Դաշնակցության կեցվածքը և հայտարարությունները 1996-ի սեպտեմբերյան օրերին

2566

1996 թ. նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն, կասեցված լինելու պատճառով, չմասնակցեց սեփական թեկնածուով և պաշտպանեց ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին: Օգոստոսին, նախագահի բոլոր թեկնածուները, բացի Լևոն Տեր-Պետրոսյանը, բանտում գտնվող Վահան Հովհաննիսյանի ծննդյան 40-ամյակի առիթով հանդես եկան համատեղ հայտարարությամբ. “Վահան Հովհաննիսյանը սիրված և գնահատված քաղաքական գործիչ է, և պատահական չէ, որ վերջերս ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նրան գնահատեց որպես առաջիկա նախագահական ընտրություններում կուսակցության կողմից առաջադրելի թեկնածու: Ցավալի է, որ ՀՅԴ թեկնածուն ազատության մեջ չէ և հնարավորություն չունի մասնակցել հանրապետության համար առաջիկա կարևորագույն քաղաքական միջոցառմանը”:

Սեպտեմբերյան դրամատիկ օրերին՝ ընտրական և հետընտրական շրջանում, ՀՅԴ-ն հանդես եկավ մի քանի հայտարարություններով, որոնք ներկայացնում ենք ստորև:

ԱՆԻ կենտրոն

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ        

Հայաստանի նախագահական ընտրությունների առթիվ իշխանությունների ցուցաբերած քաղաքական վարքագիծը ոտնակոխ է անում մեր երկրի արդեն իսկ դյուրաբեկ ժողովրդավարական գործընթացը և ծանր հարված տալիս Հայաստանի միջազգային բարոյական վարկին: Սահմանադրական վարչաձևի քողի տակ` քայլ առ քայլ, իրագործվում է մեր ժողովրդի շարունակական իրավազրկումը իր իսկ իշխանությունների ձեռքով:

Սեպտեմբեր 22-ից ի վեր դեպքերի արագ ընթացքը` նախագահական ընտրությունների նախօրեին իշխանության վերին օղակներում ակնհայտ դարձած խուճապը, ընտրությունների արդյունքը կեղծելու գծով նրանց կողմից ձեռք առնված միջոցները և այդ արդյունքների ստուգման համար ժողովրդային արդար պահանջի հանդեպ ցուցաբերված մերժողական կեցվածքը, այս բոլորը կասկած չեն թողնում, որ մեր հայրենիքում ժողովրդավարությունը լուծարքի է ենթարկվում:

Արդարև, այսօր մեր հանրապետւթյան մեջ չեն գործում ժողովրդավարության տարրական սկզբունքները, խախտվում են մարդկային իրավունքները և գործադրվում են բռնություններ: Երկրի ներքին կյանքին միջամտում է պետությունը իր ուժային միջոցներով` փորձելով խափանել ժաղովրդի կամքի արտահայտությունը:

Հայ Յեղափողական Դաշնակցությունը մերժում է մեր երկրին և մեր ժողովրդին պարտադրվող այս պաշտոնական խաբեությունը և հայտարարում է, որ իր բոլոր մարմինները ու ընկերները զորավիգ կկանգին բողոքի ժողովրդական ալիքին:     Դաշնակցությունը չի կարող ընդունել անկախ հայրենիքի հողի վրա բռնի միջոցառումներով քաղաքական հարցեր լուծելու մոտեցումը և պահանջում է ընտրության իսկական արդյունքի հրապարակումը և հաստատումը:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը դատապարտում է Հայաստանի իշխանությունների ուժային քաղաքականությունը և այն նկատում բռնատիրության հաստատման բացահայտ քայլ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքները չեն կարող սակարկության նյութ դառնալ որևէ պատրվակով: Հետեւաբար, ՀՅ Դաշնակցությունը պահանջում է, որ անմիջապես ազատ արձակվեն կալանքի տակ գտնվող քաղաքական գործիչները և ապահովի կատարված բռնարարքների իսկական մեղավորների և կազմակերպիչների բացահայտումն ու դատապարտումը` ինչ պաշտոն ու հանգամանք էլ ունենան նրանք:

Այս դժվարին օրերին, երբ մեր ժողովուրդը Արցախում ու Հայաստանում դիմագրավում է տնտեսական և ռազմաքաղաքական չափազանց բարդ կացություն, Դաշնակցությունը կոչ է անում մեր ժողովրդին լինել զգաստ և թույլ չտալ, որ որևէ ձևով աղավաղվի իր արդար բողոքը:

Այսօր և ապագայում, մեր ժողովուրդը նախանձախնդրորեն տեր պիտի կանգնի իր մարդկային և ազգային իրավունքներին և անպայման ձախողության պիտի մատնի իր հավաքական գոյությանը սպառնացող ամեն վտանգ:

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՉԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ   

Սիրելի հայրենակիցներ, այսօր, երբ տեղի է ունեցել ամենաանցանկալին, մենք գիտենք, որ մեր ազգային վիճակի համար տագնապը հավասար չափով համակել է աշխարհասփյուռ ողջ հայությանը:

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը, մերժելով ներազգային պառակտման ու արյունահեղության բոլոր փորձերը` ում կողմից էլ դրանք կձեռնարկվեն, նկատի ունենալով, որ ազգի ամեն մի պառակտելի հատվածի ազատ կամքի անտեսումը ու մի քանի ընդդիմադիր անձանց անվան տակ, փաստորեն, ժողովրդի այդ ոչ ձեռնտու կեսի դեմ հանդես գալը լրջորեն սասանում է հայության միասնականությունը, հաշվի առնելով, որ օրինականության ու ժողովրդավարության անտեսումը կարող է լրջորեն վտանգել մեր նորաստեղծ պետականության ապագան` դիմում է համայն հայությանը.

Հայրենակիցներ,

Կոչ ենք անում վեր կանգնել մասնավոր խմբային շահերից ու հաշվարկներից և չգայթակղվել այնպիսի տրամադրություններով, որոնք կարող են քայքայել մեր միասնականությունը, հայությանը տարանջատել շերտերի` լավերի ու վատերի, հայրենասերների ու ոչ հայրենասերների: Կոչ ենք անում այս տագնապալի պահին ձայն բարձրացնել ընդդեմ Հայաստանում տեղի ունեցող բռնությունների, հալածանքների ու օրինախախտումների և ի պաշտպանություն ժաղովրդավարության, մարդու իրավունքների, քաղաքական ազատությունների:

Հայրենաբնակ հայության հետ պահանջել, որ քաղաքական միջոցառումները Հայաստանում նախաձեռնվեն ու իրականացվեն ազատ, արդար և բոլորի համար հավասար պայմաններում, քաղաքական ասպարեզում իրենց համապատասխան տեղն զբաղեցնեն բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները:

Միայն ազգային միասնականության, քաղաքացիական համաձայնության, ժողովրդավարության ու օրինականության պայմաններում է, որ մենք կարող ենք կայացնել համահայկական համախմբում և ազգային նպատակները իրականության վերածելու ներուժ պարունակող պետություն:

30 սեպտեմբերի, 1996թ.

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ 

Հայրենակիցներ,

Արցախյան վերազարթոնքի ալիքը մեր առջև բացեց ազգային ինքնության և անկախ պետական կյանքի հորիզոններ: Համայն հայությունը հուսավառվեց փայփայած այն երազով, որ եկել է ազգային արժեքների, նպատակների` Հայ Դատի շուրջ ողջ ժողովրդի համախմբման և միասնաբար առաջընթացի ուղին հարթելու ժամանակը: Եկել է ժամանակը, երբ մե՛կ հոգի, մե՛կ միտք և մեկ ընտանիք կդառնան ոչ միայն հայաստանաբնակ մտավորականը, աշխատավորն ու պետական այրը, այլ նույն տանիքի տակ կմտնի արցախցին, հայրենիք-արտերկիր մազե կամուրջը կվերածվի լայնահուն պողոտայի:

Հետագա տարիները, սակայն, մեծ քայքայումներ բերեցին մեր կյանքի բոլոր բնագավառներին, հոգեկան անկումն ու հուսալքությունը հայրենիքից վանեցին մեկ միլիոնի չափ հայերի, որոնք դեռ երեկ ապրում ու պայքարում էին հանուն այդ նույն հայրենիքի վաղվա օրվա: Երբ Սահմանադրությամբ մերժվեց երկքաղաքացիությունը, Հայաստանից իրեն օտարված զգաց նաև հայրենիքից դուրս ապրող հայը:

Չնայած համատարած հուսահատությանն ու կրավորականությանը` նախագահական ընտրությունների նախօրյակին մի նոր հասարակական ակտիվություն դրսևորվեց, ժողովուրդը կամք ցուցադրեց իր կյանքի ընթացքը տնօրինելու հարցում: Ցավոք, ընտրական գործընթացում արտահայտվեցին բազում օրինախախտումներ, որոնք վճռական ազդեցություն ունեցան մրցապայքարի հապշտապ հայտարարված ելքի վրա:

Վրդովմունքի ալիքը հաջորդ օրերին ժողովրդի լայն զանգվածներ դուրս բերեց հրապարակ և իշխանություններին ներկայացրեց ընտրությունների արդյունքների ստուգման ու հրապարակայնացման միանգամայն օրինական պահանջ: Իշխանությունները այս անգամ էլ արհամարհելով ժողովրդի ձայնը, վերջինիս մոտ առաջ բերեցին հերթական անգամ խաբված, անտեսված լինելու զգացում, և կատարվեց անխուսափելին:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, վճռականորեն դատապարտելով ներազգային թշնամանքի և քաղաքացիական արյունահեղության յուրաքանչյուր դրսեւորում` միաժամանակ անընդունելի է համարում սեպտեմբերի 25-ի իրադարձությունները պետական հեղաշրջման փորձ ներկայացնելու ՀՀ իշխանությունների մոտեցումը:

Անհեռատես ու դատապարտելի են կատարվածն ընդդիմության հետ վերջնական հաշվեհարդար տեսնելու և դրանով ժողովրդավարությունը Հայաստանում գլխովին ջախջախելու բոլոր փորձերը: Տեղի ունեցածը չպետք է նաև ընտրությունների արդյունքների անաչառ ստուգումից, խեղաթյուրումների բացահայտումից խուսափելու առիթ նկատվի:

ՀՀ իշխանություններին կոչ ենք անում հաշվի նստել իրենց պես չմտածողների և նույնիսկ իրենց ղեկավարումն ու քաղաքական կուրսը չընդունողների հետ, որոնք, ինչպես ապացուցեցին հենց վերջին ընտրությունները, ոչ թե մի քանի ընդդիմադիր անձեր են, այլ ժողովրդի պատկառելի հատվածը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հույս է հայտնում, որ ՀՀ իշխանությունները, նկատի ունենալով առճակատումների ու օրինականության ոտնահարումների կործանարարությունն ազգային մեծ նպատակներ ունեցող ժողովրդի ևւ նորաստեղծ պետության համար, արագորեն քայլեր կձեռնարկեն քաղաքական մթնոլորտի շիկացածության մարման, քաղաքական հանդուրժողականության սկզբունքով միասնականության կայացման ուղղությամբ»: