Հայաստանում մարդն է բարձրագույն արժեքը. Բերդավանի բնակիչները՝ Նիկոլ Փաշինյանին

1759

Բերդավան Berdavan Ֆեյսբուքի էջը հրապարակել է նամակ՝ ուղղված ՀՀ կառավարությանը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

—-

Բոլոր այն մարդկանց, ովքեր վերջին օրերին փորձեցին «ցեխ շպրտել» և դատապարտել այն խաղաղ գործողությունները, որոնք իրականացնում էին սահմանապահ Բերդավանի ազգաբնակչությունը՝ ի պաշտպանություն համագյուղացի Կարեն Ղազարյանի, ով այժմ գտնվում է ադրբեջանական գերության մեջ պաշտոնապես տեղեկացնում ենք.

չմանրամասնելով ևս մեկ անգամ սույն իրավիճակը, հարկ ենք համարում կրկին շեշտել, որ կազմակերպված ակցիաները չեն կրել որևէ քաղաքական բնույթ, առավել ևս չեն պարունակում որևէ քաղաքական ենթատեքստ և ուղղված չեն կոնկրետ անձի կամ անձանց։ Այս ամենը ուղղված էր այն պետական ենթակառուցվածքներին, որոնք ի պաշտոնե պարտավոր էին զբաղվել և արձագանքել մեր օրհասական խնդրին։

Ակցիայի նպատակն էր ոչ միայն Կարենի ազատության խնդիրը, այլ նաև յուրաքանչյուր բերդավանցու ապահովության հարցը։

Շատերն են հղում կատարում Կարենի՝ սահմանախախտման վերաբերյալ անորոշության փաստը, սակայն այստեղ պետք է շեշտենք, որ ինչպես էլ դա պատահած լինի, այնուամենայնիվ մենք ունենք խնդիր, ու բերդավանցին, ով գտնվում է սահմանի առաջնագծում, երբեք իրեն ապահով չի կարող զգալ։ Այստեղից հետևություն, որ թիկունքի բնակիչն էլ երբեք իրեն ապահով չի կարող զգալ։ Ու եթե Հայաստանի ոչ սահմանային տաքուկ մի անկյունում նստած կարող եք հանրային կարծիք արտահայտել և զրպարտել սահմանը պահող գյուղացուն ու քաղաքական և նախընտրական որակումներ տալ, մի պահ կանգ առեք և հասկացեք իրավիճակի լրջությունը։

Հղում անելով Թաթուլ Հակոբյանի հարցազրույցը Սիվիլնեթին՝ հարկ ենք համարում անդրադառնալ նաև այն լեգիտիմ իշխանության ներկայացուցիչներին, ովքեր իրենց թույլ են տալիս անել այնպիսի արտահայտություններ, որոնց համար պարտավոր են պատասխանատվություն կրել։

Այսպիսով, հարգելի պարոն Փաշինյան, երբ շեշտում եք, որ Դուք և Ձեր թիմը եկել եք ժողովրդին ծառայելու, իսկ մենք մեր հերթին այդ նույն ճանապարհը փակելով, ճանապարհ ենք հարթել Ձեր և մեր համար, ի՞նչ եք կարծում, իրավունք չունենք հրապարակային ներողություն պահանջելու այն պաշտոնյաներից, ովքեր այս օրերին մի ողջ գյուղի ժողովրդի անվանեցին «Ադրբեջանի 5-րդ շարասյուն» «Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնող» ու որակավորեցին մեզ որպես «ներքին դավաճաններ»։

Միայն մի հանգամանք ենք նշում, ոչ թե որպես ի պաշտպանություն մեզ, այլ ի գիտություն Ձեզ, երբ Պաշտպանության բանակը դեռ ձևավորված չէր, բերդավանցիները սեփական ուժերով ոչ միայն անառիկ պահեցին սահմանը, այլ նաև կարևոր բարձունքներ ամրապնդեցին։

Ուստի, հարգելի պարոն վարչապետ, այսպիսի գյուղը կարո՞ղ է երբևէ համարվել «դավաճան» կամ «Ադրբեջանի 5-րդ շարասյուն»։

Մենք շախմատ չենք խաղում, և Հայաստանում մարդն է բարձրագույն արժեքը, ուստի չենք կարող մեզ թույլ տալ որևէ տեսակի զոհաբերություն՝ հանուն մեկ այլ նպատակի։
Բոլորս էլ հասկանում ենք, որ գործ ունենք չափազանց բարդ և նուրբ խնդրի հետ, և հասկանում ենք, որ բոլորի նյարդերը երբեմն կարող են տեղի տալ, սակայն նման պահվածք Ձեր կառավարության անդամների կողմից ավելի քան անընդունելի է, ուստի ևս մեկ անգամ հորդորում ենք այդ իշխանավորներին պաշտոնապես ներողություն խնդրել մի ողջ Բերդավան գյուղի բնակչությունից։

Լուսանկարում՝ Կարեն Ղազարյանը՝ Գյանջայի դատարանում

Կարդալ նաև՝

Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում, երբ Բերդավանը փակում է Երևան-Թբիլիսի ճանապարհը

«Մեկ հոգու սիրելը դժվար է»․ Բերդավանի ցույցի և գերեվարված Կարեն Ղազարյանի շուրջ