«Մայիսից այս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել». Հրանտ Մարգարյան vs Նիկոլ Փաշինյան

1887

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը news.am-ի հետ զրույցում կրկնել է այն, ինչ ասել էր ավելի վաղ, որ 2018-ի մայիսից այս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել:

Ըստ Մարգարյանի՝ աշխարհի բոլոր կենտրոններում այս ինֆորմացիային տեղյակ են, միայն մեր ժողովուրդն է անտեղյակ. «Իմ տեղեկությամբ այդպես է, երանի թե սխալվեմ, բայց դա է իրականությունը»։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը չի ցանկացել մեկնաբանել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ իր և ՀՅԴ-ի հասցեին արտահայտած խոսքերը, ասելով, որ Փաշինյանը «անմակարդակ զրույց է անցկացնում, ես դրան պատրաստ չեմ»։

«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ամոթալի էր որակել Հրանտ Մարգարյանի հայտարարությունները, որ մայիսից ՀՀ-ին զենք չի մատակարարվել:

«Ամոթալի հայտարարություններ են հնչում: Հրանտ Մարգարյանը հարցազրույց է տալիս ու ասում, որ մայիսից էս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել: Քիչ է մնում ասեն՝ տղերք, մայիսից էս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել, հարձակվեք, իսկական ժամանակն է, դուք էդ կողմից, մենք՝ էս կողմից: Նախ, ես ուզում եմ հիասթափեցնել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչին, Հայաստանին զենքի մատակարարումն ընթանում է բնականոն, պլանավորված ձեւով: Բայց նաեւ ուզում եմ ասել, եթե խոսում ենք, եկեք խոսենք, թե ինչ է տեղի ունեցել մայիսից առաջ բանակին զենքի ու սպառազինությունների մատակարարման հետ: Ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ Զինված ուժերը եւ հայ ժողովուրդը, ի հեճուկս ՀՅԴ-ի ներկայացուցչի ու ՀՀԿ-ի, պատրաստ են կանգնել մինչեւ վերջ հայրենիքը պաշտպանելու գործում»,- ասել է Փաշինյանը Վանաձորում:

Հիշեցնենք, որ 2018-ի ապրիլի 14-ին ՀՅԴ-ն հավանություն տվեց Սերժ Սարգսյանի թեկնածությանը վարչապետի պաշտոնում և կրկին կոալիցիոն կառավարության մաս կազմեց։ Սերժ Սարգսյանի հրաժարականից երկու օր անց՝ ապրիլի 25-ին, ՀՅԴ-ն հայտարարեց քաղաքական կոալիցիային իր մասնակցության դադարեցման մասին, իսկ երկու շաբաթ անց մաս կազմեց Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր կառավարությանը, ինչը շարունակվեց մինչև հոկտեմբերի 2-ը։

Արխիվային լուսանկար, 2018 թ