«Սովետի օր»․ Մոսկվայում խումբ է հայտնվել, որը վերածնում է Խորհրդային Միությունը

708
JAM-NEWS, 27 Մարտի, 2019
Նոր կայսրության ապագա քաղաքացիների համար նրանք արդեն անձնագրեր են պատրաստում։ Նախապատրաստվել է նաև «830 կվադրիլիոն էլեկտրոնային խորհրդային ռուբլի»
Ըստ ռուսական «Նովայա գազետայի» հրապարակման

Մոսկվայի բարձրահարկ շենքերից մեկում մուտք է բացվում դեպի զուգահեռ իրականություն․ այստեղ է գտնվում ԽՍՀՄ Գերագույն խորհրդի անձնագրային բաժինը։

Այս ֆանտաստիկ կառույցի ղեկավարներից մեկը՝ Վլադիմիր Կլադինովն, ասում է, որ դա քաղաքացիների կազմակերպություն է, որոնք պայքարում են «երկրի վերածննդի» համար, և այն ստեղծվել է 2018թ-ի փետրվարին։

Վլադիմիր Կլադինով։ Լուսանկարը՝ Վլադ Դոկշինի/ «Նովայա գազետա»

Կլադինովը նախկին գործարար է։ Նա միացել է տնտեսագետ Վալենտինա Ռեունովային, երբ նա արդեն մոտ երկու հարյուր կողմնակից ուներ արվարձաններից։ Նրանք բոլորը միասին «կուսակցական խմբի» պես մի բան են կազմել, որը փոխակերպվել է Գերագույն խորհրդի։

Ռեունովային միաձայն նախագահ են ընտրել, իսկ Կլադինովը դարձել է առաջին տեղակալը։

Եվ խումբը սկսել է աշխատել «ԽՍՀՄ-ն իր օրինական սահմաններ վերադարձնելու» ուղղությամբ։

«ԽՍՀՄ վերածնունդը» հետևյալ քայլերն է ներառում (ինչպես հռչակված է Գերագույն խորհրդի կողմից)․

•ընտրել Ժողովրդական պատգամավորների խորհուրդ Ռուսաստանում և ԽՍՀՄ մյուս հանրապետություններում;

•մարդկանց վեադարձնել 1977 թ-ի սահմանադրության կատարմանը, որը «ոչ ոք չի չեղարկել»;

•«չեզոքացնել Խորհրդային Միության տարածքին անգլիական գահի հավակնությունները»։

Կուսակցականները վստահ են, որ Խորհրդային Միության վերածնունդ կարող է տեղի ունենալ արդեն 2019թ-ին։

Գերագույն խորհուրդը նաև սկսում է խորհրդային անձնագրեր պատրաստել և այս նպատակով ողջ Ռուսատանի տարածքում անձնագրային բաժիններ է ձևավորում։ Այդպիսի անձնագիր ստանալն արժե 3 հազար ռուբլի [մոտ $46]։

Այս լուսանկարում պատկերված փաստաթղթերն են հենց հայտարարվել ապագա Խորհրդային Միության միակ օրինական փաստաթղթեր․

Լուսանկարը՝ Վլադ Դոկշինի /«Նովայա գազետա»

Այդ «Խորհրդային պետության» քաղաքացիներն ապրելու են հարուստ, ուժեղ կայսրությունում, խոստանում է Գերագույն խորհուրդը։ Դրա համար նույնիսկ փող կա՝ 830կվադրիլիոն խորհրդային ռուբլի։

«Նովայա գազետայի» լրագրողները միայն երրորդ անգամից են կարողացել պարզել, թե ինչ տեսք ունի այդ փողը․ պարզվել է, որ այն «էլեկտրոնային» է։

Խորհուրդը, Արտակարգ հանձնաժողովն ու գնդակահարության ցուցակները

Վերածնված ԽՍՀՄ-ում նախարար կարող է դառնալ գրեթե ցանկացած «խորհրդային քաղաքացի»՝ բնականաբար, Պետանվտանգության կոմիտեի համապատասխան ստուգումից հետո։

Հաստիքները գրեթե համալրված են։ Ճիշտ է, վերջերս մահացել է ԽՍՀՄ Գերագույն դատարանի նախագահ Լարիսա Պապուշան։ Կյանքի օրոք նրա ստորագրած վերջին վճիռը եղել է Պյոտր Պորոշենկոյին և «կեղծ Ուկրաինայի» մյուս ղեկավարներին գնդակահարելը։

Լուսանկարը՝ Վլադ Դոկշինի/ «Նովայա գազետա»

ԽՍՀՄ 2.0-ում արդեն հեղաշրջման փորձ է եղել։ Գերագույն խորհրդի ակտիվիստներ Սվետլանա Զորյան և Լյուբով Կուդրյաշովան փորձել են Ռեունովային «գահընկեց» անել նախագահի պաշտոնից, սակայն անհաջողության են մատնվել։ Ռեունովան այդտեղ ռուսական իշխանությունների դավադրություն է տեսնում։

Հեղաշրջման փորձի համար ակտիվիստները 13 տարվա հեռակա բանտարկության են դատապարտվել (նախևառաջ, որովհետև Գերագույն խորհուրդը դեռ բանտեր չունի, բայց կունենա)։

Փորձագետների գնահատականները

Ողջ Ռուսաստանի տարածքում մի քանի տասնյակ կազմակերպություններ կան, որոնք այս կամ այն չափով ցանկանում են վերակենդանացնել սոցիալիստական հսկային։

Պատճառներից մեկն աճող հիասթափությունն է, կարծում է ռուս քաղաքագետ Դմիտրի Օրեշկինը․

«Պուտինի ռեժիմը շատերի մոտ խորշում է առաջացնում, դրան փորձում են այլընտրանք գտնել։ Խորհրդային միությունն այդպիսի մենտալ այլընտրանքներից մեկն է»։