Վանո Սիրադեղյան. «Ձեռքդ ետ տար ցավի վրայից»

9916

Տաքսին երեք հոգի էր տանում: Վարորդը առաջարկել էր, մենք էլ արագ համաձայնել էինք երկուական ռուբլի ավելի տալով՝ թեթև ճանապարհ ընկնել: Ինձ հետ տարիքով մի կին էր ետևը նստած, և այդ վաղ ճաղատացած, կարճլիկ տղամարդն էր, վարորդի կողքին: Երևանից այնպիսի թափ էինք առել, որ բացառվում էր միանգամից զրույց սկսելը: Կարծես սպասում էինք շունչներս տեղը գա: Արագություն կլանել էր ոչ միայն վարորդին, այլև ուղևորներիս: Աշտարակն անցանք՝ դարձյալ լուռ էինք: Ապարան չհասած… ճաղատս խայթվածի նման շուռ եկավ ու պայթեց՝ «Բա սա օրենք է՞», և չլռեց մինչև Կիրովական:  

Խոսքն այն մասին էր, որ իր ներկայացրած փաստաթղթերում սխալ են գտել ու իրեն զրկել են ինքնագործ խմբի հետ Բեռլին գնալուց, չնայած ինքն արդեն տասը տարի խմբի առաջին դհոլչին է: Ուրեմն, որ ինքը ժամանակին գլխի չի ընկել կեղծ փաստաթուղթ հանի, հիմա պիտի տուժի՞: Բա տասը տարի՞ն… Բա հիմա որ մինիստրի տեղակալը Ալավերդի է գալիս հուշարձանի բացմանը, չբռնի՞ ասի՝ ով Գերմանիա է գնում, թող նա էլ դհոլ խփի:

Այս վրիժառու միտքը նրան հանգիստ չէր տալիս, բայց զգացվում էր, որ չի անի: Այդ սրտի տերը չէր: Ասում էր՝ բռունցքը բաժնի վարիչի սեղանին է խփել, բայց տարբերակներով վերապատմելուց հասկացվում էր, որ չի արել, ներս է գցել ու հիմա մեր քթից է բերում:

Տարեց կինը կարեկցանքի շեշտով նրան հարցեր էր տալիս և պարզվեց, որ տղան իմ հայրենակիցն է:

– Ի՞նչ մարդ են նոյեմբերյանցիք,- հարցրեց կինը:

– Թու՜, մարդ չեն,- ասաց և Ապարանիչց Նոյեմբերյան հողին հավասարեցրեց նոյեմբերյանցիներին: Եվ իր ծննդավայրի մասին այդքան թշնամանքով խոսող մեկին ես չեմ տեսել: Նա տասը տարի առաջ էր տուն դրել Ալավերդիում և տեղացիներից փոխ էր առել ալավերդցիների՝ այդ կնոջ ու իր ասելով՝ ատելությունը հանդեպ նոյեմբերյանցիներ: Ինչ կա որ, հարևանները իրար արևով չեն երդվուն. սրա անասունը նրա հողն է մտնում, սրա շունը նրա հավն է գզում, մեկը մյուսի աչքադրած գործին է տեր կանգնում, մեկը տունը շինում է այնտեղ, որտեղ մյուսին թվում էր ինքն է շինելու … Ուրիշ պատճառ որ չլինի, երեկվա գյուղացի ալավերդցին իրեն քաղաքաբնակ է համարում, նոյեմբերյանցուն՝ գյուղացի, այդ էլ որ չլինի՝ մի քանի նոյեմբերյանցի Ալավերդու շուկայում դեղձ են ծախում … Հարևանին չսիրելու առիթ միշտ կա: Բայց ի՞նչն էր այդպես դաղել այդ մարդուն: (Ես զգում էի, որ նրա ոտքը պինդ են կոխել, կամ ակամա են տրորել, իսկ ոտքը բարակ է եղել ու հոգին՝ փոքր: Ըստ երևույթին նրանց ցեղից էր, ովքեր ոռնում են դեռ ցավ չտված և ոխը կտակում են որդիներին): Պարզվեց, որ Նոյեմբերյանում ապրող հոր տան ատաղձագործական հաստոցի հոսանքը անջատել են: Կարգ չի, որ տանը հաստոց լինի և անջատել են:

Մեզ ուղեկից կինը տասը տարի աշխատել էր Նոյեմբերյանում, և նա վստահ էր, որ նոյեմբերյանցիք մարդ չեն: Նա բժշկուհի էր կամ բուժակուհի: Ես հպանցիկ նայեցի նրան ու համոզված մտածեցի, որ նա երիտասարդ տարիներին վատ չի զգացել Նոյեմբերյանում, պարզապես երիտասարդությունն անցնում է՝ փողը մնում, և հիմա, որ ամեն ծառայության համար ինչ-որ կերպ վարձահատույց են լինում նրա բնագավառում, հիմա, այսօրվա շահերի տեսակետից այն տարիներին նայելիս (սերը անցնում է, փողը՝ մնում) այդ տասը տարին իրոք կորած է նրա համար:

– Մենակ Նասիբյանը,- ասաց կինը:

– Հա՜, Նասիբյանը:

Այդ կինը այսօր Երևանից տաքսիով գնում էր Կիրովական հատկապես մի խանութ մտնելու ու ետ դառնալու:

Չէ, ես Երևանից Կիրովական պիտի ավտոբուսով գնացած լինեի:

Մեղրու ճանապարհինես ճանապարհի ընկեր ունեի տարիքն առած մի գործընկերոջմ և նա ամբողջ ճանապարհին հաշտվել չկարողացավ այն բանի հետ, որ ուղևորներից մի քանիսը հինգ ժամվա ճանապարհը գնալու են ոտքի վրա: Նաստեպ-ստեպ շուռ էր գալիս նրանց կողմն ու ասում՝ «բա էսենց բան կլինի՞»: Նրա մտահոգությունը ոչ ոք չէր կիսում: Նստածներից մեծ մասը այդպես ոտքի վրա գնացած պիտի լիներ: Նոյեմբերյանցուս համար էլ արտառոց մի բան չէր հինգ-վեց ժամ ոտքի վրա ճանապարհ գնալը: Միայն պատերազմ ու բանտ տեսած այդ մարդը չէր հանդարտվում:

– Բա էսենց բան կլինի՞:

Արցախեցու նրա առոգանությունն ավելի սրտառուչ էր դարձնում նրա խոսքը:

