Թուրքական զորքերը գրավում են Կարսը. 1918-ի ապրիլի 25

6160
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը 2018-ին վերահրատարակել է Հայաստանի Հանրապետության երկրորդ վարչապետ և առաջին արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունը: Հայաստանի Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր:

_______________________________

Ապրիլի 2-ի կեսօրին չափազանց անհանգիստ սրտով մոտեցանք Բաթումին: Գիտեինք, որ նախորդ օրը թուրքերը Անդրկովկասյան կառավարությանը վերջնագիր էին ներկայացրել՝ անմիջապես հանձնելու Բաթումը:

Պայծառ, արևոտ օր էր: Օդը այնքան թափանցիկ էր, որ դյուրությամբ տեսնում էինք հեռուները: Հանկարծ մեր նավապետը հուզված մոտեցավ ինձ և Չխենկելուն և կես ձայնով ասաց. «Ամրոցի վրա թուրքական դրոշակ եմ տեսնում, քաղաքը թուրքերի ձեռքում է, և մենք չենք կարող մտնել նավահանգիստ»: Եվ իրոք, Բաթումի ամրությունների վրա ծածանվում էր թուրքական դրոշակը և քաղաքը, անկասկած թուրքերի ձեռքում էր:

Խորհրդակցությունից հետո որոշեցինք մեր նավը ուղղել դեպի Փոթի: Մի քանի ժամ հետո արդեն հասել էինք: Ճանապարհին տեսանք բազմաթիվ նավեր ու նավակներ՝ լցված վրացի զինվորներով, որոնք փախչում էին Բաթումից: Փոթիի նավահանգիստը նույնպե լիքն էր փախստական ժողովրդով: Զինվորներն ու ժողովուրդը խառն էին իրենց իրերով ու կահկարասիներով:

Նավից իջնելով՝ շտապեցինք կառախումբ նստել ժամ առաջ Թիֆլիս հասնելու համար: Երբ հասանք Սամտրեդի կայարանը, որ Փոթիի գիծը միացնում էր Բաթում-Թիֆլիս գլխավոր երկաթուղագծին, տեսանք հսկայական մի հանրահավաք՝ բաղկացած մեծ մասամբ Բաթումից փախած զինվորներից: Ճառախոսը Ժորդանիան էր՝ վրաց սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարը, ով Թիֆլիսից եկել էր հատկապես զինվորների տրամադրությունը բարձրացնելու համար: Ժորդանիայի հետ եկել էին նաև Նոյ Ռամիշվիլին՝ նույնպես ականավոր վրացի գործիչ և կառավարության անդամ, ինչպես նաև Սեյմիմի քանի անդամներ: Նրանց հետ շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Թիֆլիս: Ժորդանիան և ընկերները հույս էին հայտնում, որ Բաթումի ուղղությամբ հնարավոր է լինելու ամրացնել ճակատը:

Երբ Թիֆլիս հասանք, իմացանք, որ վրացիները Բաթումը հանձնել են գրեթե առանց կռվի՝ տալով միայն մեկ սպանված: Հրամանատարը և զորքի մի մասը գերվել էին: Գրավելով Բաթումը, թուրքերը անմիջապես առաջ շարժվեցին Օզուրգեթի ուղղությամբ: Տեղի ունեցան մի քանի աննշան ընդհարումներ և, ի վերջո, թուրքերը գրավեցին նաև Օզուրգեթը, որոնց շուտով միացան թաթարները Աբասթումանի կողմից: Աբասթումանը ևս անցավ թուրքերի ձեռքը:

Միաժամանակ, թուրքերը սկսեցին առաջ շարժվել Կարսի ուղղությամբ՝ նահանջի մղելով հայկական զորամասերը: Սկսվեց պատերազմը: Ժողովուրդը արշավող թշնամու առջևից փախչում էր դեպի Թիֆլիս:

Երբ մեր պատվիրակությունը հասավ Թիֆլիս, նրա անդամները անմիջապես սկսեցին զեկուցումներ տալ իրենց պատկանած կուսակցություններին: Իսկույն շեշտվեց կուսակցությունների տարբեր վերաբերմունքը դեպի սկսված պատերազմը: Վրացիները չէին սպասում, որ այդքան հեշտությամբ պիտի ընկներ Բաթումը և այդ պատճառով, շատ վշտցած էին: Վրացական զանգվածներում պատերազմը ժողովրդականություն չուներ: Մահմեդականները հոգով ու մարմնով թուրքերի կողմն էին և դարձյալ պատերազմի ողջ ծանրությունը ընկնում էր հայերի վրա: Պարզ էր, որ սր սկսված պատերազմը պետք է լիներ պատերազմ ոչ թե Անդրկովկասի և Թուրքիայի, այլ հայերի և թուրքերի միջև:

Ամենից առաջ պետք էր ճշտել, թե ինչ գործնական նպատակների համար էր մղվում պատերազմը: Հայերի համար այն հայ-թուրքական հավիտենական վեճի մի փուլն էր, իսկ այս պարագայում այն կռիվ էր Կարսի համար: Վրացիների համար պատերազմը նշանակում էր կռվել Բաթումի պաշտպանության համար: Երբ Բաթումը կորցվեց, վրացիների համար կորցվեց պատերազմի իմաստը:

Այսպիսի պայմաններում Հայոց ազգային խորհուրդը, որի վրա էր ընկնում հայկական պայքարի ամբողջ ծանրությունը, ստեղծված կացությունը մի շարք ժողովներում քննության առնելուց հետո, որոշեց Ալեքսանդրապոլ ուղարկել մի հանձնախումբ՝ կազմված Ազգային խորհրդի, Սեյմի, կառավարության և պատվիրակության անդամներից՝ մոտիկից ծանոթանալու ռազմաճակատի վիճակին: Ապրիլի 5-ին և 6-ին Ալեքսանդրապոլում տեղի ունեցավ կարևոր խորհրդակցություն, որին մասնակցում էին նաև ռազմաճակատից եկած ներկայացուցիչներ: Նրանք բերել էին բավական մխիթարական տեղեկություններ: Խորհրդակցությունը եկավ այն եզրակացության, որ պետք է շարունակել դիմադրությունը և ուժեղացնել ռազմաճակատը:

Երբ վերադարձանք Թիֆլիս, այնտեղի տրամադրությունները ավելի էին ընկել, քան մեր գնալու ժամանակ էր: Վրաց իշխող կուսակցության ներսում ծայր էին առել լուրջ տարակարծություններ պատերազմը շարունակելու մասին: Նրանք զգում էին, որ Բաթումի անկումից հետո իրենց ժողովուրդը չի ուզում կռվել: Մյուս կողմից, գտել էին միջոց իրենց թուրքերից ապահովելու համար: Եվ այդ միջոցը համաձայնությունն էր Գերմանիայի հետ:

Այս պարագան բախտորոշ ազդեցություն ունեցավ դեպքերի ընթացքի վրա: Պետք է ասել, որ Տրապիզոնի խորհրդաժողովի վերջին օրերին Տրապիզոն եկան երեք խորհրդավոր գերմանացի սպաներ, որոնց այցելություն տվեցին Չխենկելուն: Վերջինս այդ այցելության մասին պատվիրակությանը պաշտոնապես ոչինչ չասաց, բայց ինձ անպաշտոն կերպով հայտնեց, որ եկողները մասնավոր մարդիկ են՝ շահագրգռված Ճիատուրիի մանգանով:

Օգտվելով պատվիրակության նախագահի հանգամանքից, ինչպես նաև այն պարագայից, որ Տրապիզոնի խորհրդաժողովը պաշտոնապես միայն ժամանակավոր դադար էր առել և ոչ թե խզվել, Չխենկելին Թիֆլիսից շարունակում էր հարաբերություններ պահպանել թուրքական բանակի հրամանատար Վեհիբ փաշայի հետ: Մասնավորապես, հայկական շրջանակները վրդովված էին այդ գաղտնի և ինքնագլուխ բանակցություններից: Այդ վրդովմունքը կատաղության հասավ, երբ Չխենկելին ինքնագլուխ կերպով կարգադրել էր Կարսը հանձնել թուրքերին:

Կարսի հանձնման այս խորհրդավոր կարգադրության շուրջ մեծ տարակարծություններ կան, և ես պիտի ջանամ պարզել միայն այն, ինչ որ անձամբ տեսա ապրիլ 7-13-ի տարտամ օրերին: Նախ և առաջ ասենք, որ այդ օրերին տեղի ունեցան չորս կարևոր դեպքեր: Առաջին, Գեգեճկորիի դահլիճի փոխարեն ապրիլի 13-ին Սեյմին ներկայացավ նոր կառավարություն Չխենկելու գլխավորությամբ: Երկրորդ, Անդրկովկասը ապրիլի 9-ին հայտարարեց իր անջատումը Ռուսաստանից: Երրորդ, Չխենկելու հրամանով Կարսը հանձնվեց թուրքերին: Չորրորդ, Չխենկելին և Վեհիբ փաշան նոտաներ փոխանակեցին հաշտության բանակցությունները վերսկսելու մասին:

Այս բոլոր դեպքերը տեղի ունեցան շնորհիվ այն հանգամանքի, որ վրացիները այլևս չէին ուզում կռվել, և Չխենկելին, իբրև հաշտության կողմնակից, դարձավ կենտրոնական դեմք՝ հետ մղելով կառավարության կազմում պատերազմի կողմնակից անդամներին՝ Գեգեճկորուն և Կարճիկյանին: Կարսի հանձնման հրամանը Չխենկելին տվել էր առանց Սեյմի վստահությունը ստացած լինելու:

Ինչպես ասացինք, վրացիների շարքում երկու հոսանք կար: Առաջինը Ժորդանիայի և Գեգեճկորիի գլխավորությամբ ուզում էր շարունակել պատերազմը և դեմ էր Ռուսաստանից Անդրկովկասի անջատմանը: Երկրորդ հոսանքը Չխենկելու և Ռամիշվիլու առաջնորդությամբ, անկախության ու հաշտության կողմնակից էր: Այս երկու հոսանքների պայքարը կատաղի էր, ձայները բաժանված էին գրեթե կես առ կես: Երկօրյա տաք վիճաբանություններից հետո վերջապես վրաց իշխող կուսակցության Կենտրոնական կոմիտեն 9 ձայնի մեծամասնությամբ ընդդեմ 7-ի, որոշել էր Անդրկովկասը անկախ հանրապետություն հայտարարել, կառավարության ղեկավար նշանակել Չխենկելուն և վերսկսել հաշտության բանակցությունները թուրքերի հետ:

Հ. Յ. Դաշնակցության մեջ այդքան կատաղի վեճ չկար: Բոլորի ցանկությունն էր պահպանել համերրաշխությունը անդրկովկասյան հարևանների և, մասնավորապես, վրացիների հետ՝ թուրքերի դիմաց մենակ չմնալու համար: Պատերազմի ամբողջ պատասխանատվությունը թուրքերի հետ ՀՅԴ-ն չէր կարող իր վրա վերցնել, իսկ այդպես պետք է լիներ, եթե գործեր վրացիներին հակառակ: Դաշնակցության ղեկավար շրջանակների տրամադրությունները այն ժամանակ շատ լավ արտահայտեց Սեյմի անդամ Հովհաննես Քաջազնունին, ով Սեյմում կառավարության կողմից հետևյալ բնորոշ հայտարարությունը արեց. «Քաղաքացիներ, Սեյմի անդամներ. Դաշնակցության Սեյմի խմբակցությունը, լիակատար հստակությամբ գիտակցելով այն մեծ պատասխանատվությունը, որ իր վրա է վերցնում այս պատմական րոպեին, միանում է Անդրկովկասը անկախ հանրապետություն հայտարարելու առաջարկին»: Դաշնակցության մեջ տիրող այս տրամադրությունները Կարճիկյանը պարզեց մի քանի օր անց Սեյմում ունեցած ընդարձակ ու գեղեցիկ ճառով:

Անկախության հայտարարությանը դեմ արտահայտվեցին սոցիալիստ-հեղափոխականները՝ հանձին Լ. Թումանյանի, ով հետագայում դարձավ Հայաստանի խորհրդարանի անդամ, և վրացի Լոնդ Կիպանիձեն: Այսուհանդերձ, ամբողջ դահլիճը խանդավառ ցույցերով ընդունեց Անդրկովկասի անկախության հայտարարությունը, որ տեղի ունեցավ ապրիլի 9-ին: Այդ որոշումից հետո Չխենկելին զեկուցեց Տրապիզոնի խորհրդաժողովի մասին: Եվ Սեյմը, այդ զեկուցումը լսելուց հետո, առանց վիճաբանության ընդունեց հետևյալ բանաձևը. «Լսելով հաշտության պատվիրակության զեկուցումը, Սեյմը կառավարությանը առաջարկում է շարունակել հաշտության բանակցությունները և միջոցներ ձեռք առնել շուտափույթ հաշտություն կնքելու համար: Միաժամանակ, Սեյմը կառավարությանը առաջարկում է եռանդուն միջոցներ ձեռք առնել երկրի պաշտպանությունը կազմակերպելու համար»:

