Մենք ուզում ենք ֆուտբոլը վերադարձնել Նոյեմբերյան և լավ խաղալ

1207

Նոյեմբերյանի Դովեղ ֆուտբոլային ակումբը նախապատրաստվում է հայտ ներկայացնել` մասնակցելու ՀՀ ֆուտբոլի Առաջին խմբի 2019-2020 թթ. առաջնությանը: Ակումբի հիմնադիրը լրագրող, մի քանի գրքերի հեղինակ Թաթուլ Հակոբյանն է: Նա պատասխանել է մի քանի հարցերի:

Հարց – Զրոյից թիմ եք ստեղծում:

Պատասխան – Այո, բայց նաև ոչ: Ոչ, որովհետև Նոյեմբերյանը և Տավուշի մարզը ֆուտբոլային ավանդույթներ ունի: Այստեղ ֆուտբոլ խաղում են և շատ են սիրում ֆուտբոլ: Նախկինում ՀՀ ֆուտբոլի բարձրագույն և առաջին խմբի մրցաշարերին մասնակցել են մարզի մի քանի թիմեր, այդ թվում՝ Նոյեմբերյանի Ազնավուրը, Իջևանի Բենտոնիտը, Դիլիջանի Իմպուլսը: Այսօր ՀՀ մանկապատանեկան առաջնություններին Տավուշիի մարզից մասնակցում է 9 թիմ: Սա շատ լուրջ ցուցանիշ է: Արագածոտնը, Վայոց Ձորը և Գեղարքունիքը միասին այդքան թիմ չունեն:

Բայց ճիշտ է նաև, որ մեծահասակների Դովեղ թիմը ձևավորում ենք մաքուր էջից: Մենք ուզում ենք այս տարի՝ 2019-2020-ին, մասնակցել ՀՀ ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությանը և գավաթի խաղարկությանը:

Հարց – Ովքե՞ր են թիմի ֆուտբոլիստները:

Պատասխան – Մենք հայտարարել ենք ընդունելություն: Պարապմունքներին և ընկերական խաղերին փորձարկում ենք բոլոր նրանց, ովքեր դիմում են: Կամաց-կամաց ձևավորվում է թիմի կորիզը: Մենք ուզում ենք, որ թիմում ընդգրկվեն Նոյեմբերյանին մոտ երեք շրջանների ֆուտբոլիստներ՝ Բերդ, Իջևան և Ալավերդի: Եվ իհարկե՝ Նոյեմբերյանի շրջանը: Այսօր թիմում փորձաշրջան են անցնում ֆուտբոլիստներ Իջևանից, Աչաջուրից, Ներքին Կարմիր Աղբյուրից, Ոսկեպարից, Ոսկեվանից, Նոյեմբերյանից, Կողբից, Դովեղից, Բերդավանից, Բագրատաշենից, Այրումից, Ալավերդուց: Մեր թիմում ընդգրկելու ենք նաև մի քանի ֆուտբոլիստներ Երևանից: Մեզ դիմել են նաև արտերկրի ֆուտբոլիստներ, սակայն այս պահին մենք նպատակահարմար ենք համարում թիմը համալրել գերազանցապես Տավուշի մարզի, Ալավերդու շրջանի և Երևանի ֆուտբոլիստներով: Նոյեմբերյանցի մի քանի ֆուտբոլիստներ, որոնք բնակվում են Ռուսաստանում, ցանկություն են հայտնել վերադառնալ Հայաստան և ֆուտբոլ խաղալ մեր թիմում: Թիմի մարզիչներն են ՀՀ Բարձրագույն խմբում հանդես եկած Ազնավուրի գլխավոր մարզիչ Վրեժ Աբովյանը՝ Կողբից, ով նաև ակումբի փոխնախագահն է, և նույն թիմի դարպասապահ Կարեն Ասատրյանը՝ Նոյեմբերյանից: Ես էլ եմ փորձում օգտակար լինել:

Հարց –  Երբ է թիմը վերջնական տեսքի բերվելու:

Պատասխան –  Մայիս-հունիսին: Մենք հայտագրելու ենք 30 ֆուտբոլիստների, այդ թվում՝ 7-8-ը մինչև 16 տարեկան՝ հիմնականում Դովեղ-03 թիմից, որը հանդես է գալիս մինչև 16 տարեկանների ՀՀ առաջնությունում: Մենք ուզում ենք ապագայում թիմը համալրեր մեր պատանիներով: Բայց ոչ միայն: Մեր դռները բաց են բոլորի առաջ, ովքեր ուզում են և ձգտում դառնալ ֆուտբոլիստ:

Հարց – Հաջորդ՝ 2019-2020 թթ. ՀՀ ֆուտբոլի մանկապատանեկան առաջնություններում թիմեր ունենալու ե՞ք:

Պատասխան – Մենք ուզում ենք ուժեղացնել Դովեղ-03-ը և հանդես գալ մինչև 17 տարեկանների առաջնությունում, ինչպես նաև ձևավորել Դովեղ-05, որտեղ կընդգրկվեն 2005, 2006 և 2007 թվականների մանուկ ֆուտբոլիստներ: Բայց ցանկությունը դեռ բավարար չէ: Պետք են բավարար թվով ֆուտբոլիստներ, որպեսզի կարողանանք թիմեր կոմպլեկտավորել: Մենք թիմ ենք հրավիրում 2003-ից 2007 թվականներին ծնված ֆուտբոլիստների, բայց Նոյեմբերյանի շրջանից, քանի որ մեր պարապմունքները անց ենք կացնում Նոյեմբերյանի քաղաքային մարզադաշտում: Մեր մարզիչներից Կարեն Ասատրյանը պարապմունքներ է անցկացնում նաև Ադրբեջանի սահմանային՝ Նոյեմբերյանի շրջանի գյուղերում, որովհետև երեխաների համար դժվարություններ կան տեղափոխության, տրասնպորտի:

Հարց –  Ինչպիսի՞ն է մարզադաշտի և հանդերձարանի վիճակը:

Պատասխան – Շատ գործ կա անելու, բայց պետք է հասցնենք:

Հարց – Ովքե՞ր են ֆինանսապես աջակցում թիմին:

Պատասխան – Իմ ընկերները, բարեկամները, ինձ ճանաչողները, ֆուտբոլ սիրողները, Հայաստանի սահմանները սիրողները: Նրանց բոլորի անունները կարելի է կարդալ www.aniarc.am կայքում՝ «Դովեղ» ֆուտբոլային ակումբի բարեկամները բաժնում: Այնտեղ ներառված են բոլորը՝ սկսած նրանցից, ովքեր օգնել են 1000 դրամով կամ 1000 դոլարով: Բոլորի անունները կան և անընդհատ ավելանում են, քանի որ ավելանոմ են մեր ծախսերը:

Լուսանկարում՝ Տավուշի Աչաջուր գյուղի մարզադաշտը, որտեղ մարտի 2-ին պարապմունք և ընկերական խաղ անցկացրեց թիմը