Ի՞նչ պէտք է ըլլայ մեր ուղին (4). Յովհաննէս Քաջազնունի

849

ԱՆԻ կենտրոնը Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Ի՞նչ պէտք է ըլլայ մեր ուղին» հոդվածաշարը, որը լույս է տեսել ՀՅԴ Պոլսի ՃԱԿԱՏԱՄԱՐՏ թերթի մայիս-հունիս 6 համարներում, հրատարակել է Քաջազնունու ԵՐԿԵՐ-ի հատորյակում։ Այն լույս է տեսել 2018-ի օգոստոսին։

—–

Հայ աշխատավորութիւնը՝ Հայաստանի սահմաններում՝ այսօր ի վիճակի չէ իւրացնելու և իրագործելու համայնական տնտեսութեան կարգերը: Այդպիսի մի փորձ կ’աւերի վերջնականապէս արդէն քարուքանդ երկիրը և կը սպաննի մեր նորակազմ, թոյլ ու անկայուն պետութիւնը:

Մեր երկիրը տնտեսապէս վերաշինելու – ուրեմն և պետական կեանքը ապահովելու – միակ միջոցն ու ճանապարհը՝ անհատական տնտեսութեան վերականգնումն ու բարգաւաճումն է: Անհատական տնտեսութիւնը պահանջում է մասնաւոր կապիտալի անձեռնմխելիութիւն,- իսկ մեր ձախորդ պայմաններում, ոչ միայն անձեռնմխելիութիւն, այլ նաեւ խրախուսանք ու պետական պաշտպանութիւն:

Ահա այն հրամայական պահանջը, որ՝ հակառակ մեր ընկերվարական դաւանանքներին՝ պէտք է կազմի այսօրւայ մեր ներքին, ընկերային քաղաքականութեան հիմքը:

Եւ մենք պետք է բռնենք այդ ճամբան վճռականօրէն, առանց տատանումների:

Ոչ մի գիտակից ու պատասխանատու ընկերվարական կուսակցութիւն՝ մեր պայմանների մէջ՝ չի կարող վարել ուրիշ քաղաքականութիւն:

Բուրժուազիի անկուշտ աչքերի սիրոյն համար չէ, որ Դաշնակցութիւնը իր վրայ է առնելու մասնաւոր կապիտալի պաշտպանութիւնը, այլ նոյն աշխատաւորութեան կենսական շահերի համար: Հայկական իրականութեան մեջ հակառակ վարւելը կը նշանակէր՝ յիշել ընկերվարական վարդապետութեան բառը և մոռացութեան տալ էութիւնը, ձգտել ձեւին և անգիտանալ նպատակը:

Հայաստանում կայ մի կապիտալ միայն, որ կարող է ու պէտք է պետականացուի այսօր ևեթ, ապագայում համայնացնելու հեռանկարով:

Այդ կապիտալը- հողն է, իր վրայ և իր մէջ պարունակւող բոլոր բնական հարստութիւններով՝ հանքերով, հոսող ջրերով ու լիճերով, անտառներով և այլն:

Դաշնակցական կառավարութիւնը կանգնել էր արդէն այդ ճամբի վրայ և պատճառ չկայ ետ նահանջելու կամ ճամբից շեղւելու:

Գիւղացին պետք է ունենայ իր տրամադրության տակ այնքան հող, որքան ի վիճակի է մշակելու, առանց հողի գինը հատուցանելու և առանց հողային յատուկ տուրք վճարելու:

Հողային օրէնքը պէտք է մշակւած լինի այնպէս որ՝ մի կողմից՝ ազատութիւն տայ ներկայում գոյութիւն ունեցող անհատական տնտեսութեան անարգել ու արդիւնաւէտ զարգացման, իսկ միւս կողմից՝ չստեղծի նոր դժվարութիւններ, ապագայում հանրային տնտեսութեան անցնելու համար: Այդ նպատակով հողը պէտք է տրւի աշխատաւոր գիւղացուն ոչ իբրև սեփականութիւն՝ սեփականատիրական լրիւ իրաւունքներով՝ այլ իբրև մշակելու և օգտագործելու առարկայ, աշխատանքի ու արդիւնաբերութեան միջոց:

Ուրեմն հողը, իբրեւ կապիտալ, պիտի յայտարարւի ու մնայ պետական կամ ժողովրդական սեփականութիւն և միայն օգտագործելու անվարձ իրաւունքն է, որ պիտի յատկացւի աշխատաւոր գիւղացիութեան:

Եթէ այս ընկերվարական սկզբունքը իր կիրառութեան մէջ չի յարուցանի անմիջական ու իրական արգելքներ կամ դժւարութիւններ անհատական մանր տնտեսութիւն վարելու համար,- այսինքն եթէ հողային օրէնքը մշակւած լինի այնպէս, որ չկաշկանդի անհատ արդիւնաբերողի նախաձեռնութիւնը զարգացնելու եռանդն ու տենչը- նա անխռով կ’ընդունւի գիւղացիութեան կողմից ու լիովին կը բաւարարի նրա հասունացած պահանջը: Եւ սա կը լինի ամենից նպատակայարմար, ամենից գործնական միջոցը՝ երկրի տնտեսութիւնը վերաշինելու և ապահովելու համար:

Նոյն նպատակի համար անհրաժեշտ է որ՝ գիւղացիական մանր տնտեսութեան հետ միասին ու զուգընթացաբար՝ մեր երկրում ծիլ տայ նաև խոշոր կապիտալիստական գիւղատնտեսական արդիւնաբերութիւն:

Հայաստանի պետական սահմանները որոշւած չեն դեռ: Բայց որքան էլ նեղ գծւելու լինեն այդ սահմանները, հաւանական է որ ունենանք հողային հարստութիւն աւելի քան անհրաժեշտ է մեր գիւղացիութեան անմիջական պէտքերի համար (հաշւելով և ներգաղթը, ի հարկ է):

Այս բարեբախտ հանգամանքը հնարաւոր կ’անի կապիտալիստական գիւղատնտեսութեան գոյութիւնն ու զարգացումը, առանց վնասելու կամ նեղելու գիւղացիական մանր տնտեսութիւնը,- գոնէ առաջին մի քանի տասնյակ տարիների ընթացքում:

Այն հողերը, որ կը մնան ազատ աշխատաւոր գիւղացիութիւնը բաւարարելուց յետոյ կամ որոնց շահագործման համար հարկաւոր կը լինի կատարել կանխապէս խոշոր ծախսեր (օրինակ ՝ անջրդի դաշտերի ոռոգում) կարող են և պէտք է գրւին կապալով դրամատէր ձեռնարկողներին:

Խոշոր կապիտալի մուտքը գիւղատնտեսութեան մէջ կը բարձրացնի երկրի արդիւնաբերութիւնը,կ’աւելացնի պետական հասույթները, կը բերի իր հետ մեքենաների լայն գօրծադրութիւն, մշակման կատարելագործւած ձեւեր, գիտութիւն և տեքնիքա, որոնց այնքան կարօտ է մեր տգէտ ու յետամնաց գիւղացին:

Դրամագլուխին լայն ասպարէզ պէտք է տրւի ոչ միայն գիւղատնտեսութեան, այլ նաև – ու մանաւանդ – արդիւնաբերութեան ուրիշ ճիւղերի մէջ:

Մեր երկրի տնտեսական կեանքը կարգաւորելու և զարգացնելու համար հարկաւոր է դրամագլուխ: Երկրում կապիտալ չկայ, նա պէտք է ներմուծւի դրսից: Դրսում կապիտալը գտնւում է դրամատէրի ձեռին, անբաժան է նրանից: Հետեւապէս կապիտալը այսօր կարելի է ներմուծել միմիայն կապիտալիստի ու կապիտալիզմի  հետ միասին,- ուրիշ ճանապարհ կամ միջոց չկայ:

Այս իրողութիւնը պէտք է լաւ ըմբռնէնք և խոնարհւենք նրա առջեւ:

Մեր պայմանների մէջ կռիւ յայտարարել շահագործող կապիտալին՝ կը նշանակէր պարզապէս ինքնասպանութիւն կատարել: Ոչ միայն չպիտի յայտարարենք կռիւ, այլ ինքներս պիտի որոնենք, կանչենք, շահագրգռենք կապիտալը:

Հանքային հարստութիւններ, երկաթուղի, օտօմբիլի հաղորդակցութիւն, հեռագիր ու հեռախօս, հոսող ջուրերի ելեկտրական ուժի վերածում, ելեկտրական լուսաւորութիւն և այս կարգի ուրիշ ձեռնարկներ պէտք է դարձնենք լայն մենաշնորհների առարկայ, որպեսզի կարողանանք գրաւել ու ներմուծել դրսի կապիտալը:

Տարակոյս չկայ, որ կապիտալը խնայելու չէ մեզ, շահագործելու է անխղճօրէն մեր երկրի բնական հարստութիւնները ու ժողովուրդի աշխատաւորական ուժը:

Բայց այս հեռանկարը չպիտի կանգնեցնի մեզ, որովհետեւ ուրիշ միջոց չունինք ապրելու և կենսունակ դառնալու,- ոչ միայն իբրեւ պետութիւն, այլ նոյնիսկ իբրեւ ժողովուրդ:

Չպիտի վախենանք նոյնպէս ծանրաբեռնելու պարտքերով գալիք սերունդները. այն աշխատանքը որ կատարում ենք մենք, այն անկախութիւնը, որ ա՛յնքան տանջանքներով ու զոհաբերութիւններով աշխատում ենք հաստատել այսօր,- սրանք մեզ համար չեն, այլ նոյն գալոց սերունդների համար, և միանգամայն արդար է- ու մանաւանդ անհրաժեշտ – որ ծանրութեան մի մասը փոխադրւի նրանց ուսերին:

ՅՈՎՀ. ՔԱՋԱԶՆՈՒՆԻ 

ՃԱԿԱՏԱՄԱՐՏ, ուրբաթ, հունիս 2, 1922թ

http://tert.nla.am/archive/HGG%20TERT/Chakatamart/1922/1922(2900).pdf