Երբ ապրիլի 9-ին Սեյմը որոշեց հայտարարել Անդրկովկասյան հանրապետության անկախությունը և վերսկսել հաշտության բանակցությունները թուրքերի հետ, Գեգեճկորու դահլիճը այդ որոշումը նկատեց իբր քաղաքականության անվստահության արտահայտություն և հեռացավ քաղաքական բեմից: Երբ ապրիլի 10-ի առավոտյան գնացի պալատ, Գեգեճկորուն հանդիպեցի աստիճանների վրա՝ դուրս գալու ժամանակ: Երբ հարցրեցի, թե ինչու է հեռանում, պատասխանեց. «Սեյմի որոշումից հետո այլևս չկա հին դահլիճ»: Բայց ես առարկեցի՝ չէ՞ որ դեռ նորը չկա: Ես ինքս Գեգեճկորու դահլիճի անդամ էի և անհրաժեշտ էի նկատում պաշտոնի մնալ, մինչև որ Սեյմը վստահություն հայտնի նոր դահլիճին: Այսօր էլ այն կարծիքին եմ, որ Գեգեճկորի-Կարճիկյան-Ռամիշվիլի երրորդությունը ժամանակից շուտ լքեղ իշխանությունը: Նույնը հայտնեցի նաև Կարճիկյանին:

Իրականում, ապրիլի 9-ից մինչև 13-ը երկիրը մնաց առանց օրինական իշխանության: Չխենկելին ինքնագլուխ և միահեծան կերպով էր վարում գործերը: Ապրիլի 13-ին միայն Սեյմը վստահություն հայտնեց Չխենկելու կազմած դահլիճին, որի ծրագիրը անկախությունը և հաշտությունն էր:

Սակայն, հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ արեց Չխենկելին իր միահեծան իշխանության երեք օրերի՝ ապրիլ 10, 11, 12 ընթացում: Նա հարաբերության մեջ մտավ Վեհիբ փաշայի հետ՝ վերսկսելով հաշտության բանակցությունները, հրաման տվեց, որ զորավար Նազարբեկյանը Կարսը հանձնի թուրքերին և զբաղվեց իր դահլիճի կազմության գործով:

Հարկավ, Չխենկելին այն ժամանակ իրավունք չուներ այդ բոլոր քայլերն անելու, որով վրդովմունքի փոթորիկ առաջ բերեց, ինչը կարող էր վտանգավոր բարդությունների առիթ տալ:

Գեգեճկորիից բաժանվելով, ես, այնուամենայնիվ բարձրացա վերև և մտա կառավարության նախագահի առանձնասենյակը, որտեղ Չխենկելին մենակ էր: Մի քանի աննշան նախադասություններ փոխանակելուց հետո հեռացա, և ներս մտավ կովկասյան ռազմաճակատի հրամանատարը: Հետևյալ օրը միայն պարզ դարձավ, որ Սեյմ նախագահ Չխեիձեն նամակով հայտնել էր Չխենկելուն, որ նա նոր դահլիճ կազմի: Ապրիլի 12-ի կեսօրից հետո Ավետիք Սահակյանը՝ Հայաստանի խորհրդարանի ապագա նախագահը, Հովհաննես Քաջազնունին և ես Չխենկելուց հրավեր ստացանք մաս կազմել իր կառավարությանը: Ինձ առաջարկվում էր ելևմտական, Քաջազնունուն՝ խնամատարության, իսկ Սահակյանին՝ պարենավորման նախարարի պաշտոնը: Մեր կուսակցության հավանությամբ, մենք ընդունեցինք առաջարկված պաշտոնները: Նույն օրը երեկոյան ժամը 8-ին Չխենկելին մեզ հրավիրեց նոր կառավարության առաջին նիստին՝ կազմելու նոր դահլիճի հայտարարությունը, որը պետք է ներկայացվեր Սեյմին:

Չխենկելին բացելով նիստը ասաց հետևյալը. «Պարոններ, ես շնորհակալ եմ ձեր աշխատակցության համար: Ես հանձն առա կազմել այս դահլիճը, երբ Սեյմը հայտարարեց Անդրկովկասի անկախությունը և որոշեց վերսկսել հաշտության բանակցությունները: Ուստի, ժամանակ չկորցնելու համար ես արդեն ապրիլի 10-ին մի շարք քայլեր արեցի: հայտնեցի Վեհիբ փաշային, որ Սեյմը ընդունում է Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը՝ հաղորդելով նրան, որ Կարսի դատարկման համար արդեն տվել եմ անհրաժեշտ հրամանները: Նույն օրն իսկ հրաման հրաման տվեցի մեր բոլոր զորքերին դադարեցնել ռազմական գործողությունները: Ապրիլի 11-ին Վեհիբ փաշան պատասխանեց, որը ինքը ևս դադարեցրել է ռազմական գործողությունները՝ իր բանակին հրամայելով կանգ առնել Կարսից երկու վերստ հեռավորության վրա: Վեհիբ փաշան խնդրեց նորից հաշտության պատվիրակություն ուղարկել Տրապիզոն»:

Երբ Չխենկելին վերջացրեց իր խոսքը, մենք նոր հասկացանք, որ Կարսը հանձնվել է թուրքերին: Այդ լուրը ցնցել էր մեզ: Եվ որովհետև չէինք կարող այդպիսի անակնկալ պայմաններում մեր վրա պատասխանատվություն վերցնել կատարված իրողությունների համար, Սահակյանը, Քաջազնունին և ես հայտարարեցինք, որ հետ ենք վերցնում մեր համաձայնությունը՝ մաս կազմելու Չխենկելիի դահլիճին: Դուրս եկանք նիստից: Ես անմիջապես հեռախոսով Սեյմի դաշնակցական խմբակցության նախագահ Կարճիկյանին հեռախոսով հաղորդեցի իրերի դրության մասին: Նա անմիջապես եկավ պալատ և տեղի ունեցած միջադեպի մասին հարաբերության մեջ մտավ վրաց մենշևիկյան կուսակցության նախագահության հետ:

Նույն օրը երեկոյան ժամը 10-ին իրերի դրությունը հետևյալն էր: Ժորդանիան, Գեգեճկորին, Ծերեթելին և Ռամիշվիլին վրաց մենշևիկների կողմից, Կարճիկյանը, Օհանջանյանը, Քաջազնունին և ես ՀՅԴ-ի կողմից խորհրդակցություն ունեցանք այն խնդրի մասին, թե արդյոք Չխենկելին կարո՞ղ է վարչապետի պաշտոնի թեկնածու մնալ այն ինքնագլուխ քայլերից հետո, որ արել էր և որոնք լի էին մեծագույն բարդություններով:  Նույն ժամին Կարսից, ավելի ճիշտ՝ Ալեքսանդրապոլից, զորավար Նազարբեկյանը հարցում էր ուղղել Հայոց ազգային խորհրդին, թե այն հավանություն տվե՞լ էր Կարսը թուրքերին հանձնելու հրամանին: Ամեն դեպքում, զորավար Նազարբեկյանը պահանջում էր երկարաձգել Կարսի դատարկամն պայմանաժամը: Նա հայտնում էր, որ ամբողջ քրիստոնյա բնակչությունը ուզում է լքել Կարսը և առնվազն պետք է մեկ շաբաթ, որպեսզի բոլորը կարողանան հեռանալ: Զորավար Նազարբեկյանը շեշտում էր նաև, որ ոչնչացվել է Կարսի նահանգում գտնվող Ալեքսանդրապոլի ամրությունները: Փաստորեն, Ալեքսանդրապոլը ևս հանձնվում էր թուրքերին և անորոշ է, թե ով պետք է պաշտպանի Կարս-Ալեքսանդրապոլ երկաթուղագիծը:

Կարսի դատարկման մասին սրտակեղեք տեղեկություններ էին գալիս: Կարսի նահանգային կոմիսար Ձամոյանը ապրիլի 14-ին պաշտոնապես հաղորդեց հետևյալը. «Անակնկալ և արտակարգ արագ հանձնման հետևանքով, որ տեղի ունեցավ Թիֆլիսից եկած հրամանով, Անդրկովկասի այս մեծագույն ամրությունը պաշտպանելու պատրաստված բնակչությունը հարկադրված եղավ լքել ամեն ինչ և Կարսը թողնել ապրիլի 12-ի երեկոյան ժամը 5-ին՝ համատարած հրդեհի մատնելով քաղաքը: Վառվում էին լավագույն շենքերը: Բնակչության նահանջի պատկերը աննկարագրելի է»: