«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին». 24 հունիս, 2010թ

12287

Վկայակոչելով ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը՝ Հայաստանը զերծ է մնում Արցախը ճանաչելուց: Սա եղել է բոլոր երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ու նրանց կառավարությունների անփոփոխ դիրքորոշումը:

Սրա հետ մեկտեղ՝ պարզվում է, որ 2010 թվականին, ՀՀԿ-ական իշխանությունները՝ Սերժ Սարգսյանը և խորհրդարանում իշխող ՀՀԿ-ն, անուղղակի օրենքով ճանաչել են Ադրբեջանի սահմանները:

Դա Հայաստանի Հանրապետության օրենքն է «ՀՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, որը նկարագրում է նաև Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում սահմանային բնակավայրերի՝ Ադրբեջանի հետ ունեցած սահմանները:

Այսպես, Արցախին (Քաշաթաղի շրջանում) սահմանակից Գորիսի տարածաշրջանի Խնձորեսկ համայնքի վարչական սահմանների նկարագրության մեջ ասվում է. «Խնձորեսկ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում: Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Խնածախ գյուղական համայնքին, հյուսիս-արևելքից և հյուսիսից «Բ»-«Գ» հատվածով` Քարաշեն գյուղական համայնքին, հյուսիս-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Տեղ գյուղական համայնքին, արևելքից «Դ»-«Ե» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), «Ե»-«Զ» հատվածով` Ներքին Խնձորեսկ գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Զ»-«է» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), հարավից և հարավ-արևմուտքից «Է»-«Ը» հատվածով` Հարթաշեն գյուղական համայնքին, արևմուտքից «Ը»-«Թ» հատվածով` Գորիս քաղաքային համայնքին, «Թ»-«Ա» հատվածով` Վերիշեն գյուղական համայնքին»:

Այսպես, ոչ մի բառով անգամ չի ասվում, որ Խնձորեսկը սահմանակից է Արցախին կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Ավելին, պարզվում է, որ Խնձորեսկը պետական սահման ունի Ադրբեջանի հետ:

Նույնը վերաբերում է գոյություն չունեցող Խորհրդային Ադրբեջանին սահմանակից Հայաստանի Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի մյուս բոլոր սահմանային գյուղերին:

Թաթուլ Հակոբյան 

17 հունվարի, 2017թ

Օրենքը ամբողջությամբ կարդալ այստեղ