Նա ղարաբաղցի էր, ես՝ լոռեցի, երկուսով Նախիջևանը կտրում էինք՝ Մեղրիում Երևանը ներկայացնելու: Երկուսս էլ այդ ճանապարհը անցնում էինք առաջին անգամ, և ինձ թվաց նրա վրդովմունքը վերաբերում էր նախ՝ ավտոբուսից դուրս եղածին: Համենայնդեպս, այդ նախադասությունը ձև էր տալիս նորանցյալ ժամանակներում թափառող իմ մտքերին: Նա՝ յոթանասունն անց, ես՝ քառասունին մոտ, այդ օրը ծանոթացած՝ չէինք խոսում, բայց մեր մտածմունքի առարկան նույն Արաքսի հովիտն էր: Միայն երկրորդական հարցերում էինք տարամիտ. վերջում ճանապարհը նրան երկար էր թվացել, իսկ ես չէի զգացել՝ ժամանակն ինչպես անցավ: Ինձ ոչինչ չէին ասել այն գյուղերի անունները, որոնց միջով խճուղին անցել էր: Պատմությունը չգիտի այդ գյուղերի անունները: Նման է այն բանին, որ ձեռքդ ես առել մի մասունք մատյան, որի գրերը անշնորհքորեն քերել, նոր գիր են գրել: Եվ կազմն են փոխել: Եվ վերնագիրն է անհեթեթ:

Նույն Արաքսի հովիտն էր՝ նույն ավազուտներով ու շիկահողով, ծիրանի ու խաղողի այգիներով, միայն արտերն էին շատ, մեկ էլ՝ հայացքի ապավեն Արարատը չկար:

Կանգառը հարկադիր էր: Ավտոբուսի վարորդը հինգ ժամ տևելիք ճանապարհի վրա, երևում էր, կանգառ տալու մտադրություն չուներ, նրան այն էլ էր շատ թվում, որ անցագիր ստուգելու համար մի տեղ կանգնեցրել էին, մի տեղ էլ պիտի կանգնեցնեին: Բայց շարժիչի միալար-հուսալի հռնդյունը սկսեց գխկալ, և դադար առանք:

Ճանապարհի ձախին քարակոփ բլուր էր սարքած և քարերի արանքներից ու շաղափած անցքերից ջուր էր ցայտում: Լցնողվի հողին առատ խոտ էր աճել: Բլուրը օազիս էր կիսաանապատի մեջ, և ջուրը գոլ ու անհամ էր: Ուզեցի հասկանալ, մի քանի անգամ փորձեցի ու չհասկացա՝ ջուրը Վայոց ձորի լեռների՞ց եկող ջուր է, որ դաշտում անհամացել է, թե՞ ընդերքից է հանված… Մեքենան չէր շարժվում: Ինձ ձանձրացրեց համը տեղը բերելու իմ համառությունը: Անցա ճանապարհի աջ կողմը, բարձրացա այն բլրակի մնացորդի վրա, որ խճուղու տակ էր մնացել և հորդահոս մի խողովակ ու տակը նով տեսա: Դեպի հարավ, չերևացող Արաքսի կողմ արտեր ու այգիներ էին փռված, և հորիզոնը փակում էր ցածր մի բլրաշար: Ըստ երևույթին, դա Արաքսից այն կողմ էր ընկնում… Եվ այստեղ էր, որ տեսա Փոքր Մասիսը Մեծ ֆոնի վրա: Ես կռացա նովի վրա, ջուր շփեցի երեսիս և ինքս ինձ ասի՝ «Քեզ այսքանն է հասնում Շարուրի դաշտից»:

Չնայած Արարատը չէր երևում, մնացած ճանապարհին իմ հայացքը դեռ Արաքսի կողմն էր: Բայց հայացքս ոչ մի բանի վրա կանգ չէր առնում, և այդ ամայությունը ավելի սրտամաշ էր, քան Արարատի գերյալ պատկերին նայելը: Պարապության մեջ նայելուց կսկծացող աչքերս հա՛ ձախ էին դառնում՝ հանգստանալու Վայոց ձորի, ապա Զանգեզուրի լեռնաշղթայի վրա… Բայց հեռվում ձգվող լեռնաշղթաների վրա շաղվող հայացքիս դեմ հածում էր Զորավարի առաջնորդած գաղթականության խմբակային ուրվականը…

Այն, ինչ բազմաչարչար այդ քարավանը քաշել էր Արաքսից այն կողմ, դեռ ողջ տառապանքը չէր: Արևմտյանից զրկված այդ ժողովուրդը դեռ պիտի Արևելյան Հայաստանը կտրեր լայնքով ու երկայնքով՝ Ղարս – Ալեքսանդրապոլ – Ջալալօղլի – Դսեղ – Դիլիջան – Մարտունի – Վայոց ձոր – Նախիջևան – Ջուլֆա – Խոյ-ետ՝ Ջուլֆա – Նախիջևան – Զանգեզուր – Դարալագյազ – Երևան:

Ի՜նչ հեղինակության տեր պիտի լիներ մարդը, որ կարողանար հետապնդող թշնամու հետադաս գնդակի տակ սովյալ ժողովրդին տանել այդ տանջանքի աղեղով, որի վրա են ընկնում Հայաստանի բոլոր լեռնանցքները, և ճակատ տար այս անգամ Խոյի կողմից ներխուժող թուրքին, ապա ևս մի ծանր նահանջով զորքն ու բազմապատկված ժողովրդին անցկացներ Զանգեզուրի լեռնաշղթան և Զանգեզուրը պահեր մեզ համար: Եվ ի՜նչ ապաբախտ պիտի լինի զորավարը, որ այդքան կաշկանդված լինի իրեն ապավինած ժողովրդի ապահովության հոգսով ու չկարողանա իրեն վայել թափով շուռ գա, իր ծանր ձեռքը բարձրացնի ատելի թշնամու վրա… Թուրք ավարառուի ամեն անգամ բերող բախտից էր, որ տասնութ թվականի մայիսից հետո զորավարի ձեռքերը կապված էին գաղթականության բախտով:

1985 թվականի հունիսի վերջերին ես թերթելու եմ այդ օրերի տարեգրությունը և մի զուգադիպություն ապշեցնելու է ինձ. այն օրերին, երբ ես Նախիջևանի դաշտում, ապա և Մեղրու հյուրանոցի իմ սենյակում մտածելիս եմ եղել երկու մեծ հայերի մասին, 67 տարի առաջ այդ մի քանի օրը Անդրանիկը Դսեղում եղել է Թումանյանի հյուրը: Եվս մի զուգադիպություն. ինձ այդ խորհրդածություններին մղած օրը, որ դուրս եմ եկել Երևանից, մայիսի 22-ն է եղել: 67 տարի առաջ այդ օրը հայկական հրաձգային գունդը և գնդին աջակցող աշխարհազոր գունդը թշնամուն ջախջախում են Ղամշլու գյուղի մոտ և օրվա վերջին գրավում Սարդարապատ գյուղը: Դա մեծ ճակատամարտը շահելու առաջին քայլն էր:

… Իսկ Ղարաքիլիսան բաց էր թշնամու առաջ: Բայց Սարդարապատը գրավելուց երկու օր հետո հայերը այնուամենայնիվ ճակատամարտ են տալիս, որ տևում է երեք օր: Այդ ճակատամարտում հայերը փաստորեն գիտակցված նահատակության գնացին, որովհետև Ղարաքիլիսայի բախտը վճռված էր այն բանից հետո, երբ պաշտպանության կարևոր բնագիծը՝ Ջաջուռը, հանձնվել էր առանց մարտի:

… Երբ Լոռվա սարերից իջել, Կիրովականով դուրս էի գալիս դեպի Երևան, հիշեցի, որ չորս օր առաջ Կիրովական մտնելիս մոռացել էի այդ օրերին իմ մտքերին իշխող պատմությունը: Խանգարեցին հիշել: Եվ խանգարողը դհոլչին էր, որի նմանները միշտ են ջլատել մեր միտքն ու վիժեցրել են մեր միաբանությունը:

Իսկ Մեղրու ճանապարհի իմ ծերուկ ընկերն ու ես մի բանում էինք տարակարծիք. վերջում պարզվեց՝ ճանապարհը նրան երկար էր թվացել (այդ էլ երևի իր հոգնած ոսկորներից էր, կամ՝ կցկտուր էր եղել նրա ծերունական միտքը – ժամանակն էլ է դժվար անցնում խորդուբորդություններով), իսկ ես չիմացա՝ ժամանակն ինչպես անցավ:

Եվ ժամանակը չզգալով հանդերձ, հակառակ ֆիզիկայի օրենքի, ինձ մեծ էր թվացել Հայաստանը:

Երևի դա Հայաստանից էր:

Մեծ արագությունների երկիր չէ Հայաստանը: Արագությունը փոքրացնում է երկիրը: Հանդարտ ընթացքի դեպքում Հայաստանը մեծ հայրենիք է: Հայաստանը ինքը հանդարտ ընթացք է թելադրում: Որքան գետնի երեսը, տասն այդքան գետնի տակ է Հայաստանը, և տողերս գրելու հուլիսի այս օրերին հնագետ ընկերոջս հետ Արարատյան դաշտի ղռերում երեք հազար տարվա դամբարան պեղելիս ժամանակը ինձ պատկերանում է ուղղահայաց ընթացքով: Ինձ համար մարդկության քաղաքակրթությունը ծլում է երկրի ընդերքից և ճառագում տիեզերք… Գուցեև սպառվելու միտումով:

Հայաստանը իր խորությամբ է երկիր: Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է և այդպես մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ՝ տասը կյանք էլ չես սպառի: Միայն թե շտապելու հարկ չկա: Առավել ևս համեմատելու կարիք չկա: Քարտեզը երկրի ու հայրենիքի մասին գաղափար չի տալիս, մասշտաբայնությունը հանգստություն չի բերում բնակչի հոգուն, որովհետև մեծը դեռ համարժեք չէ, նաև մեծից մեծը միշտ կա:

Երևանից հինգ ժամ ճանապարհ անցնելով՝ ես Մեղրին տեսա իբրև նոր Հայաստան: Քարտեզի պատկերը, անշուշտ, իմ մեջ կար, բայց եթե այնպես է ստացվել, որ Հայաստանի հարավային սահմանը աղեղ է տվել և դու գնում ես աղեղի լարով ու ճանապարհին հանդիպած անուները քեզ ոչինչ չեն ասում, ուրեմն աղեղի մյուս ծայրին Մեղրին պիտի գտնես իբրև նոր Հայաստան: Այո, քարտեզի պատկերը իմ մտքում կար, բայց Մեղրին գտնվեց հրաշքի նման… Հայաստանը հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք ձգված, մի կենտ ոստոտ ոտքը արևելքի սրտում և ոտքըԱրաքսով, այստե՛ղ, հատվա՛ծ… Վերջին հատումն է: Բայց կարող էր վերջինը չլինել և Մեղրու գոյությունը հրաշքի է նման:

Առավոտյան վաղ հյուրանոցի պատշգամբ դուրս գալով, ես նայում էի ուս-ուսի կանգնած պղնձագույն լեռներին և շաղված հայացքով ու քնատ ուղեղով չէի ըմբռնում, որ իրար ձուլված այդ լեռների մեջ կիրճ կա և այդ կիրճով անցնում է Արաքսը՝ սահման, և թե ահա այն ապառաժոտ լանջը Հայաստան է, մյուսը՝ Պարսկաստան… Նույն լեռնաստանն է, նույն քարն ու թուփը, նույն սողուններն ու զեռուններն են արևկող անում նույն արևի տակ, և միայն մարդի՞կ են տարբեր, թե՞ ջոկված: Ես ինչքա՞ն պիտի ապրեմ այստեղ, որպեսզի քնից արթնանալով՝ արդեն մեջս լինի մերն ու ոչ մերը:

Առավոտները մարդիկ երեխայի են նման: Առավոտը մարդուս մանկությունն է և իրականությունը չընդունելու վաղորդյան այդ վայրկյանները մեզ դարձնում են Երեխաների Երկրի քաղաքացի:

Ես երկու օր գնում-գալիս էի Արաքսի ափով և պղտոր, ժանգի գույնի ջուրը իմ լսած, կարդացած, երգածս Արաքսի պատկերին չէր բռնում: Ամեն ժողովուրդ իր մայր գետն ունի, բայց հայը միակն է գուցե, որի համար մայր գետը մնում է գրքերում հոսող, երգերում շառաչող երգ: Այդպե՞ս էլ մայր գետ լինի, պղտոր ժամանակների միջով պղտոր հոսում է, անցնում է երկրիդ կողը քերելով և երևում է ասես ապակու միջից… Մեծ ակվարիումի հոսող ջուր է մայր Արաքսը:

Արաքսի ջրի գույնն ունեն Մեղրու լեռները: Եվ պղտոր ջրի ափին, ժանգոտ լեռների մեջ՝ առափի քարին նստած լողացող գեղեցկուհու է նման Մեղրի քաղաքը: Իրեն հասանելիք արդյունաբերական աղտն ու տենդը Ագարակին տված Մեղրին տեսնելով՝ ես առաջին անգամ հպարտություն զգացի հայ քաղաքաբնակի համար և առանց կասկածի որոշեցի, որ այդպիսի քաղաք է եղել Վանը:

Այդպիսի քաղաք կարող էր լինել Ալավերդին, բայց Ալավերդին իր քավության Ագարակը չունի և քաղաքի ապառաժներն իսկ սևացած են, նաև վարդերն են քիչ, և ծառն է սակավ, և գետն է ձկնազուրկ, մարդիկ էլ մեծ քաղաքի բնակչի հովեր ունեն: Ալավերդին մեծ քաղաքները կապող ճանապարհի վրա է, իսկ մեծ ճանապարհի վրա ապրողները մեծ աշխարհի հետ լինելու պատրանք են ունենում:

Գնացքների պատուհաններից շպրտած աղբի մեջ քաղաքակրթության պերճ դեմքը, այնուամենայնիվ, կա, և մեծ աշխարհի հետ առաջին շփումը պերճ աղբի հետ է լինում՝ «Վինսթոնի» տուփ է, մանգոյի անոթ, «Կոկա»-ի շիշ, ծամոնի թուղթ, «ադիդասով» ինչ-որ ներքնաշոր…

Եվ այնուամենայնիվ ալավերդցին ավելի շուտ է Սև ծով հասնում: Նա երկաթգծի մի ծայրին Երևանը, մյուսին՝ Թբիլիսին ունի, չհաշված Մոսկվան… Այս կողմերում մինչև դարակես քաղաք ասելով Թիֆլիս են հասկացել: Նաև Շուլավերի սև շուկան կա… Ալավերդցին ընտրության հնարավորություն ունի և այնքան էլ կապված չէ Երևանի հետ:

Ամեն անգամ Լոռի գնալով ես զգում եմ, որ հիվանդանում եմ տեղական հայրենասիրությամբ և երեք օրից Երևանի ու Արարատյան դաշտի գոյությունը ինձ թվում է անիրական, չնայած իմ տունն այդտեղ է ու իմ երեխաները ծնվել ու ապրում են այդ դաշտում: Բայց այս անգամ ինձ խիստ անհանգստացրեց Երևանի բնակիչ լոռեցուս՝ Արարատյան դաշտ ուրանալը (Լույս դառնան մեր միաբանության գործի թագավոր ու ռամիկ նահատակները – նրանք այդ ինչպե՜ս էին մեզ ի մի բերելու…) Անհանգստությունս գուցե նրանից էր, որ տասը օրվա մեջ ես Հայաստանը երկայնքով կտրել-դարձել էի, գուցե նրանից, որ ոտքս Հայաստանից դուրս էի դրել… Վերջին հաշվով, ես տեսել էի Մեղրին:

Մեղրին, զգում ես, այնպե՜ս մայրաքաղաքի կարիք ունի: Մեղրին իր վարդով ու նռով, իր կոկլիկ-կառուցիկ տեսքով իրեն անապահով է զգում իր ձկնառատ Արաքսի ափին, իսկ Ալավերդին, ահա, իր ծուխ ու մրի մեջ, իր անձուկ ձորում, ձկնազուրկ Դեբեդի ափին մայրաքաղաքի կարիք այնքան էլ չունի: Եվ անկեղծորեն էլ ալավերդցիք զարմանում են, որ Երևանի նման շոգ ու աղտոտ քաղաքում մարդը, մանավանդ՝ լոռեցին, կարող է ապրել: Եվ այդ քամահրանքից էլ անցնում, ակնարկում են Երևանի խանական անցյալը, Ալեքսանդրապոլը թուրքին անկռիվ հանձնելը… Ես հայրենակցի իրավունքով սաստեցի իմ հյուրընկալին. «Եթե աստված մեզ թշնամու ոտքը կոտրող բնաշխարհ է տվել, դա մեր բախտն է, ոչ թե գերազանցությունը»: Եվ պատմեցի Արաքսի հովտից ստացած իմ տպավորությունը:

Երբ հասանք Ջուլֆայի մատույցները, այս դաշտը ինձ մի լայնածավալ գետ պատկերացավ, որի ահռելի լայնքը շեշտակի նեղանում ու այստեղից դուրս է հորդում Պարսկաստան: Իսկ ավելի ճիշտ՝ այս դաշտը սելավի հուն է եղել և գաղթը եղել է պարբերաբար կրկնվող սելավի նման. Մասիսի լանջերից, Ծաղկունյաց լեռներից, Գեղամա լեռներից, Զանգեզուրի լեռներից գետերի հունով՝ ժողովուրդը քշվել, լցվել է հովիտը և դաշտն էլ սրբելով՝ հոսել Պարսկաստան: («Տղամարդկանց շատերին սրի քաշեցին, այլոց գերեվարեցին կանանցով ու մանուկներով և անցկացրին Երասխ գետից, Ջուղայի հունով»,- գրում է Ղևոնդը 687 թվականի մասին): Եվ չարաբախտորեն այնքա՜ն հարմար է այս դաշտը տեղահանության համար: Եվ սրբված ու լայնարջակ դաշտը այնպե՜ս գայթակղիչ է անասունի ու անասունի ետևից գնացողի համար՝ հակառակ ուղղությամբ:

… Լույս դառնա Ներսես Աշտարակեցին, որ այս դաշտը վերաստեղծեց հայերի երկիր:

Արաքսի ափով երկու օր գնալ-գալով, բնականաբար ես մտածում էի Դեբեդի ափին անցկացրած իմ կյանքի մասին: 65 թվականին մեր ութերորդ դասարանը ինչ-որ ձևով նշեց Եղեռնի հիսնամյակը: Մենք արդեն ինչ-ինչ բաներ գիտեինք թուրքության մասին (դեռ 56 թվականի Նեղոսի ճգնաժամի օրերին ինչ-ինչ աղբյուրներից առած լուրերով տարեկից լակոտները մեզ սպառնում էին օսմանցիների գալով), բայց ոչ մեկիս մտքով չէր անցնի և դպրոցն էլ ավարտեցինք՝ երկար ժամանակ չիմացանք, որ ընդամենը գետի այն ափով, երկաթգծով, որի վրա հավասարակշռություններս պահելու վարժություններ էինք անում,- որ այդտեղով թուրքեր են անցել: Եվ որ Սադախլու կայարանի կառամատույցին- ողջ հովտում միակ ասֆալտապատ՝ ջահելության ճեմելատեղին, թուրքի ոտ է դիպել: Պատմությունը, փաստորեն, մեզ ամեն ինչի մասին տեղեկություն էր տվել, բացի մեզ հետ պատահածի ու մեր կողքին եղածի:

Այո, թուրքերը ոչ միայն Ալեքսանդրապոլ, այլև Լոռի մտան:

Եթե ոսոխը մտել էր Փամբակի ավազանը, Ղարաքիլիսայի բախտը վճռված էր: Թուրքը թարախ էր կապել Բազումի և Փամբակի լեռնաշղթաների միջև և պիտի բաց թողնվեր, ելք պիտի տրվեր նրա ընթացքին ամենակարճ ու անվնաս ճանապարհով: Եթե Լոռու ձորն ու Դիլիջանի ուղին փակվեր, անօրենը շուռ էր գալու Ապարանի վրա և Երևանի վիճակը աղետալի էր լինելու: Թուրքական զորքը շտապում էր Բաքու, բայց ռազմաերթով չէր անցնի Երևան-Սևան ճանապարհը: Ղարաքիլիսան հանձնելը Երևանի փրկությունն էր: Բայց երկու-երեք օրը բավական եղավ, որպեսզի հասկացվեր, թե ասկյարությունը այն զորքը չէ, որին կարելի լինի ռազմավարական նկատառումներով քաղաք հանձնել: Երկրամասի թուրքամետ ամբոխն էլ իր հերթին էր սանձազերծվել և հայ զորքը Դիլիջանից դարձավ՝ վանդալների նրանց կամքը կոտրելու, Ապարանի ուղղությամբ անարգել մանևրները խափանելու, վերջապես՝ ավարառու ամբոխի ախորժակը փակելու և ըստ էության հանձնվելիք քաղաքի տակ մի այնպիսի ճակատամարտ տալու, որը թուրք ռազմագետները երկար են հիշելու:

Թշնամին թողնվում է Հայաստանի թիկունք: Նրա ճանապարհը բաց էր մինչև Բաքվի մատույցները, բայց նվաճողը անպատիժ արշավանքի չէր գնում, գնում էր ճակատի երկրորդ բնագծի դեմ: Բաքվի կոմունայի հայկական գնդերը սպասում էին քաղաքի մատույցներում:

… Եթե Ղարաքիլիսայի ճակատամարտը որոշված լիներ և Անդրանիկի չորս հազարանոց ջոկատը հասներ Դսեղից, թուրքերի տասը հազարանոց զորքի դեմ հայերը կունենային տասնմեկ հազար զինվոր և հավանաբար թշնամուն ետ շպրտեին Ղարաքիլիսայից… ետ շպրտեին դեպի ու՞ր: Եղած ուժերով հակառակորդ չէր ջախջախվի, իսկ Ալեքսանդրապոլում նստած էր թուրքական 15-րդ կովկասյան դիվիզիան, Ախալքալակն ու Ախալցխան, Բոլնիսն էլ հետը՝ գրավված էին, Թիֆլիսում գերմանացին էր, Լոռվա թիկունքը Ղազախի կողմից անապահով էր, հարավից հարվածի տակ էր Զանգեզուրը,- թուրքերը Ղարաքիլիսայից ետ շպրտվեին դեպի ու՞ր և քանի՞ օրով: Եվ որտեցի՞ց էր մեզ համալրում գալու: Գլխավոր զորախումբը գլխավոր խնդիր ուներ՝ պահել Երևանը, փակել Նախիջևանի դուռը, Իգդիրի կողմը, Արագածի հարավային լանջերի վրայով սպասվող հարձակումը, Ապարանը, Ախտան, Սևանը և ճակատամարտ տալ Սարդարապատի տակ:

Արդյո՞ք այդ օրերին հայ առաջին բանաստեղծն ու առաջին զորավարը Դսեղում բանակած ջոկատը չէին դիտում Լոռվա երկրապահ զորք: Արդյո՞ք Ղարաքիլիսայից հետո նրանք արդեն չէին մտածում Զանգեզուրի ու Նախիջևանի մասն…

Լոռի գնալով ես հատկապես Դսեղ մտնելու մտադրություն չունեի: Գործս այլ տեղի վրա էր, ճամփորդելուս առիթն էր այլ, բայց Մեղրին տեսնելուց հետո կուզենայի տեսնել Դսեղը: Ըղձական-անկամ ցանկությունս ցանկություն էլ մնաց: Դսեղ մտնելս ինքնին չստացվեց, և ես թողեցի դա իրերի բերումին: Եվ իրերի բերումը ինձ սարերը տարավ… Այն սարերը, որտեղով Զորավարի ջոկատն ու ջոկատին ապավինած ժողովուրդն էր անցել:

Երեք շաբաթ սարերում անձրև էր եկել և միայն տրակտորով էր հնարավոր գյուղից բարձրանալ: Ճկուն ԴՏ-54-ի կցանը բեռնված էր տախտակով ու շիֆերով, և մենք այդ բեռի վրա, հարթ գետնին նստածի նման ծնկներս կզակներիս տակ քաշած՝ սար էինք բարձրանում: Նստածներից այդպես ճանապարհ գնալու հմտություն չունեցողը ես պիտի լինեի, բայց 50-60-ական թվականներին բեռնատարերի թափքերն անցկացրածս օրերի փորձը ինձ պահում էր հավասարակշռության մեջ: Ետպատերազմյան շրջանի ցելերի գազան ԴՏ-ի հարազատ հռնդյունի ամեն ելևէջ հուշում էր ճանապարհի վիճակը և մկաններս հին վարժանքի հիշողությամբ կանխում էին կցանի ցնցումները: Ցեխը ծածկում էր տրակտորի թրթուրները: Ատամնաբույժ ընկերս ինձ զբաղեցնելու համար միալար պատմություններ էր անում, բայց ես կարող էի ականջիս պոչով լսել, որովհետև նա իմ կրտսեր ընկերն էր, իսկ բոլորովին չլսել չէի կարող _ հյուրընկալի նրա ջանադրությունը սրտաշարժ էր: Այդ մի քանի օրը ընկերս լռում էր միայն այն ժամանակ, երբ ես խոսում էի (իսկ ես քիչ էի խոսում) և մեկ էլ՝ երբ սեղանի վրա քնում էր: Այսպես, ուտել խմելով խոսում, խոսում ու մեկ էլ քնում էր աչքերը բաց: Եթե քունը խոսելու ժամանակ էր վրա տալիս, դառնում էր ռնգախոս, ապա լռում էր, շնչառությունը հանդարտվում էր ու աչքերը պաղում էին: Խոսողիմ «հա», «հըմ» անելով արձագանքում էր, բայց քնած էր լինում: Այդ միջոցին ինձ գերբնական սարսուռ էր պատում: Անցնում էր 5-10 րոպե և նա քիչ-քիչ ուշքի էր գալիս:

Մենք վերելքը հաղթահարեցինք և մեր հայացքի դեմ բացվեց Գուգարաց լեռնաշխարհը: Եվ մի շաբաթվա մեջ ես երկրորդ անգամ տեսա, որ Հայաստանը վիթխարի երկիր է, որ՝ Արարատյան դաշտի ներփակության մեջ, տաքդեղի ու սամիթի ածուի եզրին, այսքան սահմանին դեմ առած, Արարատը աչքիդ առաջ ցավ ունենալով՝ պայթում է սիրտդ նեղությունից և հայացքդ պատեպատ է զարկվում … քարտեզ գտնելու: Այնինչ քարտեզը սփոփանք չէ. թվում է՝ Մոսկվայից ինքնաթիռով Երևան գալիս վայրէջքի թափին Հայաստանը նեղ է գալու, թվում է ինքնաթիռը գետնից կտրվելիս Հայաստանի սահմանից դուրս է ընկնելու…

Քանի մենք բարձրանում էինք, լեռնաշխարհը մեզ հետ բարձրանում էր: Արդեն այն սահմաններում էինք, որտեղ օդը ծփում է, ցնծում է մարդու թոքը և սիրտը խայտում է լեռնային գետակի ձկան նման: Հյուսիսի վրա Վիրահայոց լեռներն էին, հյուսիս-արևմուտք՝ Ջավախքի լեռնաշղթան ու դրա թիկունքին երևացողը, թերևս, Ջավախքի բարձրավանդակն էր, Բազումի լեռները մնում էին հարավ-արևելք… Եվ այսպե՜ս անտագնապ էր մարդուս հայացքը սահմաններ չընդունող բարձունքների վրա:

Հյուսիս-արևելյան կողմը Գուգարաց լեռնաշղթայի մի բազուկ կտրում էր հորիզոնը: Դրանից անդին Քռի հովիտն էր և տեսողության սահմանից դուրս էր Կովկասի շղթան: Այդ լեռնաբազկի վրա մի տեղ պետք է որ պապիս ուրթատեղը լինի: Այսօրվա կողմից ես չեմ բարձրացել այս սարերը և չէի կողմնորոշվում, բայց երկու-երեք տարի ապրել եմ սարերում ամառ թե ձմեռ: Այն օրերին ես պիտի որ նայած լինեմ այս կողմի սարերին և ինչ-որ բան երազած: Ես այն ժամանակ հայրենիքի զգացողություն ունեցած չեմ եղել, որպեսզի սահմանի գիտակցության դառնությունը ապրած լինեմ և աշխարհն ինձ համար այս է եղել, որ տրված է ամենայն կենդանի արարածի ի տնօրինություն: Իմ հոգին խայտալիս է եղել անգիտության մեջ: Ես չեմ իմացել անգամ, որ Քաչալ Ավետիքը իմ խորթ պապն է, որ նա ամուսնացել է թուրքերի գյուղի ճանապարհին սպանված իմ ունևոր Մեխակ պապի այրու հետ: Չգիտեի անգամ, որ մարդ երկու զույգ պապ ու տատ է ունենում, որովհետև հայրս տասնհինգ տարեկան՝ հորական պապս, որ Թիֆլիս պառկած է եղել հիվանդանոցում և հիվանդատես թե հիվանդապահ գնացած տատս մի քանի օրվա մեջ մեռել ու թաղվել են անհայտ է որտեղ:

Իմ սարերում մնալը մի բերան պակասեցնում էր մեր բազմաբերան ընտանիքից: Ինձ կարող էին սարերի օդ ու ջրի հույսին թողնել ևս մեկ-երկու տարի և հազիվ թե պարտուսի նախանձախնդիրները պակասությունս զգային: Բայց հայրը կրտսեր որդուն ուսումի էր տալու և օգոստոսի մի օր ծածկած սայլով սարերից իջեցրեց Դեբեդի հովտի կիսաանապատը:

Սայլի մեջ ես անձրև չեմ զգացել. ըստ երևույթին, քնած եմ եղել: Համենայնդեպս, ոչինչ չեմ հիշում մինչև այն րոպեն, երբ սայլից հայրս ինձ առավ թամբին: Ուզեցել էր՝ որդին տեսնի այդ օրը… Անձրևից հետո արև էր շողում: Մենք գնում էինք մի ճանապարհով, որ հետո պիտի նմանեցնեմ ու մտքումս այդ ճանապարհը պիտի մնա Դեբեդի ափից մեր տուն տանող ճանապարհի տեսքով… Անձրևից հետո լվացված երկրի վրա արև էր շողում, օդը զրնգում էր այսօրվա նման և այդ պահի բերկրանքը առաջին իմ բերկրանքն է լինելու, որ թելադրված չի լինելու շոշափելի բանից: Այդ օրը աչքերս բացվել են հրաշքի դեմ… Բայց ահա թե ինչու է այդ ճանապարհը հիշողության մեջ տպավորված լինելու դեբեդի ափից մեր տուն տանող ճանապարհի տեսքով. բերկրանքի այդ պահին հաջորդող հիշողությունս մեր տուն մտնելն է: Տուն եմ մտնում՝ անկողինը հատակին է փռված: Անկողինը տրորելով գնացի դեպի մայրս, «երեխեն» կանչի վրա մեխվեցի: «Երեխեն էս չի՞» հարցրի, ցույց տալով ինձնից հետո ծնված քրոջս. « էլի կա»,- ասաց մայրս և նրա ժպիտը առաջին ամոթխած ժպիտն է լինելու, որ ես տեսել եմ: Բարուրի մեջ քնած էր իմ քույրիկներից ևս մեկը: Ուրեմն սարերում իմ եղած ժամանակ մեր ընտանիքում ծնվել էր ութերորդ երեխան: Դա Մեծ սատակման տարին էր, և շաբաթներ անց մեր տունը բռնած տխրությունից ես ենթադրեցի, թե մեռել է իմ միակ պապը, որովհետև հայրս ներս մտավ ու ասաց. «Պապը մեռել է»: Բայց պապս ապրեց ևս տասը տարի և նրա հոգեհացին ինը տղա թոռներս փառավորապես խմեցինք:

