Կարսի նահանգում Խատիսյանի կառավարության չորս հիմնական նպատակները․ 1919-1920թթ

1653
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակել է Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունը: Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր:

_______________________________

Իններորդ գլուխ

Հայաստանի սահմանների ընդարձակումը և 1919թ․ մայիս 28-ի ակտը

նախորդ մասը կարդալ այստեղ

Կարսի նահանգում մեր իշխանությունը չորս գլխավոր նպատակ էր հետապնդում։

Առաջին․ օգտագործել ցարական կառավարությունից մնացած հարստությունները՝ մեքենաները, երկաթե ձողերը, հագուստեղենը, ռազմամթերքը, երկաթուղային աչհեստանոցները, փայտը և բազմաթիվ ուրիշ առարկաներ։ Պետք էր հոգ տանել ոչ միայն դրանց օգտագործման,  այլ պետք էր միջոցներ ձեռք առնել պահպանման համար, որ այն ժամանակվա պայմաններում բավական դժվար գործ էր։

Մեր երկրորդ նպատակն էր խաղաղեցնել բնակչության իսլամ տարրը ու նրան հաշտեցնել քրիստոնյա զանգվածի հետ։

Երրորդ․ շահագործել բնական հարստությունները՝ անտառը, արոտատեղիները, ածխահանքները և աղի հանքերը։

Եվ, վերջապես, չորրորդ՝ աստիճանաբար մոտենալ թուրքական սահմանին՝ գրավելով 1914թ․ սահմանին վերաբերող բոլոր վայրերը և ապա՝ պատրաստվել անցնելու Թուրքահայաստան, երբ Փարիզի վեհաժողովը իր վերջնական որոշումը տա մեր պետության սահմանների մասին։

Կարսի բերդի հրամանատար նշանակվեց զորավար Փիրումյանը, իսկ զորքերի հրամանատար՝ Հովսեփյանը, նահանգապետ՝ Ստ․ Ղորղանյանը։ Նրանք էին կազմում Կարսի բարձրագույն իշխանությունը։ Դժբախտաբար, նրանց միջև շարունակ վեճեր ու բախումներ էին լինում իրենց իշխանության սահմանների վերաբերյալ, ինչպես նաև՝ Կարսի շրջանը կառավարելու եղանակների և միջոցների մասին իրենց ունեցած տարակարծությունների հետևանքով։

Ղորղանյանը կողմնակից էր խաղաղ եղանակների, ուզում էր կառավարել երկիրը՝ վստահելով ազգաբնակչության բոլոր տարրերին, ջանալով քաղաքակրթական միջոցներով, տնտեսական շնորհներով և մեղմ վերաբերմունքով գրավել ամենքի սիրտը դեպի հայկական նոր իշխանություն։ Իսկ մեր երկու զորավարները երկիրը խաղաղեցնելու համար սրի ծայրն էին տեսնում միակ փրկությունը և միակ միջոցը։

Ահա հիմնական տարակարծությունը գետնի վրա էր, որ շարունակ տեղի էին ունենում անախորժ ու վնասակար թյուրիմացություններ ու բախումներ։ Զորավար Փիրումյանը պահանջում էր, որ իրեն զինվորական նահանգապետի իրավունքներ տրվեն, որպեսզի քաղաքացիական իշխանությունը, հանձին նահանգապետ Ղորղանյանի, իրեն ենթարկվի։ Ղորղանյանը, հակառակը, բացարձակապես դեմ էր իշխանության այդ ձևի կազմակերպման։ Ավելորդ է ասել, որ այդ խուլ պայքարը փոխանցվում էր համապատասխան ստորադաս մարմիններին ու պաշտոնյաներին։

Այստեղ ես կբավարավեմ միայն փաստը արձանագրելով, առանց կանգ առնելու նրա գոյության և հարատևման պատճառների վրա։ Եվ սա արձանագրում եմ, որովհետև այդ պայքարը ծանրագույն, և կարելի է ասել, ճակատագրական հետևանքներ ունեցավ ապագայում։

