ԱՄՆ կոնգրեսականները առաջարկում են 100 մլն դոլարի օգնություն հատկացնել Հայաստանին

558

Oրերս ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ կոնգրեսկանաները նամակով դիմել են Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Նիտա Լոյին ՝ առաջարկելով Հայաստանի և հայկական ծրագրերի համար 2020 թվականին տրամադրել 100 միլիոն դոլարի օգնություն, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն պաշտպանում է նախագահ Թրամփի առաջարկը արտաքին օգնության և դիվանագիտական համակարգի կրճատման մասին: Առաջարկը կոշտ քննադատության է ենթարկվել հանրապետական և դեմոկրատ օրենսդիրների կողմից:

ԱՄՆ-ի վարչակազմը այս տարվա բյուջեում 11 միլիարդ դոլարի կրճատում է նախատեսում պետքարտուղարության և արտաքին օգնության ոլորտներում: Այս առաջարկը քննարկվել է չորեքշաբթի օրը Կոնգրեսի լսումների ընթացքում: Բացի արտաքին քաղաքականության ոլորտից, վարչակազմը մտադրված է 2020 թ. բյուջեում կրճատումներ իրականացնել փախստականների վերաբնակեցման, գլոբալ առողջապահության և մի շարք այլ ոլորտներում: Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների օրենսդիրները սակայն դեմ են վարչակազմի այս առաջարկներին:

«Բյուջեի այս նախագիծը աշխարհին կազդարարի Թրամփի արտաքին քաղաքականության մեկուսացման մասին, հատկապես այն տարածաշրջաններում, որտեղ առկա է ԱՄՆ-ի կարիքը: Եվ մենք գիտենք, որ կան երկրներ, որոնք չեն կիսում մեր արժեքները, օրինակ Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը: Այս երկրները կլրացնեն գոյացած բացն այնտեղ»,- հայտարարել է դեմոկրատ կոնգրեսական Էլիոտ Էնգելը:

«Ես համամիտ եմ հանձնաժողովի նախագահի հետ: Կարծում եմ, որ որոշ կրճատումներ կունենան անդառնալի հետևանքներ, որոնք կզգանք երկարաժամկետում: Դա հատկապես կարևոր է մարդասիրական և զարգացման օգնության տրամադրման ծրագրերի համար, որոնք զարգացնում են ժողովրդավարությունը, աջակցում տնտեսական զարգացմանը և ապահովում կենսունակ միջոցներ կայունության հաստատման համար՝ կանխելով ահաբեկչական ու ծայրահեղական գաղափարախոսության տարածումը»,- ասում է հանրապետական կոնգրեսական Մայքլ Մաքքաուլը:

Պետքարտուղար Մայք Պոմպեոն ընդգծում է, որ տեղյակ է Չինաստանի ու Ռուսաստանի սպառնալիքների մասին, սակայն վարչակազմը պետք է խոհեմ ծախսի հարկատուների գումարները:

«Մենք վստահ կլինենք, որ Չինաստանը և Ռուսաստանը առավելության չեն հասնի խոշոր տերությունների մրցակցության հարցում: Մենք կշարունակենք մեր առաջընթացը դեպի Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացում: Մենք կաջակցենք Վենեսուելայի ժողովրդին՝ ժողովրդավարության խաղաղ վերականգման վերջիններիս ճանապարհին»,- նշել է Պոմպեոն:

Պետքարտուղարը հայտնում է, որ առաջարկված նախագիծը նախատեսում է մինչև 500 միլիոն դոլարի օգնություն Վենեսուելայի անցմանը դեպի ժողովրդավարություն:

Չնայած վարչակազմի կրճատման առաջարկներին՝ օրերս ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ կոնգրեսկանաները նամակով դիմել են Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Նիտա Լոյին ՝ առաջարկելով Հայաստանի և հայկական ծրագրերի համար 2020 թվականին տրամադրել 100 միլիոն դոլարի օգնություն: Հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի ու ավելի քան 3 տասնյակ այլ կոնգրեսականների ստորագրությամբ նամակում ընդգծվում են հայկական հարցերի այն առաջնահերթությունները, որոնք արդիական են ամերիկահայ օրակարգի համար:

Բացի այդ, լսումների ընթացքում կոնգրեսական Բրեդ Շերմանը պետքարտուղար Մայք Պոմպեոյին է ուղղել մի շարք հարցեր՝ կապված Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրերի ու Հայաստանում փախստականների վերաբնակեցման ֆինանսավորման հետ: Պետքարտուղարությունը խոստացել է գրավոր պատասխանել այդ հարցերին: