Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ստացել է բանաստեղծ, կինոսցենարիստ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սլավի-Ավիկ Հարությունյանի բանաստեղծությունների գիրքը, որը կրում է Երկինքն առանց թռչունների խորագիրը։
Հատորը եռալեզու է՝ իսպաներեն, անգլերեն և ֆրանսերեն։
Սլավի-Ավիկ Հարությունյանը ծնվել է Արցախում՝ Մարտակերտի Չլդրան գյուղում։ Բազմաթիվ բանաստեղծությունների գրքերի և կինոսցենարների հեղինակ է։
Բնակվում է Ռուսաստանում և Իսպանիայում։

Ներկայացնենք նրա բանաստեղծություններից մեկը
ՀԱՅԱՍՏԱՆ
երկիր–
որտեղ ճանապարհորդում ես
առանց անձնագրի– առանց վախի–
ապրում–սիրում
աղոթում կիրակնօրյա
լույսին–հույսին՝
անհու՛յս
անհու՛յս
կանայք մթան եզրին լուսնի շորերով
պանդխտության են ուղարկում
ամուսիններին–
այնպես բուրում է
առավոտի օդը
գետերը ցատկում են
դեպի անդունդները–
մեր սեփական կործանումն է
այդ վիհերում
ես խոսում եմ այն մասին՝ որ
կանայք–
մահվան և կյանքի հրեշտակներ են
և այն մասին՝ որ
երկիրը իմացություն է–ժայռեր–վիհեր
անգամ՝ գիշեր
այդ գիշերները
աչքեր են տվել՝ որ
կանայք հեծկլտան
կորուստը
ես ասում եմ՝ որ
վերքերը
մեր մարմնի անդամները չեն
քարերը նրա համար են
որ նայեն հեռացողներին
մոլորակը՝ այս քարերից է
ես ասում եմ՝ որ
այս գարնան
ձնախառն
ջուրն են–
անգամ գիշերն են
անկողիների մեջ մենակ թավալվող կանայք
առավոտյան
արևածագի
հյութով թաթախված
Աստված
այդ պահին իջներ նորից
այս կիսաքուն խաղողի դաշտերում
Արարատի ստորոտին պարզված
անմեղ լռության մեջ
սիրեր մեկին՝
մեկ–մեկ
մխիթարեր
ես խոսում եմ այն մասին
ինչ կորցնում ենք
անընդհատ
այս ծառերի շնչում
այս քարերի տապին
այս միայնակ կանանց
անհառաչանք գրկում
ես խոսում եմ
ես դեռ խոսում եմ
այն թռչունի մասին
որ հատել է օվկիանոսը
առանց վայրէջքների
բայց նայում է ետ
բայց նայում է ետ
բայց նայում է ետ
այս քարերին












