅԴ ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը, զինվորների ուղեկցությամբ, բերման ենթարկվեցին դահլիճ:

Պատգամավորները` մի կողմ թողնելով քվեարկության գործը, սկսեցին բղավել: Նրանցից ոմանք մոտեցան, որպեսզի հարվածեն ներս բերված պատգամավորներին, սակայն առաջին փորձը զինվորների դիմադրությամբ կարծես թե խափանվեց: Հարկ է նկատել, որ առավել ակտիվություն էին ցուցաբերում հատկապես այն պատգամավորները, որոնց լրագրողները չէին ճանաչում: Այնուամենայնիվ, նրանք հաջողեցին առանձին-առանձին մոտենալով մեկ-երկու հարված հասցնել ինչպես Սեյրան Ավագյանի, այնպես էլ Ռուբեն Հակոբյանի գլխին:

Պետք է ասել, որ ըստ էության խորհրդարանը ողջունում էր ամեն մի նմանօրինակ դրսեւորում` այդ ամենն ուղեկցելով ձերբակալվածներին ուղղված անկանոն բացականչություններով: Այդ գործում, ինչպես կարելի է ենթադրել, իրեն հատկապես լավ դրսեւորեց Հնչակյան առաջնորդ Եղիա Նաճարյանը: Նա էր առաջինը տեղից վեր թռչողը, բայց ոչ վրա տվողը: Ընթացքում տեղի էին ունենում նաև քվեարկություններ, և խորհրդարանը գրեթե միաձայնությամբ համաձայնություն է տալիս գլխավոր դատախազ Ա. Գևորգյանի պահանջներին:

Քվեարկությունները տեղի էին ունենում փակ հիմունքով, և այս առումով դժգոհության ալիք բարձրացավ նաև հատուկենտ դեմ քվեարկողների հանդեպ: Տեղերից ձայներ հնչեցին հրապարակել այդպես քվեարկողների անունները: Աքացիների ու բռնցքահարվածների արժանացավ նաև Պարույր Հայրիկյանը: Սակայն դահլիճում նրան պաշտպանողներ նույնպես գտնվեցին: Ազատ Արշակյանն ու «Հանրապետական» կուսակցությունից մի քանիսը վեճի բռնվեցին կատաղած պատգամավորների հետ: Ինչևիցէ դա Պարույր Հայրիկյանչին չփրկեց եւս մի քանի հարված ստանալուց: Իսկ երբ վերջինս հայտարարեց, որ դատապարտում է ԱԺ վրա կազմակերպված գրոհը, պարզապես բարձրաձայն քմծիծաղների արժանացավ: Հայրիկյանի ծեծվելուց հետո դահլիճը լքեցին հայկոմկուսի պատգամավորական խմբակցության ներկայացուցիչները ու նաև մի քանի այնպիսի պատգամավորներ, որոնք մինչ այդ լրագրողական շրջանակներում ունեին ազնիվ մարդու նկարագիր: Այստեղ նրանք, որ զանգվածային ծեծի ժամանակ բաժանարար առաքելությամբ հիմնականում հանդես էին գալիս սոցապ նախարար Ռաֆայել Բագոյանը, որը աչալրջորեն զսպում էր Սամվել Գեւորգյանի կրքերը, Խոսրով Հարությունյանը, Վահագն Խաչատրյանը և Շահեն Պետրոսյանը: Իսկ Էդուարդ Եգորյանն այդ ամբողջ հարայհրոցի ժամանակ ընդհանրապես չբարձրացավ տեղից: Հարկ է նկատել, որ հայկոմկուսն այնուամենայնիվ, ասելիք ուներ և մինչև Հայրիկյանի խորհրդարան ներկայանալն արդեն խոսափողին էր մոտեցել ՀԿԿ պատգամավորական խմբի անդամ Խորեն Սարգսյանը:

Միջանկյալ նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Գևորգյանը, մի քանի անգամ կրկնելով հանդերձ, այդպես էլ չվարժվեց ԱԻՄ-ից ընտրված պատգամավոր Ներսես Զեյնալվանդյանի ազգանվան ճիշտ արտասանությանը, ինչը գոհունակ ծիծաղ էր առաջացնում պատգամավորական շարքերում: Երբ ԱԺՄ ներկայացուցիչ Շավարշ Քոչարյանը ներկայացավ խորհրդարան, պատգամավորական կորպուսն իր նյարդային լիցքերն արդեն բավականին պարպել էր եւ նրան «դիմավորեց» բավականին զուսպ: Սակայն երբ նա արդեն խոսում էր ամբիոնից, նրան անմիջապես այնտեղից իջեցնելու նախաձեռնություն ցուցաբերեցին Դավիթ Զադոյնն ու Սամվել Գևորգյանը:

Շավարշ Քոչարյանի գլխին բաժին հասած հարվածներն իրենց քանակով գերազանցեցին մինչ այդ մյուսներին «տրվածները» միասին վերցրած: Նրան ևս դրանից անմիջապես հետո զինվորների ուղեկցությամբ հեռացրեցին դահլիճից: Ի զարմանս լրագրողների, Հայրիկյանին այդպես էլ դուրս հրավիրելու կոչեր չեղան, թեև հարկ է նշել, երբ Կարապետ Ռուբինյանը նրան խոսք տրամադրեց, ԱԺ աշխատակազմի ղեկավար Աշոտ Անտինյանը ԱԻՄ-ի առաջնորդին արգելում էր բարձրանալ ամբիոն: Հավարտ ասենք, որ նիստի մի պահից դահլիճը լքեց նաեւ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը, որի հետագա ներկայությունը նիստին բժիշկները նպատակահարմար չէին համարել:

***

Հայաստանի Ազգային ժողովի որոշումը Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ Արշակ Սադոյանին, Սեյրան Ավագյանին, Ռուբեն Հակոբյանին, Դավիթ Վարդանյանին, Պարույր Հայրիկյանին, Շավարշ Քոչարյանին, Վազգեն Մանուկյանին, Ներսես Զեյնալվանդյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին

Հայաստանի Ազգային ժողովը որոշում է.

Համաձայնվել Հայաստանի գլխավոր դատախազ Ա. Գևորգյանի առաջարկության հետ` Հայաստանի Ազգային ժողովի այս պատգամավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյան, 26 սեպտեմբեր