«Թալեաթ փաշայի տեսակետը հաղթել էր, և թուրքերը ստեղծեցին փոքրիկ Հայաստանը». Խատիսյան

3047
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակել է Հայաստանի Հանրապետության վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունը: Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր: ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը վերածելով արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության՝ առաջին անգամ հրատարակում է Հայաստանում:

_______________________________

Հինգերորդ գլուխ

Անդրկովկասի Միության քայքայումը և Հայաստանի անկախության հռչակումը

Այդ օրը մեզ այցելեց Ահմեդ Աղաևը՝ «Կասպի» թերթր նախկին խմբագիրը և Իտտիհադի ականավոր դեմքերից մեկը, ով ջերմորեն պաշտպանեց մեր մերձեցումը թուրքերի հետ: Աղաևը մեզ խոստացավ իր աջակցությունը, բայց դրա արդյունքը չտեսանք: Երբ հաշտության դաշնագրի սահամանների վերաբերյալ մասը արդեն պատրաստ էր արդեն, Վեհիբ փաշան գրպանից հանեց մի կտոր՝ սպիտակ ֆոնի վրա կարմիր խաչ, և ասաց. «Ահա հայկական դրոշակի իմ նախագիծը: Դուք քրիստոնյաներ եք և պարծենում եք այդ խորհրդանշով: Ես կարծում եմ, որ խաչը պետք է լինի ձեր խորհրդանիշը»:

Առհասարակ, պետք է ասեմ, որ բանակցությունների այս շրջանում, ըստ երեևույթին, թուրքերի ինքնասիրությունը շոյված էր: Իրագործում էին իրենց ծրագրերը և լուծում հայկական հարցը այնպես, որ դյուրին դառնար ապագա միջազգային հաշտության խորհրդաժողովում ունենալիք իրենց գործը: Պետք է նկատի ունենալ, որ թուրքերը շատ էին վախենում ապագա խորհրդաժողովում հայկական հարցից: Այդ մասին լսել եմ Ռեուֆ բեյից, Վեհիբ փաշայից, Խալիլ բեյից, Էնվեր փաշայից և այլ թուրք գործիչներից: Այդ էր պատճառը, որ մինչև միջազգային խորհրդաժողովը թուրքերն ուզում էին լուծել հայկական հարցը:

Հետագայում իմացա, որ երբ մենք բանակցություններ էինք վարում Բաթումում, կատաղի վեճեր էին տեղի ունենում Պոլսի Երիտասարդ թուրքերի կոմիտեում այն մասին, թե որ աստիճան նպատակահարմար է Կովկասում պահպանել հայկական մի պետություն: Այս մասին ինձ Պոլսում պատմեց մեծ վեզիր Թալեաթ փաշան 1918թ աշնանը:

«Էնվեր փաշան գտնում էր, որ քանի որ հայերը եղել են և պետք է միշտ լինեն մեր թշնամիները և հանգիստ չպետք է թողնեն մեր Անատոլիայի նահանգները, ավելի լավ է, որ հիմնապես նրանք բնաջնջվեն նաև Կովկասում, ինչպես՝ Թուրքիայում: Իսկ փոքրիկ Հայաստանը Կովկասում պատճառ պիտի դառնա, որ միշտ ձգտի ընդարձակել իր սահմանները և դառնա հավիտենական վտանգ Թուրքիայի համար: Իսկ ես պատասխանեցի, որ դա անհնար ծրագիր է թեկուզ այն պատճառով, որ, այսպես թե այնպես, երկու միլիոնի չափ ողջ մնացած հայեր կան այժմ և անհնար է նրանց բոլորին ոչնչացնել, ուստի ավելի լավ է, որ նրանց գոհացում տրվի, որովհետև եթե նույնիսկ հարյուր հազար հայեր մնան աշխարհի երեսին, երբեք մեզ հանգիստ չպիտի տան: Եվ վերջապես փոքրիկ Հայաստան ստեղծելով մենք լուծած կլինենք հայկական հարցը և այդպես կներկայանանք միջազգային խորհրդաժողովին»,- ասաց ինձ Թալեաթ փաշան:

Թալեաթ փաշայի տեսակետը հաղթել էր, և թուրքերը ստեղծեցին փոքրիկ Հայաստանը: Սրանից հետո Էնվեր փաշան մի օր պարծենալով ինձ ասաց. «Ես լուծեցի շատ դժվարին մի խնդիր, ստեղծեցի Հայաստանը, գոհացում տվեցի հայերի ազգային պահանջներին, բայց այդ արեցի այնպիսի մի ձևով, որ չզոհեցի ոչ մի թիզ թուրքական հողերից»:

Այս նույն մտայնությունը փոքրիկ Հայաստանի գոյության անհրաժեշտության մասին թուրքական շահերի տեսակետից ես գտա նաև 1920թ-ին Ալեքսանդրապոլում Կարաբեքիր փաշայի հետ հաշտություն կնքելու ժամանակ: Թուրքական շարժառիթները կարելի էր ամփոփել երեք կետերում: Առաջին՝ նրանք երազում էին ունենալ Կովկասում իրենց ազդեցության և եթե հնարավոր է՝ իրենց հովանավորության տակ չորս հանրապետություններ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Հյուսիսային Կովկաս՝ միացած դաշնակացային կապերով, որով Թուրքիան պետք է բաժանված լիներ իր ամենասարսափելի թշնամուց՝ Ռուսաստանից: Երկրորդ՝ թուրքերը հաշվի էին առնում Հայկական հարցի բնույթը և փոքրիկ Հայաստան ստեղծելով ցանկանում էին որոշ գոհացում տալ աշխարհի հանրային կարծիքիքն: Երրորդ՝ թուրքերն ուզում էին ունենալ, հանձին Հայաստանի, մի հողամաս, որտեղ կարողանային հավաքել հայերի մնացորդները Թուրքիայի սահմաններից:

Լոզանի հաշտության խորհրդաժողովի ժամանակ, չորս ամսվա ընթացքում, Իսմեթ փաշան 22 անգամ զանազան առիթներով ու զանազան անձանց կրկնել էր, որ Հայկական հարցը վերջնականապես լուծված է հայկական հանրապետության ստեղծումով: Սա թուրքերի ամենահզոր փաստարկն էր, որ լսել եմ բազմաթիվ թուրք քաղաքական գործիչների բերանից: Այն առարկությանը, թե ներկա Հայաստանի հողամասը շատ փոքր է, կտրված է ծովից, անկարող է կերակրել իր բնակչությանը, տեղավորել բոլոր փախստականներին, թուրքերը միշտ պատասխանում էին, որ այդ բոլոր հարցերը լուծում են ստանալու ապագայում՝ «բարիդրացիական հարաբերությունների» ստեղծման հետևանքով:

Դառնալով Բաթումի մեր բանակցություններին, պետք է նկատեմ, որ դաշնագրում սահմաններից բացի մտան 12 կետեր, որոնք վերաբերում էին երկաթուղիներին, հյուպատոսական իրավունքներին, ավազակախմբեր չպահելու հանձնառությանը և այլն: Դաշնագրին կցված էին երեք հավելվածներ՝ տրանզիտի, սահմանակից շրջաններում առևտրի և կրոնի ու կրոնական հաստատությունների հանդեպ փոխադարձ հարգանքի մասին:

Հունիսի 3-ի երեկոյան բոլոր թղթերը պատրաստ էին, դաշնագրի ստորագրումը նշանակված էր հետևյալ օրը ցերեկվա ժամը 12-ին: Այս մասին ես հեռախոսով հաղորդեցի Կարս՝ զորավար Կորգանովին, որպեսզի նա էլ իր հերթին հաղորդի Երևան՝ զորավար Սիլիկյանին, Դրոյին և մեր բանակին: Երկու կողմերն էլ հետևյալ օրը ներկայացան լիակատար կազմով և տոնական հագուստով: Թուրքական պատվիրակության քարտուղար Մյունիր բեյը, որ նաև իրավական խորհրդական էր և որ հետագայում էլ մասնակցեց մի շարք խորհրդաժողովների Ալեքսանդրապոլում, Լոնդոնում և Լոզանում, դառնալով ինձ ասաց. «Այսպես է կատարվում պետությունների պատմությունը: Պետք չէ հոգ անել, հավիտենական ոչինչ չկա, դաշնագրներն էլ ժամանակավոր են»: Երկու կողմերը ստորագրեցին դաշնագիրը և հավելվածները: Ստորագրությունից հետո Խալիլ բեյը և ես ողջույնի և շնորհավորանքի ճառեր ասացինք ու սեղմեցինք միմյանց ձեռքերը:

Մեր դաշնագիրը ժամանակագրական տեսակետով առաջինն էր: Վրացիներն ու ադրբեջանցիները որոշ նկատառումներով չէին շտապում: Ադրբեջանցիները ստորագրեցին մեզանից հետո՝ հունիսի 4-ի երեկոյան, իսկ վրացական դաշնագիրը դեռ ստորագրված չէր: Երեկոյան ժամը 11-ին հանկարծ ինձ մոտ եկավ Վեհիբ փաշայի զինվորական համահարզը և հաղորդեց, որ Վեհիբ փաշան ուզում է ինձ տեսնել մի շատ կարևոր գործով: Ես հայտնեցի, որ պատրաստ եմ իրեն ընդունելու:

Կեսգիշերին Վեհիբ փաշան եկավ ինձ մոտ և ասաց հետևյալը. «Քանի որ դուք արդեն ստորագրել եք հաշտության դաշնագիրը, և մեր միջև խաղաղ, բարեկամական հարաբերություններ են հաստատվել, ես պարտքս համարեցի ձեզ նախազգուշացնել, որ կամ պետք է ստանանք վրացական պատվիրակության ստորագրությունը հաշտության դաշնագրի տակ մեր առաջարկած պայմաններով կամ այս առավոտ իսկ ժամը 6-ին մեր զորքերը Վորոնցովկա գյուղից (Բորչալուի գավառ) պիտի շարժվեն Թիֆլիսի վրա, որտեղ կհասնեն երեկոյան: Հրամանը արդեն տրված է: Դուք հասկանում եք, անշուշտ, ինչպիսի խուճապ կարող է առաջացնել դա Թիֆլիսում, որտեղ 200 հազար հայ բնակչություն կա: Մենք, հարկավ, հրաման կտանք հայերին ձեռք չտալ, բայց թերևս ավելի լավ կլինի, որ դուք անմիջապես խոսեք վրացական պատվիրակության նախագահի հետ»: