«Մասամբ ազատից»՝ «ազատ»․ Հայաստանը Freedom House-ի զեկույցում

1037

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Համացանցի ազատությունը 2018 թվականին․ թվային ավտորիտարիզմի աճը» խորագրով իր հերթական զեկույցը։ Հեղինակները նախաբանում նշում են, որ տարին անցել է կեղծ լուրերի, փաստերի հավաքագրման և ժողովրդավարությանը սպառնացող մարտահրավերների նշանաբանի ներքո։ 65 երկրների թվում 26-ը գրանցել է դիրքերի անկում 2017-ից ի վեր, 19-ը՝ բարելավում, այդ թվում՝ Հայաստանը (27 միավոր)։Հայաստանը «մասամբ ազատից»՝ «ազատ»

«Ցուցիչների բարելավում գրանցած 19 երկրներից երկուսը՝ Հայաստանն ու Գամբիան, արձանագրել են համացանցի ազատության կարգավիճակի փոփոխություն։ Հայաստանը «մասամբ ազատից» դարձել է «ազատ» այն բանից հետո, երբ քաղաքացիներն օգտագործել են սոցիալական մեդիա հարթակները, հաղորդակցային հավելվածները և ուղիղ եթերը՝ ապրիլին տեղի ունեցած Թավշյա հեղափոխությամբ բերելով քաղաքական փոփոխություն։

Հայաստանյան ցուցարարները հենվել են սոցիալական մեդիայի վրա՝ քաղաքացիներին մոբիլիզացնելու և աջակցություն ստանալու նպատակով։ Ուղիղ եթերի գործիքի և սոցիալական մեդիայի ու հաղորդակցային հարթակների շնորհիվ ապրիլ-մայիսի բողոքները հանգեցրել են վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին և հաջորդիվ խորհրդարանի կողմից Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրությանը»,- ասված է զեկույցում։

ՍիվիլՆեթ լրատվականը՝ Freedom House-ի զեկույցումFreedom House-ի զեկույցում շեշտվում է հեղափոխության օրերին հատկապես ուղիղ եթերի դերակատարությունը ինչպես Youtube-ում, այնպես էլ Ֆեյսբուքում։ Դիտումների քանակն ավելացրած լրատվականների համատեքստում հիշատակվում է նաև ՍիվիլՆեթը։

««Ազատություն» հայտնի ռադիոկայանի յութուբյան և ֆեյսբուքյան ուղիղ եթերների դիտումները միայն ապրիլին հատել են 100 մլն-ի շեմը, մինչդեռ ավելի փոքր՝ CivilNet.am լրատվականը, նույն ամսին իր դիտումների քանակը հասցրել է ավելի քան մեկ մլն-ի»,- նշում են հեղինակները՝ հավելելով, որ նկարահանող խմբերը ցուցարարներին ուղեկցել են քաղաքներով մեկ՝ օգտագործելով պատկեր պատկերում գործիքը՝ էկրանին միաժամանակ ցուցադրելով տարբեր վայրերում ծավալվող իրադարձությունները։

Անդրադարձ է կատարվում նաև ցույցերի օրերին լրագրողների դեմ գործադրված բռնությանը։ Նշվում է, որ Թավշյա հեղափոխության օրերին առնվազն 16 լրագրող է ենթարկվել ֆիզիկական բռնության, շատերը՝ բողոքները ուղիղ ռեժիմով հեռարձակելու համար։ Հիշատակվում են այդ թվում ՍիվիլՆեթի լրագրողներ Անի Գրիգորյանն ու Թաթուլ Հակոբյանը, որոնք հարձակման են ենթարկվել իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս։

Ինչպես արդեն նշվեց, Հայաստանը անցյալ տարի համացանցի ազատության ցուցիչով «մասամբ ազատների» թվում էր՝ 32 միավորով։

Լուսանկարներում՝ ՍիվիլՆեթի լրագրողներ Թաթուլ Հակոբյանն ու Անի Գրիգորյանը Թավշյա հեղափոխությունը լուսաբանելիս

Ստելլա Մեհրաբեկյան 

ՍիվիլՆեթ