Ամառ-ձմեռ սարերում լինող պապս ու տատս երևի թե 18 թվականի մայիսին տեսել են Դսեղից դուրս եկած գաղթականության ու զորքի երթը… Այսօր հունիսի 9-ն է: Երկու շաբաթ անընդհատ եկող անձրևը դադարել էր գիշերս և առավոտը այնպես բացվեց, որ մարդուս ոտքերը կտրվում էին հողից: Միայն ցեխն էր ծնկահար: Բայց սարերում գետինը շուտ էր չորանում: Շուտ կչորանա, քանի դեռ իսպառ տրորված չէ:

…Սարերը կտրտված են ճանապարհներով; Նորանոր ճանապարհներ են բացվում, որովհետև հեղեղը հինը ավերում է: Նոր ճանապարհը հողի կուրծքը բացում է նոր հեղեղի դեմ և ջուրը կամաց-կամաց սարերը սրբում է հողից: Ծաղկունքից է սրբում, որովհետև թվում է սարերում խոտ չի աճում, աճում է միայն ծաղիկ և այդ ծաղկից է լինելու մեր վայելելիք յուղն ու սերուցքը, ինչի ակնկալիքը ունենք ես և ընկերս:

…Օդը զնգում էր, արևը կիզում: Սաստկացող քաղցը նույնիսկ հաճելի էր՝ արտակարգ նախաճաշի հեռանկարով: Մեր բախտից էր, որ երկու շաբաթ տևած անձրևը կտրվել էր մեր գյուղ մտնելու գիշերը: Բայց հունիսին, այսպես թե այնպես, երեք օրից մեկը կարող է արևոտ լինել: Այնինչ զորքն ու ժողովուրդը այստեղով անցել է մայիսին… Ով մայիսին եղել է սարերում, նա գիտի ինչ թաց ու թոն է կապում երկնքին այսքան մոտ երկրին: Եվ այդպիսի մի ժամանակ մեր տառապյալ ժողովուրդն ու զորքը գնացել է՝ ծաղկունքին արյուն տալով:

Մեկ դիվիզիա բանակի իրավունք ստացած երկրին զորավարի չորս հազարանոց ջոկատը ավելորդ էր գալիս, և Անդրանիկը նենգ դաշնակցին ուխտադրժության առիթ չտալու համար իր ջոկատն ու ջոկատին ապավինած ժողովրդին տանում էր սարերով, մի բուռ Հայաստանի սահմանները քերելով՝ Դիլիջանով, Սևանով, Մարտունիով, Վայոց ձորով՝ Նախիջևան… Մի՞թե զորավարը հավատում էր, թե Թավրիզի ուղղությամբ գործող բանակի գիծը կճեղքի նման դժոխային երթ անցած ջոկատով ու ժողովրդով: Արդյո՞ք զորավարի նպատակը չէր՝ շոշափել Արաքսից այն կողմ բանակած թուրքերի ուժերը և նրանց դիտավորությունները Նախիջևանի և Զանգեզուրի նկատմամբ, նաև՝ Նախիջևանում ազգամիջյան կռիվները կանխելը և անհրաժեշտության դեպքում հայ ազգաբնակչությունը ապահովաբար Նախիջևանից դուրս բերելը… Այդ խնդիրը չէին կարող աչքի առաջ չունենալ Հայոց առաջին բանաստեղծն ու առաջին զորավարը:

Լոռվա սարերում, երկրային խուճապից ու ժխորից վեր կանգնած, կյանքի հավերժության պատրանքին այդքան մոտ լինելով, հույսս դրած մի անակնկալ, այս բարձունքներում հնարավոր պայծառացման վրա, ես փորձում էի ըմբռնել երկու մեծ հայերի մտադրությունները մինչև վերջ: Մտածում էի. այնուամենայնիվ Զանգեզուրին երկրապահ զորք ավելի անհրաժեշտ էր, քան Լոռուն, Արցախին առավել, քան Նախիջևանին… Բայց 67 տարիների համրությունը փառ էր կապում աչքերիս դեմ, չմտածելու սովոր ուղեղս նեղվում էր ժանգի տակ:

Միայն ապշելու կարողությունն էր մնացել և ապշում էի. այդքան բոլորդ չուզենան ապրելդ ու հանկարծ ապրե՞ս…

…Սարերից ոտքով իջանք: Իմ բեռը երկու բլիթ պանր էր ու մի աման խավիծ, որ մայրը հետս էր դրել, որ Երևանում ապրող իր անվանի որդուն տանեմ: Ուժս տեղը ու առավոտը լավ նախաճաշած, ուրթում մեղրով ու սերուցքով պնդացած՝ ես, սարերի սովորս երկու կիլոմետրանոց վայրէջքի ավարտին արդեն քայլումեջ գայթում էի: Սարերից իջնելը ելնելուց շատ հեշտ չէ, իմացողը գիտի, բայց այնուամենայնիվ… Այնուամենայնիվ ի՜նչ համեմատություն նրանց հետ… Ես պատկերացնելու մոտ էի: Մոտ էի ավելի, քան երկու օր առաջ, մոտ էի ավելի, քան այդ պահին որևէ մեկը, բայց այդ պահին որևէ մեկը, բայց այդ վերջին կետից մինչև պատկերացնելն ու զգալը այնքան տարածություն կա, որքան չիմանալուց իմանալը: Ոչ, բացարձակապես անհնար էր պատկերացնել անգամ, թե ինչպես է այդ փախստական ժողովուրդն իր հիվանդների ու վիրավորների բեռան տակ, սովից ուժասպառ, թշնամուց հետապնդվելով՝ քայլել Երզնկայից Էրզրում – Ղարս – Ալեքսանդրապոլ – Ջալալօղլի – Դսեղ – Դիլիջան – Ելենովկա – Բայազետ – Մարտունի – Մալիշկա – Նախիջևան – Ջուլֆա – Խոյ ապա՝ Նախիջևան – Զանգեզուր ճանապարհը… Եվ գրեթե միակ դեպքն է սա, երբ տեղահանված մեր ժողովուրդը պահապան ջոկատ է ունեցել:

Մարցագետի հետ սարերից իջած, գետի հետ դուրս եկանք գյուղերի վրա: Գետը գնալով՝ զորանում էր, ես՝ թալկանում: Իմ հոգին լիքն էր բնությամբ, միտքս խճողված էր անստույգ պատմությամբ, ինքս ջարդված էի և իմ նորագյուտ ընկերը, որին ընկերությունը այն ուրացող դհոլչուց հետո սպեղանի էր հոգուս, սպասում էր գյուղական այն լավ սեղանով, որի վրա ավելորդ բան չկա ու պակաս էլ չկա:

