Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորի նկատմամբ հարուցվել է քրեական գործ

1060

Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունը` քրեական գործ հարուցել Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ և ըստ այդմ՝ ժամանակավորապես կասեցնել նրա լիազորությունները որպես դատավոր։

ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը «Ազատությանը» տեղեկացրել է, որ քրեական գործ հարուցելու Դատախազության միջնորդությունը բավարարվել է երկու դրվագով, երրորդը` մերժվել: Գործի մանրամասները Բարձրագույն դատական խորհուրդը չի հրապարակում:

Գլխավոր դատախազությունն օրերս հայտարարել էր, թե դատավոր Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը և առգրավումը հետապնդել են «բացառապես մեկ իրավաչափ նպատակ՝ գործով ձեռք բերել պաշտոնեական կեղծիք կատարված լինելու հանգամանքը հաստատող կամ հերքող փաստական տվյալներ»:

Դատավոր Դավիթ Գրիգորյանը Լեռնային Ղարաբաղի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորագրով ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին, ապա գործի վարույթն առհասարակ կասեցնելով՝ ուղարկել Սահմանադրական դատարան: