Թուրքիան Հայաստանին երբեք չի զիջի ոչ Կարսը, ոչ Սուրմալուն. Բեքիր Սամի բեյը՝ Խատիսյանին

2019

Հատված Ալեքսանդր Խատիսյանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ գրքից

—-

Տասնյոթերորդ գլուխ

Լոնդոնի խորհրդաժողովըՄոսկվայի թուրքբոլշևիկյան դաշնագիրը

Մոսկվայի դաշնագրով Կարսի նահանգը և Սուրմալուի գավառը անցնում էին Թուրքիային, Նախիջևանի գավառը դրվում էր Ադրբեջանի հովանավորության տակ, իսկ Բաթումը «զիջվում» էր Վրաստանին որոշ ինքնավարության իրավունքով: Մոսկվան իր կողմից պարտավորվում էր «քայլեր անել», որպեսզի անդրկովկասյան հանրապետությունները (Վրաստան, Հայաստան և Ադրբեջան) ընդունեն և հաստատեն այդ պայմանները: Դա էլ շուտով կատարվեց Կարսի դաշնագրի ստորագրությամբ՝ 1921 թվականի հոկտեմբերի 21-ին՝ Խորհրդային Հայաստանի և Թուրքիայի միջև: Այդ երկու դաշնագրերով Հայաստանը զրկվում էր Կարսից, Արդահանից, Սուրմալուից, Նախիջևանից և նրան մնում էր մոտ 29 հազար քառակուսի վերստ, որը և կազմում է նրա ամբողջ տարածությունը այսօր:

Այսպիսի դաշնագրերով կաշկանդված եվրոպական պետությունները Հայաստանի սահմանների վիճակի մասին սկզբնական շրջանում փոքր-ինչ քաշվելով և անորոշ կերպով էին պատասխանում հայկական ներկայացուցիչներին: Հետո սկսեցին ավելի ու ավելի պարզ արտահայտվել՝ ասելով, որ ստեղծված պայմաններում անկարելի է լրջորեն մտածել Եվրոպայի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման մասին:

***

Բեքիր Սամի բեյի հետ, Լոնդոնից դեպի Անկարա անցնելու ընթացքում, տեսակցություն ունեցա Փարիզում: Տեսակցությունը տեղի ունեցավ 1921 թվականի մարտի 23-ին, ընդհանուր ծանոթի՝ Հյուսիսային Կովկասի ականավոր մի գործչի բնակարանում: Մեր տեսակցության ընթացքում Բեքիր Սամի բեյը շեշտեց, որ միայն կովկասյան հանրապետությունների սերտ միությունը կարող է ապահովել այդ հանրապետությունների և մասնավորապես Հայաստանի հաջողությունը: Բեքիր Սամի բեյն ասաց նաև, որ Թուրքիան Հայաստանին երբեք չպիտի զիջի ոչ Կարսը, ոչ Սուրմալուն, ուր մնաց՝ թուրքական վիլայեթները, որովհետև դա պիտի նշանակեր զիջել Ռուսաստանին, որի կազմի մեջ այժմ մտնում է Հայաստանը: «Բայց,- ավելացրեց նա,- եթե ստեղծվի կովկասյան հանրապետությունների մի դաշնակցություն , որը կարող է ուժեղ մարմին դառնալ, Թուրքիան կարող է նրան ուժ տալ, թեկուզ աննշան հողային զիջումներով»:

Բեքիր Սամի բեյը Թուրքիա վերադառնալուց հետո, երբ Անկարայի կառավարությանը և Ազգային ժողովին զեկուցեց Ֆրանսիայի և Իտալիայի հետ կնքվելիք դաշնագրերի նախագծերը և Լոնդոնի խորհրդաժողովի կողմից առաջարկված կետերը, սկսեց պարզվել, որ թուրքերը դեռ անբավարար են կատում եվրոպական պետությունների կողմից եղած զիջումները: Թուրքերը լսեցին նաև Յուսուֆ Քեմալի զեկուցումը և ծանոթացան ռուս-թուրքական դաշնագրի պայմաններին և նրանց  դիրքը ավելի ևս ուժեղացավ: Խորհրդային Ռուսաստանի օգնությունը թևավորեց թուրքերին: Ազգային Մեծ ժողովը չվավերացրեց Լոնդոնի համաձայնություններից և ոչ մեկը և չընդունեց Լոնդոնի առաջարկները:

Հունական խորհրդարանն էլ հավանություն չտվեց Լոնդոնի առաջարկներին:

Այդ պայմաններում, փաստորեն, Լոնդոնի խորհրդաժողովի առաջարկները կորցնում էին իրենց նշանակությունը, և խնդիրը նորից բաց էր մնում: Հույները՝ մերժելով Լոնդոնում առաջարկված պայմանները, բնականաբար, պետք է խնդրի լուծումը փնտրեին ռազմական ուժի միջոցով:  Նրանք սկսեցին հարձակում, մարտի ընթացքում ունեցած թեթև հաջողությունից հետո ստիպված եղան նահանջել: Հուլիսի 10-ին նրանք սկսեցին նոր հարձակում, բայց օգոստոսի վերջերին թուրքերը հույներին կանգնեցրին Սաքարիա գետի մոտ: Ֆրանսիան կռվող կողմերին առաջարկեց իր միջնորդությունը, որ չընդունվեց: Պատերազմը շարունակվում էր, բայց կողմերը ժամանակավորապես կանգ առան իրենց դիրքերում:

Այսպիսով, Թուրքիայի հետ խաղաղություն կնքելու հարցը հետաձգվեց մինչև հույն-թուրքական պատերազմի արդյունքի պարզվելը: Դրա հետ միասին, բնականաբար, հետաձգվում էր նաև հայկական խնդրի զարգացման ընթացքը:

Անկախ Հայաստանի կառավարության գոյությունը, որը նույնիսկ բոլշևիկների Երևան մտնելուց հետո սկզբում անցավ Զանգեզուր, ապա՝ Պարսկաստան, մեծ չափով բարձրացնում էր Հայաստանի վարկը: Անգլիական ու ֆրանսիական կառավարությունները մեծ ուշադրությամբ էին հետևում անկախության համար հայերի պայքարին: Երբ անկախ Հայաստանի վերջին ջանքերը խորտակվեցին նաև Զանգեզուրում, և իշխանությունը անցավ բոլշևիկների ձեռքը, Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը եվրոպական պետությունների աչքում դարձավ անկախ Հայաստանի միակ խոսափողը: Իբրև այդպիսին՝ պատվիրակությունը 1921թ. հունիսի 10-ին ստորագրեց մի «հայտարարություն» Վրաստանի, Ադրբեջանի և Հյուսիսային Կովկասի ու եվրոպական ներկայացուցիչների հետ միասին, որով հայտարարվում էր, որ չորս կովկասյան հանրապետությունների ներկայացուցիչները անհրաժեշտ են գտնում միմյանց հետ սերտ միություն թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական գետնի վրա: Վեճերը պետք է լուծվեն իրավարարությամբ: Մաքսային սահմանագծերը պետք է վերցվեն: Պետք է կնքվի ռազմական պաշտպանողական դաշնագիր և սահմանվի ընդհանուր արտաքին քաղաքականություն: Առանձին՝ 7-րդ հոդվածով դաշնակցող կողմերը պարտավորվում էին ամեն կերպ նպաստել «Թուրքիայի երկրամասերում» Հայաստանի սահմանների որոշմանը, ինչը նշանակում էր Անկախ և Միացյալ Հայաստանի պահանջների պաշտպանությանը կովկասյան մեր հարևանների մասնակցությունը: Մեկ այլ հոդվածով հայտարավում էր, իբրև պահանջ, որ Կարմիր զորքերը դատարկեն կովկասյան հանրապետությունների հողամասերը: Ամբողջ հայտարարությունը բաղկացած էր 10 կետերից: Հայտարարության հրապարակումը հետապնդում էր մի քանի նպատակներ:

Նախ և առաջ, կովկասյան հանրապետությունների ներկայացուցիչները, աչքի առաջ ունենալով փոխադարձ վեճերի և ընդհանումների անցյալի սխալները, ցույց էին տալիս, որ արդեն  գիտակցում են սերտ համերաշխության անհրաժեշտությունը: Երկրորդ, Եվրոպայի աչքին  Կովկասը ներկայանում էր որպես տնտեսական ամբողջություն: Կովկասի բնական հարստությունները՝ Բաքվի նավթը, Վրաստանի մանգանը, Հայաստանի բամբակը, կանցնեին Բաթումի նավահանգստի վրայով, տարանցիկ առևտուրը՝ Պարսկաստանի վրայով, Թիֆլիս-Երևան-Ջուլֆա գծով: Բաքվի նավթը կլուսավորեր ամբողջ Կովկասը: Մի խոսքով, Կովկասի հանրապետությունները բազմազան թելերով կձուլվեին տնտեսական ընդհանուր ցանցի մեջ:

Հյուսիսից և հարավից արտաքին նորանոր հարձակման սպառնալիքի տեսակետից նույնպես միությունը ապահովության և համերաշխության որոշ երաշխիքներ էր տալիս:

Մամուլում հայտագրի հրատարակությունը առաջ բերեց տարբեր վերաբերմունք: Բոլշևիկներն այն նկատեցին իբրև հակախորհրդային ճակատի կազմություն՝ ուղղված իրենց դեմ: Ռամկավարները, որոնք արդեն հաշտվել էին Կովկասում հաստատված խորհրդային իշխանության փաստի հետ, վերաբերվեցին կասկածանքով ու նույնիսկ  թշնամանքով: Դաշնակցությունը միայն համակրանքով ընդունեց՝ իբրև կովկասյան ազգերի համերաշխության արտահայտություն:

Այսպիսով, արդեն 1921թվականի վերջերին պարզ կերպով աչքի էր ընկնում ամուր և կայուն ռուս-թուրքական համաձայնությունը, որը ձևակերպված էր մարտի 16-ի դաշնագրով: Այն շարունակվում է մինչև այսօր, որքան էլ անբնական երևա պատմական տեսակետից: Այդ համաձայնությունը խոշոր չափով արգելք եղավ ու շարունակում է արգելք լինել հայկական պետության զարգացմանը: Թուրքերը ոչ միայն գրավեցին Հայաստանի հողամասերը խորհրդային կառավարության հավանությամբ, այլև խոչընդոտում են նրա տնտեսական զարգացմանը՝ դժվարեցնելով, օրինակ, Հայաստանի ոռոգման գործը՝ արգելելով Արաքսից ջուր վերցնելը և այլն:

Եվրոպայի առաջ Թուրքիան համարձակվում է անզիջող լինել ՝ հենվելով խորհրդային օգնության վրա: