Քոչարյանը արել է այն, ինչ պետք էր անել․ Սերժ Սարգսյան

1174

Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների մասին ուշագրավ տեղեկություններ կան Վիկիլիքսի գաղտնազերծված հեռագրերում։

2008 թվականի մայիսի 21-ին Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջեզեֆ Փենինգթոնը պետքարտուղարություն հղած հեռագրում մանրամասներ է ներկայացնում մայիսի 15-ին նախագահ Սերժ Սարգսյանի և ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի օգնության ծրագրի համակարգող Թոմ Ադամսի մեկուկեսժամյա զրույցից։

Սարգսյանը ընդունել է, որ Մարտի 1-ի իրադարձություններում իշխանությունները կարող էին իրավիճակն այնպես կառավարել, որ խուսափեին մարդկային կորուստներից։ Խնդիրն այն է, շարունակել է Սարգսյանը, որ ոստիկանությունը պատշաճ կերպով պատրաստված և հանդերձավորված չէր, որպեսզի արդյունավետ կերպով գործեր նման իրավիճակներում։

Սարգսյանը ասել է՝ ոչ ես, ոչ Քոչարյանը, Մարտի 1-ին բռնությունների կողմնակից չենք եղել, մինչդեռ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները մեկ ամիս դրան էին նախապատրաստվում։

Երբ Ադամսը ընդգծեց, որ Քոչարյանն է Մարտի 1-ի որոշումների համար առաջին հերթին պատասխանատու, Սերժ Սարգսյանը անվերապահ պաշտպանեց Քոչարյանին՝ ասելով․ «Նա արեց այն, ինչ պետք էր անել՝ հայտարարելով արտակարգ դրություն» (“[Kocharian] did what needed to be done by declaring a State of Emergency.”):

Ամերիկացի պաշտոնյան զրույցի ընթացքում անդրադարձել է նաև քաղբանտարկյալներին, առաջ բերելով Սերժ Սարգսյանի զարմանքը։ «Ես չգիտեմ՝ ում նկատի ունեք»,- ասել է Սարգսյանը և շարունակել․ «Մարդիկ, որոնք գործել են լուրջ հանցանքներ, չեն կարող ազատ արձակվել։ Նրանք հանցանքներ են գործել, և դրա համար նրանք պետք է դատապարտվեն բանտարկության»։

Մարտի 1-ի դեպքերի մասին Վիկիլիքսում բազմաթիվ հրապարակումներ կան։ Դրանցից մեկում, որը կրկին Պետքարտուղարություն է ուղարկել Ջոզեֆ Փենինգթոնը, Ռոբերտ Քոչարյանը ասել է, որ եթե ինքը ցանկանա, ապա կարող է Ազատության հրապարակը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից «մաքրել 40 րոպեից պակաս ժամանակում»։

Այս զրույցը կայացել է 2008-ի փետրվարի 28-ի երեկոյան, երբ Քոչարյանի առաջարկով տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում ԱՄՆ դեսպանության թիվ մեկ պատասխանատուի հետ։

Թաթուլ Հակոբյան

Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի