100-ամյակի լավագույն գործը. The Armenian Genocide (Compiled and Edited by Rev. Vahan Ohanian and Ara Ketibian)

2081

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ստացել է Վահան ծայրագույն վարդապետ Օհանեանի և գրականագետ, ավստրալահայ հետազոտող Արա Քեթիբեանի աշխատասիրությամբ լույս տեսած “The Armenian Genocide: Prelude and Aftermath, as Reported in the U.S. Press” հաստափոր հինգ հատորները:

Նախատեսված է, որ լույս է տեսնելու ևս 5 հատոր:

Այս գրքերում, ժամանակագրական կարգով, ներկայացվում են ամերիկյան մամուլում լույս տեսած հոդվածները Հայաստանի և հայ ժողովրդի մասին, որոնք ընդգրկում են 1890-ից մինչև 1922 թվականը:

Մատենաշարի առաջին երկու հատորներում հավաքված են The New York Times օրաթերթի հոդվածները, առաջին հատորը (ավելի քան 1000 էջ) ընդգրկում է 1890-1914, երկրորդ հատորը (շուրջ 1050 էջ)՝ 1915-1922 թվականները:

Երկու հատորում են հավաքված նաև The Christian Science Monitor օրաթերթի հոդվածները: Առաջին հատորն (ավելի քան 700 էջ) ընդգրկում է 1908-1919 թվականները, երկրորդ հատորը (շուրջ 800 էջ)՝ 1920-1922 թվականները:

Հինգերորդ հատորում (ավելի քան 1200 էջ) The Boston Daily Globe թերթի 1890-1922 թվականներն ընդգրկող ժամանակահատվածն է:

Վահան ծայրագույն վարդապետ Օհանեանի և գրականագետ, ավստրալահայ հետազոտող Արա Քեթիբեանի խմբագրությամբ առաջիկայում ընթերցողի սեղանին կդրվեն ևս հինգ հաստափոր հատորներ, որոնք կլինեն The Chicago Tribune, The Los Angeles Times և The Washington Post հեղինակավոր թերթերի հոդվածները Հայոց ցեղասպանության, դրան նախորդող ժամանակաշրջանի, Հայաստանի Հանրապետության, նրա ներքին կյանքի, հարևանների հետ հարաբերությունների և բազմաթիվ այլ թեմաների շուրջ:

Այս արժեքավոր հատորները չափազանց կարևոր ներդրում են հայագիտության, Հայոց ցեղասպանությունը ուսումնասիրողների, հայ-թուրք հարաբերությունների, Հայաստանի Հանրապետության մասին:

Այս հատորներին ԱՆԻ կենտրոնը կանդրադառնա առանձին:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն