Պատերազմն ավարտվում է, երբ բոլոր երեխաների հայրերն են վերադառնում տուն

2522

Այս լուսանկարի հեղինակը Ռուսլան Սարգսյանն է Ստեփանակերտից:

Տարիներ առաջ՝ 2006-ին, երբ ավարտում էի իմ ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ. ԿԱՆԱՉ ու ՍԵՒ գիրքը, Ռուսլանին խնդրեցի մի խոսուն լուսանկար, որը կպատմեր և կամփոփեր Արցախյան պատերազմը:

Նա ինձ տրամադրեց ա՛յս նկարը, որը արել էր, կարծես (ինքն էլ լավ չէր հիշում) Հադրութի կողմերում՝ պատերազմի թեժ շրջանում՝ հրադադարի մի օր:

Հայրը վերադարձել է տուն, բայց նորից է գնալու կռվի:

Մյուս երեխաների հայրերը ևս պիտի գային տուն:

Համենայն դեպս, նրանց մանկահասակ զավակները սպասում են:

Որտե՞ղ է հիմա ավտոմատն ուսին զինվորական համզգեստով այս ազատամարտիկը:

Մյուս երեխաների հայրերը վերադարձա՞ն տուն:

ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ. ԿԱՆԱՉ ու ՍԵՒ գրքի վեց լեզուներով հրատարակություններում այս նկարը դրվել է կազմի ներսի մասում հետևյալ մակագրությամբ.

Պատերազմը Ղարաբաղում, ինչպես և այս գրքում, չի ավարտվել: Ոչ մի պատերազմ հարատև չէ, բայց պատերազմն ավարտվում է, երբ դուք գիտեք, որ միշտ մնալու եք ձեր զավակների հետ:

Արցախյան օրագիր․ Կանաչ ու սև

Արցախյան օրագիր. Կանաչ ու սևԿանաչ ու սև փաստավավերագրական իրապատումը լրացրեց և հարստացրեց արցախյան գոյամարտի պատմության գանձարանը: Հեղինակին հաջողվել է հակամարտության հենքին ուրվագծել պատերազմի բերած արհավիրքների, զինված առճակատման հանգուցալուծման ուղու որոնումների, դրա հետ կապված միջազգային ջանքերի, մարդկանց հույսերի ու հուսախաբությունների ողջ համայնապատկերը: Հեղինակին հաջողվել է արդար և անկողմնակալ ներկայացնել այս կարեւորագույն խնդիրը, որը հասարակական քննարկումներում հաճախ շահարկումների է ենթարկվել: Գրքի հերոսները միայն հայտնի քաղաքական գործիչներ չեն: Հակամարտությունն անողոք է եղել նաև հազարավոր սովորական մարդկանց ճակատագրերի հանդեպ և նրանց կրած փորձություններն ընդգծում են այն անձանց պատասխանատվությունը, որոնցից կախված է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Դրա մասին է մեզ կրկին հիշեցնում հեղինակը, և հենց այդ պատճառով գրքին կարելի է տալ ևս մեկ բնորոշում` փաստավավերագրություն, որն անցել է սրտի միջով:

Փափուկ կազմ, 520 էջ,
լեզուն՝ արևելահայերեն,
երրորդ հրատարակություն,
2011, Երևան, Անտարես,
ISBN 978-9939-51-146-7