«Ծուռ վզով և կիսածնկած վիճակում». Նիկոլ Փաշինյանը՝ Վիգեն Սարգսյանին

1414

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հակադարձել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի՝ իր հասցեին ուղղված քննադատությանը։

Հոկտեմբերի 27-ի ողբերգական սպանությունների 19-րդ տարելիցի հիշատակի արարողությանը մասնակցելուց հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ։

Լրագրողի մեկնաբանության խնդրանքին ի պատասխան՝ Փաշինյանն ասել է․

«Եթե Վիգեն Սարգսյանը սովոր է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ծուռ վզով և կիսածնկած վիճակում արտաքին քաղաքականություն վարեն և դա է նրա պատկերացումն արտաքին քաղաքականությունից, ես ուզում եմ հիասթափեցնել Վիգեն Սարգսյանին և իր բոլոր գործընկերներին։ Հայաստանի իշխանությունները վարում են շատ հստակ, ինքնավստահ և արժանապատիվ երկրին վայել արժանապատիվ քաղաքականություն»։

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն այսօր արած ֆեյսբուքյան գրառմամբ քննադատել էր  Փաշինյանի արտաքին քաղաքականությունը և խոսել էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջան կատարած այցի մասին։

Վիգեն Սարգսյանին հակադարձել է նաև Հայաստանի վարչապետի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանը՝ նրա գնահատականը որակելով «պարզունակ ռևիզիոնիզմ»։