Նա ինձ հետ սարերը չբարձրացավ, որովհետև այդ մի արևոտ օրը կարող էր առաջիկա շաբաթվա մեջ վերջինը լինել՝ աչքը տեսածից է վախենում, իսկ կարտոֆիլի բուկլիցի ժամանակն անցնում էր: Նա հատկապես այդ գործի համար ուրբաթ եկել էր Կիրովականից, բայց երեկվա անձրևի տակ էր ընկել: Այս բարձրության վրա երկինքը ջղագար կնոջ է նման՝ լացն ու կոծը հանկարծակի:

Մթնում էր: Միառժամանակ դեռ նստել կլիներ պատշգամբում, բայց վառարանի գոյությունը անհանգիստ էր անում հովվերգության հակված հոգին: Ճղոնները դարսեցի ինչպես կարգն է: Դարսում էի դանդաղ և ամեն փայտ դնելով՝ մի տարով թեթևանում էր քառասնամյա իմ բեռը: Կրակը ամեն տեղ բոլոր ժամանակներում նույն կերպ է բոցկլտում և դեպի մանկություն տանող ավելի լավ միջոց չկա, քան նախապատմական այս հրաշքը: Հետո ծպեղներ արի ու դրեցի ճղոնների տակ ու արանքները: Արարողություններից մերկացող այս կյանքում կրակ անելու արարողությունը դեռ կա՝ փառք կրակի աստծուն: Շատ վաղուց տնական կերոսինի հոտ չէի առել բենզինով ներծծված քաղաքում ու չնայած բեռնատարերի թափքերին քարշ եկող տղա – երեխայիս քիթը մի ժամանակ քամահրանքով ծռմռվում էր կերոսինի ջրալի հոտից (այնինչ ռունգերս հաճույքով էին քաշում ու մինչև հիմա շնչառությունս բացվում է բենզինի ցնդող հոտից), բայց այդ ժամին, այդ սենյակին՝ թախտով, պատուհանագոգով, պատուհանագոգին դրված զարթուցիչով, այդ սենյակին ու լայնանիստին վառարանին կերոսինի հոտն էր սազում, ինչպես բուրմունքը՝ ծաղկած դաշտին:

Եթե ծով ունենայինք՝ ծովից էր դուրս գալու մեր աստվածը, եթե անտառներրի տեր լինեինք՝ անտառից էր գալու, բայց չունենք և մեզ ահ ու խորհրդավորություն ներշնչողը կրակն է եղել: Եվ կրակի միջից էր ելնելու մեր երեխա աստվածը: Եվ քանի որ ամեն մարդ իր օջախն ունի, քանի որ ամեն մարդ ինքն է իր կրակն անում՝ առանձնյա, ինքնամփոփ է եղել մեր հավատը, և մեզ չի կպել նախրի բնազդը:

Երեկոն խմելու չէր տրամադրում: Ես այնքան լիքն էի տեսածով, լսածով, շնչածով, և զգայարաններս այնքան սրված էին, որ խթանիչի կարիք չունեին: Ինձ պետք էր ընդամենը այնքան, որ շիրմա լինի իմ ու առօրյայիս միջև: Այդքանը արդեն կար և նրա ետև՝ կար, քուն էր մտել իմ տունն ու առտնին իմ հոգսը: Մոռացում հարկավոր չէր: Մոռացում չի էլ լինում, լինում է միայն ցավագին արթնացում: Ամեն ավելորդ կաթիլը հիմա թույն էր իմ նորոգված արյան համար:

Ընկերս հայավարի համառ հյուրասիրությունը մի հնարով զուգակցում էր հարգալիր զիջողությանը, ես՝ ինձ ընծայված օրը պահպանելու ջանքս չէի թողնում հասներ անձնապաստանության… Իսկ երեխան հա շուլալվում էր մեզ, զգալով, որ օղին ու զրույցը մեր ուշադրությունը շեղում են իրենից: Նա չգիտեր, որ մի որոշակի աստիճանի վրա մենք հակվելու ենք դեպի իրեն… Այսինքն կարող էր արդեն քնած լինել: Բայց մենք չէինք կարող չզրուցել: Լոռում լինելով՝ չես կարող չխոսել Թումանյանի մասին, Թումանյանի մասին խոսելիս՝ չես կարող չհիշել կամավորական նահատակ Արտավազդին և «երկու քարի արանքում» թպրտացող հայ կամավորական շարժումը… Այդպես է, երբ մենք մեր սրտազեղ պահերին ուզում ենք մեր մեծերի մի լավ տողը հիշել, երկրորդ տողին մեր ձայնը խզվում է ցավից: Այդպես է լինում Աբովյանին հիշելիս, Տերյանին հիշելիս, Վարուժանին հիշելիս, Չարենցին հիշելիս, Զոհրապին հիշելիս, Սիամանթոյին հիշելիս… Նահատակների ստեղծած գրականություն է մեր գրականությունը և մեզ վիճակված չէ ունենալ մաքուր պոեզիայից բավականություն ստացող գեղագետի երանելի հոգեվիճակ: Եվ եթե Քուչակն էլ չլիներ, մենք ի՞նչ էինք անելու գրականության ու կյանքի այս նզովյալ «կապի» մղձավանջում:

Երեխան արևածաղկի քթից էր թռել, թշերը կարմիր, ծիծաղն անպակաս: Քսմսվում էր մեզ ու կարկաչում, մեզ հետ էր բերում մեր մտասևեռ մռայլությունից, սառեցնում էր մեր բորբոքվածությունը, մեկ էլ պապանձվում-ապշում էր՝ իր հետ, այստեղ չլինելու մեր համառությունից, բայց երեխայաբար չէր հուսահատվում:

Քունը տանող երեխայի վրա իջնող ջերմությունից նրա թշերը կրակ էին կտրել, աչուկները կուլ էին գնում քնի ու արթնության սահմանի առեղծվածային փայլով… Եվ քունը գլխին երեխան, ընկերներիս հոգածու ներկայությունը, հավերժական կրակն ու պատուհանագոգին ժամանակի հետ չափ ընկած ժամացույցը ասում էին՝ Ձեռքդ ետ տար… Ետ տար ձեռքդ ցավի վրայից՝ այս երեխայի գլուխը շոյիր, պրկված շուրթերդ սիրով ետ բեր՝ կարմիր խնձոր թուշը համբուրիր,- այս մի օրն էլ հա՛յ մի լինիր, գրողը տանի, հայ մի՛ լինիր: