Դիանա Աբգարը Ճապոնիայում դեսպա՞ն, թե՞ պատվավոր հյուպատոս

2382

Հայ ժողովրդի պատմության գրքերում և հոդվածներում գրվում է, որ աշխարհում առաջին կին դեսպանը եղել է Դիանա Աղաբեկ Աբգարը: Նա ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունը Ճապոնիայում 1920 թվականին:

ՀՅԴ Յառաջ օրաթերթում (թիւ 155, շաբաթ, 24 Յուլիսի, 1920թ) հանդիպում ենք հետևյալ տեղեկատվությանը.

Եապօնիայում, Իօգա Համա քաղաքում, Հայաստանի պատւաւոր հիւպատոս նշանակւել է յայտնի կին գործիչ Դիանա Աղաբէկ Աբգար:

Դիանա Աղաբէկ Աբգարն Եապօնում, թէ պետական դէմքերի շրջանում և թէ հայ գաղութի մէջ համակրանք է վայելում:

Այսպիսով, 1920 թվականի հուլիսին Դիանա Աբգարը նշանակվել է ոչ թե Ճապոնիայում Հայաստանի դեսպան, այլ պատվո հյուպատոս Յոկահամա քաղաքում:

Հայաստանի Հանրապետությունը 1920 թ. դեկտեմբերի 2-ին խորհրդայնացվեց:

Մեզ դեռևս չի հանդիպել արխիվային փաստաթուղթ, համաձայն որի Դիանա Աբգարը, պատվավոր հյուպատոսից բացի, եղել է դեսպան և հանձնել հավատարմագրեր:

Դիանա Աբգարի մասին 100 LIVES հարթակում կարդում ենք.

Դիանա Աբգարը եղել է Ճապոնիայում Հայաստանի առաջին հանրապետության պատվավոր դեսպանը՝ դառնալով արդի պատմության եթե ոչ առաջին կին դիվանագետը, ապա գոնե առաջիններից մեկը։

Դիանան ծնվել է Բիրմայում (Մյանմա), արմատներով նորջուղայեցի հայերի սերունդների ընտանիքում, իսկ դպրոց հաճախել է Հնդկաստանում։ 1890թ. ամուսնու հետ տեղափոխվել է Ճապոնիա եւ առաջին տարիներն անցկացրել իր նորակազմ ընտանիքի հոգսերում։ Սակայն 1909թ. Ադանայում սկիզբ առած հայկական ջարդերը նրան մղում են գործի, եւ Դիանան կյանքի մնացած մասը մեծամասամբ նվիրում է հայերի դրության վրա ուշադրություն գրավելու գործին եւ Ճապոնիայում նույնիսկ ապաստարան հիմնում Հայոց ցեղասպանությունից փրկվածների համար։ Իր այս ջանքերը նրան մեծ գնահատանքի են արժանացրել, եւ արդյունքում Հայաստանի առաջին հանրապետության հիմնումից հետո նա նշանակվել է Ճապոնիայում Հայաստանի պատվավոր դեսպան։

Նա թողել է նաեւ գրական մեծ ժառանգություն, այդ թվում՝ գրքեր, պոեմներ եւ նամակներ։ Դիանան իր գրելու ձիրքը ծառայեցրել է նախնյաց երկրում (ուր երբեք չէր եղել) իր ազգակիցներին բաժին ընկած անարդարությունն ու դժբախտությունը ներկայացնելու համար։ Այս ամենի ընթացքում նա որոշակիորեն գործել է նաեւ իբրեւ պետական պաշտոնյա, եւ դա՝ այն ժամանակներում, երբ անգամ ավելի զարգացած երկրների մեծ մասում կանայք նույնիսկ քվեարկելու իրավունք դեռեւս չունեին։ 

1923թ. Կանտոյի մեծ երկրաշարժի հետեւանքով Դիանա Աբգարը կորցրել է իր տունն ու ապրուստի մեծ մասը։