Երևանում, «Լուսակն» հրատարակչատանը, լույս է տեսել լրագրող Թաթուլ Հակոբյանի «Հայերը և թուրքերը» գրքի անգլերեն հատորի երկրորդ հրատարակությունը:
Այս գիրքը, որ պատմում է Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների 100-ամյակը՝ 1918-ից 2018-ը, նախ լույս է տեսել արևմտահայերենով, ապա արևելահայերենով, իսկ 2013-ին թարգմանվել է և հրատարակվել անգլերենով (խմբագիր՝ Նարեկ Սեֆերյան, թարգմանիչներ՝ Հեղինար Մելքոմ Մելքոմյան, Հրանտ Կատարիկյան):
«Իմ համար ուրախալի անակնկալ է, երբ սպառվում է անգլերենով հատորի ողջ տպաքանակը: Անգլերենով այս երկրորդ հրատարակությունը, որտեղ ավելացվել է մեկ գլուխ՝ 2013-2019 թթ. Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, նվիրվում է Սարդարապատի հերոսամարտի մասնակից հրամանատարներից Վաղարշակ Շահինյանի հիշատակին»,- երկրորդ հրատարակության առիթով ասել է գրքի հեղինակ Թաթուլ Հակոբյանը:
«Հայերը և թուրքերը» գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը՝ 2019: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը:
Այս և Թաթուլ Հակոբյանի հեղինակած ու հրատարակած մյուս գրքերը ստանալու համար կարող եք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեներով և հեռախոսահամարներով.
tatarmen@yahoo.com
+374 91 426435
+374 98 655321












