Ադրբեջանը պարտավոր է Կարեն Ղազարյանին վերադարձնել, բայց հրաժարվում է․ Նիկոլ Փաշինյան

909

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Նոյեմբերյանում անդրադարձել է Ադրբեջանի սահմանը հատած Կարեն Ղազարյանին հետ վերադարձնելու խնդրին, գրում է Հայկական ժամանակը:

«Կարեն Ղազարյանի հետ կապված խնդիրը պարզ խնդիր չէ: Դուք գիտեք, որ Ադրբեջանը կիսապաշտոնական առաջարկ է արել, ասել է, որ իրենց կողմում կա երեք հայ եւ Արցախի կողմում երեք ադրբեջանցի: Նրանք առաջարկել են, որ բոլորին բոլորի հետ փոխանակենք: Թվում է, որ շատ պարզ իրավիճակ է եւ ինչու մենք պետք է հրաժարվենք: Իրականում այդքան պարզ չի, որովհետեւ Արցախի Հանրապետությունում երկու քաղաքացիներից մեկը դատապարտված է 20, իսկ մյուսը՝ ցմահ ազատազրկման, որովհետեւ նրանք Արցախի հանրապետության երկու քաղաքացիների են սպանել: Սպանել են 15 տարեկան տղայի՝ իրենց տան մեջ: Այստեղ հարցը հետեւյալն է, իսկ այդ սպանված քաղաքացների ընտանիքները կհամաձայնվե՞ն, որ ոճրագործներին Արցախը հանձնի Ադրբեջանին:

Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովը վերադարձվեց Ադրբեջանին: Նրանից ազգային հերոսի կերպար ստեղծեցին: Երկու ոճրագործներին, եթե նույնիսկ ԱՀ-ն որոշի վերադարձնել, նրանք նրանցից նոր սաֆարովներ են կերտելու: Մենք չենք ուզում ուղերձ հղել, որ մտեք, հայերին կոտորեք, երկու տարի կնստեք, իսկ հետո կդառնաք ազգային հերոս: Սրա քաղաքական հետեւանքները մենք ուզու՞մ ենք կրել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը  եւ նշեց, որ Ադրբեջանում Կարեն Ղազարյանին փորձում են ներկայացնել որպես դիվերսանտ, որը կատարյալ սուտ է»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է, որ տրամաբանական կլիներ, որ Ադրբեջանն առանց նախապայմանների Կարեն Ղազարյանին վերադարձներ: «Վարկած կա, որ Կարենը ոչ թե անցել է սահմանը, այլ մտել են եւ նրան առեւանգել իրենց տնից: Այս վարկածը նույնպես պետք է հետաքննվի: Սակայն դրա ապացույցները չկան»,- ասել է Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրել է, որ Դուշանբեում Ալիեւի հետ ձեռք բերված օպերատիվ կապի շրջանակներում Կարեն Ղազարյանի հարցը եւս քննարկվել է: «Մենք բանակցում ենք, որ վերադարձնեն, բայց իրենք հրաժարվում են: Ասում են՝ մենք համաձայն ենք երեքը երեքով փոխելուն: Մենք դիվանագիտական բոլոր ջանքերը կշարունակենք գործադրել, որպեսզի այդ հարցը կարողանանք լուծել: Ադրբեջանը դարձնում է սա աշխարհաքաղաքական հարց: Ադրբեջանը պարտավոր է Կարեն Ղազարյանին վերադարձնել, ինչպես մենք՝ Հայաստանի սահմանը հատած թուրք երիտասարդին»:

Արխիվային լուսանկար