Վերոհիշյալ չորս խնդիրների մեջ բավականին մեծ դժվարությունների հանդիպեց մեր ձեռքն ընկած հարստությունների պահպանման գործը։ Շատ բան կորցվեց սիստեմի և բավականաչափ պահապան պահապան ուժերի բացակայության ու անհոգության պատճառով։ Այս խնդիրը շատ անգամներ բուռն վեճերի առարկա էր դարձել մեր խորհրդարանի, ֆրակցիայի և կառավարության մեջ։ Այսուհանդերձ, հնարավոր եղավ օգտագործել լքված ավտոմոբիլների մի մասը, հագուստեղենը, ձողերը, մեքենաները, ապակին և այլն։ Նորոգման համար շինվեցին հատուկ գարաժներ ու արհեստանոցներ։ Իսկ բնական հարստությունների և մասնավորապես անտառների շահագործման համար Սարիղամիշում շինվեցին տախտակ կտրող գործարաններ, սկսվեց Կաղզվանի աղահանքների շահագործումը, ձեռնարկվեց խոտի արտահանություն մեծ քանակությամբ, ինչպես նաև՝ անասունների գնում և փոխադրություն դեպի Երևանի շրջան, որտեղ պակաս էր զգացվում։

Սահմանների պաշտպանության համար զորքեր տեղակայվեցին Սարիղամիշում, Կարսում, Մերդենեկում և Արդահանում՝ այդ շրջանի ռազմագիտական կարևորագույն կետերում։ Ընդհանուր առմամբ, իմ տպավորությունն այն է, որ Կարսի շրջանի մահմեդական բնակչությունը մեր իշխանության նկատմամաբ օրինապահ մնաց։ Արդահանում մեր կողմից գավառապետ նշանակվեց մահմեդական Կադիմովը, որին մեր կառավարությունը շնորհեց գնդապետի աստիճան։ Նրա միջոցով նահանգապետը ի վիճակի էր խաղաղ վիճակում պահել տեղի մահմեդական բնակչությանը։ Միակ կետը, որ հակակառավարական քարոզչության բույն էր, Աղբաբան էր իր 40 հազար բնակչությամբ։

Աղբաբան գտնվում էր Ախալքալաքի և Ալեքսանդրապոլի գավառների սահմանի վրա։ Դրանցի բացի, անհանգիստ էին նաև Օլթիի շրջանի սահմանամերձ քրդերը, որոնց վրա ուղղակի ազդում էին թուրք գործակալները Թուրքիայից։ Իմ վարչապետության շրջանում փորձ արվեց «զինվորական զբոսանքի» միջոցով խաղաղեցնել Աղբաբան, բայց այդ փորձը տևական հետևանք չտվեց։ Կարսի շրջանի բոլոր մասերի լիակատար գրավումը մեր կառավարության կողմից կատարվեց դոկտոր Օհանջանյանի վարչապետության օրով։

Հազիվ մի քանի ամիս էր անցել Կարսի շրջանի միացման օրից, երբ ես պաշտոնական ճամփորդություն կատարեցի դեպի Կարսի շրջան, ինչպես նաև՝ Հայաստանի մյուս նահանգներ: Այս ճամփորդությունը այնքան խորն է տպավորվել իմ հիշողության մեջ, որ կյանքում երբեք չպետք է մոռանամ: Ճամփորդությանս նպատակն էր ցույց տալ բնակչությանը Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանությունը և անձնական շփման միջոցով տեղի բնակչության ներկայացուցիչների հետ նրանց հաղորդել կառավարության տեսակետները վարչական կարևորագույն խնդիրների մասին, ինչպես նաև՝ մոտիկից ծանոթանալ ժողովրդի կարիքներին: Ճամփորդությունը, հարկավ, կազմակերպված էր այնպիսի ձևով, որ տպավորություն թողներ ժողովրդի վրա: Ուղեգիծս հետևյալն էր. Երևան-Ալեքսանդրապոլ-Կարս-Կաղզվան-Մարդենեկ-Արդահան, վերադարձ դեպի Ալեքսանդրապոլ, որտեղից Ղարաքիլիսա-Դիլիջան-Քարվանսարա-Կարակոյունլու ձորը և Երևան: Ինձ ուղեկցում էին Հայաստանի զորքերի բարձրագույն հրամանատար, զորավար Նազարբեկյանը, զորավարներ Փիրումյանը և Հովսեփյանը, նահանգապետ Ղարղանյանը, Ֆրանսիայի ներկայացուցիչ գնդապետ Բուատեպարը և մի շքախումբ Երևանի պարետ գնդապետ Շահխաթունու գլխավորությամբ: Հատուկ գնացք էր պատրաստվել:

Մեկնելու ժամանակ տեղի ունեցավ մի փոքրիկ միջադեպ, որը հետո լիովին պարզվեց: Երբ մենք Երևան քաղաքից ավտոմեքենայով գնում էինք երկաթուղային կայարան, որը 2 վերստ հեռու էր քաղաքից, ինձ ուղեկցող կինս նկատեց երեք անձանց, որոնք թաքնվել էին քարերի հետևում: Ճանապարհի երկու կողմերին կանգնած էին ոստիկանական պահակներ, որոնք իրենց պետին անմիջապես իմաց տվեցին այդ մասին: Ոստիկանները իսկույն վազեցին քարերի ետևը՝ փորձելով ձերբակալել թաքնվող անձանց: Նրանք սկսեցին փախչել, բայց ի վերջո բռնվեցին: Պարզվեց, որ թաթարներ էին: Այնտեղ, որտեղ թաքնված էին, գտնվեց երկու ռումբ, բայց առանց պատրույգի: Հարցաքննության ժամանակ հայտնեցին, որ այդ ռմբերը մի մոլլա էր տվել իրենց տուն տանելու համար և իրենք, տեսնելով հանդիսավոր երթը, կանգնել էին քարերի ետևում: Վերջում նրանք ազատ արձակվեցին:

Ընդհանրապես, մեր ճամփորդությունը հանգիստ անցավ: Մասնավորապես, հոյակապ ընդունելություն ցույց տրվեց Ալեքսանդրապոլում և Կարսում: Ժողովուրդը ամենուր զանգվածաբար դիմավորում և ողջունում էր: Ամեն տեղ ես Հայաստանի կառավարության կողմից հայտնում էի, որ մեզ համար բոլորը՝ հայ, թուրք, ռուս, հավասար են և օրենքը անխտիր պաշտպանում է նրանց: Ժողովրդի հետ ինձ ամենուր դիմավորում էին հայկական զորամասերը և հայ դպրոցականները: Ու ամեն տեղ բարձրաձայն հնչում էր ազգային երգը՝ «Մեր Հայրենիքը»: Ամեն տեղ բացատրում էի հայրենիքի և անկախության նշանակությունը և կառավարության տեսակետները:

Կաղզվանին մոտենալու ժամանակ ինձ դիմավորեցին քրդերը՝ ազգային տարազով: Նրանք մոտ 200 հոգի էին, ինձ ուղեկցեցին մինչև քաղաք, որտեղ մեզ դիմավորեց ժողովուրդը, զորքը և հոգևորականությունը: Կազղվանից գնացի աղահանքերը, որոնց շահագործումը արդեն սկսվել էր: Հետո վերադարձա Կարս, որտեղից Արդահան անցա ռուսական և հունական գյուղերով: Մերդենեկում զորահանդես տեղի ունեցավ: Այնտեղ զորքերի հրամանատարն էր գնդապետ Մազմանյանը, ով հետագայում հուսահատությունից ինքնասպանություն գործեց Կարսի անկման նախօրյակին:

Առանձնապես հիշատակելի էր ճանապարհը Մերդենեկից մինչև Արդահան: Այդ շրջանի բնակիչները թուրքեր, քրդեր և թաթարներ էին: Մեզ ուղեկցում էին ձիավոր քրդեր և թաթարներ: Արդահան քաղաքի բնակչությունը նույնպես գրեթե բացառապես մահմեդական էր: Բայց հակառակ դրան, մեր ճամփորդությունը անցավ շատ հանգիստ և փայլուն: Ամբողջ բնակչությունը մինչև կեսգիշեր փողոցներում էր, ամենուր հրավառություն և երգեցողություն էր:

Առավոտյան ինձ մոտ եկան քրդերի և թաթարների երևելիները և ես նրանց տվեցի սպաների աստիճաններ և ուսադիրներ, մի բան, որ նրանց շատ ուրախացրեց: Այդ երևելիներից շատերը տասնյակ վերստեր հեռավորությամբ ճանապարհ էին կտրել՝ իրենց հավատարմությունը Հայաստանի Հանրապետությանը հայտնելու համար:

Արդահանում այցելեցի նաև վրացական մասը, որը գտնվում էր գետի մյուս կողմը: Այն տեղ ես ճառ արտասանեցի Հայաստանի և Վրաստանի բարեկամության մասին:

Արդահանից Զարուշատի վրայով վերադարձա Ալեքսանդրապոլ: Ամբողջ ճանապարհին ոչ միայն հայկական, այլ նաև քրդական, հունական և ռուսական գյուղերը իրենց հպատակությունը հայտնեցին իրենց հատուկ եղանակներով: