«Դովեղը», «Նիկարմը» և Կողբի թիվ 1 դպրոցը. Տավուշի մարզի ֆուտբոլի մրցաշարի հաղթողները

1760

2019թ հունվարի 12-ին Տավուշի մարզի Կողբ գյուղի «Կողբ» հիմնադրամի մարզադահլիճում Նոյեմբերյանի «Դովեղ» ֆուտբոլային ակումբը Թուֆենկյան հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել էր մինի ֆուտբոլի մրցաշար դպրոցականների միջև (2003-2005 թվականներ):

Մրցաշարին մասնակցում էին 18 թիմեր, որոնցից 14-ը Նոյեմբերյանի շրջանի գյուղերի դպրոցներ, իսկ 4-ը՝ Նոյեմբերյանի «Դովեղ», Իջևանի «Նիկարմ» ֆուտբոլային ակումբի «Նիկարմ» և «Այգեհովիտ» (գյուղ Այգեհովիտ) թիմերը, ինչպես նաև՝ Բերդի տարածաշրջանի Ներքին Կարմիր Աղբյուր գյուղի դպրոցի թիմը:

Հանդիպումները տեղի ունեցան օլիմպիական մրցակարգով:

Մրցաշարի հաղթող դարձավ Նոյեմբերյանի «Դովեղ» ֆուտբոլային ակումբի թիմը, որը եզրափակիչում, հետխաղյա 11 մետրանոցներով, հաղթեց Իջևանի «Նիկարմ» ֆուտբոլային ակումբի թիմին: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 3-3 հաշվով: «Դովեղ»-ին հանձնվեց Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի և Նոյեմբերյանի մարզադպրոցի կողմից սահմանված գավաթը:

Երրորդ տեղի համար խաղում Կողբի թիվ 1 դպրոցի թիմը, որտեղ հանդես էին գալիս նաև տեղի «Զիկատար» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները, 3-0 հաշվով հաղթեց «Այգեհովիտ» ֆուտբոլային ակումբին:

Մրցաշարի ռմբարկու դարձավ և հատուկ մրցանակ ստացավ Կողբի թիվ 1 դպրոցի և «Զիկատար» ֆուտբոլային ակումբի խաղացող Էրիկ Մալխասյանը: 

Առաջին երեք տեղեր գրաված թիմերը ստացան Նոյեմբերյանի համայնքապետարանի սպորտդպրոցի, «Դովեղ» և «Նիկարմ» ակումբների պատվոգրերը, ինպես նաև գրքեր՝ «Դովեղ» ակումբի կողմից:

Մրցանակները և պատվոգրերը հանձնեցին «Նիկարմ» ակումբի նախագահ Արմեն Խաչատրյանը, «Դովեղ» ակումբի փոխնախագահ Վրեժ Աբովյանը և մարզիչ Կարեն Ասատրյանը:

«Դովեղ» ակումբի հիմնադիր Թաթուլ Հակոբյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Թուֆենկյան հիմնադրամին, Նոյեմբերյանի համայնքապետարանին, Կողբի և Նոյեմբերյանի մարզադպրոցների ղեկավարությանը, ինչպես նաև մրցաշարի մասնակից 18 թիմերին:

Ներկայացնում ենք բոլոր խաղերի արդյունքները.

1/16 եզրափակիչ

Նոյեմբերյան (Հիմնական դպրոց)-Կողբի թիվ 2 դպրոց՝ 2-9

Զորական-Դեբեդավան՝ 1-4

1/8 եզրափակիչ

Պտղավան-Դովեղ՝ 2-7

Հաղթանակ-Կողբի թիվ 2 դպրոց՝ 3-6

Այգեհովիտ-Դեբեդավան՝ 4-2

Բագրատաշեն-Ներքին Կարմիր Աղբյուր՝ 4-2

Բերդավան-Կոթի՝ 6-3

Նիկարմ-Բաղանիս՝ 9-1

Կողբի թիվ 1 դպրոց-Այրում՝ 14-1

Նոյեմբերյան (Ավագ դպրոց)-Ոսկեվան՝ 2-1

1/4 եզրափակիչ

Դովեղ-Կողբի թիվ 2 դպրոց՝ 8-2

Բագրատաշեն-Այգեհովիտ՝ 3-3, 11 մ-ով՝ 3-4

Նիկարմ-Բերդավան՝ 2-1

Կողբի թիվ 1 դպրոց-Նոյեմբերյանի Ավագ դպրոց՝ 4-1

Կիսաեզրափակիչ

Դովեղ-Այգեհովիտ՝ 6-0

Նիկարմ-Կողբի թիվ 1 դպրոց՝ 5-1

Երրորդ տեղի համար խաղ

Կողբի թիվ 1 դպրոց-Այգեյհովիտ՝ 3-0

Եզրափակիչ

Դովեղ-Նիկարմ՝ 3-3, 11 մ-ով՝ 4-3

Նման մրցաշար կազմակերպելով՝ «Դովեղ» ֆուտբոլային ակումբը հետապնդում էր երեք հիմնական նպատակ.

  1. մասսայականացնել աշխարհի ամենասիրված խաղը՝ ֆուտբոլը, Տավուշի մարզի սահմանային համայնքներում,
  2. փորձել նոր ֆուտբոլիստներով համալրել ՀՀ ֆուտբոլի մինչև 16 տարեկանների 2018-2019թթ. առաջնությունում հանդես եկող «Դովեղ» թիմը,
  3. 2019-2020 թթ. ՀՀ ֆուտբոլի մանկապատանեկան առաջնության համար ընտրել ապագա ֆուտբոլիստների: Եկող՝ 2019-2020 թթ. ՀՀ ֆուտբոլի մանկապատանեկան առաջնություններում «Դովեղը» ևս երկու թիմով՝ մինչև 14 և մինչև 15 տարեկանների, ցանկություն ունի մասնակցելու:

Առավել աչքի ընկած ֆուտբոլիստները կներառվեն ՀՀ ֆուտբոլի մինչև 16 տարեկանների 2018-2019թթ. առաջնությունում հանդես եկող «Դովեղ» թիմի կազմում և նրա հետ կմասնակցեն ուսումնամարզական հավաքներին, այդ թվում՝ կմեկնեն Վրաստան՝ մի քանի ընկերական խաղեր անցկացելու վրաց իրենց հասակակիցների հետ:

«Դովեղ» ֆուտբոլային ակումբ ՀԿ

Լուսանկարում՝ «Նիկարմի» նախագահ Արմեն Խաչատրյանը մրցաշարի գավաթը հանձնում է «Դովեղի» ավագ Արմեն Հակոբյանին