«Սինգապուրի զարգացման ուղին և կուտակած մեծ փորձը հետաքրքիր են Հայաստանի համար»

877

Փաշինյանը հանդիպել է Սինգապուրի գործարարների հետ

Պաշտոնական այցով Սինգապուրում գտնվող Նիկոլ Փաշինյանը և նրա պատվիրակության անդամները այսօր տեղի Գործարարների միությունում շուրջ 2 ժամ տևողությամբ հանդիպում ունեցան սինգապուրցի գործարարների հետ: Հանդիպմանը մասնակցում էին վերամշակող արդյունաբերության, հյուրանոցային բիզնեսի, տեքստիլ արդյունաբերության, գյուղատնտեսական ապրանքների ներմուծմամբ և արտահանմամբ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում մասնագիտացած ընկերությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ:

«Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Հո Մեն Կիթը կարևորեց Հայաստանի վարչապետի և կառավարական պատվիրակության հետ հանդիպումը: Նրա խոսքով` այն լավ հնարավորություն է հայ-սինգապուրյան գործարար կապերը զարգացնելու, դրանց նոր շունչ հաղորդելու և համատեղ ծրագրեր նախաձեռնելու համար:

Նա նշեց, որ սինգապուրցի գործարարները հետաքրքրված են Հայաստանում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալելու հարցում և պատրաստ են ծանոթանալ մեր երկրի ներդրումային հնարավորություններին, քննարկել համագործակցության հեռանկարները: Հո Մեն Կիթի խոսքերով՝ Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև կնքվելիք ազատ առևտրի մասին պայմանագիրը ևս գործուն հնարավորություն է բիզնես կապերի ակտիվացման համար, և Հայաստանը կարևոր հարթակ կարող է լինել երրորդ երկրների շուկաներ դուրս գալու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Հայաստանի կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումներին` խոսելով հարկային և մաքսային ոլորտի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին, նաև դատական համակարգի բարեփոխումների մասին, որոնք ուղղված են օտարերկրյա ներդրումների պաշտպանության երաշխիքների ստեղծմանը:

«Մեր քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Հուսով եմ` այս այցից հետո դրանք էլ ավելի կամրապնդվեն, կակտիվանա նաև տնտեսական համագործակցությունը: Հայաստանը գտնվում է տնտեսական փոխակերպման գործընթացում, և մենք շարունակական աշխատում ենք տնտեսական աճի, գործարարությամբ զբաղվելու համար նպաստավոր պայմանների ստեղծման ուղղությամբ»,- ասաց վարչապետը:

Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը, քաղաքական արմատական փոփոխությունները տնտեսական ցնցումներ չեն առաջացրել, բանկային համակարգը շարունակել է կայուն աշխատել, չի արձանագրվել սեփականության վերաբաշխման որևէ դեպք, ինչը պայմանավորված էր այդ իրադարձությունների ոչ բռնի և խաղաղ բնույթով, ասաց Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը ներկայացրեց վերջին ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները` նշելով, որ դրանք շարունակական աճ են արձանագրում և անդրադարձավ այն ոլորտներին, որտեղ համագործակցության ներուժ կա՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, օդային հաղորդակցություն, զբոսաշրջություն, այդ թվում` էկո և գաստրոտուրիզմ, սննդարդյունաբերություն, օդային հաղորդակցություն, ենթակառուցվածքներ և այլն:

«Սինգապուրի զարգացման ուղին և կուտակած մեծ փորձը հետաքրքիր են Հայաստանի համար և կարող են օգտակար լինել մեր հետագա բարեփոխումների գործընթացում: Շահագրգռված ենք փորձի փոխանակմամբ և համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրեց, որ այս տարվա հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի ամենամյա համաժողովը և հրավիրեց Սինգապուրի ՏՏ ոլորտի ձեռնարկություններին` մասնակցելու բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այդ կարևոր միջոցառմանը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրեց Հայաստանի ՏՏ ոլորտի ներուժը, զարգացման միտումները, թվայնացման ուղղությամբ տարվող աշխատանքները և համագործակցության հնարավորությունները, իսկ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը մանրամասն ներկայացրեց Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում առկա ներուժը և փոխգործակցության համար հեռանկարային ուղղությունները:

«Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի ներկայացուցիչները ասացին, որ հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու հարցում. առաջիկայում նախատեսում են այցելել Հայաստան և ծանոթանալ այդ հնարավորություններին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել բիզնես պատվիրակությունների փոխայցեր Հայաստան և Սինգապուր` տեղում ներդրումային և համագործակցության հնարավորություններին ծանոթանալու համար:

Վարչապետը սինգապուրյան Temasek Holdings հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկել է տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հնարավորությունները

Հուլիսի 8-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում ունեցավ Temasek Holdings հիմնադրամի ներկայացուցիչների հետ` ներդրումային խմբի համաղեկավար Նագի Համիյեյի գլխավորությամբ:

Հայաստանը հետաքրքրված է քննարկելու Temasek Holdings հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունները` հաշվի առնելով վերջինիս արդյունավետ գործունեությունը, տնտեսության մի շարք ոլորտներում, այդ թվում բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ տեխնոլոգիական բնագավառը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկն է, քանի որ մեր երկրի նպատակն է կառուցել տեխնոլոգիական տնտեսություն, որի լոկոմոտիվը կլինի ՏՏ ոլորտը: Դեռևս խորհրդային ժամանակներից Հայաստանում ինժեներական համակարգը եղել է զարգացած, այժմ երկրում գործում են ինժեներական ոլորտում հաջողությամբ գործունեություն ծավալող ընկերություններ: Փաշինյանը տեղեկացրեց, որ վերջին 7 տարիներին ՏՏ ոլորտը Հայաստանում աճել է 5 անգամ:

Վարչապետը ներկայացրեց նաև մենաշնորհների, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ կառավարության քայլերը` հավելելով, որ ինստիտուցիոնալ բարեփոխումներ են իրականացվում մի շարք ուղղություններով:

Նագի Համիյեն նշեց, որ Սինգապուրում առկա է փոքրաթիվ, սակայն կազմակերպված սփյուռք, որի ներկայացուցիչները հաջող գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում, այդ թվում` տեխնոլոգիական: Համիյեն հավելեց, որ Temasek հոլդինգը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել համագործակցության, ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, այդ թվում ինժեներական կրթության ոլորտում: Temasek Holdings ներդրումային խմբի համաղեկավարը ներկայացրեցին հիմնադրամի գործունեությունը Սինգապուրում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում:

Զրուցակիցները քննարկեցին համատեղ վենչուրային հիմնադրամի ստեղծման, ստարտափ ծրագրերի իրականացման, փորձի փոխանակման և տեխնիկական համագործակցության հեռանկարները:

Temasek Holdings-ի ներկայացուցիչները հրավիրվեցին այս տարվա աշնանը Երևանում կայանալիք Բարձր տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին: Կողմերը պայմանավորվել են քննարկումները շարունակել Երևանում:

Վաղը՝ հուլիսի 9-ին, Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենալու նաև Սինգապուրի տնտեսական զարգացման կառավարման խորհրդում: