Հայկական զորամասերը առաջ են շարժվում դեպի Թիֆլիս. 1918-ի հայ-վրացական պատերազմը

4827
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակել է Հայաստանի Հանրապետության երկրորդ վարչապետ և առաջին արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունը: Հայաստանի Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր: ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը վերածելով արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության՝ առաջին անգամ հրատարակում է Հայաստանում:

_______________________________

Յոթերորդ գլուխ

Իմ մասնակցությունը Քաջազնունու կառավարությանը 

նախորդ մասը կարդալ այստեղ

Հայաստանի վարչապետ Քաջազնունին Հայաստանի խորհրդարանում զինվորական գործողությունների սկզբնավորության մասին հայտարարություններ արեց: Ես ներկա էին այն տեսարանին, երբ Քաջազնունին, նախարարների խորհրդի նիստից հետո, որը հավանություն տվեց վարչապետի քայլերին, հեռախոսով հրահանգեց հրամանատար Դրոյին՝ սկսել ռազմական գործողություններ:

Այսպես սկսվեց պատերազմը, որ երկար ժամանակ թունավորեց հայ-վրացական հարաբերությունները: Թիֆլիսում վրացիները ուղղակի որսի ելան հայերի վրա, նրանց հարյուրներով քշում էին Քութայիս և Վրաստանի խորքերը:

Իսկ Երևանից զինվորներ էին ուղարկում ճակատ, ինչպես նաև ալյուրի վերջին պահեստները: Այն ժամանակ զարհուրելի ցրտեր էին, մեր զինվորները տաք հագուստից զուրկ էին: Հայերը համոզված էին, որ իրենց գործը արդար է: Եվ ընդհանրապես, պետք է ասել, որ պատերազմը ժողովրդական էր՝ հակառակ ցրտին ու սովին: Հոգեբանորեն մեր ժողովուրդը մղվում էր դեպի ազատ ելք, որը Վրաստանը փակել էր: Այստեղից էր, որ սպասում էին հացին ու հարաբերություններին արտաքին աշխարհի հետ:

Պատերազմը մղվում էր շատ փոքրիկ ուժերով, կանոնավոր կռվող զինվորների թիվը 1000-ից ավելի չէր, բայց նրանց միացել էր Բորչալուի գավառի ամբողջ հայությունը, որը կատաղորեն կռվում էր՝ ձգտելով միանալ Հայաստանին:

Դեկտեմբերի 15-ին Տիգրանյանը նոր ռադիոհեռագիր ուղղեց Վրաստանի արտաքին գործերի նախարարին հետևյալ բովանդակությամբ.

«Հենց նոր ստացա Ձեր թիվ 5599 ռադիոհեռագիրը՝ ի պատասխան դեկտեմբերի 9-ին ուղարկված իմ հեռագրին: Ամսի 12-ին իմ կառավարությունը Ձեզ ուղարկել է երկրորդ նոտան՝ առաջարկելով անմիջապես դուրս հանել վրացական զորքերը Բորչալուի գավառի հայկական մասից: Այս միջոցը միակ նպատակահարմարն էր արյունահեղությունը կանխելու հաար: Իմ կառավարության առաջարկը երբեք միջամտություն չէ Վրաստանի ներքին գործերին, որովհետև, ինչպես բազմաթիվ անգամներ մենք հայտարարել ենք Ձեզ, այդ շրջանը անպայմանորեն չի մտնում Վրաստանի սահմանների մեջ, այլ կազմում է Հայաստանի անբաժանելի մասը, որ բռնի կերպով գրավել են վրացական զորքերը:

Իր ծայրահեղ խաղաղասիրությունից մղված՝ Հայաստանի կառավարությունը ժամանակավորապես կհաշտվեր այդ կացության հետ՝ հույս ունենալով, որ Վրաստանի կառավարությունը պիտի խուսափի հարձակողական քայլերից տեղական բնակչության նկատմամբ, որը չի ուզում միանալ Վրաստանին: Մինչդեռ Վրաստանի կառավարությունը ոչ միայն ընդառաջ չգնաց մեր ցանկությանը՝ խաղաղ եղանակով լուծելու հարցը, այլ, նպատակ ունենալով հաստատուն կերպով իր ձեռքում ամրացնելու օտար հողամասերը, կանոնավոր արշավանք սկսեց խաղաղ բնակչության դեմ՝ գործելով դաժան ու արյունահեղ բռնություններ, կանգ չառնելով նույնիսկ հայ գյուղերի ռմբակոծման առջև:

Հայաստանի կառավարությունը չի կարող անտարբեր հանդիսատես լինել այն բանն, թե ինչպես հարևան պետության զորքերը սանձարձակ բռնություններ են գործում Հայաստանին պատկանող հողամասերի վրա և սպանում Հայաստանի քաղաքացիներին: Իմ կառավարությունը, ջերմորեն բաղձալով հետագա բարդության առաջն առնել, ուզում է հավատալ, որ Ձեր կառավարությունը, հարգելով բնակչության բաղձանքը, պետք է փութա սեփական նախաձեռնությամբ դուրս բերել իր զորքերը գրավված շրջաններից և այդպիսով, հնարավորություն պիտի տա Ձեր պատվիրակությանը՝ հարաբերությունների մեջ մտնելու մեզ հետ՝ վերականգնելու հեռագրական կապը և ամրացնելու երկու հարևան ցեղակից պետությունների խաղաղ կենակցությունը»:

Այս հեռագրին ի պատասխան Գեգեչկորին հեռագրով կրկնում է Վրաստանի կառավարության նախկին տեսակետներն ու պատճառաբանությունները և առանց ընդառաջ գնալու Հայաստանի կառավարության առաջարկին, իր կողմից առաջարկում է հրավիրել հայ-վրացական խորհրդաժողով: Միաժամանակ վրացական կառավարությունը, կամենալով շահել դաշնակից պետությունների համակրանքը, ջանում է արդարացնել նրանց առջև իր մինչ այժմյան ընթացքը և ամբողջ մեղքը թողնել Հայաստանի կառավարության վրա: Այս նպատակին հասնելու համար Վրաստանի կառավարությունը արդեն հարմարություն ուներ, որովհետև դաշնակից պետությունների ներկայացուցիչները գտնվում էին Թիֆլիսում և Բաթումում:

Զինվորական գործողությունները շարունակվում էին: Հայկական զորամասերը առաջ էին շարժվում դեպի Թիֆլիս: Այնքան ժամանակ, քանի դեռ ռազմական գործողությունները տեղի էին ունենում նեղ ձորերում, վրացիները դիմադրություն ցույց չէին տալիս: Նրանք կռվի էին պատրաստվում Թիֆլիսից երեք ժամ հեռավորության վրա գտնվող մի հովտում:

Դաշնակից պետությունների ներկայացուցիչները դիմեցին երկու կողմերին՝ միջամտելու և բախումը հարթելու՝ այդ նպատակով առաջարկելով իրենց ծառայությունները: